Դերենիկ Դումանյան. Առողջապահության ոլորտում բեկում մտցնելու ժամանակն է - Mediamax.am

Փետրվար 20, 2026
1582 դիտում

Դերենիկ Դումանյան. Առողջապահության ոլորտում բեկում մտցնելու ժամանակն է


Լուսանկարը` http://www.rp-online.de/


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր ասել է, որ ՀՀ նախագահի բոլոր դիտողությունները ոլորտի թերացումների վերաբերյալ տեղին էին, եւ եկել է ժամանակը առողջապահության ոլորտում բեկում մտցնելու համար:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին նախարարն ասել է իր պաշտոնավարման 100 օրվան նվիրված ասուլիսի ժամանակ, նշելով, որ պաշտոնավարման առաջին օրերից սկսվել են ուսումնասիրությունները ոլորտի խնդիրների բացահայտման ուղղությամբ, սակայն նախագահի ուշադրությունը ավելի մեծ պատասխանատվության առաջ է կանգնեցրել:

 

“Բոլորս միասին պետք է իրականացնենք այս բեկումը, քանի որ բոլորիս էլ հայտնի են համակարգում առկա թերությունները”,- ասել է Դերենիկ Դումանյանը:

 

Նա ասել է, որ առողջապահության նախարարությունը շուտով կներկայացնի կարճաժամկետ եւ երկարաժամկետ ծրագրերի իրականացման երկու նախագիծ: “Նախագահի նշած ժամկետներում խնդիրների լուծումը միանգամայն իրականացվելիք մարտահրավեր է”,- վստահեցրել է նախարարը:

 

Նրա խոսքերով, շուտով կառավարության քննարկմանը կներկայացվի Հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության հիմքի վրա Առողջապահական տեսչության ստեղծման նախագիծը, որը բացի համաճարակային խնդիրներից կզբաղվի նաեւ դեղորայքի շուկայի, պետպատվերի իրականացման, ֆինանսների օպտիմալացման եւ առողջապահական գովազդի հետ կապված խնդիրների լուծմամբ:

 




Մեր ընտրանին