Շարլոթ Սնունյանը հայազգի ուսանող է Բոստոնից: Նա Հայաստան էր ժամանել Հովնանյան հիմնադրամի ստեղծած The Armenian Project (TAP) նախագծի նախաձեռնությամբ եւ որպես փորձնակ աշխատում էր Մեդիամաքս մեդիա ընկերությունում:
Առավոտյան ժամը 5:30 է։ Քսանչորս ժամ ճանապարհորդելուց հետո, դեռ կիսաքուն, դատարկ հայացքով նայում եմ տաքսիի պատուհանից, որն ինձ տանում է Երեւանի Զվարթնոց օդանավակայանից։ Երբ մեքենան բարձրանում է բլրի վրա, առաջին անգամ տեսնում եմ Արարատ լեռը։ Սթափվում եմ, եւ ինձ ողողում են բազում զգացմունքներ, որոնք Հայաստանում գտնվելու ողջ ընթացքում սովորական են դառնալու։

Լուսանկարը` Շարլոթ Սնունյան
Օդանավակայանից դուրս գալու առաջին 20 րոպեների ընթացքում արդեն իսկ անսպասելի հուզական զգացում ունեցա, որը, կարծես, բխում էր հոգուս խորքից։ Լինելով ամերիկահայ՝ սա իմ առաջին այցելությունն էր Հայաստան, եւ սկզբում չգիտեի, թե որքան կփոխվի ինքնությունս հաջորդ երկու ամիսների ընթացքում։
Մինչ առաջին անգամ Հայաստան այցելելը միշտ ուժեղ կապ եմ զգացել իմ ժառանգության հետ, չնայած ԱՄՆ-ում հայկական համայնքի հետ կապեր չեմ ունեցել։ Այնպիսի զգացողություն ունեի, ասես Հայաստանը հոգուս խորքում է, սակայն երբեք առիթ չի եղել այն լիովին բացահայտելու համար։
Ես միշտ հպարտությամբ ասում էի, որ հայ եմ, բայց իրականում դա զգում էի միայն որպես իմ ազգային պատկանելություն։ Երբեմն ինձ թվում էր, թե «բավականաչափ հայ չեմ», քանի որ լեզուն չեմ սովորել կամ հայկական համայնքում չեմ մեծացել։ Բայց Հայաստանում անցկացրած ժամանակը ցույց տվեց, որ ինքնությանս այդ մասը միշտ ամուր արմատացած է եղել իմ մեջ։

Լուսանկարը` Շարլոթ Սնունյան
Հայաստան գալուց հատուկ սպասումներ չունեի։ Ինձ համար կարեւոր էր Հայաստանում ապրել առանց որեւէ ենթադրությունների, որոնք կթելադրեին, թե ինչպես պետք է անցկացնեմ ժամանակս։ Որոշակի պատկերացումներ ունեի մանկությունից, բայց դրանցից ոչ մեկը հիմնված չէր իրական փորձի վրա։ Շատ բան չգիտեի այն մասին, թե ինչպիսին կլինի Հայաստանն իրականում կամ ինչ ավանդույթներ կտեսնեմ այստեղ, եւ դա ինձ շատ էր ոգեւորում։ Չէի ուզում, որ սոցցանցերում այլ մարդկանց արտահայտած կարծիքներն ազդեին ինձ վրա որպես սփյուռքահայի, եւ դրանից խուսափելն օգնեց ինձ բնական ձեւով ընկղմվել հայաստանյան մթնոլորտի մեջ։
Քիչ բան գիտեի նաեւ այն մասին, թե ինչ կարելի է ակնկալել Հայաստանի բնությունից, եւ այն, ինչ տեսա, ուղղակի անհավանական էր։ Երբեւէ տեսածս ամենագեղեցիկ տեսարանը Մեղրիի լեռներն էին, իսկ Դիլիջանի բարձր սոճիներն ապշեցուցիչ, մուգ կանաչ լանդշաֆտ էին ստեղծում։ Հայաստանը փոքրիկ երկիր է, բայց բնապատկերները շատ արագ են փոխվում։ Յուրահատուկ զգացմունք ես ապրում, երբ գտնվում ես մի վայրում, որտեղ այդքան գեղեցիկ ու եզակի տեսարաններ կան։

Լուսանկարը` Շարլոթ Սնունյան
Հիանալի է նաեւ հայաստանցիների հյուրընկալությունը։ Անսպասելի չէր, բայց նաեւ զարմանալի, երբ անծանոթ մարդիկ հանդիպումից ընդամենը րոպեներ անց ինձ իրենց տուն էին հրավիրում եւ սուրճ ու քաղցրավենիք հյուրասիրում։ Մարդիկ պարզապես ուզում էին զրուցել, եւ դա ինձ հիշեցրեց մարդկային բարության մասին։ Փոքր երկրում, կարծես, բոլորը կապված են միմյանց հետ եւ ցանկանում են օգնել միմյանց։ Սա այն համայնքն է, որը կուզենայի ունենալ ԱՄՆ-ում։

Լուսանկարը` Շարլոթ Սնունյան
Հայկական համայնքում չեմ մեծացել եւ ծանոթ չեմ եղել հայկական ավանդույթներին կամ սովորույթներին, սակայն հասկացել եմ, որ ունեմ բնավորության հայկական առանձնահատկություններ։ Այստեղ ապրելու ընթացքում, մասնակցելով շատ մարդկանց ծննդյան տոներին, հասկացա, որ ինքս խնջույքները կազմակերպում եմ այնպես, ինչպես Հայաստանում։ Ես սիրում եմ տոնել ամեն ինչ, անգամ ամենափոքրիկ առիթները, իսկ Հայաստանում հաճախակի տոնակատարություններն ընդունված են։
Դեռ փոքր տարիքից հոգուս մեջ զգում էի արմատներս։ Յոթ տարեկանում դպրոցական նախագծի շնորհիվ հնարավորություն ունեցա դասընկերներիս հետ կիսել իմ ժառանգությունը, եւ շարունակում էի դպրոցում օգտվել ցանկացած հնարավորությունից՝ ընկերներիս հայկական պատմությունն ու մշակույթը սովորեցնելու համար։ Ինձ պետք էր, որ մարդիկ իմանային Հայաստանի եւ նրա պատմության մասին, բայց նաեւ միշտ ցանկացել եմ ընդգծել Հայաստանի գեղեցիկ ու եզակի մշակույթը, չնայած ինքս երբեք այնտեղ չէի եղել։

Լուսանկարը` Շարլոթ Սնունյան
Հիմա, երկու ամիս Հայաստանում անցկացնելուց հետո, զգում եմ, որ հոգուս մեջ մինչ օրս քնած մի փոքրիկ կտոր կյանք է առել: Հասկացել եմ, որ այդ կտորը միշտ այնտեղ է եղել, բայց այն լիովին բացահայտելու համար պետք է միանայի ժառանգությանս հետ այն վայրում, որտեղից այն եկել է: Այս փորձառությունը ստիպեց ինձ մտածել, թե ինչպես է հետայսու զարգանալու իմ մշակութային ինքնությունը, եւ կարծում եմ, որ այն շարունակելու է զարգանալ ողջ կյանքիս ընթացքում։ Սա մի հետաքրքիր ճանապարհորդություն է, որը ոգեւորությամբ ընդունում եմ։
Կարդացեք նաեւ.
Կապանի գույները. մանկության հիշողությունների եւ պատերազմի պատկերասրահը
Սյունիք. Փոքր քաղաքներ, մեծ լեռներ եւ է՛լ ավելի մեծ պատմություններ
Կյանքն՝ ականներով շրջապատված. սահմանամերձ գյուղերի առօրյա վտանգները
Թարգմանությունը՝ Լիլիթ Խաչատրյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: