Նոյեմբերի 26-ին Կինոմոսկվայում կայացավ ֆրանսահայ ռեժիսոր Ալեքսիս Փազումյանի «Ապագա» վավերագրական ֆիլմի փակ ցուցադրությունը։ Ֆիլմը ստեղծվել է Yandex Armenia-ի աջակցությամբ՝ Kinopoisk-ի կողմից եւ առաջիկայում ցուցադրվելու է միջազգային կինոփառատոններում։
Ֆիլմը, ինչպես պատմում է Փազումյանը, «աստիճանաբար դարձել է անձնական կինո». մի փորձ Հայաստան վերադառնալու, երկիրը նոր հայացքով տեսնելու եւ այն ցույց տալու աշխարհին։
Ալեքսիս Փազումյանը ֆրանսիական սփյուռքից հայ ռեժիսոր է, որը սովորաբար պատմում է հայության փորձառությունը՝ պատերազմից մինչեւ ինքնության փնտրտուքներ։
«Շատ կարեւոր էր ստեղծել մի աշխատանք, որը կցուցադրի Հայաստանը՝ իր նոր սերնդով, էներգիայով եւ տաղանդներով։ Իմ նախորդ ֆիլմերը ավելի շատ պատերազմի մասին էին։ Այս անգամ ուզում էի պատմել մի երկրից, որը կառուցվում է, ոչ թե փլվում։ Եվ ցույց տալ աշխարհին մեր հրաշալի հայ երիտասարդներին», - ասում է Ալեքսիս Փազումյանը։
Ռեժիսորի խոսքով՝ որպես Ֆրանսիայում ապրող, բայց հայկական արմատներով մարդ, իր համար առանձնահատուկ նշանակություն ուներ առաջին անգամ ամբողջությամբ հայկական լիամետրաժ ֆիլմ նկարել։
«Սա իմ երկրորդ լիամետրաժ ֆիլմն է, բայց այն առանձնակի տեղ ունի իմ ստեղծագործական ճանապարհում։ Առաջինս Հայաստանում էր, ու շատ ուրախ եմ, որ Yandex Armenia-ն աջակցեց մեզ՝ այն կյանքի կոչելու գործում», – ասում է Ալեքսիս Փազումյանը։
Լուսանկարը` Yandex Armenia
Ալեքսիս Փազումյանը պատմում է, որ ֆիլմի երեք գլխավոր կերպարները ծնվել են նրա սեփական փորձից՝ երբ նա վերադարձել է Հայաստան, փորձելով գտնել իր արմատները եւ զգացել երկրի նկատմամբ պատասխանատվություն։
Ֆիլմի երեք գլխավոր հերոսներից մեկը Սերգեյ Սմբատյանն է, աշխարհահռչակ դիրիժոր, որը 18 տարեկանում հիմնադրում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը եւ մի քանի հիմնադրամ, որոնք օգնում են երեխաներին զարգանալ դասական երաժշտության մեջ։
Երկրորդը՝ Քայլ Խանդիկյանը, Լոս Անջելեսից Հայաստան վերադարձած ձեռներեցն ու «The Rug Code» առցանց խանութի հիմնադիրը, ասում է, որ իր հայրենադարձությունը «պարզ ու միանշանակ» պատճառով է տեղի ունեցել. գորգերը։ Այդ հետաքրքրությունը այժմ վերածվել է ձեռագործ գորգագործներին աջակցող կայուն նախաձեռնության։
Ֆիլմում ներկայացվող գորգը գործվել է Վայոց Ձորի Խաչիկ գյուղում։
«Սա շատ յուրահատուկ գորգ է։ Այն գործել է Ասիա Հարությունյանը՝ բնիկ խաչիկեցի գորգագործուհի։ Ֆիլմում երեւում է ամբողջ գործընթացը՝ լեռներում հովվի աշխատանքից մինչեւ վերջնական արդյունք», - ասում է նա։
Մոտ տասը տարի առաջ Հայաստան տեղափոխվելով՝ Քայլ Խանդիկյանը մտահոգիչ բան է նկատել. մարզերում ու գյուղերում ավանդական գորգագործությունը գրեթե մոռացված է։
«Երբ խորացա ոլորտի մեջ, հասկացա, որ այն, ինչ սերնդեսերունդ մեր կյանքի բնական մասն էր, այսօր գրեթե չի գործվում։ Գորգագործների թիվը նվազել է, իսկ նրանց աշխատանքը տեսանելիություն չունի՝ ոչ տեղական, ոչ միջազգային շուկայում», - նշում է նա։
Այս բացը նկատելով՝ Խանդիկյանը ստեղծել է «The Rug Code»-ը՝ որպես հարթակ, որտեղ ներկայացվում են մարզաբնակ գորգագործները եւ նրանց ձեռագործ գորգերը։ Նրա խոսքով՝ սա հնարավորություն է ոչ միայն ավանդույթը պահպանելու, այլեւ համայնքներում ապրող կանանց համար կայուն եկամուտ ապահովելու։
«Ես հասկացա, որ գուցե փոքր, բայց իրական չափով կարող եմ լուծել տեսանելիության խնդիրը՝ նրանց համար պատվերներ բերելով։ Սա հնարավորություն է, որ մարդիկ շարունակեն աշխատել, պահեն տունը, զարգացնեն համայնքը եւ չկորցնեն այս գեղեցիկ ավանդույթը», - ասում է Քայլ Խանդիկյանը։
2024թ. մարտին Մարսի անալոգային հետազոտական ծրագրի («AMADEE-24») շրջանակում Հայաստանում էին մի խումբ տիեզերագնացներ: Արարատի մարզում տեղակայված սիմուլյատորում նրանք մոտ մեկ ամիս փորձեր են իրականացրել տարբեր մարսագնացների եւ ռոբոտատեխնիկայի միջոցով՝ պատրաստվելով Մարսի ապագա հետախուզական առաքելություններին:
Ֆիլմի երրորդ հերոսը՝ Գայանե Հակոբյանը, ներգրավված է եղել ծրագրում.
«Նկարահանումների հիմնական մասը տեղի ունեցավ այն փուլում, երբ աշխատում էինք տիեզերագնացի հագուստի մոդելավորման եւ պրոտոտիպի կառուցման վրա»։
Նրա խոսքով՝ ստեղծագործական խումբը շաբաթներ շարունակ հետեւել է իրենց աշխատանքին՝ ֆիքսելով հագուստի ամբողջ ինժեներական կառուցվածքը, հիմքի ձեւավորումը, ներքին կարկասի հավաքումը եւ փորձնական փուլերը։ «Մենք փաստացի ցույց տվեցինք, թե ինչպես է զրոյից կառուցվում տիեզերագնացի հագուստի նախատիպը», - ասում է Գայանե Հակոբյանը։
«Ուզում եմ, որ երեխաները տեսնեն՝ այս ուղղությունը հասանելի է նաեւ Հայաստանում։ Տարիներ շարունակ աշխատել եմ եվրոպական ընկերությունների հետ, եւ հիմա կարեւորում այդ փորձի տեղափոխումը դպրոցներ, հատկապես՝ մարզերում», - ընդգծում է նա։
Լուսանկարը` Yandex Armenia
«Ֆիլմն այն մասին է, թե ինչ ապագա կարող է կառուցել Հայաստանը, ինչ հնարավորություններ ունի, եւ ինչ դեր ունեն երիտասարդները այդ ապագայի ձեւավորման գործում», - եզրափակում է Գայանեն։
Ալեքսիս Փազումյանի խոսքով՝ իր համար կարեւոր էր ցույց տալ, որ թեեւ յուրաքանչյուրն ունի իր ճանապարհը, շատերին միավորում է նույն նպատակը՝ « աշխատանքով, ստեղծարարությամբ եւ գիտությամբ ավելի լավ Հայաստան ստեղծել»։
«Ռեժիսորը, արտադրության ղեկավարը եւ օպերատորը ֆրանսիական եւ հայկական սփյուռքից են։ Կարծում եմ՝ տաղանդի համադրությունը տարբեր մշակութային փորձառությունների հետ ստեղծում է ամենահետաքրքիր, գրավիչ եւ հիպնոսացնող արդյունքը», - նշել ֆիլմի պրոդյուսեր Մայա Կուզինան։
Ալեքսիս Փազումյանը կարեւորում է նաեւ ֆիլմի միջազգային ճանապարհը՝ նշելով, որ իր մեծ ցանկությունն է, որ այն ցուցադրվի Եվրոպայի եւ ԱՄՆ-ի փառատոններում.
«Մարդիկ դրսում հաճախ Հայաստանը լավ չեն պատկերացնում։ Ուստի մեզ պետք են ֆիլմեր, որոնք ոչ միայն հիշեցնում են անցյալի մասին, այլ ցույց են տալիս ապագան»։
Ֆիլմը նոյեմբերի 27-ից հասանելի է «Kinopoisk» առցանց հարթակում։
Աստղիկ Հովհաննեսով















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: