2025 թ․ «Ավրորա» մրցանակը շնորհվել է բժիշկ Ջամալ Էլթայեբին - Mediamax.am

Նոյեմբեր 07, 2025
134 դիտում

2025 թ․ «Ավրորա» մրցանակը շնորհվել է բժիշկ Ջամալ Էլթայեբին


Ջամալ Էլթայեբին
Ջամալ Էլթայեբին

Լուսանկարը` Ավրորա


Երեւան: Մեդիամաքս: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը 2025 թ. «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակը շնորհել է բժիշկ Ջամալ Էլթայեբին։ Այս տարի «Ավրորան» արժանին է մատուցում բժիշկ Էլթայեբին՝ հակամարտության գոտում մարդկանց բուժօգնություն տրամադրելու գործում ցուցաբերած բացառիկ խիզախության եւ նվիրումի համար։

 

1 միլիոն ԱՄՆ դոլար մրցանակը շնորհվում է նրանց, ովքեր վտանգում են իրենց կյանքն ուրիշներին փրկելու համար։ 

 

Սուդանում ընթացող կործանարար քաղաքացիական պատերազմի եւ երկրի առողջապահական համակարգի գրեթե ամբողջական խաթարման պայմաններում բժիշկ Էլթայեբը շարունակում է բաց պահել «Ալ Նաո» հիվանդանոցն Օմդուրմանում՝ որպես մեծ Խարթումի տարածքում գործող վերջին հիվանդանոցներից մեկը։ Սա նրա տոկունության եւ առաջնորդական հմտությունների վկայությունն է նույնիսկ ամենավտանգավոր պայմաններում։

 

 

«Մեծանալով` ես հասկացա, թե որքան փխրուն կարող է լինել կյանքը, եւ որքան մեծ նշանակություն կարող են ունենալ մեկ մարդու հոգատարությունն ու գիտելիքը։ Ուզում էի բժիշկ դառնալ, որպեսզի ծառայեի մարդկանց ամենադժվարին պահերին: «Ավրորա» մրցանակն ամենուրեք ոգեշնչում է բժիշկներին, ուսուցիչներին, մարդասիրական գործիչներին եւ սովորական մարդկանց շարունակելու իրենց գործը՝ իմանալով, որ իրենց ջանքերը կարեւոր են։ Սա հիշեցնում է այն մասին, որ մեկ մարդու խիզախությունը կարող է բերել փոփոխության, իսկ կարեկցանքը՝ ապաքինման։ Նույնիսկ ամենափոքր բարի գործը կարող է հույս ներշնչել»,- ասել է բժիշկ Էլթայեբը։

 

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր եւ Տնօրենների խորհրդի նախագահ, Flagship Pioneering ընկերության հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Նուբար Աֆեյանը նշել է, որ ժամանակաշրջանում, երբ անտարբերությունը լայն տարածում է գտնում, իսկ կարեկցանքը վտանգի տակ է, բժիշկ Էլթայեբը կենդանի ապացույց է, որ մարդկայնությունը չի անհետացել.

 

«Աշխարհում, որտեղ «ոչ մարդասիրությունը» հաճախ գերակշռում է վերնագրերում, բժիշկ Էլթայեբը հիշեցնում է մեզ այն մասին, որ մարդասիրության ոգին դեռ ողջ է, եւ յուրաքանչյուրս ունենք այն պահպանելու պարտավորություն»։ 

 

2025 թ․ դափնեկրի անունը հայտարարվել է «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության ժամանակ, որը տեղի է ունեցել ապաստանի եւ կյանքը վերսկսելու խորհրդանիշ դարձած Էլիս կղզում՝ նշանավորելով «Ավրորայի» գործունեության տասնամյակը։ 

 

Բժիշկ Էլթայեբն ընտրվել է առաջադրված ավելի քան 800 թեկնածուներից։ Որպես 2025 թ․ «Ավրորա» մրցանակի դափնեկիր՝ նա կստանա 1 միլիոն ԱՄՆ դոլար պարգեւ իր աշխատանքն ընդլայնելու եւ տեղում գործող մերօրյա հերոսներին ու կազմակերպություններին աջակցելու համար, որոնք իրենց հերթին օգնում են կարիքավոր համայնքներին։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին