«ՏաԹեւեր»-ը չորրորդ անգամ արժանացել է World Travel Awards մրցանակին - Mediamax.am

Դեկտեմբեր 08, 2025
285 դիտում

«ՏաԹեւեր»-ը չորրորդ անգամ արժանացել է World Travel Awards մրցանակին


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: «ՏաԹեւեր» ճոպանուղին չորրորդ անգամ արժանացել է հեղինակավոր միջազգային World Travel Awards մրցանակին՝ հաղթելով «աշխարհի առաջատար ճոպանուղի» անվանակարգում։

Հայկական ճոպանուղին այս տարի եւս գերազանցել է մրցակիցներին Բոլիվիայից, Բրազիլիայից, Վիետնամից, Կանադայից, Նոր Զելանդիայից, ԱՄՆ-ից եւ ՀԱՀ-ից։ 

 

Նախկինում «ՏաԹեւեր»-ը հաղթանակ էր բերել Հայաստանին այս անվանակարգում 2024, 2023 եւ 2021 թվականներին։

 

Բաց քվեարկության արդյունքներով «ՏաԹեւեր»-ի հաղթանակը հայտարարվել է Բահրեյնում World Travel Awards 2025 պաշտոնական մրցանակաբաշխության ժամանակ։

 

Այս տարի «ՏաԹեւեր»-ը նշում է իր հիմնադրման 15-ամյակը։ Գործարկումից ի վեր ճոպանուղին դարձել է Հայաստանի զբոսաշրջության գլխավոր խորհրդանիշներից մեկը։ Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությամբ կառուցված եւ Գինեսի ռեկորդների գրքում որպես աշխարհի ամենաերկար հետադարձելի մարդատար ճոպանուղի (5752 մետր) գրանցված այս նախագիծն առանցքային նշանակություն է ունեցել ոչ միայն Սյունիքի մարզի, այլեւ ողջ Հայաստանի զարգացման համար՝ բարձրացնելով երկրի զբոսաշրջային գրավչությունը։ 

 

Այսօր Հայաստան եկող յուրաքանչյուր 5-րդ զբոսաշրջիկ այցելում է Սյունիք, իսկ մարզ այցելողների զբոսաշրջային հոսքն աճել է 17 անգամ։

 

Ծրագրի շնորհիվ տարածաշրջանում մասնավոր հատվածի ներդրումներն աճել են 11 անգամ։ Զբոսաշրջային հոսքերի աճը նպաստել է հյուրանոցային ենթակառուցվածքների զարգացմանը․ Տաթեւի եւ Գորիսի շրջակայքում բացվել է B&B ձեւաչափի շուրջ 40 նոր հյուրատուն։

 

«Տաթեւեր» ճոպանուղին կառուցվել է Ռուբեն Վարդանյանի եւ Վերոնիկա Զոնաբենդի նախաձեռնած «Տաթեւի վերածնունդ» ծրագրի շրջանակում՝ միավորելով հազարավոր նվիրատուների, շինարարների եւ կամավորների ջանքերը՝ հանուն Սյունիքի զբոսաշրջային եւ սոցիալ-տնտեսական զարգացմանը։ Ծրագրի ամբողջ հասույթն ուղղվում է Տաթեւի վանքի վերականգնմանը եւ Տաթեւ համայնքի զարգացմանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին