«Մի բուռ հող՝ հազար պարգեւ». Մարկոս Գրիգորյանի 100-ամյա հոբելյանը - Mediamax.am

Դեկտեմբեր 05, 2025
exclusive
95 դիտում

«Մի բուռ հող՝ հազար պարգեւ». Մարկոս Գրիգորյանի 100-ամյա հոբելյանը


Մարկոս Գրիգորյանն ու Սերգեյ Փարաջանովը
Մարկոս Գրիգորյանն ու Սերգեյ Փարաջանովը

Լուսանկարը` «Մարկոս Գրիգորյան» հիմնադրամի

Միշել Ալլահվերդյանը
Միշել Ալլահվերդյանը

Լուսանկարը` «Մարկոս Գրիգորյան» հիմնադրամի

Լուսանկարը` «Մարկոս Գրիգորյան» հիմնադրամի

Մարկոսի աշխատանքներից «Wedding Bouquet» (1965)
Մարկոսի աշխատանքներից «Wedding Bouquet» (1965)

Լուսանկարը` «Մարկոս Գրիգորյան» հիմնադրամի

Լուսանկարը` «Մարկոս Գրիգորյան» հիմնադրամի

Լուսանկարը` «Մարկոս Գրիգորյան» հիմնադրամի

Լուսանկարը` «Մարկոս Գրիգորյան» հիմնադրամի

Լուսանկարը` «Մարկոս Գրիգորյան» հիմնադրամի

Լուսանկարը` «Մարկոս Գրիգորյան» հիմնադրամի

Լուսանկարը` «Մարկոս Գրիգորյան» հիմնադրամի

Լուսանկարը` «Մարկոս Գրիգորյան» հիմնադրամի

Լուսանկարը` «Մարկոս Գրիգորյան» հիմնադրամի

Լուսանկարը` «Մարկոս Գրիգորյան» հիմնադրամի

Լուսանկարը` «Մարկոս Գրիգորյան» հիմնադրամի

Լուսանկարը` «Մարկոս Գրիգորյան» հիմնադրամի

Լուսանկարը` «Մարկոս Գրիգորյան» հիմնադրամի

Լուսանկարը` «Մարկոս Գրիգորյան» հիմնադրամի

Լուսանկարը` «Մարկոս Գրիգորյան» հիմնադրամի


«Այն ամենը, ինչ ես փորձել եմ երկրի վրա, կյանքում, այն ամենը, ինչն ինձ բավականություն է պարգեւել, ես արտահայտել եմ հողարվեստի միջոցով։ Ես ուզում եմ պայմանական խորհրդանիշերի միջոցով արտահայտել մարդու հարատեւ գոյությունը»,- ասում էր սփյուռքահայ նկարիչ, հողարվեստի ուղղության հիմնադիր Մարկոս Գրիգորյանը: 

 

2025 թվականի դեկտեմբերի 5-ը անվանի արվեստագետի 100-ամյա հոբելյանն է: Այս առիթով Մեդիամաքսը զրուցել է «Մարկոս Գրիգորյան» հիմնադրամի տնօրեն, արվեստաբան, Թեհրանի ժամանակակից արվեստի թանգարանի աշխատակից Միշել Ալլահվերդյանի հետ:

 

Քիչ հայտնի կենսագրական դրվագներ Մարկոսից

 

Մարկոս Գրիգորյանը Իրանի ժամանակակից արվեստի հիմնադիրներից էր. նկարիչ, գորգանկարիչ, արվեստի տեսաբան, դերասան, ուսուցիչ, արվեստի հավաքորդ, համադրող եւ պատկերասրահների հիմնադիր։ 

 

Հայազգի նշանավոր արվեստագետի ինքնությունը ձեւավորվել է բազմամշակութային միջավայրում։ Քչերը գիտեն, որ նա իրականում ծնվել է 1924 թվականի դեկտեմբերի 5-ին, սակայն միշտ ցանկացել է որպես իր ծննդյան տարեթիվ հիշատակել է 1925 թվականը: Ծննդավայրը Ռուսաստանն է՝ Կրասնոդարի երկրամասի Կրոպոտկին քաղաքը: Մարկոսի ծնողները Կարսից էին՝ փրկված Հայոց ցեղասպանությունից, որը եւս իր հետքն է թողել արվեստագետի աշխատանքներում: 

Միշել Ալլահվերդյանը Միշել Ալլահվերդյանը

Լուսանկարը` «Մարկոս Գրիգորյան» հիմնադրամի

Ընտանիքը Իրանի Թավրիզ քաղաք է տեղափոխվել 1930 թվականին: Մարկոսը կրթություն է ստացել Թեհրանի հայկական դպրոցում, ապա շարունակել ուսումը Աբադանի եւ Սպահանի դպրոցներում, ինչպես նաեւ ամերիկյան քոլեջում։ 

 

Ստեղծագործական ուղին սկսել է 1948 թվականին՝ Թեհրանի Քամալ օլ-Մոլք գեղարվեստի դպրոցից։ 1950 թվականին մեկնել է Իտալիա՝ ուսումը շարունակելու Հռոմի Գեղեցիկ արվեստների ակադեմիայում։ Նրա առաջին անհատական ցուցահանդեսը բացվել է 1951 թվականին Հռոմում։

Լուսանկարը` «Մարկոս Գրիգորյան» հիմնադրամի

1954 թվականին՝ ավարտելով ակադեմիան, նա վերադարձել է Իրան եւ հիմնել «Էսթետիկ» (Gallery Esthetic) պատկերասրահը՝ Թեհրանի ժամանակակից արվեստի առաջին եւ կարեւորագույն կենտրոններից մեկը, որը դարձել է երիտասարդ մոդեռնիստների հավաքատեղի։ Այստեղ ցուցադրվել են նրա, իրանցի ժամանակակից եւ նորարար նկարիչների գործերը։ 

 

1962–1970 թվականներին արվեստագետն ապրել է ԱՄՆ-ում, որտեղ շարունակել է ստեղծագործել հողով եւ կավով։ Դասավանդել է Մինեսոտայի Թուին Սիթի համալսարանում, 1970-ին վերադարձել է Թեհրան՝ համալսարանում դասախոսելու նպատակով: 

 

1979 թվականի Իսլամական հեղափոխությունից հետո Մարկոսը լքել է Իրանը, հաստատվել Նյու Յորքում եւ հիմնել «Գորկի» պատկերասրահը (Gorky Gallery)՝ ի հիշատակ Արշիլ Գորկու։ 1981–1985 թվականներին այս պատկերասրահում նա ներկայացրել է իր եւ այլ ժամանակակից արվեստագետների գործերը, ինչպես նաեւ իր բացառիկ հավաքածուն՝ մետաղյա կառուցվածքներ, ղաջարական նկարներ եւ «սրճարանային նկարչության» նմուշներ։ Ցավոք, այս պատկերասրահն այլեւս չկա: 

Մարկոսի աշխատանքներից «Wedding Bouquet» (1965) Մարկոսի աշխատանքներից «Wedding Bouquet» (1965)

Լուսանկարը` «Մարկոս Գրիգորյան» հիմնադրամի

1986 թվականին Մարկոսի դստեր՝ Սաբրինայի մահն ամբողջապես փոխել է նկարչի կյանքը: Հայաստան նրա գալու պատճառներից մեկն այն էր, որ Մարկոսն ԱՄՆ-ում իրեն շատ մենակ էր զգում: Արվեստագետ Սարգիս Մուրադյանը, որ Մարկոսի մտերիմներից էր, 80-ականների վերջում Նյու Յորքում հանդիպել է Մարկոսին ու առաջարկել, որ Երեւան տեղափոխվի: Ասել է՝ այստեղ միայնակ ի՞նչ ես անում, արի Երեւան, այնտեղ քեզ տուն կտան, թանգարան կտան: Հայաստանի անկախացումից հետո Մարկոսը տեղափոխվել է Երեւան՝ այդտեղ բերելով նաեւ իր հավաքածուն՝ մոտ հինգ հազար ցուցանմուշ: 

 

1991-ից մինչեւ օրս հանգրվան չունեցող թանգարանը

 

1991 թվականին Մարկոսը ցուցահանդես էր կազմակերպել Երեւանում եւ այդ առթիվ գրել.  «Կավի եւ ծղոտի շաղախով ստեղծված գործերից 30-ից 40-ը պատրաստել եմ հենց այստեղ՝ Փարաջանովի թանգարանի բակում։ Այդ ցուցահանդեսի ընթացքում էլ խոսեցի Միջին Արեւելքի թանգարանի բացման մասին»։

Մարկոս Գրիգորյանն ու Սերգեյ Փարաջանովը Մարկոս Գրիգորյանն ու Սերգեյ Փարաջանովը

Լուսանկարը` «Մարկոս Գրիգորյան» հիմնադրամի

Մարկոս Գրիգորյանն իր 40 տարվա հավաքածուն՝ 2 000-ից ավելի պարսկական, հայկական եւ ռուսական հնաոճ իրեր, 1993 թվականին ի պահ է հանձնել Հայաստանի Գրականության եւ արվեստի թանգարանին (ԳԱԹ): Այս հավաքածուի հիմքով ստեղծվել է «Միջին Արեւելքի արվեստի թանգարան» ցուցադրությունը: 

 

Մարկոսը ԳԱԹ-ին է փոխանցել նաեւ իր որոշ աշխատանքներ, որպեսզի հավաքածուի հետ ցուցադրվեն, սակայն մեր տեղեկություններով, որոնք հաստատվում են նաեւ տարբեր լուսանկարով, Մարկոսն իր աշխատանքների մեծ մասը շարունակում էր տանը պահել: Նա ԳԱԹ-ի տարածքը համարում էր ժամանակավոր: Մարկոսին երկար ժամանակ ասում էին, որ թանգարան կտան՝ «վաղը», «մյուս օրը», եւ այդպես շարունակվեց մինչեւ արվեստագետի մահը:   

Լուսանկարը` «Մարկոս Գրիգորյան» հիմնադրամի

Կարեւոր փաստ է այն, որ Մարկոսն ինքը ԳԱԹ-ի իր հավաքածուի ցուցասրահի աշխատակիցներին վճարում էր այդ ցուցադրության համար: Այդ տեղեկությունը մեզ փոխանցել է Մարկոսի քրոջ որդին՝ Միշել Պրոտիվան, որը մինչեւ 2010 թվականը շարունակում էր տալ այդ վճարները: 

 

Թանգարանի չլուծվող հարցի բերումով 2006 թվականին Մարկոսն արդեն հիասթափված էր: Նա որոշում էր կայացրել ինքն իր համար թանգարանի շենք կառուցելու, որը պետք է լիներ իր Զարոբյան 57 հասցեում գտնվող տան բակի հատվածում: Շենքի նախագիծն արդեն պատրաստ էր, կառուցապատման աշխատանքները պետք է շուտով մեկնարկեին, բայց ցավոք 2007 թվականի օգոստոսին տեղի ունեցավ սարսափելի դեպքը, որը հանգեցրեց արվեստագետի մահվանը: 

Լուսանկարը` «Մարկոս Գրիգորյան» հիմնադրամի

2025թ. տարվա հունվարին Երեւանի քաղաքապետարանի եւ ԿԳՄՍ նախարարության միջեւ հուշագիր էր ստորագրվել, որով նախատեսված է Հանրապետության 32 հասցեի հուշարձան-շենքում Մարկոս Գրիգորյանին նվիրված թանգարան հիմնել: Այդ մասին ես տեղեկացել եմ լուրերից, որից հետո փորձել եմ բարձրաձայնել, որ այդ շենքը համապատասխան չէ Մարկոսի աշխատանքներին, այնտեղ անգամ տեղ չկա այդքան աշխատանք ցուցադրելու համար: Բացի այդ, այդ տարածքը ժամանակին Մարկոսին առաջարկվել է, եւ նա մերժել է այն: 

 

Այդուհանդերձ, թանգարանը պետք է բացվեր Մարկոսի հոբելյանական տարում, տարին ավարտվեց, թանգարան նորից չկա, Մարկոսի աշխատանքներն էլ այս պահին հավաքված են ԳԱԹ-ի ցուցասրահից: 

 

Միշել Պրոտիվան, որին պատկանում էր Մարկոսի Զարոբյան 57 հասցեի տունը, տարիներ անց որոշեց վաճառել այն՝ մտածելով, որ Նյու Յորքում թանգարան կհիմնի: Ցավոք, դա չստացվեց, իսկ Միշելը երկու տարի առաջ եւս վախճանվեց: 

Լուսանկարը` «Մարկոս Գրիգորյան» հիմնադրամի

Արդեն Միշել Պրոտիվայի մահվանից հետո վաճառվեց նաեւ Նյու Յորքի Մեդիսոն Ավենյուի վրա գտնվող «Գորկի» պատկերասրահի տարածքը: Բայց ես հույս ունեմ, որ մոտ տասը տարի անց նորից հարցազրույց կտամ ու կասեմ, որ հիմնադրամին հաջողվել է վերադարձնել այդ շենքը: 

 

Մարկոս Գրիգորյանի մահվան հանգամանքները

 

2007 թվականի օգոստոսի 5-ի լույս 6-ի գիշերը Մարկոսը հարսանիքից տուն էր վերադառնում: Տուն մտնելով` հայտնաբերել էր, որ ներսում գողեր կան, որոնք էլ Մարկոսին տեսնելով՝ սկսել են ծեծել, ծանր հարվածներ են հասցրել: Լուսադեմին Մարկոսը կարողացել է պատշգամբ դուրս գալ, հարեւանը տեսել է նրան ու շտապօգնություն զանգել: Հիվանդանոցից դուրս գրվելուց շաբաթներ անց՝ օգոստոսի 27-ին, Մարկոսը սրտի կաթվածից մահացել է: 

Լուսանկարը` «Մարկոս Գրիգորյան» հիմնադրամի

Ըստ մեր տեղեկությունների՝ այդ օրը աշխատանքներ չեն գողացվել, միայն գումար: Բայց ցավոք, արվեստագետի մահից հետո նրա տնից մի շարք աշխատանքներ են դուրս տարվել: Այդ հանգամանքները մինչ օրս չեն բացահայտվել, եւ հիմա արդեն հազիվ թե հնարավոր լինի որեւէ բան պարզել: 

 

Մարկոսը թաղված է Երեւանի քաղաքային պանթեոնում: Մահվան 18-րդ տարելիցին այդտեղ տեղադրեցինք Մարկոսի նոր դիմաքանդակը:

 

Հիմնադրամի ստեղծումը՝ Մարկոսի մահից 17 տարի անց

 

«Մարկոս Գրիգորյան» հիմնադրամը ստեղծվել է 2024 թվականի հունվարին Թեհրանում: Տարիներ առաջ մենք՝ մի խումբ մարկոսասերներ ու Մարկոսի մտերիմներ, սկսեցինք կապեր հաստատել Մարկոսի ժառանգորդների հետ եւ խոսել հիմնադրամի ստեղծման անհրաժեշտության մասին: Շարունակում ենք նրանց հետ մշտապես կապ պահպանել, տարբեր հարցերով խորհրդակցել: 

Լուսանկարը` «Մարկոս Գրիգորյան» հիմնադրամի

Հիմնական կապը Մարկոս Գրիգորյանի քրոջ թոռնուհու՝ Շուշանիկ Պրոտիվայի հետ է, որն այսօր Մելբորնում է (Ֆլորիդա) ապրում: Նա Մարկոսի շուրջ տասը աշխատանք ունի եւ ցանկություն է հայտնել ապագայում Թեհրանում կամ Երեւանում ցուցադրել դրանք: 

 

Հիմնադրամի թիմի աշխարհագրական ընդգրկումն ընդարձակ է՝ իրանահայեր, Հայաստանի հայեր, ամերիկահայեր, պարսիկներ, ամերիկացիներ եւ այլն: Մենք չենք սահմանափակվում միայն Թեհրանում կամ միայն Երեւանում գործունեություն ծավալելով, քանի որ Մարկոսն ինքը աշխարհի տարբեր երկրներում եղած, միջազգային ճանաչում եւ կապեր ունեցող մարդ էր: Փորձում ենք դա պահել հիմնադրամում: Իսկ սկզբնական քայլերը Թեհրանից սկսելու որոշումը կապված է այն հանգամանքի հետ, որ այդտեղ Մարկոսին ամենաշատն են ճանաչում, անգամ առանձին դասընթացներով ուսումնասիրում են արվեստի կրթական հաստատություններում: 

Լուսանկարը` «Մարկոս Գրիգորյան» հիմնադրամի

Ցավոք, Մարկոսը երբեք կտակ չի գրել, եւ դա նրա թողած ժառանգության հետ կապված մի շարք խնդիրներ է առաջացրել: Ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ աշխատանքները ցրված են աշխարհով մեկ, մեզ մոտ չկան շատ աշխատանքներ: Սակայն ես այդտեղ նաեւ առավելություն եմ տեսնում, որովհետեւ հնարավոր է դարձնում աշխարհի տարբեր քաղաքներում Մարկոսի ցուցադրությունների կազմակերպումը: 

 

Մարկոս Գրիգորյանի աշխատանքները ներկայացված են Թեհրանի ժամանակակից արվեստի թանգարանում (TMOCA), Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում (MoMA), Թեյթ բրիտանական պատկերասրահում (Tate Modern), Բրիտանական թանգարանում (The British Museum), Մետրոպոլիտեն արվեստի թանգարանում (The Met), Հայաստանի ազգային պատկերասրահում (NGOA), Հայաստանի ազգագրության եւ ազգային-ազատագրական պայքարի պետական թանգարանում (ՀԱԱՊՊԹ), ինչպես նաեւ այլ թանգարաններում եւ մասնավոր հավաքածուներում։

Լուսանկարը` «Մարկոս Գրիգորյան» հիմնադրամի

Մարկոս Գրիգորյանի հոբելյանական տարում Թեհրանի ժամանակակից արվեստի թանգարանում ունեցանք Իրանում երբեւէ տեղի ունեցած Մարկոսին նվիրված ամենամեծ ցուցահանդեսը: Ներկայացված էին արվեստագետի նկարները, ինստալյացիաները, արխիվային նյութերը, որոնք բացահայտում էին նրա արվեստի զարգացման ուղին՝ սկսած վաղ ժամանակաշրջանի մոդեռնիստական փորձերից մինչեւ հողի նկարների ստեղծումը եւ հայեցողական արվեստի բնագավառում նրա գործունեությունը։

 

Հիմա հիմնադրամն աշխատանքներ է իրականացնում գրքի ստեղծման ուղղությամբ: Շուրջ 400 էջանոց գիրք կլինի ինչպես կենսագրական տեղեկատվությամբ, այնպես էլ 100-ից ավելի աշխատանքների տպագրությամբ, որը կհրատարակվի պարսկերեն, հայերեն ու անգլերեն:

 

«Մի բուռ հող՝ հազար պարգեւ»

 

Մարկոս Գրիգորյանի ստեղծագործությունները ոչ միայն բազմամշակութային համադրության արտացոլում են, այլեւ բազմաշերտ ինքնության դրսեւորում, որտեղ ազգային եւ մշակութային սահմանները վերածվում են ստեղծագործական երկխոսության տարածքի։

Լուսանկարը` «Մարկոս Գրիգորյան» հիմնադրամի

1959–1960 թթ․ նա ստեղծել է «Աուշվիցի դարպասը» խորագրով նկարաշար՝ նվիրված նացիստական մահվան ճամբարների սարսափներին, սակայն այն բավականին ազդված էր նաեւ Հայոց Ցեղասպանությունից: Տասներկու մեծադիր կտավներից յուրաքանչյուրն ուներ մոտ երեք մետր երկարություն։ Տասներեքերորդը, ի տարբերություն մյուսների, վերացական բնույթի էր՝ պատված մոխիրով: Այդ մասին Մարկոսը գրել է․ 

 

«Սա իմ ճիչն է՝ սրտաճմլիկ եւ սոսկալի։ Մի հանգույց, որ բացվել է հոգուս մութ խորության մեջ, եւ ես զգում եմ նրա ներքին հանգստությունը։ Թեկուզ այս ուղին լի է մթությամբ եւ ոլորապտույտներով, միեւնույնն է՝ այլ ելք չեմ տեսնում»։ 

Լուսանկարը` «Մարկոս Գրիգորյան» հիմնադրամի

Այս շրջանից սկսած նա սկսել է աշխատել հողով, ասում էր՝ այդ սեւից ես հասա հողին՝ որպես կյանքի ու ծնունդի խորհրդանիշ: Մարկոսի խոսքերն են միշտ եղել՝ «Մի բուռ հող՝ հազար պարգեւ»:

 

Միշել Ալլահվերդյանի հետ զրուցել է Գայանե Ենոքյանը

 

Լուսանկարները՝ «Մարկոս Գրիգորյան» հիմնադրամի արխիվից

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին