Երեւան: Մեդիամաքս: Ֆրանսիայի ամենահին Մազարին հանրային գրադարանում ավելի քան մեկ ամիս ներկայացվել է «Հայ գիրքը վերածննդից մինչեւ լուսավորիչներ. սփյուռքի մշակույթ» ցուցահանդեսը:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ի սեփական թղթակիցը Փարիզից, հայկական գրքերը եւ մատենագրություններն այստեղ սկսել էին ցուցադրվել հոկտեմբերի 26-ից եւ գրադարանի այցելուների եւ հյուրերի համար հասանելի էին մինչեւ նոյեմբերի վերջ։ Մոտ 60 գիրք ընդգրկող ցուցահանդեսում ներկայացված էր հայ տպագրության լայն աշխարհագրությունն ու բազմազանությունը։
Հատուկ ուշադրություն էր դարձվել հին հրատարակության տեղեկատուներին` քերականություն եւ այբուբեններ, սրբազան տեքստեր, պատմություն։ Հատկանշական էր եկեղեցական գրքերի ներկայությունը` հայալեզու առաջին Աստվածաշնչի գլխավորությամբ։
Ցուցահանդեսի նյութերի հիման վրա հրատարակվել է համանուն ժողովածու։
Միջոցառումը կազմակերպել էր Մազարին գրադարանը` Փարիզի քաղաքակրթությունների եւ լեզուների համալսարանական եւ Ֆրանսիայի ազգային գրադարանների, Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի, Institut de France-ի եւ FINECO կազմակերպության աջակցությամբ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: