Երեւան: Մեդիամաքս: Այսօր Բելգիայի թագուհի Մաթիլդան «Իմ անտառ Հայաստան» կազմակերպության Ծաղկունքում գտնվող անտառապատման տարածքում մասնակցել է «Բելգիա-հայկական» անտառի պաշտոնական հիմնարկեքի արարողության համար։
Թագուհի Մաթիլդան իր անվանական ծառն է տնկել Բելգիա-հայկական անտառում՝ ի նշան Բելգիայի Թագավորության և Հայաստանի Հանրապետության միջև բարեկամության։
Թագուհուն ողջունել են «Իմ անտառ Հայաստան» կազմակերպության հիմնադիր, բելգիահայ բարերար Անտրէ Գումուշճեանը և իր թիմը, ինչպես նաև տեղական իշխանությունների ներկայացուցիչները։
20 հեկտար տարածք զբաղեցնող նոր անտառը՝ կազմված 60,000 ծառերից, ստեղծվել է բելգիացի և հայ անհատների ու կազմակերպությունների նվիրատվությունների շնորհիվ և տնկվել է 2025 թվականին՝ տեղի բնակիչների կողմից։

«Մեզ համար մեծագույն պատիվ է, որ Նորին Մեծություն թագուհի Մաթիլդան է անում այս երիտասարդ անտառի հիմնարկեքը՝ այսպիսով ընդգծելով անտառների կարևորագույն նշանակությունը։ Անտառները մեր մոլորակի վրա կյանքի աղբյուրն են։ «Իմ անտառ Հայաստանի» առաքելությունը՝ ընդլայնել և վերականգնել Հայաստանի անտառածածկույթը, ավելի քան երբևէ արդիական է։ Մինչ երկիրը պատրաստվում է հյուրընկալել Կենսաբազմազանության COP-17 համաժողովը, մենք պետք է ավելի մեծ ռեսուրսներ տրամադրենք անտառների կայուն վերականգնմանն ու հարգանքով վերաբերվենք տեղի կենսաբազմազանությանը», - ասել է
Անտրէ Գումուշճեանը։

Կազմակերպության փոխտնօրեն Լիլիթ Մարտիրոսյանը ներկայացրել է Ծաղկունքում իրականացվող անտառվերականգնման ծրագրի մանրամասները։
Հաշվի առնելով տեղական կենսաբազմազանությունը՝ տնկվել են բացառապես տեղական անտառային ծառատեսակներ, որոնք աճեցվել են կազմակերպության տնկարաններում, այդ թվում՝ վայրի տանձ, վայրի խնձոր, սոճի, կաղնի, կեչի, չիչխան, սրնգենի։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: