Գիրք նվիրելու օրը թանգարաններում հետաքրքիր միջոցառումներ կլինեն - Mediamax.am

Փետրվար 18, 2026
117 դիտում

Գիրք նվիրելու օրը թանգարաններում հետաքրքիր միջոցառումներ կլինեն


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Փետրվարի 19-ին՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան եւ Գիրք նվիրելու օրվա առթիվ հայաստանյան թանգարաններում կանցկացվեն միջոցառումներ։

Հովհաննես Թումանյանի թանգարանում միջոցառումների շարքը կմեկնարկի փետրվարի 19-ին, ժամը 15:00-ին «Գիրքը՝ հեքիաթասաց» խորագրով ծրագրով։ Հեքիաթի ժամը կվարի Ալինա Ավետիսյանը։ Ժամը 16:00-ին տեղի կունենա նշանակալի իրադարձություն՝ Հովհաննես Թումանյանի անձնական գրադարանի թվայնացված գրքերի կայքէջի հանդիսավոր ներկայացումը։ Ժամը 17:00-ին կկայանա «Կյանքը՝ գրքերեն. գիրքը եւ ընթերցանությունը Ռուբեն Եսայանի հայացքով» խորագրով հանդիպումը։ Օրվա եզրափակիչ ակորդը կլինի ժամը 18:00-ին նախատեսված բացառիկ ցուցադրությունը։ Կներկայացվի 1852 թվականին հրատարակված «Երգեր» գիրքը՝ մեծանուն աշուղ Սայաթ-Նովայի ստեղծագործություններով։ 

 

Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանը փետրվարի 19-ին կազմակերպում է միջոցառումներ «ԳԱԹ գրադարանի ոճային գրքերը» խորագրով։ 

 

Տեղի կունենա ժամանակավոր ցուցադրության բացում, որը կներկայացնի թանգարանի գրադարանի ուշագրավ նմուշները՝ շեշտադրելով ոչ միայն գրքի բովանդակությունը, այլեւ դրա գեղարվեստական ձեւավորումը։ Կանցկացվի նաեւ կրթական ծրագիր՝ նվիրված գրքի կազմի ձեւավորմանը։ Մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու գրքի կազմարարության «մարմարյա» կոչվող ավանդական տեխնոլոգիային՝ բացահայտելով ձեռագործ ձեւավորման գաղտնիքները։ 

 

 

ԳԱԹ մասնաճյուղ Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանում ժամը 14:00-ին կբացվի «Նվիրում ենք գիրք» խորագրով ցուցադրություն, որտեղ կներկայացվեն Սիլվա Կապուտիկյանի տարբեր տարիներին հրատարակված գրքերը։ 

 

Ցուցադրությունը հնարավորություն կտա հետեւել հեղինակի ստեղծագործական ուղուն՝ վաղ շրջանի գործերից մինչեւ հասուն շրջանի հրատարակություններ։ Նույն օրը, ժամը 16:00-ին, տուն-թանգարանում կկազմակերպվի «Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը Կապուտիկյանի տանը» խորագրով միջոցառում։ Այն ներառում է բեմականացված ընթերցումներ աշակերտների մասնակցությամբ։ 

 

Գրքի տոնը մեծ շուքով նշվում է նաեւ Լոռու մարզի Դսեղ գյուղում՝ ԳԱԹ մասնաճյուղ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում։ Ժամը 12:00-ին տեղի կունենա «Թումանյանական գրքի տոն Դսեղում» խորագրով միջոցառում, որի ընթացքում կներկայացվի Թումանյանի տարբեր տարիներին հրատարակված հեքիաթների գրքերի ցուցահանդես։ 

 

Գորիս քաղաքում գործող ԳԱԹ մասնաճյուղ Ակսել Բակունցի տուն-թանգարանը նույնպես միացել է գրքի տոնին։ Ժամը 13:00-ին կանցկացվի «Նվիրում ենք գիրք» խորագրով գրական-երաժշտական հանդիսություն՝ նվիրված գիրք նվիրելու օրվան։ ։ Ժամը 15:00-ին նախատեսված է «Թումանյանն ու Հայը» խորագրով գրական ցերեկույթ՝ Գորիսի դպրոցականների մասնակցությամբ։ 

 

Աշտարակում գործող ԳԱԹ մասնաճյուղ Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում ժամը 16:00-ին կանցկացվի «Գիրք նվիրելու օրը» խորագրով միջոցառում։ Օրվա շրջանակում կբացվի «Թումանյան-Պռոշյան» խորագրով ցուցահանդես, որը կներկայացնի երկու մեծ գրողների ստեղծագործական առնչությունները եւ գաղափարական ընդհանրությունները։ Կկազմակերպվի նաեւ ընթերցանության մրցույթ, որը խթանում է երիտասարդների ակտիվ մասնակցությունը եւ զարգացնում նրանց խոսքի ու վերլուծական կարողությունները։

 

Գիրք նվիրելու օրը Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում գրքառատ է լինելու. փետրվարի 19-ին, ժամը 15:00-ին Աբովյանի տուն-թանգարանում կկայանա գրողի «Ուղեգրություններ» եւ «Արձակ երկեր» գրքերի շնորհանդեսը։ Երկարատեւ դադարից հետո լույս տեսած «Ուղեգրություններ» գրքում ամփոփված են մեծ գրողի թարգմանական եւ ինքնուրույն ուղեգրական նոթերը, «Արձակ երկեր»-ում ՝ խոհափիլիսոփայական գործերը։ 

 

Փետրվարի 19-ին, ժամը 14։00-ին Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում կկայանա պոետի ծննդյան 150-ամյակի առթիվ հրատարակված «Ավետիք Իսահակյան» անգլերեն-հայերեն պատկերագրքի շնորհանդեսը։ Պատկերագրքում ներկայացված են տուն-թանգարանում պահվող լուսանկարներ, վավերագրեր, արխիվային նյութեր եւ համառոտ տեքստային մեկնաբանություններ՝ հայերեն եւ անգլերեն: 

 

 




Մեր ընտրանին