Հոկտեմբերի 4-5-ի արշավները. Վերելք Վայոցսար եւ Երազանքի արահետ - Mediamax.am

Հոկտեմբեր 01, 2025
exclusive
84 դիտում

Հոկտեմբերի 4-5-ի արշավները. Վերելք Վայոցսար եւ Երազանքի արահետ


Լուսանկարը` ArmGeo

Լուսանկարը` ARI / ԱՐԻ

Լուսանկարը` ԱՐԻ Խոխա

Լուսանկարը` «Խարույկ»

Լուսանկարը` «4 գագաթ»


Մեդիամաքսն առանձնացրել է հոկտեմբերի 4-5-ի առավել հետաքրքիր եւ յուրահատուկ արշավները: 

 

Առաջարկվող երթուղիների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ արշավական ակումբների սոցցանցերի էջերում:

 

Հոկտեմբերի 4 (շաբաթ)

 

Armenian Geographic արշավական ակումբ. Երեք գագաթ Ծաղկունյաց լեռներում 

 

Շաբաթ օրն ակումբն իրականացնելու է արշավ Ծաղկունյաց լեռներում։ Այս անգամ բարձրանալու եք 3 գագաթ՝ Շողակաթ (2639 մ), Ուղտաքար (2861 մ) եւ Ոսկենիստ (2737 մ)։

 

Արշավը սկսվելու է Մելիքգյուղից։ Սկզբում կբարձրանաք Շողակաթ լեռը, որի գագաթին համանուն մատուռն է։ Այնուհետեւ ճանապարհը կշարունակեք դեպի Ուղտաքար լեռ։ Գագաթին դադարից հետո լեռների կատարային հատվածով կշարունակեք ճանապարհը դեպի Ոսկենիստ։

Լուսանկարը` ArmGeo

Արշավն ավարտվելու է Միջնատուն գյուղում, իսկ ողջ վերելքն ուղեկցվելու է քառագագաթ Արագածի գեղեցիկ տեսարանով։  

 

Երթուղու երկարությունը 15 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 1000 մ։ 

 

Մանրամասները՝ հղումով։ 

 

Հանգստյան օրերին ակումբի մյուս երթուղիներն՝ այստեղ։ 

 

North Peak լեռնային ակումբ. Տոնական վերելք Մազազ լեռ 

 

Ակումբը հրավիրում է բոլոր լեռնասերներին հոկտեմբերի 4-ին միանալ տոնական արշավին դեպի Մազազ լեռ (3087 մ)։

 

Այս վերելքը North Peak-ի համար խորհրդանշական է, քանի որ ակումբը բարձրանալու է 100-րդ 3000 մ+ գագաթը։ Վերելքը սկսվելու է Լեռնանիստ գյուղից։ Այն միջին բարդության է, ուստի ցանկալի է ունենալ ֆիզիկական պատրաստվածություն եւ համապատասխան հանդերձանք։

 

Երթուղու երկարությունը 12 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 1000 մ։ 

 

Մանրամասները՝ հղումով։ 

 

ARI / ԱՐԻ արշավական ակումբ. Վերելք Վայոցսար եւ Արենիի գինու փառատոն

 

Հոկտեմբերի 4-ին ակումբը մեկնում է Վայոց Ձոր՝ «արթնացնելու» Վայոցսար (2581 մ) հանգած հրաբուխը եւ մասնակից լինելու Արենիի գինու փառատոնին: Լեռն ունի 125 մ խորությամբ խառնարան: 

Լուսանկարը` ARI / ԱՐԻ

Վերելքից հետո կայցելեք նաեւ Հերհեր գյուղից հյուսիս-արեւելք գտնվող Ս. Սիոն անապատը (8-17 դարեր), ինչպես նաեւ կտեսնենք Հերհերի ջրամբարը։ 

Երթուղու երկարությունը 10 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 650 մ։ 

 

Մանրամասները՝ հղումով։ 

 

Հոկտեմբերի 5 (կիրակի)

 

ԱՐԻ Խոխա. Թեղենյաց վանք եւ խնձորի բերքահավաք 

 

Այս կիրակի ակումբը 6-14 տարեկան երեխաների եւ պատանիների հետ մեկնում է Կոտայքի մարզ՝ բացահայտելու Բուժականի անտառում ծվարած Թեղենյաց վանքն ու մասնակցելու խնձորի բերքահավաքի։ 

Լուսանկարը` ԱՐԻ Խոխա

Արշավի ընթացքում նախատեսված է դադար խարույկի շուրջ, ինչից հետո կուղեւորվեք Հայկ Մելքոնյանի այգիներ՝ «Գոլդեն» եւ «Դեմիրճյան» տեսակի խնձորներ հավաքելու։

 

Բերքահավաքի վերջում ամեն մասնակից տուն կգնա 2 կգ խնձորի ավարով։ 

 

Երթուղու երկարությունը՝ 6 կմ է։

 

Մանրամասները՝ հղումով։ 

 

«Խարույկ» արշավական ակումբ. Հատուկ արահետով վերելք Երանոս

 

Հոկտեմբերի 5-ին ակումբն իրականացնելու է վերելք Երանոս լեռ (1824 մ)։ Քայլելու եք յուրահատուկ ու Երանոսի ամենագեղեցիկ արահետներից մեկով։

Լուսանկարը` «Խարույկ»

Վերելքը սկսվելու է Լանջազատ գյուղից, որտեղից լեռան կատարային հատվածով բարձրանալու եք գագաթ։ Քայլարշավին մասնակցելու համար արշավական փորձը պարտադիր է։

 

Երթուղու երկարությունը 22 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 1300 մ։

 

Մանրամասները՝ հղումով։ 

 

Հանգստյան օրերին ակումբի մյուս երթուղիներն՝ այստեղ։ 

 

«4 գագաթ» մանկապատանեկան լեռնային ակումբ. Երազանքի արահետ 

 

Այս կիրակի ակումբն ուղեւորվում է Գեղարքունիքի մարզ՝ քայլելու «Երազանքի արահետով։ Այն սկսվում է Սեւանի բուսաբանական այգուց եւ շարունակվում դեպի հյուսիս-արեւելք՝ Արջանոցի լեռներով։ Վերելքի ողջ ընթացքում կարելի է հիանալ Սեւանա լճի, Արջանոցի, Գեղամա եւ Արեգունի լեռների տեսարաններով։ 

Լուսանկարը` «4 գագաթ»

Արահետով 5 կմ քայլելով՝ կհայտնվեք մի կետում, որտեղից հրաշալի տեսարան է բացվում դեպի Սեւանի թերակղզի։ 

 

Արշավին կարող են մասնակցել նաեւ արշավական փորձ չունեցող երեխաները։ 

Երթուղու երկարությունը 8 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 300 մ։ 

 

Մանրամասները՝ հղումով։

 

Պատրաստեց Յանա Շախրամանյանը  

 

 

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին