Երեւան: Մեդիամաքս: Հայաստանցիների 33 տոկոսը լիովին աջակցում է Հայաստանի անդամակցությանը Եվրոպական միությանը, 39 տոկոսը մասամբ է աջակցում:
Այդ մասին են վկայում ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կողմից փետրվարի 3-ից 13-ը իրականացված հարցման արդյունքները։
«Եթե առաջիկա կիրակի անցկացվեր Եվրոպական Միությանը Հայաստանի անդամակցության հանրաքվեն, ինչպե՞ս կքվեարկեիք» հարցին 2026-ի փետրվարին հարցվածների 51 տոկոսը կքվեարկեր ԵՄ-ին միանալու օգտին, դեմ՝ 13 տոկոսը, 32 տոկոսը չէր մասնակցի քվեարկությանը, 4 տոկոսը դժվարացել է պատասխանել:
«Ո՞րն եք համարում Եվրոպական Միությանը միանալու հիմնական առավելությունը» հարցին պատասխանելիս 26 տոկոսը նշել են տնտեսության հզորացումը, 14 տոկոսը՝ անվտանգության ամրապնդումը, կայունությունը, 10 տոկոսը՝ երկրի զարգացումը:
«Ո՞րն է, ըստ Ձեզ, Եվրոպական Միությանը միանալու հիմնական թերությունը, վտանգը» հարցին պատասխանելիս 22 տոկոսն ասել է, որ «նրանք հուսալի գործընկեր չեն լինի», 15 տոկոսը համարում է, որ ազգային արժեքները կվատթարանան, 12 տոկոսը կարծում է, որ հայկական ընտանեկան նորմերը կվատթարանան:
IRI-ի հեռախոսային հարցման ընտրանքը կազմված է 18 տարին լրացած 1,506 ՀՀ քաղաքացիներից եւ Արցախից տեղահանվածներից, ովքեր այժմ բնակվում են Հայաստանում (որոնք կարող են լինել կամ չլինել ՀՀ քաղաքացիներ)։















