Սա նման է դատավճռի հայ ժողովրդի դեմ, հայտարարել է Վարդանյանի ընտանիքը - Mediamax.am

Փետրվար 17, 2026
389 դիտում

Սա նման է դատավճռի հայ ժողովրդի դեմ, հայտարարել է Վարդանյանի ընտանիքը


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է.

«Այսօր իմացանք, որ Ռուբեն Վարդանյանը՝ սիրելի ամուսինը, հայրը, եղբայրն ու պապը, դատապարտվել է քսան տարվա ազատազրկման։ 

 

Ադրբեջանի ռազմական դատարանի վճիռը սարսափեցնող է, թեեւ՝ ոչ անսպասելի։ Դեռեւս  874 օր առաջ՝ նրա ապօրինի ձերբակալությունից սկսած, ակնհայտ էր, որ այս գործընթացի արդյունքը կանխորոշված էր։ Այս ընթացքում նրա դեմ առաջադրված մեղադրանքներից եւ ոչ մեկը հիմնավորող որեւէ ապացույց այդպես էլ չի ներկայացվել։

 

Ռուբենը զրկված է եղել արդար դատաքննության հիմնարար երաշխիքներից, այդ թվում՝ իրավական պաշտպանության, միջազգային փաստաբանի հետ կապվելու հնարավորությունից, դատավարությանն անկախ լրատվամիջոցների մասնակցությունից: Լսումներն անցկացվել են փակ դռների հետեւում եւ այնպիսի պայմաններում, որոնք անհամատեղելի են միջազգային իրավունքով եւ, նույնիսկ ադրբեջանական օրենքներով, արդար դատաքննության չափանիշների հետ։ 

 

Չնայած Ռուբենի՝ որպես հումանիստի, բարեգործի եւ սոցիալական ձեռներեցի հեղինակությունը վարկաբեկելու փորձերին, կառավարությունների, քաղաքացիական հասարակության առաջնորդների եւ միջազգային մասնագետների աջակցությունն ուժ եւ հույս են հաղորդում մեր ընտանիքին։

 

Բոլոր նրանք, ովքեր անձամբ ճանաչում են Ռուբենին կամ նրա հետ առնչություն են ունեցել, հասկանում են նրա դեմ առաջադրված մեղադրանքների անհեթեթությունն ու անհիմն լինելը։

 

Սա պարզապես Ռուբեն Վարդանյանի եւ մյուս հայ բանտարկյալների դատավարություն չէ. սա նման է դատավճռի հայ ժողովրդի դեմ՝ որպես ամբողջություն։

 

Մենք շարունակելու ենք  նրա եւ մյուս հայ բանտարկյալների ազատ արձակմանն ուղղված մեր ջանքերը։ Կոչ ենք անում միջազգային առաջնորդներին, միջազգային իրավունքին համահունչ, ձեռնարկել համապատասխան բոլոր միջոցները նրանց ազատությունն ապահովելու եւ իրավունքները պաշտպանելու համար»:




Մեր ընտրանին