Սերգեյ Փարաջանովը համարում էր նրան «իրական կինեմատոգրաֆիայի սակավաթիվ հանճարներից մեկը»: Նրանով հիանում են Անդրեյ Կոնչալովսկին եւ Ժան-Լյուկ Գոդարը: Ռուս կինոքննադատ Օլեգ Առոնսոնը նշում է, որ «դեռ 70-կաններին նա արդեն համարվում էր համաշխարհային կինեմատոգրաֆիայի դասական»: Նա այսպես կոչված «դիստանցիոն մոնտաժի» տեսության ստեղծողն է: Այս ամենը վավերագրական կինոյի կենդանի դասական Արտավազդ Փելեշյանի մասին է:
Երեկ համաշխարհային ճանաչում ունեցող ռեժիսորը վարպետության դաս է անցկացրել Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտի ուսանողների համար:
Մեդիամաքս-ը առանձնացրել է Արտավազդ Փելեշյանի մտքերից մի քանիսը:
Ինչպես որոշեցի դառնալ ռեժիսոր
«Ավտոմատիկա» գործարանում էինք աշխատում: Գնում էինք կոլեկտիվով ֆիլմեր դիտելու: Ֆիլմից հետո սկսում էինք քննարկել տեսածը եւ իմ տեսակետը որեւէ մեկին դուր չեր գալիս, քանի որ այն միշտ տարբերվում էր մնացած կարծիքներից: Այդպես որոշեցի դառնալ կինոռեժիսոր, որպեսզի նման խոսակցություններ այլեւս չլինեն:
Կինոյի մասին
Կինոն համարում են սինթետիկ արվեստ, բայց ես համամիտ չեմ այդ կարծիքին: Կինոն չի խմում ո՛չ գրականության, ո՛չ երաժշտության, ո՛չ կերպարվեստի ջրերը, կինոն խմում է ջուրը այնտեղից, որտեղից խմում են առանձին վերցրած եւ՛ գրականությունը, եւ՛ կերպարվեստը, եւ՛ երաժշտությունը:
Երաժշտության մասին
Երաժշտությունը բառ չէ, ես չեմ մոնտաժում պատկերն ու երաժշտությունը, ես մոնտաժ եմ անում պատկերի զգացմունքը երաժշտության զգացմունքի հետ, իսկ դրանք տարբեր են:
Արտավազդ Փելեշյան: Լուսանկարը` Photolure
Իմ ոճի մասին
«Տարվա եղանակներում» օպերատորը տեսախցիկն է բռնում, իսկ ես` օպերատորին:
Կրկին ոճի մասին
Իմ ֆիլմերում ես օգտագործում եմ ուրիշ մոտեցում` ինձ պատկերի միացումը չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է դրանք իրարից բաժանելը, հեռավորության վրա դնելը:
Հեռավորության վրա գտնվող լիցքավորվող պատկերներն իրար մեջ ավելի ուժեղ են խոսում եւ ոչ միայն իրար մեջ են խոսում, այլ դրանք խոսում են մեջտեղում ընկած բոլոր պատկերների հետ. դա է մեխանիզմը:
Իմ ֆիլմերի մեջ սխալներ կան: Հենց այդ պատճառով էլ նրանք երկար են ապրում:
Սիրած ֆիլմերի մասին
Սիրում եմ ամերիկյան, ռուսական եւ չինական կինեմատոգրաֆիան: Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Կնքահայր»-ը, Սերգեյ Գերասիմովի «Խաղաղ Դոն»-ը եւ Չինգի «Չինական ուրվականների պատմությունը» գլխավորում են իմ սիրած կինոների ցանկը:
Այսօրվա հետաքրքրությունների մասին
Նորից կյանքն է հետաքրքրում՝ եւ այսօրվա, եւ վաղվա, եւ մյուս տարիների համար… ուրիշ էլ ի՞նչը պետք է հետաքրքրի:
Արտավազդ Փելեշյան: Լուսանկարը` Photolure
Խորհուրդ երիտասարդներին
Մի վախեցեք ոչ մի բանից, իսկ առաջին ֆիլմի մեջ ներդրեք ամեն ինչ, դա՛ է որոշելու ձեր ապագան:
Ապագա անելիքների մասին
“Homo sapiens” խաղարկային ֆիլմի սցենարը պատրաստ էր դեռ Սովետական Միության տարիներին: 1989թ. այդ ֆիլմի սցենարը ստացավ պետական պատվեր, սակայն երկրի փլուզման պատճառով այդպես էլ կյանքի չկոչվեց: Եթե հաջողվի այդ ֆիլմը նկարահանել, իմ մնացած գործերը պստիկ էսքիզներ կթվան “Homo Sapiens”-ի համեմատ:
Պատրաստեց Արամ Արարատյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: