Գերագույն հոգեւոր խորհուրդ. սա Եկեղեցին պառակտելու հերթական փորձ է - Mediamax.am

Նոյեմբեր 23, 2025
479 դիտում

Գերագույն հոգեւոր խորհուրդ. սա Եկեղեցին պառակտելու հերթական փորձ է


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Գերագույն հոգեւոր խորհուրդը Հայաստանի իրավապահ մարմիններին հորդորում է «կանխել ապօրինությունները եւ ապահովել Հովհաննավանքում սպասավորող քահանաների բնականոն ծառայությունը եւ սրբավայրի հոգեւոր-աղոթական մթնոլորտը»։

Գերագույն հոգեւոր խորհրդի հայտարարության մեջ ասված է.

 

«Ամենայն Հայոց Հայրապետի 2025 թ. հոկտեմբերի 21-ի տնօրինությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Պարգեւների շնորհման եւ կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացության հիման վրա, Արագածոտնի թեմի հոգեւոր սպասավոր Տ. Արամ քհն. Ասատրյանը, սպառած լինելով կանոնական դաշտ վերադառնալու իրեն ընձեռված ողջամիտ բոլոր հնարավորությունները, այդ թվում՝ երիցս հրաժարվելով ներկայանալ հանձնախմբին, կարգալույծ հռչակվեց` կոչվելով ի դասս աշխարհականաց Ստեփան Ասատրյան ավազանի անվամբ։

 

Ի հետեւումն այս որոշման, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պատշաճ իրազեկմամբ Ստեփան Ասատրյանին, ըստ Եկեղեցու կանոնների, արգելել է կատարել եկեղեցական ծեսեր ու խորհրդակատարություններ, այլեւ այնպիսի գործողություններ, որոնք վերապահված են բացառապես Եկեղեցու սպասավորներին։

Ստեփան Ասատրյանից պահանջվել է նաեւ ս.թ. հոկտեմբերի 23-ին ազատել Հովհաննավանքը եւ Եկեղեցու բանալիները հանձնել Արագածոտնի թեմի վարչական խորհրդի ատենապետ Տ. Շնորհք աբեղա Պալոյանին, իսկ Մայր Աթոռի կողմից ծառայողական նպատակներով իրեն տրամադրված բնակարանն ազատել մինչեւ 2026թ. հունվարի 15-ը։

 

Միաժամանակ, Ստեփան Ասատրյանը իրազեկվել է, որ Հովհաննավանքում այսուհետ ծեսերն իրականացնելու են տեղում սպասավորող քահանաները, եւ հորդոր է հղվել ձեռնպահ մնալ ծեսերի, այդ թվում՝ Սուրբ Պատարագի խորհրդի մատուցմանը որեւէ կերպ խոչընդոտելուց, ինչը ոչ միայն կանոնական կոպտագույն խախտում է, այլեւ՝ քրեորեն պատժելի արարք։

 

Նշենք, որ Ստեփան Ասատրյանը, անտեսելով Մայր Աթոռի օրինական պահանջները, հրաժարվում է հանձնել եկեղեցու բանալիները եւ ազատել Հովհաննավանքի տարածքը։

 

Ցավում ենք, որ Արամ քահանայի կարգազանց ընթացքի հետեւանքով Մայր Աթոռի կողմից ձեռնարկված կարգապահական միջոցառումները եւ կայացված կարգալուծության որոշումը անհարկի շահարկում են իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները։ Դատապարտելի է հատկապես վարչապետի աջակցությամբ Հովհաննավանքում Ս. Պատարագի անվան ներքո միջոցառում կազմակերպելու Ստեփան Ասատրյանի հոգեկործան նախաձեռնությունը։ Սա իշխող քաղաքական ուժի ղեկավարի կողմից Եկեղեցին պառակտելու հերթական փորձ է` հակաօրինական ու հակաեկեղեցական իր բոլոր դրսեւորումներով։

 

Եկեղեցիները, վանքերը եւ այլ սրբավայրերը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ժառանգությունն են, եւ անկախ այդ պատմա-մշակութային արժեքների նկատմամբ սեփականության իրավունքից, կրոնական ծեսեր կատարելու եւ պատարագներ մատուցելու կանոնական իրավունքը բացառապես վերապահված է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն։

 

Կարեւորությամբ ցանկանում ենք արձանագրել, որ նախկին եկեղեցականի կողմից ձեռնարկվող քայլերով խոչընդոտվում է Հովհաննավանքում սպասավորող քահանաների օրինավոր ծառայությունը, պղծվում է սրբավայրը՝ հակականոնական գործողություններին մեղսակից դարձնելով մերժելի ընթացքին մասնակից անձանց։

Հորդորում ենք իրավապահ մարմիններին կանխել ապօրինությունները եւ ապահովել Հովհաննավանքում սպասավորող քահանաների բնականոն ծառայությունը եւ սրբավայրի հոգեւոր-աղոթական մթնոլորտը»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին