Նոյեմբերի 1-2-ի արշավները. Վերելք Արագած եւ արշավ Կիրանցի կիրճ - Mediamax.am

Հոկտեմբեր 29, 2025
94 դիտում

Նոյեմբերի 1-2-ի արշավները. Վերելք Արագած եւ արշավ Կիրանցի կիրճ


Լուսանկարը` ArmGeo

Լուսանկարը` North Peak

Լուսանկարը` ArmGeo

Լուսանկարը` ARI / ԱՐԻ

Լուսանկարը` ԱՐԻ Խոխա


Մեդիամաքսն առանձնացրել է նոյեմբերի 1-2-ի առավել հետաքրքիր եւ յուրահատուկ արշավները: 

 

Առաջարկվող երթուղիների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ արշավական ակումբների սոցցանցերի էջերում:

 

Նոյեմբերի 1 (շաբաթ)

 

Armenian Geographic արշավական ակումբ. Մայրամուտը Մեծ Փարախադեմից 

 

Շաբաթ օրն ակումբն իրականացնելու է վերելք Մեծ Փարախադեմ լեռ (1955 մ)` դիմավորելու մայրամուտը: Արշավը սկսվելու է Տիգրանաշենի մերձակայքի: Անցնելով Ուրծի լեռների լանջերով՝ բարձրանալու եք Մեծ Փարախադեմի ժայռոտ գագաթ: 

Լուսանկարը` ArmGeo

Այստեղից բացվում է հիանալի տեսարան դեպի Ուրծի լեռները, Մեծ եւ Փոքր Մասիսները: Երթուղու երկարությունը 14 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 650 մ: 

 

Մանրամասները՝ հղումով

 

Հանգստյան օրերին ակումբի մյուս երթուղիներն՝ այստեղ

 

«Խարույկ» արշավական ակումբ. Վերելք Կարմիր սար, Վարդագույն կիրճ, Ազատի ջրամբար

 

Նոյեմբերի 1-ին ակումբը հրավիրում է քայլել յուրահատուկ արահետով՝ Ազատի ջրամբարի եւ Երանոսի լեռների սրտում: Նախ վերելք կկատարեք Կարմիր սար գագաթը, ապա բազմերանգ ժայռերով կիջնեք դեպի Վարդագույն կիրճ: Արշավի ընթացքում ձեզ ուղեկցելու են անիրական տեսարաններ դեպի Երանոս, Արարատ լեռները, Ազատի ջրամբարն ու Ազատի կիրճը: Երթուղու երկարությունը 15 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 700 մ: 

 

Մանրամասները՝ հղումով

 

Նոյեմբերի 2 (կիրակի)

 

North Peak լեռնային ակումբ. Վերելք Արագածի հարավային եւ արեւմտյան գագաթներ

 

Նոյեմբերի 2-ին ակումբը հրավիրում է բոլոր լեռնասերներին վերելք կատարել Արագածի հարավային (3887 մ) եւ արեւմտյան (3995 մ) գագաթներ: 

Լուսանկարը` North Peak

Վերելքը սկսվելու է Քարի լճից, գագաթ կբարձրանաք քարակատարով: Երթուղու վրա առկա է որոշակի ձնածածկույթ, ակումբը խնդրում է հաշվի առնել սա հանդերձանք ընտրելիս: Երթուղու երկարությունը 13 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 900 մ:

 

Մանրամասները՝ հղումով

 

Հատիս Տուր. Արշավ Կիրանցի կիրճ 

 

Հատիս Տուրն առաջիկա կիրակի ուղեւորվելու է Տավուշի մարզ`Կիրանցի (Քարհանի) կիրճ։ Արշավը սկսվելու է Աճարկուտ գյուղից, որտեղից կշարժվեք դեպի Կիրանցի վանք (13-րդ դար)։ Կիրանցի կիրճն իր ռելիեֆով եւ գույներով հիացնում է բոլորին։ Արշավի ընթացքում կտեսնեք Սրանոց կամուրջը (12-13-րդ դար), որը կառուցված է Կիրանց գետի վրա։ Երթուղու ընդհանուր երկարությունը 20 կմ է: 

 

Մանրամասները՝ հղումով

 

Armenian Geographic արշավական ակումբ. Վերելք Դիվանց 

 

Կիրակի օրն ակումբն իրականացնելու է արշավ դեպի Սեւանի լեռնաշղթայի լեռներից Դիվանց գագաթը (2443 մ): Արշավը սկսվելու է Արտանիշ-Ջիլ մայրուղուց եւ ավարտվելու Սեւանա լճի ափին։ Վերելքի ողջ ընթացքում եւ լեռան գագաթից բացվում է տեսարան դեպի Սեւանա լիճն ու Արտանիշի ծոցը։

Լուսանկարը` ArmGeo

Երթուղու երկարությունը 10 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 600 մ: 

 

Մանրամասները՝ հղումով

 

Հանգստյան օրերին ակումբի մյուս երթուղիներն՝ այստեղ

 

ARI / ԱՐԻ արշավական ակումբ. Ազգային արահետ՝ Եղեգնուտ-Դեբետ-Դսեղ

 

Նոյեմբերի 2-ին ակումբը մեկնում է աշնանային Լոռի՝ արշավելու Եղեգնուտ-Դեբետ-Դսեղ գյուղերով։ Այս երթուղին «Ազգային արահետ»-ի մաս է, որը ձգվում է Ախթալայից մինչեւ Մեղրի եւ անցնում Հայաստանի 108 գյուղով։ Քայլուղու ընդհանուր երկարությունը 954 կմ է, որից 354 կմ-ն անցնում է Լոռու մարզի տարածքով։ 

Լուսանկարը` ARI / ԱՐԻ

Արշավի ընթացքում սուրճի, թեյի եւ ֆոտոյի կանգառ է նախատեսված Շաքարյան ռանչոյում: Երթուղու երկարությունը 11 կմ է: 

 

Մանրամասները՝ հղումով

 

Հանգստյան օրերին ակումբի մյուս երթուղիներն՝ այստեղ

 

ԱՐԻ Խոխա. Արշավ Տասանորդի լեռներով 

 

Կիրակի օրը 6-14 տարեկան երեխաների եւ պատանիների հետ ակումբն ուղեւորվելու է Արարատի մարզ՝ թափառելու Տասանորդի լեռներով։ Արշավը սկսվելու է Լանջանիստ գյուղից, որտեղից կհասնեք ձորում գտնվող հին գյուղատեղի՝ տեսնելով 14-րդ դարի Սպիտակ վանք եկեղեցու ավերակները։ 

Լուսանկարը` ԱՐԻ Խոխա

Կարմիր ժայռերով հարուստ Տասանորդի լեռներով թափառելով՝ արշավը կավարտվի Շաղափ գյուղում։ Երթուղու երկարությունը 9 կմ է: 

 

Մանրամասները՝ հղումով

 

Հանգստյան օրերին ակումբի մյուս երթուղիներն՝ այստեղ

 

ArmLand արշավական ակումբ. Պարզ լճից՝ Գոշ

 

Նյեմբերի 2-ին ակումբը հրավիրում է մասնակցել բացահայտումներով լի քայլարշավի դեպի Պարզ լիճ, Գոշավանք, Գոշի լիճ եւ Խաչարձան գյուղ։ Քայլարշավը կսկսվի Պարզ լճից, որտեղից կշարժվեք դեպի Գոշավանք՝ տեսնելով հայկական խաչքարագործության եզակի նմուշներից մեկը եւ ծանոթանալով վանքի պատմությանը: Այստեղից երթուղին կշարունակվի դեպի Գոշի լիճ: Արշավի ընդհանուր երկարությունը 17 կմ է: 

 

Մանրամասները՝ հղումով

 

Պատրաստեց Յանա Շախրամանյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին