Ո՞վ է պատասխանատու «Լեռնային պար»-ի ավերման համար եւ ո՞վ կաջակցի դրա վերականգնմանը - Mediamax.am

exclusive
1902 դիտում

Ո՞վ է պատասխանատու «Լեռնային պար»-ի ավերման համար եւ ո՞վ կաջակցի դրա վերականգնմանը


«Լեռնեցիների պարը» արձանախումբը
«Լեռնեցիների պարը» արձանախումբը

Լուսանկարը` Կարապետ Սահակյան

«Լեռնեցիների պարը» արձանախմբի հեղինակ, քանդակագործ Տիգրան Արզումանյանը
«Լեռնեցիների պարը» արձանախմբի հեղինակ, քանդակագործ Տիգրան Արզումանյանը

Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովն այսօր որոշել է դիմել Երեւանի քաղաքապետարանին՝ «Դվին» հյուրանոցի տարածքում գտնվող «Լեռնային պար» արձանախմբի վերականգնման հարցով:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ենթահանձնաժողովի անդամներն այսօր որոշել են գրավոր դիմել քաղաքապետարանին, որպեսզի վերջինս ստիպի «Դվին» հյուրանոցի սեփականատիրոջը միջոցներ տրամադրել արձանի վերականգնման համար:

 

Ենթահանձնաժողովի նիստին ներկա էր նաեւ արձանի հեղինակ, քանդակագործ Տիգրան Արզումանյանն, ով պատրաստակամություն է հայտնել  ֆինանսական միջոցների տրամադրման դեպքում անձամբ վերականգնել արձանախումբը:

 

«1990-ական թթ.-ից մինչեւ վերջերս արձանը շրջապատված էր հատուկ ցանկապատով: Դրա անվտանգությունը հսկում էին պահակները:  Սակայն մինչ մենք զբաղված էինք արձանի համար առավել անվտանգ վայրի որոնմամբ, այն ամբողջությամբ թալանվեց եւ ավերվեց»,- նշել է Տիգրան Արզումանյանը:

 

«Լեռնային պար» արձանախմբի ավերման մասին հայտնի էր դարձել ապրիլի 19-ին: Դեպքից հետո Մեդիամաքս-ի թղթակցի հետ զրույցում Տիգրան Արզումանյանն ասել էր, որ արձանի վերականգնման համար անձամբ նամակ էր փոխանցել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին եւ այս թեմայով զրուցել էր ՀՀ մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանի հետ:

 

Մեդիամաքս-ի թղթակիցը դիմել է Մշակույթի նախարարություն՝ խնդրելով տեղեկատվություն տրամադրել Տիգրան Արզումանյանի եւ Արեւ Սամուելյանի զրույցի մանրամասների եւ նախարարության կողմից այս խնդրի շուրջ ձեռնարկվելիք քայլերի մասին:

 

«Ի պատասխան Ձեր հարցմանը, հայտնում ենք, որ Պարոնյան 40 հասցեում գտնվող  «Լեռնեցիների պարը» քանդակի հափշտակության փաստի վերաբերյալ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևանի ՔՎ կենտրոնականի քննչական բաժնում 19.04.2013 թ. ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 2 և 3-րդ կետերով հարուցված է N13146313 քրեական գործ և իրականացվում են համապատասխան օպերատիվ միջոցառումներ:

 

Ինչ վերաբերում է արձանի տեղափոխմանն, ապա ՀՀ մշակույթի նախարարությունը նպատակահարմար չի գտնում արձանի տեղափոխումն այլ վայր՝ ելնելով արձանի գեղարվեստական կերպարի պահպանման շահերից:

 

Միաժամանակ հայտնում ենք, որ ոստիկանության կողմից տարվող օպերատիվ աշխատանքների արդյունքներն ամփոփվելուց հետո հնարավոր կլինի տալ վերջնական եզրակացություն և լուծել «Լեռնեցիների պարը» քանդակի վերականգնման խնդիրները»,- ասված է ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության տրամադրած պատասխանում:

 

Մեդիամաքս-ը դիմել է նաեւ Երեւանի քաղաքապետարան՝ պարզելու, թե ի՞նչ ընթացք կտրվի Տիգրան Արզումանյանի կողմից Տարոն Մարգարյանին հասցեագրված նամակում բարձրացված խնդրին, սակայն պատասխան դեռեւս  չենք ստացել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին