«Իզմիրլյան» հիմնադրամն ամփոփել է 2025թ. ծրագրերի արդյունքները - Mediamax.am

Փետրվար 03, 2026
175 դիտում

«Իզմիրլյան» հիմնադրամն ամփոփել է 2025թ. ծրագրերի արդյունքները


Լուսանկարը` https://izmirlianfoundation.am/


Երեւան: Մեդիամաքս: «Իզմիրլյան» հիմնադրամն ամփոփել է 2025թ. ծրագրերի արդյունքները:

Հիմնադրամի ռազմավարական նպատակն է նպաստել Հայաստանի կայուն զարգացմանը` կրթության, առողջապահության, տնտեսության զարգացման, սոցիալական բարեկեցության, նորարարության եւ հայ մշակութային ժառանգության պահպանման ոլորտներում իրականացնելով տարբեր նախաձեռնություններ, որոնք ուղղված են հիմնադրամի առաքելությանը` աջակցել ազգապահպանության գործին:

 

«Իզմիրլյան» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի միջոցով շահառուները ստանում են տարաբնույթ կարճաժամկետ եւ երկարաժամկետ օժանդակություն, այդ թվում` ուղղված առողջական վիճակի բարելավմանը, գիտելիքների եւ հմտությունների կատարելագործմանը, առողջապահության կառավարման համակարգերի, որակյալ կրթության եւ տաղանդների բացահայտման ծրագրերի հասանելիության ընդլայնմանը, ինչպես նաեւ խոցելի բնակչության եւ հատուկ կարիքներ ունեցող երեխաների թիրախային աջակցությանը։ Հիմնադրամը նաեւ աջակցում է արցախահայ ձեռներեցներին, օժանդակում արհեստական բանականության ոլորտի ապագա նորարարներին, նպաստում է հայոց լեզվի թվայնացված եւ տեխնոլոգիապես առաջադեմ էկոհամակարգի զարգացմանը, ինչպես նաեւ ոչ հայախոսների համար հայերենի ուսուցման, դասավանդման, ստուգման եւ գնահատման գործընթացին։ Ի լրումն, հիմնադրամն աջակցում է գյուղատնտեսության զարգացմանը, գյուղաբնակների զբաղվածությանը եւ այլ առաջնահերթ ոլորտների։

 

Հայաստանում «Իզմիրլյան» հիմնադրամի գործունեության մեկնարկից ի վեր իրականացված ծրագրերից ուղղակիորեն օգտվել է մի քանի հարյուր հազար կարիքավոր անձ: Միայն 2025 թվականին Հայաստանի մարզերում իրականացված 16 ծրագրերից ուղղակիորեն օգտվել է 4,307 մարդ (թիրախային ցուցանիշի 126%-ը), իսկ անուղղակիորեն՝ մոտ 17,228 մարդ: 2025 թվականին կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության եւ այլ ոլորտներում հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացված ծրագրերի առանցքային արդյունքներն ու ձեռքբերումներն են.

 

Առողջապահություն. խնամք առավել կարիքավորների համար 

 

Աջակցություն տեղահանվածներին եւ խոցելի խմբերին

 

-    «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի հետ համագործակցության շնորհիվ առողջապահական ծառայություններ են մատուցվել 23 (ընդհանուր առմամբ՝ 940) տեղահանված սիրիահայերի, լիբանանահայերի եւ իրաքահայերի, ովքեր իրենց երկրներում ստեղծված ճգնաժամի պատճառով ապաստան են գտել Հայաստանում։

 

-    Անվճար առողջապահական ծառայություններ են տրամադրվել 59 վիրավոր զինվորի եւ սպայի (ընդհանուր առմամբ՝ 559)՝ նպաստելով նրանց ապաքինմանը։

 

-    Անվճար բուժօգնություն են ստացել նաեւ Արցախից տեղահանված 24 անձինք (ընդհանուր առմամբ՝ 405):

 

-    Խոցելի ընտանիքներից քաղցկեղով հիվանդ 3 երեխա (ընդհանուր առմամբ՝ 13) ստացել է համապատասխան բուժում։

 

Թվային վերափոխում «Իզմիրլյան» ԲԿ-ում

 

Բուժօգնության որակը եւ արդյունավետությունը բարձրացնելու նպատակով «Իզմիրլյան» ԲԿ-ում ներդրվել է առողջապահության էլեկտրոնային կառավարման համակարգ, 303 աշխատակից վերապատրաստվել է նոր ՏՀՏ գործիքների եւ մեթոդների կիրառման ոլորտում։

 

Կրթություն եւ նորարարություն. ներդրում՝ ապագայի ներուժի համար

 

Որակյալ կրթության հնարավորություններ հեռավոր համայնքներում 

 

-    «Դասավանդի՛ր, Հայաստան» (Teach for Armenia) կազմակերպության հետ գործընկերության արդյունքում հիմնադրամը նպաստել է կրթության որակի բարելավմանը հեռավոր ու սահմանամերձ համայնքների 625 դպրոցականների համար՝ աջակցելով հինգ ուսուցիչ-առաջնորդների: 

-    Սահմանամերձ հեռավոր համայնքների եւ Արցախի ավագ դպրոցի 8 տաղանդավոր աշակերտների ընձեռվել է հնարավորություն սովորելու Շիրակացու ճեմարանում։

-    Եվս 6 աշակերտ ստացել է կրթաթոշակ՝ Շիրակացու ճեմարանում սովորելու համար, իսկ ամբողջ հանրապետությունից 2,561 աշակերտներ հնարավորություն են ունեցել մասնակցելու ակադեմիական օլիմպիադաների, հետեւաբար նաեւ բացահայտելու եւ զարգացնելու իրենց տաղանդները։

 

Կրթություն արհեստական բանականության բնագավառում

 

Ավագ դպրոցի 6 աշակերտ ներգրավվել է եռամյա ուսումնական ծրագրում, իսկ 4 ուսուցիչ օգտվել է «Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի» լայնածավալ ծրագրի շրջանակներում կարողությունների թիրախային զարգացման դասընթացներից: Մշակվել եւ պաշտոնապես հաստատվել է հատուկ ուսումնական ծրագիր՝ հիմք դնելով այս գերժամանակակից ոլորտներում ավելի համակարգված ուսուցման համար:

 

Գյուղատնտեսության եւ գյուղական զբաղվածության ոլորտում մասնագիտական ուսուցում 

 

Իրականացվել է MAVETA ծրագիրը՝ համագործակցելով Հայաստանի կառավարության եւ այլ գործընկերների, այդ թվում՝ «Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության» (SDC), «Ավստրիական զարգացման համագործակցության» (ADC), «Գերմանական միջազգային համագործակցության ընկերության» (GIZ), «Շվեյցարիայի ավետարանական եկեղեցիների օգնության կազմակերպության» (HEKS/EPER) Արտակարգ օգնության էկումենիկ ծրագրի, «Ռազմավարական զարգացման գործակալության» (SDA) եւ «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ի հետ:

 

Գյուղատնտեսության ոլորտի 391 մասնագետներ, շրջանավարտներ եւ մասնավոր հատվածի ներկայացուցիչներ կատարելագործել են իրենց գիտելիքներն ու հմտությունները։

 

Ծրագիրն աջակցել է 245 աշխատատեղերի ստեղծմանը՝ նպաստելով գյուղատնտեսության զարգացմանը եւ եկամուտների ստեղծմանը։

 

Հայոց լեզու եւ թվային էկոհամակարգ

 

Համագործակցելով Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության Լեզվի կոմիտեի հետ՝ «Իզմիրլյան» հիմնադրամն աջակցել է հայերենի իմացության չափորոշիչների սահմանմանը եւ տեխնոլոգիական աշխարհում հայերենը լիարժեքորեն կիրառելի եւ կենսունակ դարձնելու գործընթացին։ 2025 թվականին ավարտվել են երեք խոշոր պրոդուկտների ստեղծմանն ուղղված աշխատանքներ՝

 

-    բանավոր եւ գրավոր լեզվի գնահատման առաջադրանքների վերաբերյալ ուղեցույցների վերանայում եւ վերջնական հաստատում,

-    գնահատման առաջադրանքների շարունակական մշակում եւ խմբագրում՝ ստանդարտացված առաջադրանքների ընդհանուր թիվը հասցնելով մոտ 1500-ի,

-    հայերենի ընթեռնելիության ինդեքսի (Ընթեռնելիության ավտոմատացված ինդեքս) ստեղծում եւ փորձարկում 2025–2026 ուսումնական տարվա համար նախատեսված 23 դասագրքերի համար, ինչպես նաեւ հայերենի համար հարմարեցված ընթեռնելիության մի շարք հիմնական չափորոշիչների մշակում։

 

Նոր թվային հարթակները, որոնք ներկայումս փորձարկման փուլում են, ապահովում են գիտելիքների, տվյալների ու ծառայությունների համակարգված հասանելիություն եւ  ներառում են՝

 

-    հայերենի էլեկտրոնային ստուգման եւ գնահատման հարթակ․

-    «Հայերենը կենսունակ լեզու տեխնոլոգիական աշխարհում» նախաձեռնության շրջանակներում հայերեն տեքստերի ընթեռնելիության գնահատման համար նախատեսված առցանց հարթակ․

 

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի հրամանով հաստատվել են ոչ հայախոսների համար հայերենի (արեւելահայերենի) իմացության մակարդակները (Ա1 (A1), Ա2 (A2), Բ1 (B1), Բ2 (B2), Գ1 (C1), Գ2 (C2)) սահմանող պետական չափորոշիչներ։

 

Թվային հարթակներ եւ աջակցություն Արցախից տեղահանված ձեռներեցներին 

 

Ստեղծվել է թվային միջավայր, որը կոչված է աջակցելու Հայաստանում գործունեություն ծավալող արցախահայ ձեռներեցների եւ բիզնեսների ամրապնդմանը,

 

30 տեղահանված արցախահայ ձեռներեցներ բարելավել են իրենց գիտելիքները, հմտությունները եւ զբաղվածության հնարավորությունները՝ սեփական բիզնեսի հիմնմանն ու ամրապնդմանը, ինչպես նաեւ Հայաստանում ու դրանից դուրս շուկայական կապերի հաստատմանն ուղղված թիրախային աջակցության միջոցով։ Արցախահայերի պատկանող 100 բիզնեսների քարտեզագրումը եւ կարիքների համապարփակ գնահատումը հնարավորություն կընձեռեն ապագայում տրամադրել առավել անհատականացված աջակցություն։

 

Սոցիալական բարեկեցություն. ներառականություն, ինքնուրույնություն եւ նոր հնարավորություններ

 

Հատուկ կարիքներ ունեցող երեխաներ եւ նրանց ընտանիքներ 

 

Հատուկ կարիքներ ունեցող ավելի քան 231 երեխա օգտվել է «Սորս» հիմնադրամի, «Արաբկիր» հիմնադրամի եւ «Քայլ առաջ» ՀԿ-ի հետ համատեղ իրականացված փոքր դրամաշնորհային նախաձեռնություններից: Այս նախագծերն ապահովել են՝

 

-     օժանդակ եւ հարմարեցված կահույքի եւ գույքի հասանելիության բարելավում, 

-    ինքնուրույն կյանքի համար անհրաժեշտ կենսական հմտությունների ամրապնդում, 

-    «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊԵԱԿ–ի սաների կյանքի որակի բարելավում։

 

Նախաձեռնությունների արդյունքում Երեւանի Գույքադարանում ստեղծվել է երկու նոր մասնագիտական հաստիք՝ կինեզիոթերապեւտ (ադապտիվ սպորտ եւ զգայական ինտեգրում) եւ էրգոթերապեւտ: Քանի որ Երեւանի Գույքադարանը միայն վերջերս է սկսել գործել եւ մինչեւ 2025 թվականի վերջը սպասարկել է սահմանափակ թվով երեխաների, ակնկալվում է, որ ապագայում երեխաների թիվը զգալիորեն կաճի:

 

Հաշմանդամություն ունեցող երեխաների 32 ծնողներ եւ խնամակալներ օգտվել են օժանդակ եւ հարմարեցված կահույքի եւ գույքի օգտագործման վերաբերյալ ուսուցումից, ինչը նրանց հնարավորություն է տվել ավելի որակյալ խնամք ապահովել տնային պայմաններում: Ակնկալվում է, որ Գույքադարանի ծառայությունների ընդլայնմանը զուգընթաց՝ օգտվողների թիվը նույնպես կմեծանա։ 

 

Խնամքի հաստատություններից անցում համայնքային փոքր խմբային տների 

 

Հիմնադրամը Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության եւ «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ի հետ համատեղ մշակում է մի կարեւորագույն նախագիծ, որը սոցիալական խնամքի հաստատություններում բնակվող հաշմանդամություն ունեցող անձանց հնարավորություն է տալիս կատարելու «հաջորդ քայլը»՝ ինստիտուցիոնալ խնամքից տեղափոխվել համայնքի ներսում գտնվող փոքր խմբային տներ։

 

«Աջակցություն բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների շրջանավարտներին» ծրագրի շրջանակներում արդեն կառուցվել կամ վերանորոգվել են երկու նման համայնքային փոքր խմբային տներ։

 

Երկարաժամկետ, համակարգային մակարդակի փոփոխություններին աջակցելու նպատակով մշակվել է ոլորտի քաղաքականությանն առնչվող չորս պրոդուկտ՝ ստանդարտ գործառնական ընթացակարգեր (ՍԳԸ), հաստատության գործունեության համար նախատեսված ՍԳԸ, ստանդարտացված բնակարանային նախագծման տեխնիկական առաջադրանք (ներառյալ՝ կահույքի մանրամասն բնութագրերը), ինչպես նաեւ կարիքների գնահատման մեթոդաբանություն՝ համայնքային փոքր խմբային տներում բնակվողների համար համապատասխանության չափանիշներ սահմանելու նպատակով։

 

«Սոցիալական օգնության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին վերանայված օրենքի նախագիծը (ներառյալ՝ Կառավարության 2022 թ․ նոյեմբերի 10-ի N 1744-Ն որոշման մեջ փոփոխություններ նախատեսող նախագիծը), ինչպես նաեւ փոքր խմբային տների ներքին կանոնակարգերի վերաբերյալ կառավարության որոշման նախագիծը ներկայացվել են քաղաքականություն մշակողներին՝ քննարկման նպատակով։

 

Ապագայի հայացք 

 

2025 թվականին արձանագրված արդյունքները վկայում են «Իզմիրլյան» հիմնադրամի շարունակական հանձնառության մասին՝ ուղղված ինստիտուցիոնալ համակարգերի ամրապնդմանը, անհատների եւ համայնքների հզորացմանը, ինչպես նաեւ Հայաստանի դիրքավորմանը՝ որպես կայուն եւ ներառական ապագա ունեցող երկիր։ Հենվելով այս ձեռքբերումների վրա՝ «Իզմիրլյան» հիմնադրամը շարունեկելու է ընդլայնել իր ազդեցությունը առողջապահության, կրթության, սոցիալական բարեկեցության, տեխնոլոգիական զարգացման եւ հայոց լեզվի էկոհամակարգի զարգացման ոլորտներում՝ սերտորեն համագործակցելով պետական կառույցների, քաղաքացիական հասարակության եւ միջազգային կազմակերպությունների հետ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին