Հայաստանում շարունակվում է սիրուն աշունը, այնպես որ Մեդիամաքսն այս շաբաթ եւս առանձնացրել է առաջիկա հանգստյան օրերի առավել հետաքրիքր արշավները:
Առաջարկվող երթուղիների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ արշավական ակումբների սոցցանցերի էջերում:
Նոյեմբերի 22 (շաբաթ)
Armenian Geographic արշավական ակումբ. Արշավ Մայրավանքից Բջնի
Շաբաթ օրն ակումբը հրավիրում է մասնակցել արշավի Ծաղկունյաց լեռների լանջերով՝ Մայրավանքից Բջնի: Առաջին նպատակակետը Մայրավանքն է (7-14-րդ դդ.): Այնուհետև Ծաղկունյաց լեռներով շարունակելու եք ճանապարհը մինչև Բջնու բերդ (9-10-րդ դար): Արշավն անցնելու է ալպիական մարգագետիններով և անտառներով:
Լուսանկարը` ArmGeo
Երթուղու երկարությունը 18 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 1000 մ:
Մանրամասները՝ հղումով:
Հանգստյան օրերին ակումբի մյուս երթուղիներն՝ այստեղ:
That Trail արշավական ակումբ. Վերելք Երանոս լեռ
Նոյեմբերի 22-ին ակումբն արշավելու է Արարատի մարզում՝ վերելք կատարելով Երանոս լեռ (1824 մ): That Trail-ի կանոնավոր արշավները բացառապես փոքր՝ 5-10 հոգանոց խմբերի համար են:
Լուսանկարը` That Trail
Երթուղու երկարությունը 22 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 650 մ:
Մանրամասները՝ հղումով:
Նոյեմբերի 23 (կիրակի)
ArmLand արշավական ակումբ. Լեռնանցում Դրախտիկից Խամշի վանք
Նոյեմբերի 23-ին ArmLand արշավական ակումբն ուղեւորվում է Գեղարքունիքի մարզ։ Այստեղ իրականացվելու է լեռնանցում Դրախտիկ գյուղից դեպի Խամշի վանք։ Այն կառուցվել է 9-10-րդ դարերում և կանգուն մնացել մինչև 13-րդ դարի կեսերը։
Լուսանկարը` ArmLand
Ողջ ճանապարհին քայլելու եք անտառային գեղեցիկ արահետներով։ Երթուղու երկարությունը 15 կմ է, արշավի տեսակը՝ էքսպեդիցիա:
Մանրամասները՝ հղումով:
North Peak լեռնային ակումբ. Վերելք Գայլեձոր / հատուկ երթուղի
Կիրակի օրն ակումբը հրավիրում է փորձառու լեռնասերներին վերելք կատարել Թեքսարի լեռների Գայլեձոր լեռնագագաթը (2762 մ): Վերելքն իրականացվելու է բավականին ժայռոտ, հատուկ երթուղով։ Այն սկսվելու է Վայոց Ձորի մարզի Եղեգիս գյուղից, իսկ վայրէջքն իրականացվելու է հակառակ կողմով: Նախ իջնելու եք Սպիտակավոր վանական համալիր, ապա՝ Վերնաշեն գյուղ: Վերելքը բարդ է, արշավին մասնակցելու համար անհրաժեշտ է վերելքների փորձ: Երթուղու երկարությունը՝ 14 կմ, հարաբերական բարձրությունը՝ 1200 մ։
Մանրամասները՝ հղումով:
Հանգստյան օրերին ակումբի մյուս երթուղիներն՝ այստեղ:
Armenian Geographic արշավական ակումբ. Արշավ Խաշթառակից Այգեհովիտ
Կիրակի օրն ակումբն իրակնացնելու է արշավ Խաշթառակից Այգեհովիտ։ Ճանապարհն անցնելու է սաղարթախիտ անտառներով եւ ալպյան մարգագետիններով։
Լուսանկարը` ArmGeo
Անցնելով Վարագի լեռնաշղթան՝ դուրս եք գալու «Սարի տակ» կոչվող վայրը, որի անտառապատ բացատի բարձրադիր սարալանջին է գտնվում Սրվեղի միջնադարյան վանական համալիրը (13-րդ դար)։ Սրվեղի վանական համալիրի մոտ կունենաք դադար, որից հետո կշարունակենք ճանապարհը դեպի Այգեհովիտ։ Ճանապարհին բացվելու են հիանալի տեսարաններ դեպի Աղստևի հովիտն ու Մթնասարի լեռներ: Երթուղու երկարությունը 18 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 900 մ:
Մանրամասները՝ հղումով:
Հանգստյան օրերին ակումբի մյուս երթուղիներն՝ այստեղ:
ԱՐԻ Խոխա. Խոխա արշավ Սմբատաբերդ
Նոյեմբերի 23-ին ակումբը 6-14 տարեկան երեխաների եւ պատանիների հետ մեկնում է Վայոց ձոր՝ հիանալու միջնադարյան ամրոց Սմբատաբերդով: Եղեգիսի կիրճից քայլելու եք դեպի Սմբատաբերդ՝ տեսնելու միջնադարյան իշխանների ամրոցները եւ, հնարավոր է, հանդիպեք նաեւ Բեզոարյան այծերի:
Լուսանկարը` ԱՐԻ Խոխա
Այս եղանակին ողջ արշավի ընթացքում ձեզ կուղեկցեն Թեքսարի լեռների գեղեցիկ տեսարանները: Երթուղու երկարությունը 6 կմ է:
Մանրամասները՝ հղումով:
Հանգստյան օրերին ակումբի մյուս երթուղիներն՝ այստեղ:
Համշեն Տուր. Քայլարշավ Մթնաձորում
Տավուշը շարունակում է զարմացնել եւ հիացնել: Այս անգամ ձեզ կտպավորի Մթնաձորի սքանչելի քայլարշավը: Կուսական անտառներով, վայրի բնության շքեղությունը զգալով՝ առաջիկա կիրակի կարող եք միանալ եւ Համշեն Տուրի հետ քայլել Մթնաձորի երթուղով: Արշավի երկարությունը՝ մոտ 15 կմ։
Մանրամասները՝ հղումով:
Պատրաստեց Յանա Շախրամանյանը















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: