Պիկասոյի, Մատիսի, Կլիմտի, Շիլեի կտավներում պատկերված կանայք, հանճարների մուսաները մեզ ոչ հողեղեն, երկնային էակներ են թվում: Մի պահ փորձե՞լ եք պատկերացնել, որ նրանք կարող են կենդանություն ստանալ եւ ապրել 21-րդ դարի կնոջ առօրյայով եւ հոգսերով, կրել մեր օրերում նորաձեւ հագուստ եւ աքսեսուարներ:
Լուսանկարիչ Լիլիա Կորնելիի երեւակայությունը գնացել է այդ կանանց հետքերով, նրան հաջողվել է մեր ժամանակներում գտնել նկարիչների մուսաներին:
Instagram սոցիալական ցանցում կարող եք գտնել To Be a Muse նախագիծը, որտեղ ցանկացած կին կարող է տեղափոխվել ժամանակի եւ տարածության մեջ եւ մի պահ իրեն զգալ նկարչին ոգեշնչող չքնաղ մուսա:
To be a Muse նախագծի մասին Մեդիամաքսը զրուցել է ազգությամբ հայ լուսանկարիչ Լիլիա Կորնելիի հետ:
- Լիլիա, ե՞րբ սկսեցիք զբաղվել լուսանկարչությամբ:
- Ամենավաղ տարիքից սիրել եմ լուսանկարել: Հայրիկս ժապավենային «Զենիթ» ֆոտոխցիկ ուներ եւ ամեն անգամ այն դարակից հանելիս, հիացմունքի զգացում էի ունենում, իսկ երեւակման գործընթացն ինձ համար իսկական հրաշք էր: Գերմանիա տեղափոխվելուց հետո ամուսինս ինձ թվային ֆոտոխցիկ նվիրեց, եւ ես սկսեցի լուսանկարել: Սկզբում երեխաներիս էի լուսանկարում, ծաղիկներ, հետո աստիճանաբար սկսեցի նկարել այդ ժամանակ ինձ ամենահասանելի մոդելին` ինքս ինձ:
- Ի՞նչը ոգեշնչեց Ձեզ սկսել To Be a Muse նախագիծը:
-Վիեննա տեղափոխվելը շատ մեծ դեր ունեցավ իմ ստեղծագործական կյանքում: Անհնար է չսիրահարվել այս քաղաքին: Այն ապրում եւ շնչում է արվեստով, ոգեշնչումը սպասում է ամեն անկյունում: Որպեսզի նոր քաղաքում հարմարվելու գործընթացն արագ ու անցավ լինի, ես սկսեցի ինքս ինձ լուսանկարել հայտնի ավստրիացի գեղանկարիչներ Էգոն Շիլեի եւ Գուստավ Կլիմտի ստեղծագործությունների կերպարներում:
Լուսանկարը` անձնական արխիվից
Ինձ շատ հետաքրքիր թվաց անցած դարաշրջանների կերպարներն ինձ վրա փորձարկելը: Երբեմն որեւէ անսովոր բանի, ստեղծագործականի, երեւակայության թռիչքի, սեփական անձն մեկ այլ, շատ անսպասելի կողմից դիտարկելու կարիք ես զգում: Ցանկացա, որ յուրաքանչյուր աղջիկ հնարավորություն ունենա իրեն զգալ մուսա, քանի որ դա շատ է ոգեշնչում: Որոշեցի Վիեննա հրավիրել նաեւ այլ աղջիկների, որոնք կցանկանան տեղափոխվել ժամանակի եւ տարածության մեջ եւ դառնալ գեղարվեստական կերպար, հիասքանչ մուսա:
-Ո՞ր դիմանկարի հիման վրա ստեղծվեց առաջին լուսանկարը:
-Առաջին նկարը, որի րիմեյքը փորձեցի ստանալ, հանճարեղ նկարիչ Էգոն Շիլեյի «Պառկած կինը կանաչ զուգագուլպաներով» ստեղծագործությունն էր:
Լուսանկարը` To Be a Muse
Միշտ սիրել եմ Շիլեյի աշխատանքները, իսկ հայտնվելով Վիեննայում` ամբողջովին տարվեցի նրա արվեստով: Նրա ցուցահանդեսներից մեկի հայտարարությունում տեսնելով մի նկար, հասկացա, որ շատ նման եմ այդտեղ պատկերված կնոջը (Ադել Հարմս` Էգոն Շիլեի կնոջ քույրը) եւ հեռախոսի միջոցով նկարեցի իմ տարբերակը: Երբ այդ լուսանկարը մեծ քանակությամբ դրական արձագանքներ ստացավ, որոշեցի զարգացնել գաղափարը եւ յուրաքանչյուր ցանկացողի հնարավորություն տալ իր վրա փորձարկելու նոր կերպար:
- Ինչպե՞ս եք զարգացնելու նախագիծը:
- Մեր նախագիծը դեռ մեկ տարեկան էլ չկա, բայց մենք մեր թիմով` ոճաբան Օլգա Շլյոմերի (Համբուրգ) եւ դիմահարդար Եկատերինա Բոբրովայի (Վիեննա) հետ արդեն հասցրել ենք հանրահայտ գեղանկարիչների տասից ավելի նկարների րիմեյքեր անել: Նկարիչների շարքում են Գուստավ Կլիմտը, Էգոն Շիլեն, Պաբլո Պիկասոն, Անրի Մատիսը, Կիս վան Դոնգենը եւ այլոք: Հիմնականում դրանք 20-րդ դարի նկարիչներ են, բայց մենք ունենք նաեւ միջնադարի կերպարներ:
Իրականում փորձում ենք կողմնորոշվել ոչ թե նկարիչների, այլ մեր մուսաների միջոցով, փորձելով նրանց համար համապատասխան կերպարներ գտնել:
Այս պահին Վիեննայի ամենահայտնի «Ալբերտինա» թանգարանի հետ համատեղ նախագիծ ենք պատրաստում, որը նվիրված է Էգոն Շիլեի աշխատանքների հետահայաց ցուցադրությանը, իսկ մարտի 10-ին Լիսաբոնում տեղի կունենա То Be A Muse նախագծի աշխատանքների ցուցադրությունը:
-Ինչպե՞ս եք ընտրում Ձեր մուսաներին: Պարտադիր պայմա՞ն է արդյոք, որ աղջիկը նմանություն ունենա կերպարի հետ:
-Մեր նախագծի իմաստը հենց նրանում է, որ մենք չենք ընտրում մուսաներին, այլ նրանք են մեզ ընտրում: Ցանկացած աղջիկ կարող է մասնակցել մեր նախագծին: Նախագծի իմաստն այն է, որ հանդիսատեսին հրավիրենք դառնալու «արվեստի գործ»: Մենք չենք փորձում արհեստական կերպարներ ստեղծել եւ ցուցադրել դրանք հանդիսատեսին, մենք ուզում ենք հանդիսատեսին ներգրավվել այդ գործընթացի մեջ՝ կերպարի ընտրությունից մինչեւ հագուստի եւ աքսեսուարների ընտրություն: Նաեւ չենք փորձում ճշգրիտ ձեւով վերստեղծել նկարի բոլոր տարրերը, մենք մեր տեսակետն ենք փոխանցում: Խաղում ենք ժամանակի հետ, խառնում աքսեսուարները, մեր նպատակը համաշխարհային արվեստի գործերը պատճենելը չէ, այլ երեւակայության խաղ ստանալը:
To Be A Muse նախագծում կարեւոր է ցույց տալ, որ նկարիչների կտավների չքնաղ անծանոթուհիները, մուսաները, որոնցով հիանում են սերունդներ, առաջին հերթին իրական կանայք են: Ժամանակակից կանանցից յուրաքանչյուրի մեջ ապրում է հիասքանչ մուսայից մի մասնիկ: Այդ իսկ պատճառով էլ մեզ մոտ քիչ չեն այն աշխատանքները, որտեղ պատմական հագուստը փոխարինված է ժամանակակից հագուստի պարագաներով: Օրինակ, Կրանախների (ավագ եւ կրտսեր), Մատիսի եւ վան դեր Վայդենի գործերը վերստեղծելիս օգտագործվել են ժամանակակից պարագաներ, ինչպես օրինակ` կեպի, բանդանա, ականջակալներ:
Լուսանկարը` To Be a Muse
Երբեմն էլ մեր նկարահանումներին օգտագործում ենք անցյալ դարերի հազվագյուտ օրիգինալ իրեր:
Շատերն են նման նախագծեր իրականացրել մեզանից առաջ, փորձել են գտնել մեծ նկարիչների մուսաների նմանությամբ աղջիկներ եւ իրենց հարգն են մատուցել այդ արվեստագետներին: Շատ նկարիչներ համաշխարհային արվեստի գործերի իրենց տարբերակներն են ներկայացրել իրենց ոգեշնչումից ելնելով:
Լուսանկարը` To Be a Muse
Մեզ մոտ հակառակն է, մեզ դիմում են աղջիկներ, ծանոթանում ենք նրանց հետ, ոգեշնչվում նրանց գեղեցկությամբ եւ սկսում ենք կերպար ընտրել իրենց նմանությամբ: Դա շատ հետաքրքիր գործընթաց է:
- Տղամարդկանց ներգրավելու մասին չե՞ք մտածում:
- Մեկ անգամ արական սեռի ներկայացուցիչ ունեցել ենք: Պատրաստում էինք «Դոկտոր Պոցցիի դիմանկարի» րիմեյքը, որը պատկանում է ամերիկացի նկարիչ, դիմանկարի վարպետ Ջոն Սինգեր Սարջենի վրձնին:
Լուսանկարը` To Be a Muse
Մեծ հաճույքով աշխատում ենք նաեւ տղամարդկային կերպարներ ստեղծելու ուղղությամբ, միայն թե լավ կլիներ, որ շատ լինեին համարձակ տղամարդիկ, որոնք պատրաստ են մուսա դառնալ մեզ համար:
- Հնարավոր է արդյո՞ք, որ առաջիկայում փորձեք վերակենդանացնել նաեւ հայ նկարիչների` Հովնաթանյանի, Սարյանի, Կալենցի կամ Մինասի նկարած կանանց կերպարները:
- Անցած տարի արեցի հայ նկարչուհի, հայ գեղարվեստի դասական Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի դստեր`Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանի ինքնանկարի րիմեյքը, որի արվեստի վրա մեծ ազդեցություն են ունեցել հոր եւ Մարտիրոս Սարյանի աշխատանքները:
Լուսանկարը` To Be a Muse
Այդ գործը դարձավ մեր հավաքածուի ամենասիրված եւ յուրօրինակ աշխատանքներից մեկը: Հույս ունեմ, որ ապագայում սքանչելի հայ աղջիկները նույնպես կցանկանան մուսա դառնալ եւ նրանց միջոցով կկարողանանք վերստեղծել կերպարներ հայ հանճարեղ նկարիչների աշխատանքներից:
Լիլիա Կորնելիի հետ զրուցել է Մարիամ Մանոյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: