Պատմության թանգարանում կբացվի «Սրբազան երկխոսություն» ցուցահանդեսը - Mediamax.am

Սեպտեմբեր 18, 2025
227 դիտում

Պատմության թանգարանում կբացվի «Սրբազան երկխոսություն» ցուցահանդեսը


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Սեպտեմբերի 21-ից Հայաստանի պատմության թանգարանում կգործի «Սրբազան երկխոսություն. Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» միջազգային ցուցահանդեսը։

Առաջին անգամ Հայաստանում կցուցադրվեն ուշագրավ ցուցանմուշներ Լուվրի թանգարանի հավաքածուներից, որոնք կհամադրվեն Հայաստանի պատմության թանգարանի երկու տասնյակից ավելի արժեքավոր առարկաների հետ: 

 

Պատմության թանգարանից հայտնում են, որ Լուվրի թանգարանից փոխառված ցուցանմուշներից են Հովնան մարգարեի պատկերով գործվածքը (4-5-րդ դդ․, Եգիպտոս), խաչի ու ձկան քանդակը (5-7-րդ դդ., Եգիպտոս), մասանց պահարանը (5-րդ դ., Իտալիա), Գանեի սկիհը (6-7-րդ դդ․, Բյուզանդական կայսրություն) եւ արծաթյա դրվագազարդ ապարանջանը (12-13-րդ դդ․, Բյուզանդական կայսրություն), բյուզանդական աստվածամոր սրբապատկերը (15-րդ դ., Կրետե), խաչելության տեսարանով սրբապատկերը (19-րդ դ., Երուսաղեմ): 

 

Դրանք կհամադրվեն Հայաստանի պատմության թանգարանում պահվող Դվինի թեւավոր խաչի (7-րդ դ.), Սեւանի Սուրբ Առաքելոց եկեղեցու փայտե խոյակների (9-րդ դ.), շքեղ փորագրություններով դռան (15-րդ դ.), Անիի բուրվառներից մեկի (13-րդ դ.), Բաղեշի Սբ. Հովհաննես վանքի խորանախաչի (1770 թ.), Գավառի Սբ. Հովհաննես եկեղեցու վարագույրի (19-րդ դ.) եւ այլ արժեքավոր ցուցանմուշների հետ։ 

 

Առանձնակի ներկայացվելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից փոխառված Սուրբ Բարդուղիմեոս առաքյալի մասունքարանը։ 

 

«Երկու հավաքածուների համատեղ ցուցադրությունը նպատակ ունի ընդգծելու Հայաստանի եւ քրիստոնյա Արեւելքի բազմադարյա գեղարվեստական ժառանգության ամբողջ հարստությունն ու բազմազանությունը», - ասված է հաղորդագրության մեջ:

 

Ցուցադրությունն իրականացվում է Հայաստանի պատմության թանգարանի եւ Լուվրի թանգարանի համագործակցությամբ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ։ 

 

Ցուցադրությունը կգործի մինչեւ 2026 թվականի մարտի 21-ը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին