Մի քանի տարի առաջ մոսկվաբնակ Յուլիաննա Պարակշիեւայի (Հայրապետյան) կյանքում դժվար շրջան էր. փորձությունները շատ էին, թվում էր՝ ելք չկա:
Դասընկերուհիները Երեւանից Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմն ուղարկեցին: Հավատում էին՝ կօգնի: Ամենադժվարն առաջին պահն էր. համոզել ինքն իրեն ձեռքը վերցնել բարդ ու անհասկանալի թվացող «Նարեկը»:
«Քեզ մնում է միայն բացել: Երբ բացում ու սկսում ես կարդալ, զգում ես ուժը, զորությունը»,-ասում է Յուլիաննան:
Լուսանկարը` Յ. Պարակշիեւայի արխիվից
Նարեկացու հետ «ծանոթանալուց» հետո որոշեց, որ գրքի մասին պետք է պատմի նաեւ ուրիշներին: Սկսեց ճանապարհներ փնտրել՝ ինչպես պատմի, որ գրքին անծանոթ մարդիկ չվախենան, չխուսափեն կարդալուց: Որոշեց ժամանակակից արվեստի օգնությամբ ներկայացնել պոեմի հիմնական գծերը՝ մարդու մեղավորության եւ անկատարության, կասկածի եւ երկվության թեմաները, մարդկային արատները, մեղքերը, կրքերը, մոլորությունները, ավելի լավը, ավելի մաքուր, կատարյալ դառնալու անհրաժեշտությունը:
Մի խումբ համախոհների հետ, համադրող Լյուդմիլա Կիրսանովայի գլխավորությամբ, մշակեցին ցուցահանդեսի կոնցեպտը, հավաքեցին հայ եւ ռուս նկարիչների:
Ցուցահանդեսի կազմակերպման ընթացքում նախաձեռնության հեղինակները կանգնեցին նոր խնդիրների առջեւ, որոնց լուծումը դարձավ ընդհանուր գաղափարի մի մասը: Ռուս մասնակիցները «Մատյան ողբերգության»-ը ստիպված էին ծանոթանալ էլեկտրոնային տարբերակով, ռուսերեն հրատարակություն գտնել չէին կարողանում: Որոշեցին, որ ցուցահանդեսին զուգահեռ նաեւ գրքի տպագրություն են կազմակերպելու:
Լուսանկարը` Յ. Պարակշիեւայի արխիվից
Ամենադժվարը գաղափարներն իրականացնելու համար միջոցներ գտնելն էր: Տարբեր հիմնադրամներին ուղղված նամակները մնում էին անպատասխան: Մտադրությունն ավելի տեսանելի դարձնելու համար որոշեցին տեսահոլովակներ նկարահանել, որոնցում հայտնի մարդիկ, նաեւ՝ բոլոր ցանկացողները, ընթերցում են պոեմից իրենց ընտրած հատվածները՝ հայերեն կամ ռուսերեն:
«Որոշեցինք նկարահանումները կազմակերպել բաց երկնքի տակ: Սա մի կողմից խորհրդանշում է մարդը միասնականությունը բնության հետ, մյուս կողմից՝ ցույց է տալիս, որ չնայած կան տներ, շինություններ, պատեր, բայց մարդն անպաշտպան է: Ամենօրյա կյանքի աղմուկի մեջ մարդը կանգ է առնում, որպեսզի խոսի Աստծո հետ՝ դիմելով Նարեկացու օգնությանը»:
Լուսանկարը` Յ. Պարակշիեւայի արխիվից
Նախաձեռնությանը միացավ ռուսաստանաբնակ գործարար Արթուր Ջանիբեկյանը: Սկսեցին Մոսկվայում ցուցահանդեսի համար հարմար տարածք փնտրել: Թանգարաններից մեկը ձգձգում էր պատասխանը, երկրորդը պատճառաբանում էր, թե ազատ ցուցասրահ չկա, երրորդը խոստովանում էր՝ գաղափարը լավն է, բայց իրենք փորձում են հեռու մնալ ազգային եւ կրոնական թեմաներից: Փնտրում էին հեռվում, բայց գտան շատ մոտ: Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանն առաջարկեց իր աջակցությունը: Դեսպանատունը, որը գտնվում է Լազարեւների 19-րդ դարի կալվածքի տարածքում, կցակառույց ունի, որը, պարզվում է, հենց այն էր, ինչ փնտրում էին ցուցահանդեսի կազմակերպիչները:
Հիմա նախաձեռնությունը երեք բաղադրիչ ունի՝ ցուցահանդեսը, տեսահոլովակներն ու «Մատյան ողբերգության» պոեմի հրատարակությունը: Վերջին երկուսն այս տարի կավարտեն:
Նաում Գրեբնյովի ռուսերեն թարգմանությամբ պոեմը կվերահրատարակեն հազար օրինակով: Ամբողջ տպաքանակը նվիրելու են Հայ եկեղեցուն՝ Ռուսաստանի թեմին եւ Էջմիածնին, նաեւ՝ Մատենադարանին: Տեսահոլովակների ու տեղեկությունների համար կայք է ստեղծվելու: Յուլիաննան ասում է՝ իրենց նպատակն է հնարավորինս շատ մարդկանց ծանոթացնել Նարեկացու հետ: Այն, ինչ անում են, ընդամենը գործիքներ են:
Լուսանկարը` Յ. Պարակշիեւայի արխիվից
«Այս ամենը միայն մեկ նպատակ ունի, որ մարդը չվախենա, բացի գիրքը, մանավանդ, որ սկսում ենք Մոսկվայից, որն ավելի դժվար հարթակ է: Մարդը չպետք է մոռանա՝ ով է ինքը: Լինել մարդ եւ ձգտել բացահայտել գերագույնը, յուրաքանչյուրի ճանապարհն է: Նարեկացու խոսքը լուսավորում է այդ ճանապարհը»:
Լուսինե Ղարիբյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: