ReA փառատոնն այս տարի կմեկնարկի հոկտեմբերի 19-ին։ Այն կներկայացնի մարդկանց ու կենդանիների պատմություններ, որոնք փորձում են հասկանալ՝ ովքե՞ր են իրականում, երբ լեզուն, մարմինը կամ պատերազմը փոխում են ամեն բան։
ReAnimania միջազգային անիմացիոն ֆիլմերի եւ կոմիքսների արվեստի փառատոնը՝ ReA-ն, հիմնադրվել է 2008 թվականին քաղաքական ծաղրանկարիչ, նկարիչ եւ անիմատոր Վրեժ Կասունիի կողմից։ Փառատոնը շարունակում է իր գլխավոր առաքելությունը՝ աջակցել անիմացիոն ստեղծագործական համայնքին Հայաստանում, Հարավային Կովկասում եւ ողջ տարածաշրջանում։
Մեդիամաքսը առանձնացրել է այն ֆիլմերը, որոնք հաստատ արժե դիտել փառատոնի ընթացքում։
A Magnificent Life (Marcel et Monsieur Pagnol)
Սիլվեն Շոմե / Ֆրանսիա, Լյուքսեմբուրգ, Բելգիա / 90 ր / 2025
«A Magnificent Life»-ը (ֆր.՝ Marcel et Monsieur Pagnol) մեծահասակների համար նախատեսված կենսագրական դրամա է: Սցենարի հեղինակը եւ ռեժիսորը Սիլվեն Շոմենն է։

Լուսանկարը` IMDb
Ֆիլմը պատմում է, թե ինչպես է Մարսել Պանյոլը՝ իր փառքի գագաթնակետին, հանկարծ հանդիպում իր մանկությանը եւ դառնում սեփական պատմության հերոսը։ Փոքրիկ Մարսելը հայտնվում է նրա առջեւ՝ հիշեցնելով ձայնային ֆիլմերի ծնունդը, դերասանների հանդեպ իր սերը, գրելու կախարդանքը։
Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2025-ի մայիսի 17-ին՝ Կաննի կինոփառատոնի «Հատուկ ցուցադրություններ» բաժնում։
Little Amélie (or The Character of Rain)
Մայիս Վալյադ / Ֆրանսիա / 77 ր / 2025
Ամելի Նոտոմբի «Անձրեւի բնույթը» վեպի անիմացիոն էկրանավորումն է։ Ֆիլմը պատմում է փոքրիկ աղջկա մասին, որը մինչեւ երկուսուկես տարեկանը իրեն զգում է պարզապես «մարսողական խողովակ»՝ առանց կամքի, լեզվի կամ զգացմունքների։ Բայց մի օր ամեն ինչ փոխվում է. նա բացահայտում է խոսքը, ծնողներին, եղանակները, ջուրը եւ ժամանակը՝ հասնելով այն տարիքին, երբ ձեւավորվում է մարդու անհատականությունը։

Լուսանկարը` IMDb
Համաշխարհային պրեմիերան կայացել է 2025 թվականի մայիսի 20-ին՝ Կաննի կինոփառատոնի «Հատուկ ցուցադրություններ» բաժնում։
Թեթեւ, փիլիսոփայական ու խորը՝ մանկության ներքին ֆիզիկան էկրանին։
Death Does Not Exist
Ֆելիքս Դյուֆուր-Լապերիեր / Կանադա, Ֆրանսիա / 73 ր / 2025
Հելենը ակտիվիստ է: Ձախողելով զինված գործողությունը հարուստ թիրախի դեմ, փախչում է անապատ։ Այնտեղ նրան գտնում է Մանոնը՝ նախկին համախոհը, որից հետո երկու կանայք հայտնվում են գաղափարների եւ հիշողությունների սահմանին՝ որտեղ պայքարը դառնում է ներքին։

Լուսանկարը` IMDb
Ձեռքով նկարված անիմացիան այստեղ ստանում է հալյուցինոգեն ուժ, իսկ մոնոխրոմ տոնայնությունը՝ ցավոտ գեղեցկություն։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2025 թվականի մայիսի 15-ին՝ Կաննի կինոփառատոնի «Directors Fortnight» ծրագրում։
Քննադատները նշում են, որ Դյուֆուր-Լապերիերը պատասխաններ չի տալիս, այլ ստիպում է դիտողին մտածել՝ ի՞նչ անել, երբ պայքարը դառնում է ինքնանպատակ, եւ արդյո՞ք անգործությունը նույնքան մահաբեր չէ, որքան բռնությունը։
A Story About Fire
Վենյու Լի / Չինաստան / 85 ր / 2025
Մարդկանց մեջ մեծացած կապիկը մեկնում է Սուրբ լեռ՝ մարդկանց համար կրակ բերելու։ Ճանապարհին նրան միանում է գայլը, որը հետագայում շուն է դառնում։ Նրանք անցնում են վտանգներով ու կորուստներով լի ճանապարհ՝ դեպի մարդկության սկիզբը։

Լուսանկարը` IMDb
Ֆիլմը հիմնված է Ցյան ցեղի հնագույն լեգենդի վրա եւ նկարահանված է ավանդական չինական թանաքային նկարչության ոճով։ Ռեժիսոր Լի Վենյունի առաջին լիամետրաժ աշխատանքն է՝ պոետիկ եւ փիլիսոփայական։
Համաշխարհային պրեմիերան կայացել է 2025 թվականի փետրվարին՝ Բեռլինալեի «Generation Kplus» բաժնում։ Կրակի պատմությունն այստեղ վերածվում է մարդու էվոլյուցիայի պատմության։
Buñuel in the Labyrinth of the Turtles
Սալվադոր Սիմո / Իսպանիա, Նիդեռլանդներ / 82 ր / 2018
1930-ականների Փարիզում, երբ Լուիս Բունյուելը մերժված էր բոլոր ստուդիաների կողմից, նրա ընկեր Ռամոն Ասինը վիճակախաղում հաղթած գումարով ֆինանսավորում է «Երկիր առանց հացի» ֆիլմը։ Նկարահանումները տեղի են ունենում Իսպանիայի ամենաաղքատ շրջաններից մեկում, որտեղ ռեժիսորը բեմադրում է իրականությունը՝ պատկերելով այն ավելի դաժան, քան կյանքն է։

Լուսանկարը` IMDb
Սալվադոր Սիմոյի անիմացիոն կենսագրական դրաման ոչ միայն պատմում է Բունյուելի ստեղծագործական խենթության մասին, այլ նաեւ բացահայտում է արվեստի եւ էթիկայի բախումը։
Մայքլ Դյուդոկ դե Վիտի կարճամետրաժները/30 ր
Մայքլ Դյուդոկ դե Վիտը անիմացիայի մինիմալիզմի վարպետ է: Նա պատմում է մարդկային զգացմունքների եւ կյանքի խորությունները՝ պարզ, բայց հուզիչ պատկերներով։

Լուսանկարը` Skwigly
Հավաքածուն ներկայացնում է նրա լավագույն կարճամետրաժ աշխատանքները, որոնք ապացուցում են, որ անիմացիան կարող է լինել միաժամանակ մինիմալիստիկ եւ խորիմաստ.
1. The Interview (1978)
2. Tom Sweep (1992)
3. The Monk and the Fish (1994)
4. Father and Daughter (2000)
5. The Aroma of Tea (2006)
ReA-ն վաղուց ապացուցել է, որ անիմացիան «մանկական ժանր» չէ. այն հիշողության, լեզվի ու ինքնության ամենակենդանի ձեւերից մեկն է։
Աստղիկ Հովհաննեսով
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: