Սեպտեմբերի 27-28-ի արշավները. Վերելք Բազումթառ, մայրամուտը Մեծ Փարախադեմից - Mediamax.am

Սեպտեմբեր 24, 2025
120 դիտում

Սեպտեմբերի 27-28-ի արշավները. Վերելք Բազումթառ, մայրամուտը Մեծ Փարախադեմից


Լուսանկարը` ArmGeo

Լուսանկարը` ԱՐԻ Խոխա

Լուսանկարը` ArmGeo

Լուսանկարը` North Peak

Լուսանկարը` ArmLand

Լուսանկարը` ARI / ԱՐԻ


Մեդիամաքսն առանձնացրել է սեպտեմբերի 27-28-ի առավել հետաքրքիր եւ յուրահատուկ արշավները: 

 

Առաջարկվող երթուղիների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ արշավական ակումբների սոցցանցերի էջերում:

 

Սեպտեմբերի 27 (շաբաթ)

 

Armenian Geographic արշավական ակումբ. Վերելք Ապակեքար լեռ

 

Շաբաթ օրն ակումբը հրավիրում է մասնակցել Ապակեքար լեռան (1651 մ) վերելքին: Ապակեքարը Տավուշի մարզում է՝ Հաղարծին եւ Հովք գյուղերի միջեւ։ Այն «Դիլիջան ազգային պարկ»-ի ամենագրավիչ լեռներից է։ Հաղարծին գյուղից լեռը բավական դժվարամատչելի տեսք ունի, բայց իրականում վերելքը միջին բարդության է, քանի որ հետեւի կողմով դեպի գագաթ է բարձրանում շատ գեղեցիկ եւ ապահով արահետ։

Լուսանկարը` ArmGeo

Գագաթից բացվում է հիանալի տեսարան դեպի Աղստեւի հովիտն ու Վարագի լեռները։ Երթուղու երկարությունը 12 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 550 մ: 

 

Մանրասմաները՝ հղումով

 

Հանգստյան օրերին ակումբի մյուս երթուղիներն՝ այստեղ

 

ԱՐԻ Խոխա. Արշավ Օրգովի ձոր

 

Սեպտեմբերի 27-ին ակումբը  3-6 տարեկան երեխաների եւ ծնողների հետ մեկնում է Արագածոտնի մարզ՝ քայլելու Բյուրական-Օրգով երթուղով։ 

Լուսանկարը` ԱՐԻ Խոխա

Օրգովի ձորում՝ գետակի մոտ, հարմար կտեղավորվեք խարույկի շուրջ, կհանգստանաք եւ կշարունակեք արշավը դեպի Օրգով գյուղ։ Երթուղու երկարությունը 5 կմ է: 

 

Մանրամասները՝ հղումով

 

Սեպտեմբերի 28 (կիրակի)

 

Armenian Geographic արշավական ակումբ. Արշավ Սեմյոնովկայից Գոշ 

 

Սեպտեմբերի 28-ին ակումբը հրավիրում է մասնակցել լեռնանցմանը Գեղարքունիքից Տավուշ: Արշավը սկսվելու է Սեմյոնովկա գյուղից, որտեղից անցնելով Արեգունու լեռներով՝ իջնելու եք Խաչարձանի կիրճ։ Լեռներում ծվարած նախկին Գեղատափ գյուղն անցնելուց հետո կհասնեք Ճերմակավան եւ կիջնեք Գոշի լիճ, այնուհետեւ կշարունակեք ճանապարհը դեպի Գոշ գյուղ, որտեղ էլ կավարտեք արշավը:

Լուսանկարը` ArmGeo

Ճանապարհին չկան կտրուկ վերելքներ: Քանի որ Սեմյոնովկան ավելի բարձր դիրքում է, գրեթե ողջ ճանապարհն իջնում է դեպի ներքեւ։ Երթուղու երկարությունը 22 կմ է: 

 

Մանրամասները՝ հղումով

 

Հանգստյան օրերին ակումբի մյուս երթուղիներն՝ այստեղ:

 

North Peak լեռնային ակումբ. Վերելք Ամբերդ + 2 գագաթ

 

Կիրակի օրն ակումբը հրավիրում է բոլոր լեռնասերներին վերելք կատարել դեպի Ամբերդ (3235 մ), Պռոշիսար (3275 մ) եւ Քարակատար (3277 մ): Այս արշավին մասնակցելու համար պարտադիր է ունենալ լեռնային վերելքների փորձ եւ լավ ֆիզիկական մարզավիճակ, ինչպես նաեւ՝ համապատասխան գույք ու հանդերձանք:

Լուսանկարը` North Peak

Երթուղու երկարությունը 18 կմ է, հարաբերական բարձրությունը՝ մոտ 1000 մ:

 

Մանրամասները՝ հղումով

 

«Խարույկ» արշավական ակումբ. Վերելք Բազումթառ լեռ 

 

Սեպտեմբերի 28-ին ակումբն իրականացնելու է վերելք դեպի Բազումի լեռնաշղթայի բարձր գագաթներից Բազումթառ (Թոդոր) լեռը։  Արշավը սկսվելու է Պուշկինո գյուղից: Բազումթառի գագաթից կտեսնեք Արագածը, Բազումի, Փամբակի եւ Կովկասի լեռները (լավ եղանակային պայմաններում): 

Երթուղու երկարությունը 13 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 1300 մ։

 

Մանրամասները՝ հղումով

 

Հանգստյան օրերին ակումբի մյուս երթուղիներն՝ այստեղ

 

ArmLand արշավական ակումբ. Վերելք Արագածի Հարավային գագաթ

 

Կիրակի օրն ArmLand ակումբը ուղեւորվում է Արագած՝ վերելք կատարելու լեռան Հարավային գագաթ (3887 մ): 

Լուսանկարը` ArmLand

Արշավը սկսվելու է Արագածի լանջերին փռված Քարի լճից: Երթուղու երկարությունը 10 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 600 մ: 

 

Մանրամասները՝ հղումով

 

ARI / ԱՐԻ արշավական ակումբ. Վերելք Նժույգ լեռ 

 

Սեպտեմբերի 28-ին ակումբը մեկնում է Լոռու մարզ՝ բացահայտելու Փամբակի լեռների ճյուղավորումներից մեկի ամենաբարձր գագաթը՝ Նժույգ լեռը (2470 մ): 

Լուսանկարը` ARI / ԱՐԻ

Այս եղանակը լավագույն ժամանակն է վայելելու լեռան գագաթ տանող աշնանային ճանապարհը, իսկ վերեւից՝ դեպի Սպիտակի լեռնանցք ու Արագած բացվող հրաշք տեսարանները: Երթուղու երկարությունը 14 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 640 մ: 

 

Մանրամասները՝ հղումով

 

«4 գագաթ» մանկապատանեկան լեռնային ակումբ. Արարատի մայրամուտը Մեծ Փարախադեմից

 

Այս անգամ ակումբը մեկնում է որսալու մայրամուտի գույները: Եթե երեկոյան ժամերին անցել եք Արարատի մարզով, հիացել եք բոցավառ մայրամուտով, որն Արարատ լեռանն ավելի զորեղ ու գերող տեսք է տալիս։ Հենց այս պատկերը տեսնելու համար էլ ակումբը որոշել է երեխաների հետ բարձրանալ Մեծ Փարախադեմ լեռը (1955 մ), որտեղից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Արարատյան դաշտ եւ Արարատ լեռ։ Արշավին կարող են մասնակցել ակումբի անդամ եւ արշավային փորձ ունեցող երեխաները։ Երթուղու երկարությունը 14 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 650 մ: 

 

Մանրամասները՝ հղումով

 

Պատրաստեց Յանա Շախրամանյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին