Վազաշեն. Կրակոցները, պարող ու «Արարատը մեր լեռն է» երգող աղջիկները - Mediamax.am

exclusive
16385 դիտում

Վազաշեն. Կրակոցները, պարող ու «Արարատը մեր լեռն է» երգող աղջիկները


Վիկա Գյոզալյանը
Վիկա Գյոզալյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սոֆին
Սոֆին

Լուսանկարը` Մեդիամաքս

Սոֆի, Վիկա եւ Նարե Գյոզալյանները
Սոֆի, Վիկա եւ Նարե Գյոզալյանները

Լուսանկարը` Մեդիամաքս

Վիկան
Վիկան

Լուսանկարը` Մեդիամաքս

Նարեն
Նարեն

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Նարեն
Նարեն

Լուսանկարը` Մեդիամաքս

Հովիկ Գյոզալյանը
Հովիկ Գյոզալյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Սոֆի, Վիկա եւ Նարե Գյոզալյանները
Սոֆի, Վիկա եւ Նարե Գյոզալյանները

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայկ Մակարյանը
Հայկ Մակարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Այս տեսանյութը Ֆեյսբուքում հայտնվեց սեպտեմբերի 11-ին եւ շատ արագա տարածվեց։

 

 

Պարող ու կրակոցներից փախչող վազաշենցի երեխաներին ճանաչեցին նույնիսկ նրանք, ովքեր առաջին անգամ էին լսում Վազաշենի մասին ու պարզում, որ նման սահմանամերձ գյուղ կա։ Մեդիամաքսն այցելել է տեսանյութի հերոսներին:

 

Պարող աղջիկների տունը

 

Ամիսը մի քանի անգամ, երբ բոլորի տրամադրությունը լավ է, Ադրբեջանի հետ սահմանից ուղիղ 1 կմ հեռավորության վրա գտնվող տան բակում Սոֆին ու Նարեն պարում են, Վիկան աստիճաններին նստած նայում է, հարեւանի աղջիկը նկարում։ Քույրերը պարում են հեռախոսի տեսախցիկի առջեւ, իրենք իրենց համար։ Սեպտեմբերի 5-ին էլ նման մի օր էր։

Սոֆի, Վիկա եւ Նարե Գյոզալյանները Սոֆի, Վիկա եւ Նարե Գյոզալյանները

Լուսանկարը` Մեդիամաքս

«Եկեք ցույց տամ, ահա այստեղ էինք պարում։ Կրակոցի ձայները սկզբում այն կողմից լսվեցին, հետո այս կողմից ու սկսեցին ուժեղանալ։ Հիմա բակի այս հատված մենակ չեմ գալիս, կարող է նորից կրակեն։ Կկրակե՞ն էլի, Սոֆ», -  դարպասները ցույց տալով հարցնում է 6 տարեկան Նարեն, հարցն ուղղելով քրոջը՝ 13 տարեկան Սոֆիին։

 

Սոֆին պատմում է, որ այդ օրը ամեն ինչ շատ խաղաղ էր։ Մի քանի օր առաջ գյուղում կրակոցներ էին եղել, իրենք էլ ստիպված հայոց պատմության դասաժամն անցկացրել էին դպրոցի ապաստարանում։

Սոֆին Սոֆին

Լուսանկարը` Մեդիամաքս

«Մեր հարեւանի աղջկան խնդրեցի, որ մեզ նկարի։ Սկսեցինք պարել։ Կրակոցի ձայներ լսվեցին։ Դե մենք դրան սովոր ենք։ Բայց որ հետո սկսեցին «դեշեկաներով» կրակել (ДШК-խոշոր տրամաչափի գնդացիր-խմբ.), վախեցանք։ Ուզում էինք աստիճաններով տուն բարձրանալ, բայց չէինք կարողանում, Նարեն էլ վախից կապտել էր, մենք խառնվեցինք իրար»,- պատմում է Սոֆին։

 

Երկհարկանի տան աստիճաններին նստած է 14 տարեկան Վիկան՝  երրորդ քույրը, ամենաքչախոսն է։

Վիկան Վիկան

Լուսանկարը` Մեդիամաքս

Ցույց է տալիս տան վրա փամփուշտների հետքերն ու գնում ենք տան ապաստարան։ Նկուղն է։ Դռան դիմաց կանգնած է Հովիկ Գյոզալյանը։ Տան մեծն է, երեխաների պապը։ Կռահում ենք, որ ֆեյսբուքի էջը, որով տարածվել էր տեսանյութը, նրա անունով է։

Հովիկ Գյոզալյանը Հովիկ Գյոզալյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Այստեղ նոր սանհանգույցն ենք ուզում նորոգել, ոչ մի կերպ չի ստացվում։ Հենց սկսում ենք գործ անել, էդ անտերներն ակտիվանում են։ Բայց մեր տան հետքերը «հեչ»։ Ամենամեծ հետքը մեր իսկական տան վրա է։ 1992 թվին տանկով տունը ոչնչացրեցին։

Լուսանկարը` Մեդիամաքս

Մնաց մի պատ, դարձավ անասնագոմ, «ճանճերի անկյուն»։ Մենք հիմա մեր «իսկական» տան դիմացի տանն ենք ապրում։ Գնել ենք հարեւանից, բայց մեր տունը սա չէ», - պատմում է Հովիկ Գյոզալյանն ու առաջարկում մինչեւ տան ապաստարան գնալը, մի քիչ շրջել տարածքում։

Լուսանկարը` Մեդիամաքս

Տան դիմացի տունը

 

Պապի հետ «քայլելու» միայն Սոֆին ու Վիկան են գալիս։ Սեպտեմբեր 5-ից հետո Նարեն վախենում է ոչ միայն տանից հեռու գնալ, այլեւ տան սենյակներում մենակ մնալ։

 

«Չեմ գա վերեւի փողոց, այնտեղ «պոստեր» կան», -մեր հեռանալուց հետո բղավում է Նարեն։

Լուսանկարը` Մեդիամաքս

Ճանապարհը, որով քայլում ենք, մինչեւ 90-ականները ձգվում էր դեպի Բալա Ջաֆարլի ադրբեջանական գյուղը։ Հիմա հայկական ու ադրբեջանական գյուղերն իրարից բաժանում են ականապատ տարածքները։ Կանգնում ենք մի կետում, որտեղից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա երեւում են հայկական ու ադրբեջանական դիրքերը։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Դժվար է քո տան դիմացի տանն ապրելը», - անասնագոմ դարձած տան ուղղությամբ նայելով, ինքն իրեն ասում է Հովիկ պապը։

 

Գյուղում ամայի դաշտերը շատ են։ Ժամանակին փորձել են այդտեղ ցորեն մշակել ադրբեջանցիների հետ «չհամաձայնեցված համաձայնությամբ»՝ հնձել միաժամանակ, որ հայկական գյուղի ուղղությամբ չկրակեն։ Մի երկու անգամ է ստացվել։

 

«Ժամանակին Լալիգյուղ անունը փոխել են, որովհետեւ գյուղի Լալի անունով գեղեցկուհին մահացել է, բայց փոխարենը խաղողի վազերն են շատացել ու գյուղն էլ դարձել է Վազաշեն։ Բայց հիմա այստեղ վազեր չկան», - պատմում է Հովիկ պապը։

 

Ցույց է տալիս նախորդ պատերազմի հետքերը։ Դատարկ տներն, ասում է, ավելի շատ են, քան բնակիչները։ 180 ընտանիք է այստեղ ապրում։ Ամեն կրակոցից հետո գոնե երկուսը հեռանում է կամ Ռուսաստան, կամ 40 կմ հեռավորության վրա գտնվող Իջեւան։

 

Վերադառնում ենք տուն։ Գնում ապաստարան՝ դպրոցինը չհաշված, գյուղում երեք հատ կա, մեկն իրենց տան նկուղում է։

 

Ապաստարանում կայացրած որոշումները

 

Նարեն դռան մոտ սպասում է։ Ներս մտնելուն պես ցույց տալիս պատի ու սառնարանի միջեւ ընկած տարածությունը։ Ասում է՝ երբ այդտեղ են իջնում, թաքնվում է այդ անկյունում։ Վստահ է, որ «ամենաապահով կետն է»։

Նարեն Նարեն

Լուսանկարը` Մեդիամաքս

«Գյուղի բոլոր երեխաները գիտեն այս նկուղի մասին, գիտեն, որ սա ամենաապահով վայրն է։ Այդ տեսանյութը նկարելու օրն էլ իջանք այստեղ եւ երբ բոլորը հանգստացան,  ուզում էինք տեսնել, թե գոնե մի բան նկարվե՞լ է»,- ասում է Վիկան։

Սոֆի, Վիկա եւ Նարե Գյոզալյանները Սոֆի, Վիկա եւ Նարե Գյոզալյանները

Լուսանկարը` Մեդիամաքս

Սոֆին քրոջն ընդհատելով շարունակում է․

 

«Երբ նայեցինք, տեսանք, որ կրակոցների ձայնը լսվում է, որոշեցինք, որ ֆեսյբուքում տեղադրենք, որ մեր դասարանի երեխեքը տեսնեն։ Թե չէ կան երեխաներ ու ուսուցիչներ, որ մի երկու թաղամաս հեռու են ապրում ու չգիտեն, թե կրակոցն ինչ է։  Ու երբ դպրոցում խոսում ենք այդ մասին, ստացվում է, որ պատերազմն իրենց տնից  է հեռու, բայց մեր տանն է մոտ»։

 

Այդպես տեսանյութը հայտնվել է Ֆեյսբուքում։ Տարածվել ավելի քան 1000 անգամ,  սկզբում դասընկերների, հետո մյուս օգտատերերի կողմից։ 

 

«Թող մարդիկ իմանան, որ Վազաշենում էլ են կրակում, որ մենք էլ «կրակի բերան» ենք ապրում։ Թե չէ «լուրերով» միշտ նույն գյուղերի անունն են տալիս, մերն անտեսում, ինչու՞, չենք հասկանում։ Բայց երբ մեր անունն էլ է հնչում, էլի լավ ենք զգում, մտածում ենք, տես, մեզ համար էլ են մտածում», - դռան մոտից ասում է երեխաների տատը՝ Մարգոն։

 

Սեպտեմբերի 1-ը՝ երազանք

 

«Մի օր պիտի խնդրեմ նկարեն, թե այս գյուղում ինչպես են ահա այս ճանապարհներով երեխաներին դպրոց տանում։ Արագ-արագ, շնչակտուր ու ամեն անգամ մտածելով, որ հիմա մի տեղից փամփուշտը կգա։ Ախր ամբողջ ճանապարհն իրենց աչքի առջեւ ա»,- պատմում է Մարգո տատը։

 

Հակառակորդի տեսադաշտում  է գյուղի շուկան, փողոցները, տների մեծ մասը, դպրոցը։ Վազաշենում նշանառության տակ չեն միայն տնամերձ հողատարածքները, որտեղ էլ վազաշենցին մշակում է այգին ու հոգում ապրուստը։ Աշխատատեղերի բացակայությունից բացի այստեղ ավելի մեծ խնդիր կա՝ ոռոգման ջուր չունեն:

 

«Երանի մեր ամենալուրջ խնդիրը դա լիներ։ Աշակերտները գնալով քչանում են։ Եկեք բարձրանանք երկրորդ հարկ, հիմա 10-րդ  դասարանում դաս է»,- ասում է դպրոցի տնօրեն Օլյա Դալլաքյանը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Դպրոցում 74 աշակերտ է սովորում, 11 աշակերտ էլ նախակրթարանում։ Տասներորդ դասարանում ընդամենը 4-ն են։ Երկուսը եղբայրներ են։ Ուսուցիչը երիտասարդ տղա է, 22 տարեկան՝ Հայկ Մակարյանը, «Դասավանդիր Հայաստան» ծրագրով է եկել։

Հայկ Մակարյանը Հայկ Մակարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Գնում ենք նախակրթարան։

 

«Այստեղ պատուհանները «եվրո» են, դրա համար էլ կրակոցների ձայն չի լսվում։ Ահազանգ է  հնչում ու հասկանում ենք ինչն ինչ է, արագ իջնում ենք ապաստարան»,-պատմում է ուսուցիչը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Նախակրթարանը կարծես, դպրոցի հետ կապ չունենա, ամեն ինչ գունավոր է, նորոգված։

 

««Կարմիր խաչի» շնորհիվ է»»,- ասում  է տնօրենն ու ցույց տալիս նաեւ երկու ապաստարաններից առաջինը։ Այստեղ ամեն ինչ ձեռքի տակ է, բժշկական պարագաներից մինչեւ ջրի տարան, տաք ծածկոցները։

Լուսանկարը` Մեդիամաքս

Երկրորդ ապաստարանը՝ կիսաքանդ հատակով կիսամութ դահլիճն է, որտեղ եւ միջոցառումներ են անում, եւ ֆիզկուլտուրա, եւ թաքնվում են վտանգի դեպքում։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Երեխաները պետք է հետնաբակում մարզվեին, այստեղ, բայց անհնարին է։ Նայեք մարզասարքերի հետեւում գտնվող պատերին», - մատնացույց է անում Դալլաքյանը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Պատերը նոր են  նորոգված, բայց փամփուշտների «թարմ»՝ սեպտեմբերի հինգի կրակոցների հետքերով են։ Նախորդ տարի պաշտպանության նախարարությունը այստեղ շախմատաձեւ բարդիներ է տնկել, որ հետո պատնեշ դառնան։ Գնում ենք դպրոցի բակ։ Խորհուրդ են տալիս երկար չկանգնել։

 

«Մեկ տարի առաջ, երբ նոր էի տնօրեն դարձել, երեխաներին բերել էի բակ, որ նախավարժանք անենք։ Հետո աջ ու ձախ կողմերից, բոլորը խառնված եկան ու ասացին, որ սա ամենավատ տեղն է, ամենավտանգավորը։ Այդ նախավարժանքն այդպես էլ կիսատ մնաց ու դարձավ երազանք։ Գիտե՞ք, դա իմ միակ երազանքը չէ։ Երազում եմ, սեպտեմբերի 1-ին, առաջին դասարանցիներին այստեղ դիմավորել։ Բոլոր դպրոցներում նոր ուսումնական տարին հենց այդպես են նշում։ Բայց մենք նման բան մեզ չենք կարող թույլ տալ։ Ամեն տարի նույնն է՝ սեպտեմբերի 1-ից 7-ն հակառակորդի կրակոցների ամենաակտիվ շրջանն է։ Դրա համար մենք ապաստարան-դահլիճում ենք նշում մեր արարողությունը», - խորը հոգոց է հանում տնօրենը՝ դեպի սահման նայելով։

Լուսանկարը` Մեդիամաքս

Սահմանին ամենամոտ հյուրասենյակում

 

Գյոզալյանների տան հյուրասենյակում Նարեն սեւագրում է մաթեմատիկայի խնդիրներն ու ձեռքի հետ էլ նկար նկարում։ Ինձ տեսնելուն պես հիշում է, որ չի ասել մի շատ կարեւոր բան, որ ինքը գիտի ինչպես պաշտպանվել կրակոցների ժամանակ.

Նարեն Նարեն

Լուսանկարը` Մեդիամաքս

«Բարձրանում եմ բազմոցի վրա, պատին եմ հենվում ու ձեռքերս բարձրացնում։ Ճիշտ եմ ասում ֆիլմերից չեմ սովորել»,-ամբողջ գործողությունը ցույց է տալիս Նարեն ու իջնում, շարունակում  է կիսատ թողած՝ «6+7»-ի պատասխանի որոնումը։

 

Երբ հակառակորդը ակտիվանում է, ակտիվանում են նաեւ Գյոզալյանների՝ այդտեղից գոնե մի երկու թաղամաս հեռու տեղափոխվելու մտքերը։ Բայց դա տեւում է այնքան, քանի դեռ Արտակը՝ երեխաների հայրը, կրակոցների ձայնի տակ, ապաստարանում, երեխաներին չի հորդորում երգել։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Հենց կրակոցի ուժեղ ձայն է, Արտակն ասում է՝ երեխեք, լացել չկա, բարձր երգեք «Արարատը մեր լեռն է»», - ծիծաղում է Հովիկ պապը։

 

«Բայց հենց երգում ենք, հետո տուն ենք գնում, քնում ենք, առավոտյան արթնանում, կանգնում ենք աստիճանների վրա, նայում ենք մեր հողերին ու երեքով էլ ասում ենք «չէ», այստեղից ոչ մի տեղ էլ չենք գնալու։ Ես կգնամ Իջեւան դիզայն սովորելու, Սոֆին էլ՝ Իջեւանի մանկավարժական։ Մյուս տատիկս Թբիլիսիում է, հորաքույրներիցս մեկը Երեւանում, բայց մենք չենք կարող մեր տնից հեռու ապրել։ Նարե, ուզում ես գնա՞լ»,-Վիկան դիմում է Նարեին։

 

Նարեն գլխով բացասական շարժում է անում։ Երկու աղջիկ է նկարում, երկուսի ձեռքին էլ եռագույնը։ 

 

Լուսին Մկրտչյան

 

Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին