Ներկայացնում ենք հասարակաբան եւ սփյուռքագետ դոկտոր Հրաչ Չիլինկիրյանի հոդվածը:
Հրաչ Չիլինկիրյան
Վերջին ամիսներին՝ Հայաստանում զարգացող եկեղեցի–պետություն հարաբերությունների լարվածության եւ մրցակցության պատճառով, հայ հասարակությունը «Եպիսկոպոսների Ժողով»ի մասին ավելի շատ բան լսեց, քան երբեւէ անցյալում։ Շատերը առաջին անգամ լինելով տեղեկացան եկեղեցու կյանքում նման մարմնի գոյության։
Այս փոքր ուսումնասիրությունը համառոտ ծանոթություն է տալիս՝ թե ի՛նչ է Եպիսկոպոսների Ժողովը, ինչպես նաեւ ներկայացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եպիսկոպոսների քանակական պատկերն ու հավաքական դիմագիծը (1):
Եպիսկոպոսների Ժողովը
Հայաստանյաց Առաքելական Եկեղեցու Եպիսկոպոսների Ժողովը միայն վարչական ժողով չէ, այլ հոգեւոր համախոհության, վարդապետական հսկողության եւ եկեղեցական կարգապահության մարմին է։
Եպիսկոպոսների Ժողովը կոչված է պահպանելու Եկեղեցու հավատքի ուղղափառությունը, Սուրբ Ավանդությունը եւ դարավոր կանոնական հավասարակշռությունը։ Գործում է ոչ թե որպես իշխանության կենտրոն, այլ որպես համատեղ պատասխանատվության հարթակ։ (2) Ժողովը քննարկում է վարդապետական եւ բարոյական հարցեր, նպաստում է միասնական դիրքորոշման ձեւավորմանը եւ գործում է որպես Ամենայն Հայոց Կաթողիկոսի խորհրդակցական մարմին՝ մինչեւ Ազգային Եկեղեցական Ժողովի վերջնական քննարկումն ու որոշումը։
Եկեղեցու կյանքում եպիսկոպոսների դերն ունի իր պատմական եւ կանոնական արմատները։ Շահապիվանի ժողովի (5-րդ դար) կանոնները (3) վկայում են, որ Եկեղեցին վաղ ժամանակներից եւս եպիսկոպոսությունը ընկալել է ոչ թե որպես պատվո տիտղոս, այլ որպես լուրջագույն եւ ծանր պատասխանատվություն։ Դարերի ընթացքում կազմված Եկեղեցու կանոնները խիստ պատիժներ են սահմանում եպիսկոպոսների վարքագծի համար՝ ինչպիսիք են կաշառակերությունը, սիմոնականությունը (եկեղեցական պաշտոնի կամ շնորհքի առք ու վաճառք) եւ իշխանության չարաշահման դեպքերը։ Եպիսկոպոսները կարող էին զրկվել իրենց աթոռից, իշխանությունից եւ քահանայական ծառայությունից, ենթարկվել նյութական տուգանքների եւ հոգեւոր բացառման։ Նույնիսկ լռությունը անարդարության դիմաց համարվում էր մեղսակցություն, իսկ կաշառքով մեղքի քողարկումը՝ կանոնական ծանր հանցանք։
Կանոնները բացահայտում են կարեւոր սկզբունք՝ եպիսկոպոսական իշխանությունը Հայց. Եկեղեցու մեջ երբեք չի ընկալվում որպես անձնական գերիշխանություն, այլ որպես ծառայություն Եկեղեցուն, որն է Քրիստոսի մարմինը։ Եպիսկոպոսը կոչված է լինել ոչ միայն հովիվ եւ առաջնորդ, այլեւ հավատքի, բարոյականության եւ արդարության պատասխանատու պահապան։ (4)
Այս իմաստով Եպիսկոպոսական Ժողովը՝ կաթողիկոսի գլխավորությամբ, Եկեղեցու միասնության երաշխավորն է․ այն միավորում է թեմերը, կանխում է ինքնագլուխ գործելակերպերը եւ պահպանում է Եկեղեցին որպես մեկ կենդանի մարմին, ոչ թե առանձնացած իշխանությունների գումար։ Այն չի փոխարինում Կաթողիկոսին, Գերագույն Հոգեւոր Խորհրդին կամ թեմական առաջնորդների կանոնական իշխանությանը, այլ գործում է նրանց հետ համատեղ՝ հոգեւոր հավասարակշռության մեջ։ (5)
Վիճակագրություն
Եպիսկոպոսների դասի տարիքային բաշխումը
Եպիսկոպոսների դասի տարիքային բաշխման տվյալները հստակորեն ցույց են տալիս, որ փորձառու եւ տարեց եպիսկոպոսները գերակշռող են։ Ամենամեծ խումբը՝ ընդհանուրի 30%-ը, կազմում են 60-ական տարիքի մեջ գտնվող եպիսկոպոսները։ Սա վկայում է, որ կազմի գրեթե մեկ երրորդը մոտենում է հանգստյան տարիքին։
Միջին սերունդը գտնվում է 40-ական եւ 50-ական տարիքի մեջ՝ ներկայացնելով հավասար բաժիններ՝ յուրաքանչյուրը 23 տոկոս, եւ միասին կազմում են ամբողջ դասի 46%-ը, այսինքն՝ եպիսկոպոսների գրեթե կեսը գտնվում է իր գործունեության բեղուն փուլում։
Մյուս կողմից՝ 70-ից բարձր տարիք ունեցողները կազմում են զգալի բաժին՝ ընդհանուրի 25%-ը, որտեղ 16%-ը պատկանում է 70-ականներին, իսկ 9%-ը՝ 80-ականներին, ինչը ցույց է տալիս ավագ սերնդի կարեւոր ներկայությունը եւ նրանց կուտակված փորձառության կարեւոր դերը։
Ընդհանուր վիճակագրությունը ցույց է տալիս, որ եպիսկոպոսների մեծամասնությունը՝ 55%-ը, 60 տարեկանից բարձր է, այսինքն՝ դասը մեծ մասամբ բաղկացած է բազմամյա փորձառություն եւ երկար ծառայություն ունեցող եպիսկոպոսներից։
Եպիսկոպոսների դասի ծննդավայրերի պատկերը
Աշխարհագրական ծագման վիճակագրության պատկերը ցույց է տալիս, որ Եպիսկոպոսների գրեթե կեսը՝ 49%-ը, ծնվել է Հայաստանում, որտեղ Մայր Հայրենիքը կենտրոնական դեր է խաղում որպես հոգեւորականության հիմնական աղբյուր։ Միեւնույն ժամանակ Մերձավոր Արեւելքի երկրներում ծնված եպիսկոպոսները կազմում են շատ մեծ բաժին՝ 40%, հաստատելով հատկապես Մերձավոր Արեւելքի ավանդական հայկական համայնքների երբեմնի կենսական դերը հոգեւորականների պատրաստության կարեւոր գործում։
Նկատի ունենալով վերջին տասնամյակների Մերձավոր Արեւելքի հայկական համայնքների նոսրացումը, Հայց. Եկեղեցու առջեւ կանգնած մեծ հարցերից մեկն այն է, թե հետագա տասնամյակների սփյուռքի ո՞ր համայնքները հոգեւորականներ են մատակարարելու։
Եպիսկոպոսների դասի կրթական մակարդակը
Ըստ տվյալների՝ 57 եպիսկոպոսներից 30-ը ճեմարանական ուսումից բացի բարձրագույն ուսման տիտղոսներ ունի (Մագիստրոս կամ Դոկտորական)։ Մեծագույն խումբը կազմում են մագիստրոսի աստիճան ունեցող եպիսկոպոսները, որոնք ներկայացնում են ընդհանուրի 32%-ը։ Դոկտորական աստիճան ունեցողները կազմում են 14%։ Նրանց հաջորդում են գիտությունների թեկնածուի աստիճան ունեցողները՝ 7%, որոնք լրացնում են ընդհանուր գիտական պատկերը։ Այս բաշխումը պարզում է, որ Եպիսկոպոսների դասի 53%-ն ունի բարձրագույն գիտական աստիճաններ (մագիստրոս, դոկտոր կամ թեկնածու), ինչը շեշտում է կազմի լուրջ գիտական ներուժը։ Բարձրագույն տիտղոս ունեցողների ճնշող մեծամասնությունն իր ուսումը ստացել է եվրոպական եւ ամերիկյան համալսարաններում։
Եպիսկոպոսական պաշտոնների բաշխումը
Եկեղեցու նվիրապետական կառուցվածքում եպիսկոպոսների պաշտոնների բաշխումը ցույց է տալիս, որ եպիսկոպոսների մեծամասնությունը՝ 58%-ը, վարում է թեմակալ առաջնորդի պաշտոն։ Իսկ դասի 39%-ն ընդգրկված է վարչական կամ եկեղեցական այլ պատասխանատվություններում։ Եպիսկոպոսների դասի մեջ կան երկու (4%) պատրիարք՝ Երուսաղեմի եւ Պոլսի։
Առանձնապես ուշագրավ է թեմակալ առաջնորդների նշանակման ձեւը, որը բացահայտում է կառավարման որոշակի ձեւաչափ։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ առաջնորդների 64%-ը նշանակված է անմիջականորեն Կաթողիկոսի կողմից, մինչդեռ միայն 36%-ն ընտրված է թեմական մակարդակով։ Պարզված ընդհանուր պատկերը ցույց է տալիս, որ եկեղեցու կառուցվածքը բնորոշվում է խիստ կենտրոնացմամբ։
Եպիսկոպոսական ծառայության ժամանակաշրջանը
Այս տվյալները ներկայացնում են եպիսկոպոսների փորձառության մակարդակը՝ հիմնված նրանց ձեռնադրությունից ի վեր անցած տարիների վրա, եւ բացահայտում են կայուն, երկարամյա ծառայություն ունեցող նվիրապետական կազմի պատկերը։ Ամենամեծ խումբը կազմում են այն եպիսկոպոսները, որոնք 10+ տարվա ծառայություն ունեն, որոնք ներկայացնում են ընդհանուրի 32%-ը, այսինքն՝ գրեթե մեկ երրորդն արդեն ունի ավելի քան տասնամյա փորձառություն այս բարձրագույն աստիճանում։ Նրանց հաջորդում են 20+ տարվա ծառայություն ունեցողները՝ 26%, որոնք ներկայացնում են ավելի տարեց եւ փորձառու սերնդին՝ երկու տասնամյակից ավելի ծառայության պատմությամբ։ Նոր ձեռնադրված եպիսկոպոսները, որոնք ընդամենը 1-2 տարվա փորձառություն ունեն, կազմում են 18%։ Այս պատկերը լրացնում են ամենափորձառու ավագ ծառայողները, որոնցից 16%-ն ունի երկարամյա ծառայության վաստակ, որտեղ 11%-ն ունի 30+ տարվա, իսկ 5%-ը՝ 40+ տարվա եպիսկոպոսական ծառայություն։
Եպիսկոպոսական ձեռնադրությունների ժամանակագրությունը
Այս տվյալները բացահայտում են, թե ո՛ր տասնամյակներում տեղի են ունեցել ներկայումս գործող եպիսկոպոսների ձեռնադրությունները։ Առանցքային է 2010-ական տասնամյակը, երբ ձեռնադրվել են գործող եպիսկոպոսների 39%-ը, ինչը վկայում է, որ վերջին 10–15 տարիների ընթացքում՝ նոր սերնդի մուտքով, զգալիորեն թարմացել է եկեղեցական վերնախավը։ Նրան հաջորդում են 2000-ական թվականները, երբ ձեռնադրվել է դասի 23%-ը, այսինքն՝ այն եպիսկոպոսները, որոնք այսօր ունեն միջինից բարձր փորձառություն՝ մոտավորապես 15–25 տարվա ծառայության ճանապարհ անցած։ Նաեւ զգալի բաժին՝ 21%-ը, ձեռնադրվել է 1990-ական թվականներին՝ Հայաստանի անկախության առաջին տասնամյակում, որը պատմական կարեւոր շրջադարձ էր եկեղեցու վերակազմակերպման համար։
Այս պատկերը լրացնում է ավագ սերունդը, որը ներկայացնում է 1980-ականների եւ ավելի վաղ ժամանակաշրջանների ձեռնադրված եպիսկոպոսներին։ Ընդհանուրի 17%-ը պատկանում է «Խորհրդային շրջանի» կազմին, որտեղ 12%-ը ձեռնադրվել է 1980-ականներին, իսկ 5%-ը՝ 1970-ականներին, եւ նրանք մարմնավորում են նախորդող տասնամյակների հոգեւոր ավանդույթը, հիշողությունը եւ պատմական փորձառությունը։
-----------------------------------------
1. Օգտագործված աղբյուրներ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ծիսական Օրացույց 2025; Մայր Աթոռի կայքի վրա զետեղված եպիսկոպոսների կենսագրությունները։
2. Ի դեպ՝ կաթողիկոսն օծվում է 12 (կամ առնվազն 3) եպիսկոպոսների ձեռամբ, իսկ Կաթողիկոսն օծում է անհատ եպիսկոպոսներ։
3. Շահապիվանի Ժողովի կանոնները բաղկացած է 20 հոդվածներից։ Եպիսկոպոսի հետ կապված կանոնների համար տե՛ս, օրինակ, Ա, ԺԶ, եւ Ի հոդվածները։ Հմմտ. Հ. Ն. Ակինյան, «Շահապիվանի Ժողովի Կանոնները»․ Հանդես Ամսօրյա, Թիվ 4-12, 1949, էջ 79-170։
4. Կանոնագիրք Հայոց. Ա. հատոր (1964), Բ. հատոր (1971)։ Աշխատասիրությամբ Վազգեն Հակոբյանի․ Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակություն, Երեւան։
5. Հակոբ Ներսոյան, Դիտողություններ․ «Կանոնադրություն Հայաստանյաց Եկեղեցու» Նախագծի Մասին․ Երուսաղեմ, 2001։ Ավելի լայն շրջագծի մեջ Ներսոյանը բացատրում է (էջ 37)՝
«Կաթողիկոսը կամ եպիսկոպոսապետը պարզապես առաջինն է հավասարների մեջ։ Սուրբգրական անտարակույս հիմքի վրա եպիսկոպոսապետը եպիսկոպոսական ժողովի գործադիր պետն է։ Իրավասություններ իրեն տրվում են կամ ստանում է այդպիսով։ Այս իրավասություններն պատկանում են եպիսկոպոսական դասին, իմաստով փոխ տրված կաթողիկոսին՝ գործածելու համար եպիսկոպոսական ժողովի բացակայության՝ այդ ժողովի կամքի եւ տնօրինությունների համաձայն։ Կաթողիկոսն ունի իր իրավասություններն որպես ներկայացուցիչ եպիսկոպոսական դասի ամբողջության, եւ այդպիսով իր որոշումներն ստանում են ուժ մյուս անհատ եպիսկոպոսի կամ որեւէ հավատացյալի վրա՝ այն իմաստով, որ ամբողջությունն ավելի է, քան իր մասերի կուտակումը։ Եպիսկոպոսներից մեկ աստիճան վեր կեցված լինելու սխալ համոզման արմատներն անհրաժեշտ է փնտրել ֆեոդալական կարգավիճակի մեջ։»















