Մարկոս Գրիգորյանի հոբելյանական տարում նրա թանգարանը չի բացվի - Mediamax.am

Նոյեմբեր 27, 2025
exclusive
172 դիտում

Մարկոս Գրիգորյանի հոբելյանական տարում նրա թանգարանը չի բացվի


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Միշել Ալլահվերդյանը
Միշել Ալլահվերդյանը

Լուսանկարը` «Մարկոս Գրիգորյան» հիմնադրամ

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

«Մարկոս Գրիգորյան. Հետահայաց» ցուցադրությունը Թեհրանում
«Մարկոս Գրիգորյան. Հետահայաց» ցուցադրությունը Թեհրանում

Լուսանկարը` «Մարկոս Գրիգորյան» հիմնադրամ

«Մարկոս Գրիգորյան. Հետահայաց» ցուցադրությունը Թեհրանում
«Մարկոս Գրիգորյան. Հետահայաց» ցուցադրությունը Թեհրանում

Լուսանկարը` «Մարկոս Գրիգորյան» հիմնադրամ

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

«Մարկոս Գրիգորյան. Հետահայաց» ցուցադրությունը Թեհրանում
«Մարկոս Գրիգորյան. Հետահայաց» ցուցադրությունը Թեհրանում

Լուսանկարը` «Մարկոս Գրիգորյան» հիմնադրամ


2025 թվականի դեկտեմբերի 5-ին կլրանա սփյուռքահայ նկարիչ, ժամանակակից արվեստի առաջամարտիկ եւ հողարվեստի ուղղության հիմնադիր Մարկոս Գրիգորյանի 100-ամյա հոբելյանը: Չնայած դրան՝ Ե. Չարենցի անվան Գրականության եւ արվեստի թանգարանի «Միջին Արեւելքի արվեստ» ցուցադրությունը, որը ներառում է մեծանուն արվեստագետին պատկանող 2500 բնօրինակ ցուցանմուշներ, ներկայում չի գործում: Նմուշները հավաքվել են դեռեւս գարնանը՝ Մարկոս Գրիգորյանի մշտական ցուցադրության համար նախատեսված թանգարանային նոր շենք տեղափոխվելու նպատակով, որն էլ դեռ պատրաստ չէ: 

 

Հանրապետության 32 հասցեում գտնվող շենքի դուռը կողպված է, իսկ կեղտոտ ապակին մաքրելու դեպքում հնարավոր է տեսնել դեռեւս հունվարից շենքի ներսում հուշագրի ստորագրման համար տեղադրված՝ Մարկոս Գրիգորյանի նկարով պաստառը: 

Լուսանկարը` Մեդիամաքս

Մեդիամաքսը փորձել է պարզել աշխատանքների հետաձգման պատճառը, ինչպես նաեւ զրուցել է «Մարկոս Գրիգորյան» հիմնադրամի տնօրեն Միշել Ալլահվերդյանի հետ Երեւանում Մարկոս Գրիգորյանի ցուցադրության վերաբերյալ մտահոգությունների շուրջ: 

 

Թանգարանի բացման անորոշ ժամկետներ

 

Հայաստանի Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը համաշխարհային ճանաչում վայելող արվեստագետ Մարկոս Գրիգորյանի հոբելյանին նվիրված ծրագրերի շրջանակում առաջնահերթ էր ճանաչել Մարկոս Գրիգորյանի աշխատանքների մշտական ցուցասրահի ստեղծումը։ 

 

Այս նպատակով 2025 թվականի հունվարին նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի միջեւ կնքվել էր հուշագիր, որը նախատեսում էր Հանրապետության 32 հասցեում գտնվող հուշարձան-շենքում հիմնել Գրականության եւ արվեստի թանգարանի մասնաճյուղ՝ նվիրված սփյուռքահայ նկարիչ, գորգանկարիչ, հողարվեստի ուղղության հիմնադիր Մարկոս Գրիգորյանին:

Լուսանկարը` Մեդիամաքս

Մեդիամաքսը ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հետոաքրքրվել է, թե երբ եւ ինչ միջոցառումներ են նախատեսված Մարկոս Գրիգորյանի հոբելյանական ծրագրերի շրջանակում, ինչպես նաեւ երբ է նախատեսված Հանրապետության 32 հասցեում ցուցասրահի բացումը: Ի պատասխան՝ ստացել ենք նույն, առանց ժամկետների տեքստը, որն ավելի վաղ հրապարակվել է Aravot.am-ի հոդվածում: 

 

Պատասխանում նշված է. «.... Ցուցասրահը նախատեսվում է ստեղծել Երեւանի Հանրապետության փողոց 32 հասցեում գտնվող հուշարձան շենքում, որը նախապես ուսումնասիրվել եւ ընտրվել է՝ հաշվի առնելով նրա պատմամշակութային արժեքը, գտնվելու վայրը եւ ցուցասրահի ֆունկցիոնալ պահանջներին համապատասխանություն ապահովելու հնարավորությունները։ 

 

Նշված հուշարձան-շենքի վերանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերը արդեն կազմվել են։ Առաջիկայում նախատեսվում է ստանալ աշխատանքների կազմակերպման ծավալաթերթը, որը հիմք կընդունվի վերականգնման եւ վերանորոգման գործընթացը մեկնարկելու համար»։ 

 

Թանգարանի բացման ուշացման փաստից զատ՝ ստեղծվելիք թանգարանի հետ կապված այլ մտահոգություններ եւս կան: «Մարկոս Գրիգորյան» հիմնադրամի տնօրեն Միշել Ալլահվերդյանի խոսքով՝ տվյալ շենքի սրահների չափերը բավարար ընդարձակ չեն Մարկոս Գրիգորյանի աշխատանքները հավուր պատշաճի ցուցադրելու համար: 

Միշել Ալլահվերդյանը Միշել Ալլահվերդյանը

Լուսանկարը` «Մարկոս Գրիգորյան» հիմնադրամ

«2004 թվականին Մարկոս Գրիգորյանին այդ տարածքն առաջարկվել է, եւ նկարիչն անձամբ մերժել է այդ առաջարկը: Կարծում եմ՝ այստեղ արվեստագետի հիշատակի նկատմամբ հարգանքի խնդիր կա: Մյուս կողմից՝ այդ շենքի դռնից անգամ հնարավոր չէ ներս մտցնել Մարկոս Գրիգորյանի որոշ աշխատանքներ, ուր մնաց՝ ցուցադրել: Սրահներից մեկի պատերն էլ ամբողջապես պատված են որմնանկարներով, ուստի այդտեղ հնարավոր չէ ցուցադրել աշխատանքները»,- նշել է հիմնադրամի տնօրենը: 

 

Չնախատեսված խնդիրները՝ ցուցադրության հետաձգման պատճառ

 

Գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանից հետաքրքրվեցինք, թե որտեղ են այժմ պահվում Մարկոս Գրիգորյանի հավաքածուն եւ աշխատանքները: 

 

«Հուշագրի ստորագրումից ամիսներ անց իրականացվել է գույքագրում, ֆիզիկաքիմիական վիճակի ստուգում, հաստատվել եւ ցուցակագրվել է ամբողջ գույքը, որն այնուհետեւ կնքվել է, որպեսզի թանգարանային նոր շենքի շինարարական աշխատանքներից հետո պատրաստ տուփերով տեղափոխվի: Շուրջ 2 500 առարկա՝ հավաքված ու կքնված, պահվում են ԳԱԹ-ի ֆոնդադարանում, նույն տեղում, որտեղ պահվում են Կոմիտասի, Չարենցի, Աբովյանի, Փափազյանի եւ այլ մեծանուն հայերի արխիվային ֆոնդերը»,- նշել է Սյուզաննա Խոջամիրյանը: 

Լուսանկարը` Մեդիամաքս

Նրա խոսքով՝ ցուցասրահի բացումը հետաձգվել է ի հայտ եկած շինարարական խնդիրների՝ մասնավորապես շենքի սեյսմակայունության եւ անվտանգությանն առնչվող հարցերի բերումով: 

 

«Ցուցասրահի բացումը նախատեսված է 2026 թվականի համար, սակայն քանի որ ունեցել ենք վատ նախադեպ, երբ նշել ենք ժամկետ ու չնախատեսված աշխատանքներ են ի հայտ եկել, թույլ տվեք հիմա ժամկետ չնշել: Հաջորդ տարվա ընթացքում թանգարանն անպայման կգործի»,- մանրամասնել է Սյուզաննա Խոջամիրյանը: 

 

Ի պատասխան Մեդիամաքսի այն հարցին, թե արդյոք Մարկոս Գրիգորյանի հարյուրամյա հոբելյանի համար նախատեսված մշտական ցուցադրության բացումն ուշացած չի՞ լինի՝ հաշվի առնելով, որ դեկտեմբերի 5-ին մեծանուն նկարչի ծննդյան օրն է, ԳԱԹ-ի տնօրենը պարզաբանել է.

 

«Ուշացում չէ, եթե մեզ համար առաջնահերթություն է անվտանգությունը: Կարող էինք անմիջապես բացել՝ ըստ ժամկետների՝ անտեսելով շենքի անվտանգային նկատառումները, բայց հաշվի առնելով այն, որ թե´ այցելուների, թե´ ազգային-մշակութային արժեքների անվտանգությունից ելնելով պետք էր մի փոքր հետաձգել, կարծում եմ՝ չենք համարի ուշացած, այլ հավուր պատշաճի կատարվող աշխատանքներ»: 

Լուսանկարը` Մեդիամաքս

Սյուզաննա Խոջամիրյանը հավելել է, որ Մարկոս Գրիգորյանի 100-ամյակին նվիրված ամենախոշոր իրադարձությունը այս տարվա օգոստոսին տեղի ունեցած Գյումրու արվեստի շաբաթ (Gyumri Art Week) 4-րդ միջազգային փառատոնն էր, որը նվիրված էր մեծանուն արվեստագետին: 

 

«Գալիք տարվա առաջին եռամսյակում լույս կտեսնի Մարկոս Գրիգորյանի հարյուրամյակին նվիրված, նրա ստեղծագործական ժառանգությունն ամփոփող կատալոգը: Դրան կհաջորդի արդեն թանգարանի բացումը եւ մի շարք այլ ծրագրեր, որոնք նախատեսված են նորաստեղծ թանգարանում»,- նշել է նա: 

 

Հիմնադրամի աշխատանքները Թեհրանում եւ Երեւանում

 

«Մարկոս Գրիգորյան» հիմնադրամի տնօրեն Միշել Ալլահվերդյանը, որը նաեւ Թեհրանի ժամանակակից արվեստի թանգարանի համադրող է, նշել է, որ 2024 թվականի դեկտեմբերից մինչեւ 2025 թվականի փետրվարը Թեհրանի ժամանակակից արվեստի թանգարանում գործել է Մարկոս Գրիգորյանի 100-ամյա հոբելյանին նվիրված «Մարկոս Գրիգորյան. Հետահայաց» ցուցադրությունը: 

«Մարկոս Գրիգորյան. Հետահայաց» ցուցադրությունը Թեհրանում «Մարկոս Գրիգորյան. Հետահայաց» ցուցադրությունը Թեհրանում

Լուսանկարը` «Մարկոս Գրիգորյան» հիմնադրամ

«Քչերը գիտեն, որ Մարկոս Գրիգորյանը ծնվել է 1924 թվականի դեկտեմբերի 5-ին, բայց նա միշտ ցանկացել է որպես իր ծննդյան տարեթիվ նշել 1925 թվականը: Դա էր պատճառը, որ մենք որոշեցինք հոբելյանական ցուցադրությունը մեկնարկել 2024 թվականին եւ շարունակել մինչեւ 2025 թվականը, որպեսզի երկու տարին էլ կարողանանք ընդգրկել»,- նշել է Միշել Ալլահվերդյանը:  

«Մարկոս Գրիգորյան. Հետահայաց» ցուցադրությունը Թեհրանում «Մարկոս Գրիգորյան. Հետահայաց» ցուցադրությունը Թեհրանում

Լուսանկարը` «Մարկոս Գրիգորյան» հիմնադրամ

Նրա խոսքով՝ Թեհրանի ժամանակակից արվեստի թանգարանում պահվում է Մարկոս Գրիգորյանից 18 աշխատանք, իսկ հոբելյանական ցուցադրության համար աշխատանքներ բերվել են նաեւ անհատների հավաքածուներից: Ցուցադրության համադրողը եղել է հենց Միշել Ալլահվերդյանը: 

«Մարկոս Գրիգորյան. Հետահայաց» ցուցադրությունը Թեհրանում «Մարկոս Գրիգորյան. Հետահայաց» ցուցադրությունը Թեհրանում

Լուսանկարը` «Մարկոս Գրիգորյան» հիմնադրամ

Ցուցադրության շուրջ երկու ամիսների ընթացքում ունեցել են ավելի քան 60 000 այցելու: Ընդհանուր առմամբ «Մարկոս Գրիգորյան» հիմնադրամը մեծանուն նկարչի հոբելյանի շրջանակում իրականացրել է երեք ցուցահանդես եւ չորս միջոցառում: 

 

Միշել Ալլահվերդյանի խոսքով՝ հիմնադրամին չի հաջողվում ցուցասրահի, ցուցադրությունների կազմակերպման աշխատանքներում լիարժեք համագործակցության հասնել Գրականության եւ արվեստի թանգարանի հետ:

 

«Նախկին տնօրինության հետ ունեինք 100-ամյակին նվիրված նոր դիզայնով ցուցահանդեսի կազմակերպման պայմանավորվածություն: Ցավոք, ներկայիս թիմը, կարծես, մեր կարիքը չունի: Մենք խնդիր չունենք, որ աշխատանքները մեր ներգրավվածությամբ լինեն, թող իրենք անեն, սակայն 10 ամիսների ընթացքում ոչինչ չի արվել: Մարկոս Գրիգորյանի նկարով պաստառն էլ, որ հուշագրի ստորագրման համար դրվել էր այդ շենքում, նույնությամբ մնացել է այդտեղ»,- մանրամասնել է Միշել Ալլահվերդյանը: 

Լուսանկարը` Մեդիամաքս

Այդուհանդերձ, նա ուրախությամբ հայտնել է, որ Երեւանում եւս կարողացել են Մարկոս Գրիգորյանի հոբելյանական տարում միջոցառում ունենալ. տարեսկզբին Երեւանի ժամանակակից արվեստի ինստիտուտում իրականացվել է Մարկոս Գրիգորյանի «Պերֆորմատիվ փոխաբերություններ» ցուցադրությունը, որի համադրողը Ռուբեն Արեւշատյանն էր:

 

Գայանե Ենոքյան

 

Լուսանկարները՝ հեղինակի եւ «Մարկոս Գրիգորյան» հիմնադրամի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին