Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը «անբարոյական եւ ոչ էթիկական» է անվանել «ծանր պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրվողներին» ազատ արձակելու կոչերը:
Հաջիեւը նշել է, որ «Բաքվի դատարանի որոշումը «օլիգարխ Ռուբեն Վարդանյանի» նկատմամբ ոչ միայն արդարադատության վերականգնման ակտ է, այլեւ գրեթե 30-ամյա հակամարտության խորհրդանշական եւ տրամաբանական ավարտը, որը մեծ տառապանքներ է պատճառել ադրբեջանցի ժողովրդին»:
«Առաջ մղելով հակամարտության ռազմաքաղաքական կարգավորման բացառիկ մոդելը եւ նախաձեռնելով հետհակամարտային խաղաղության օրակարգը՝ Ադրբեջանը միաժամանակ ապահովել է պատերազմական եւ մարդկության դեմ հանցագործությունների մեջ մեղադրվող անձանց պատասխանատվության ենթարկելը, այդ թվում՝ Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, Ռուբեն Վարդանյանին եւ մյուսներին», - ասել է նա:
«Մենք ակնկալում էինք, որ կստեղծվեն միջազգային դատարաններ կամ տրիբունալներ, ինչպիսիք էին Նյուրնբերգյան դատավարությունը, Հարավսլավիայի կամ Ռուանդայի հարցերով միջազգային տրիբունալները: Սակայն ժամանակակից անարդար միջազգային միջավայրում իրավունքի կիրառումն ավելի ու ավելի է քաղաքականացվում եւ ենթարկվում կրկնակի ստանդարտների», - հավելել է նա:
Հաջիեւը հայտարարել է, որ «այդ պատճառով Ադրբեջանը կազմակերպել է բաց դատավարություններ եւ արդարադատություն է ապահովել սեփական իրավական համակարգի միջոցով՝ օրինակ ծառայելով միջազգային հանրությանը»:
«Միանգամայն անբարոյական եւ ոչ էթիկական է, երբ որոշակի շրջանակներ, այդ թվում՝ Եվրոպական խորհրդարանի որոշ անդամներ եւ այնպիսի կազմակերպություններ, ինչպիսին է Amnesty International-ը, կոչ են անում ազատ արձակել ծանր պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրվող անձանց», - ասել է նա:
«Պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրվող անձանց արդարացումը հավասարազոր է այդ հանցագործությունների օրինականացմանը եւ պատասխանատվության սկզբունքի խաթարմանը մեղսակից լինելուն: Կայուն խաղաղությունն ու էթնիկ հաշտեցումն անհնար են առանց արդարության», - եզրափակել է Հաջիեւը:















