gorgeouz beats. «Երեւանինգ»-ի, պակասող սիրո, Միշոյի ու Արամ Սաթյանի մասին - Mediamax.am

exclusive
145 դիտում

gorgeouz beats. «Երեւանինգ»-ի, պակասող սիրո, Միշոյի ու Արամ Սաթյանի մասին


Գոռ Ղուկասյանը
Գոռ Ղուկասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Գոռ Ղուկասյանը
Գոռ Ղուկասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Գոռ Ղուկասյանը
Գոռ Ղուկասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Գոռ Ղուկասյանը
Գոռ Ղուկասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Գոռ Ղուկասյանը
Գոռ Ղուկասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Գոռ Ղուկասյանը
Գոռ Ղուկասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Գոռ Ղուկասյանը
Գոռ Ղուկասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Գոռ Ղուկասյանը
Գոռ Ղուկասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Գոռ Ղուկասյանը
Գոռ Ղուկասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


gorgeouz beats նախագծի հիմնադիր Գոռ Ղուկասյանի հետ զրույցը յուրահատուկ երաժշտական ճանապարհորդության էր նման, ինքս էլ չգիտեի, թե միասին որտեղ կհայտնվենք: Մեդիամաքսի համար զրույցը մեզ տարավ ամենատարբեր ուղղություններով՝ երկար կանգառ ունեցանք «Երեւանինգ»-ում, սեմփլինգ արեցինք, հայ անվանի երաժիշտներին լսեցինք, Միշոյի հետ «Սրտխառնոց» ունեցանք, սիրո պակասից բողոքեցինք ու մի քիչ էլ լեգո հավաքեցինք: 

 

- Գոռ, առանձնահատուկ շատ եմ սիրում լինել այն վայրերում, որտեղ ստեղծագործական էներգիա կա ու արվեստագետներն աշխատում են։ Զրույցի համար միանգամից հրավիրեցիք Ձեր ստուդիա, Ի՞նչ է սովորաբար այստեղ կատարվում:

 

-Երբ նոր էինք եկել այս ստուդիա, մեր ուզածով վերանորոգել ենք ու այդպես մոտ 3-4 տարի մնացել է։ Բայց նախորդ աշնանն ամբողջը քանդեցի ու այս տեսքը ստացա։ Վերանորոգումից հետո մոտ 2 ամիս այստեղ գործ չէի անում՝ անծանոթ էր թվում, ոնց որ ուրիշի ստուդիան լիներ ու աստիճանաբար էի հարմարվում նրան։ Շատ կարեւոր է, որ մարդ իր տեղն ունենա՝ անկախ իր մասնագիտությունից։ Ստուդիան մի քանի մասի է բաժանված, սա իմ սեմփլինգի (sampling) սեղանն է, որտեղ վինիլներն եմ փորփրում: 

 

Ստուդիայում իմ վինիլների շատ փոքր հավաքածուն է (հերթով ցույց է տալիս,-հեղ.)։ Վերեւի շարքում բոլորը հայկական են, սկսենք Արամ Խաչատրյանից, որին մեր երաժշտության կնքահայր եմ անվանում: 

Լուսանկարը` Մեդիամաքս

Նրանից մի քանի վինիլ ունեմ, այդ թվում՝ «Սպարտակ»-ը։ Սա «Դավիթ Բեկն է», այս մեկը՝ Օրբելյանի հայտնի վինիլը, որոնք խորհրդային «Մելոդիա»-ի արտադրության են, իսկ Ալեքսանդր Հարությունյանի «Սայաթ Նովա» օպերան՝ ամերիկյան: Կարող եմ Ջեյմս Բրաունի ու Այզեկ Հեյզի վինիլներից հարվածային հնչյուններ հանել եւ օգտագործել։ 

Լուսանկարը` Մեդիամաքս

Աշխարհում վինիլներ լսելու մշակույթը պահպանվել է, իսկ Հայաստանում չգիտեմ ինչու որոշել են դրանցից ծաղկաման սարքել, հրացանով կրակել, վառել, աղբը լցնել կամ այլ բաներ անել: Իսկ մենք՝ սիրահարներս հիմա ամենատարբեր տեղերում ենք դրանք փնտրում եւ գտնում, ծանոթներս էլ են հաճախ նվիրում։ 

 

- Խնդրում եմ, բացատրեք՝ ի՞նչ է սեմփլինգը։

 

- Փորձեմ նկարագրել: Լսում եմ վինիլն ու ինչ-որ գործից 12 վայրկյանանոց կտոր վերցնում, կառուցվածքը լրիվ փոխում եմ, բաժանում մասերի ու դրանք էլ նորից նվագում, հերթականությունները փոխում՝ բարձրացնում եմ, իջեցնում, ձգում, կարճացնում, տոնայնությունն այլ դարձնում եւ նոր բան ստանում։ 

Գոռ Ղուկասյանը Գոռ Ղուկասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Կարող եմ այնպես անել, որ հասկացվի որտեղից է վերցված կամ ընդհանրապես չճանաչեն ստեղծագործությունը, նայած՝ նպատակս որն է: 

 

- Ստեղծելուց առաջ մտքում գիտեք, թե ի՞նչ է ստացվելու, թե լրիվ իմպրովիզի արդյունքում է լինում:

 

- Հնարավոր է, նախապես իմանամ, որ «Վոկալիզի» ռեմիքսն եմ ուզում ստանալ, բայց հնարավոր է նաեւ հենց այդ պահին որոշեմ, որ Հայրիկ Մուրադյանի գործերից եմ սեմփլինգ անելու՝ կպցնեմ, ձայնը փոխեմ եւ արդյունքում նոր գործ ստացվի, կամ էլ հակառակը՝ ոչինչ չստացվի։

 

-Իսկ ստեղծագործական պրոցեսում չստացված գործեր շա՞տ են լինում:

 

- Իհարկե, լինում են: «Երեւանինգ»-ը 10 թրեք ունի, բայց երեւի այդքան գործ էլ դուրս մնաց ալբոմից։ Նույնիսկ քիչ եմ ասում, սեւագրություններ կային, որոնք չեմ էլ պահել, մի 2-3 ժամ փորձարկել եմ ու հասկացել՝ չեմ հավանում։ 

 

- Ձեր ժամանակի ո՞ր մասն եք անցկացնում ստուդիայում։ 

 

- Հիմնականում այստեղ եմ լինում եւ փորձում եմ միջավայրն այնպես պահել, որ հենց ստուդիա էլ մնա, չվերածվի խոհանոցի կամ այլ վայրի (ծիծաղում է,-հեղ.)։ Վերջերս մի բան եմ որոշել՝ Թբիլիսիում գտնվող վինիլների լավ խանութներից մեկն այցելելուց հետո ուզում եմ ողջ աշխարհով ճանապարհորդել ու լինել բոլոր նման վայրերում։ 

Լուսանկարը` Մեդիամաքս

BBC-ի ձայնադարանից այս վինիլը Վրաստանից եմ բերել, նրա մեջ աշխարհի տարբեր տեղերից միայն հարվածային գործիքների ձայնագրություններ են ընդգրկված։ 

 

- Շարունակենք ծանոթանալ ստուդիային՝ այս կողմում հետաքրքիր երաժշտական սարքավորումներ ունեք։

 

-Այստեղ արդեն գործերը լսում եմ, ռադիոտեխնիկան է՝ ձայնի ուժեղացուցիչն ու նվագարկիչը։ Սովետական արտադրության են ու շատ լավը չեն: 

Լուսանկարը` Մեդիամաքս

Ստուդիայում նաեւ տարբեր գրքեր ունեմ ու, քանի որ լեգո եմ սիրում, ջազ բենդ եմ հավաքել (ծիծաղում ենք,-հեղ.)։ Իսկ ահա այստեղ «հիմնական դեպքերն» են տեղի ունենում (մոտենում ենք գլխավոր սեղանին,- հեղ.)։ Ստուդիայում ինչ ասեք փոխվել է, բայց այս հատվածը նույնն է մնացել, համարյա բոլոր գործերս այստեղ եմ ստեղծել։

 

-Իսկ եղե՞լ է, որ երկար աշխատեք, Ձեր ուզածը ստանաք ու տեխնիկական խնդիրների պատճառով ամեն ինչ կորչի։  

 

-Ասում են՝ նման դեպքեր բոլորի հետ էլ լինում են, ինձ հետ էլ պատահեց։ Մոտ 150 նախագիծ կորցրի: Lավն այն էր, որ հաջորդ օրն ինձ մեծ առաջարկ արեցին ու էլ տխրելու ժամանակ չունեի (ծիծաղում է,-հեղ.), արագ անցա նոր գործին։  

 

-Գոռ, հանդիպել ենք մեր առաջին զրույցից 2 տարի անց, փոխվելու եւ ձեռքբերումների առումով ինչպիսի՞ շրջան եք ապրել այդ ընթացքում։ 

 

-Այն ժամանակ դեռ միայն «Տարբեր» ալբոմն էի արել, դրանից հետո ստեղծագործական առումով շատ բան է փոխվել: Ստեղծագործություններիս հնչողությունն է փոխվել։ Իմ գերնպատակներից մեկն է գտնել այն հնչողությունը, որն այդքան փնտրում եմ: Նաեւ ընդհանուր թեմաներն ու տրամադրություններն են փոխվել։  

 

-Ինչո՞վ է դա պայմանավորված՝ հասունացմա՞մբ ու կյանքն ավելի լավ ճանաչելո՞վ։ 

 

- Ինձ համար այս ամենն ասես ճանապարհորդություն լինի, ուսումնասիրությունների եւ որոնումների մեջ եմ, անընդհատ փորփրում եմ, ինչպես երաժշտական առումով, այնպես էլ կյանքի ու աշխարհի։ Նաեւ շատ ուրախ եմ, որ Հայաստանում երաժշտությունը զարգանում է եւ չենք կարող ասել, որ լավ գործեր չկան, բոլոր ժանրերն էլ որոշակի արագությամբ թարմանում են: 

Գոռ Ղուկասյանը Գոռ Ղուկասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Միշտ խնդիր եմ համարել երաժշտական համայնքի բացակայությունը, արդեն դա էլ է ստեղծվում։ Միջոցառումների ժամանակ անընդհատ նոր մարդկանց եմ հանդիպում եւ ճանաչում, ինչը շատ է ուրախացնում։  

 

-Վերջերս նոր ալբոմ եք թողարկել՝ «Երեւանինգ»-ը, որը նվիրված է մեր մայրաքաղաքին: Այն արդեն հասցրել է սիրվել ու քննարկվել:  

 

-Ի տարբերություն իմ մնացած ալբոմների՝ «Երեւանինգ»-ի դեպքում մարդուց եմ ոգեշնչվել։ «Ազնավուր» ալբոմի ներշնչանքը հենց շանսոնյեից էր, փորփրում էի նրա տարբեր ստեղծագործություններն ու իմ երաժշտական աշխարհին համահունչ նոր աշխատանքներ գտա: «Ջազանմանն»-ը փառատոնի համար էր ստեղծվել ու ոճի եւ ժանրի առումով փորձարկում էր ինձ համար, այդ դեպքում ոգեշնչվել էի հայկական ջազից։ «Երեւանցի 001, 002, 003»-ը պատվերներ էին մի ռեստորանից, որտեղ դրանք պետք է հնչեցնեին։ 

Գոռ Ղուկասյանը Գոռ Ղուկասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Անկեղծ կասեմ՝ այդ երեք ալբոմներն ինձ համար «հում» են, ճիշտ է՝ մարդիկ դրանք սիրում են, քանի որ բազմաթիվ ծանոթ երգեր կան ու հիշողություններ են արթնացնում։ Այդ պարագայում նրանց համար կարեւորը երգերն են, ոչ թե՝ Gorgeouz beats-ը։ 

 

Հնարավորություն ունենալու դեպքում այդ ալբոմները նորից կմշակեի ու կթողարկեի։ Բայց այսօրվա պայմաններում դա բավական նորմալ է՝ մանավանդ ինձ պես ընդհատակյա անկախ պրոդյուսեր եւ արտիստի համար՝ իմ լսարանին ցույց եմ տալիս այն, ինչ ունեմ։ Այդպես էլ աճում եւ զարգանում եմ, ինչից վատ չեմ զգում: Հետո եղավ «Ջիգս»-ի (ջիգյարի կարճ տարբերակն է) առաջին մասը, որոշել եմ հետագայում այդ անունով էլի ալբոմ թողարկել, որովհետեւ ձեւաչափը շատ եմ հավանել։ Ալբոմը մանկական խաղերի վերնագրերի սկզբունքով եմ արել, ամեն թրեքը սարքելիս իմ մանկությունից ինչ-որ խաղ էի պատկերացնում։ Այսքան երկար եմ պատմում, որ հասնեմ «Երեւանինգ»-ի ծնունդին, որը բավական հետաքրքիր է (ծիծաղում ենք,- հեղ.)։ 

Լուսանկարը` Մեդիամաքս

Ինստագրամում մի անծանոթ աղջկա սթորի էի նայում, որում «Երեւանինգ» գրությամբ քաղաքից նկար էր հրապարակված։ Պատասխանեցի, որ շատ լավ վերնագիր է, թեեւ ինձ մոտ բավական ակտիվ շրջան էր, բայց այդ անվանումն ու առաջին հերթին աղջիկը տպավորվեցին (ծիծաղում ենք, - հեղ.)։ Երկու ամիս անց նույն գրությամբ նոր սթորիով կիսվեց, ու այդ ժամանակ էլ որոշեցի այդ անունով ալբոմ անել, մանավանդ՝ Երեւանի մասին միշտ եմ ուզել որեւէ բան անել։ Հետո այդ աղջկա հետ սկսեցինք շփվել, իմացավ իմ մտադրության մասին, եկավ նաեւ փառատոնին ու ալբոմը ստեղծելու ընթացքում արդեն ընկերուհիս էր (ծիծաղում ենք, - հեղ.)։

 

- Ալբոմը բազմաթիվ ենթաշերտեր եւ ասելիք ունի, բայց առաջին հերթին արտահայտում եք Ձեր սերը քաղաքի նկատմամբ: Ինչպե՞ս այն սկսեց տեսք ու բովանդակություն ստանալ։ 

 

-Ալբոմի անվանումը թարգմանաբար նշանակում է երեւանել: Չէի ուզում պարզապես ասել, թե Երեւանը որքան շատ եմ սիրում, նման բան կարող է անել այն մարդը, ով մեկ շաբաթով է գալիս ու քաղաքը շատ հավանում։ Երեւանցիներիս մոտ այդպես չէ, պարզ է՝ մենք էլ ենք սիրում, բայց ես իմ սերն արտահայտում եմ մայթի կենտրոնում թողնված ինքնագլորը մի կողմ դնելով։ Ինձ համար Երեւան սիրելը սկսվում է ամենափոքր բաներից, եւ ալբոմում իմ երեւանյան կյանքն ու պատմությունն էլ կան։ Ալբոմը տարբեր տրամադրություններ ունի՝ ասես մտել եմ մի շենք ու տարբեր բնակարաններով պտտվում եմ։ 

 

 

Մի տեղ առավոտ է, հենց այդպիսի անվանմամբ երգով էլ սկսվում է ալբոմը, ապա «Արեւոտ» է, հետո հասնում ենք մի բնակարան, որտեղ Միշոն է ու իր սիրտը խառնում է, լավ չի զգում, նյարդայնացած է։ 

 

- Այդ երգն ալբոմի ընդհանուր տրամադրությունից մի քիչ առանձնանում է ու Երեւանի այլ կողմն է ցույց տալիս, բայց նաեւ հասկանալի էր, որ Ձեզ համար շատ կարեւոր գործ է։  

 

- Միշոն գիտեր, որ այդ երգը ալբոմի համար է, առհասարակ նրա հետ մեր համաստեղծագործակցությունը շատ հետաքրքիր է։ Նոր բառ էլ հորինեցի (ծիծաղում ենք,- հեղ։)։ Այն հազվադեպ դեպքերից է, որ չեմ նստել ու հատուկ Միշոյի համար բիթ սարքել, ավարտել եմ ու մեկ էլ մտածել. «Մի րոպե՝ այստեղ Միշոյի ձայնն եմ լսում»։ Ու հիմնականում, երբ նոր գործ եմ ուղարկում նրան, միտքը ճիշտ է հասկանում, այս անգամ էլ այդպես էր։ Ասես «ադաթ» լինի, որ իմ ալբոմներում Միշոյի հետ համատեղ աշխատանք պիտի ունենանք։ «Սրտխառնոց»-ի դեպքում էլ իր ձայնը լսում էի եւ նրան ուղարկեցի նաեւ ալբոմի մյուս գործերը, որպեսզի ընդհանուր պատկերացում կազմի։ 

 

 

Սիրում եմ, որ արտիստն իր պես ու ազատ ստեղծագործի, եւ սահմանափակումներ չլինեն։ Ասացի. «Ինչ մտքիդ գալիս է, դա էլ արա»։ Նախ ինքներս մեզ չենք խաբում, հետո էլ՝ մյուսներին, Երեւանում ապրելով՝ հաճախ հենց «Սրտխառնոցի» տրամադրությամբ ենք լինում։ Ցավոք, այն իրականությունն ու կյանքը չունենք, որ դրանից զերծ մնանք։  

 

- Հաճախ հենց այդպես էլ մեր դժգոհությունն արտահայտում ենք. «Սիրտս այս կամ այն իրավիճակից խառնում է»։ Օրինակ՝ լցված ավտոբուսներից, երթեւեկությունից, փողոցում աղբ թափելուց։ 

 

-Ամեն քաղաք իր դեմքն ու բնավորությունն ունի, ուզում էի այդ ամենն արտահայտել ու ոչ միայն ցույց տալ «Վայ, իմ Երեւան, իմ վարդագույն քաղաք» տրամադրությունները։ Այդ ամենն արտահայտել եմ հենց ձայնային սեմփլներով։ Ինքս այս քաղաքում եմ մեծացել ու տեսել եմ փողոցները, մարդկանց կյանքն ու իրականությունը, եւ չէի ցանկանում կենտրոնանալ միայն սիրուն վարդագույն շենքերի, պուլպուլակների եւ շատրվանների վրա։ 

 

- Տպավորություն կա, որ Ձեր Երեւանը խորհրդային շրջանի քաղաքն է, այդպե՞ս է։

 

- Խորհրդային շրջանինը չէ, որովհետեւ ես այդ ժամանակ չեմ եղել, միայն գիտեմ պատմություններով, նկարներով, տեսանյութերով, ֆիլմերով ու երաժշտությամբ։ Քանի որ դրանք բավական հարուստ ու ստացված մշակութային ժառանգություն են, օգտվել եմ ու սեմփլներ արել ալբոմի համար։ Այսօրվա Երեւանի ընդհանուր պատկերը չեմ կարող համեմատել 1986-ի Երեւանի հետ, որովհետեւ այն շատ սիրուն ու համաչափ քաղաք էր, ծառերն էլ շատ էին։ Երեւանն այն քաղաքներից է, որին ծառեր շատ են պետք։ Մարդիկ 90-ականներից են սկսել դրանք կտրել, որ տաքանան, չես էլ կարող մեղադրել, բայց ինչ լավ կլիներ, որ այդ ժամանակ ինչ-որ մեկը վիրուսի պես տարածեր. «Եկեք ամեն մի կտրած ծառի փոխարեն տասը տնկենք»։ Թեեւ հիմա էլ ուշ չէ, կարելի է նոր ծառեր տնկել։ 

Լուսանկարը` Մեդիամաքս

Հին ճարտարապետությամբ Երեւանը շատ սիրուն էր, կուզեի այն իմ աչքով տեսնել, հնարավոր է՝ պարզապես գեղեցիկ են նկարել, իսկ մենք խաբվել ենք։ Հիմա էլ քաղաքը նկարներում շատ գեղեցիկ է, բայց այն տարիների Երեւանն ավելի ներդաշնակ էր։ 

 

- Ձեր վերջին ալբոմում այսպիսի արտահայտություն կա. «Երեւանում բոլոր խնդիրները սիրո պակասից են, այն ինչ հենց սերն է ստեղծել այս քաղաքը»։ Ինչո՞ւ է սերը պակասել:

 

- Այդ ձայնային սեմփլը «Երեւան ջան» ֆիլմից շատ էի սիրել ու չէի կարող չօգտագործել։ Սերը շատ տարբեր պատճառներով է պակասել, բայց ինձ թվում է՝ ամեն մարդ նախ ինքն իրեն պիտի հարցնի, թե ինչո՞ւ է իր սերը պակասել։ Ինքս կարող եմ որոշ բաներ վերլուծել ու փորձել պատճառները հասկանալ։ Գուցե նրանից է, որ շատ ենք փակվել ինքներս մեր մեջ, բացի այդ էլ սկսել ենք միմյանցից շատ զգուշանալ։ Հայերն էլի հյուրասեր ու ընկերասեր, բարեկամություն անող մարդիկ են, բայց ոչ այնքան, ինչքան նկարագրվում է։ Երբ 5-6 տարեկան էի, ընկերական շրջապատով ու բարեկամներով շատ էինք հավաքվում, գնում քաղաքից դուրս կամ որեւէ մեկի տուն, ու դա պարբերաբար էր տեղի ունենում։ Ժամանակի ընթացքում այդ ամենը պակասել է, եթե ոչ վերացել։ Ինչո՞ւ է այդպես: 

Գոռ Ղուկասյանը Գոռ Ղուկասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Այդ հարցն ինձ շատ է հուզում։ Շատերն ասում են՝ այն ժամանակ կյանքը նեղ էր, դժվար, միայն մեկի տանը հեռուստացույց կար եւ հավաքվում էինք դիտելու, հիմա արդեն բոլորն էլ ունեն։ Պարադոքս է՝ երբ վատ էր, իրար շատ էինք սիրում, իսկ երբ հեշտ է, էլ չենք սիրում։ Բայց չէ որ այս լայն հնարավորությունների դեպքում ավելի շատ կարող ենք օգնել իրար։ Գուցե պատճառն այն է, որ ամեն մարդ իր մեջ շատ է կենտրոնացել ու եսասիրությունն է աճել։  

 

-Ժամանակակից տեխնոլոգիաներն էլ բերեցին դրան, որ ներփակվեցինք, դարձանք՝ ես ու իմ հեռախոսը։

 

-Արդեն ավելի շատ հեռախոսի էկրանին ենք նայում, քան միմյանց դեմքերին։ Բայց մյուս կողմից մեր մոտ խաբեբայությունն ու ստախոսությունն է գերակայում, իրար շատ են նախանձում, միմյանց հանդեպ անհանդուրժող ենք, լուսացույցի լույսը դեռ կանաչի չի փոխվել, արդեն ձեռքը դնում են ազդանշանին ու սեղմում, մի՞թե դժվար է մի քանի վայրկյան սպասել։ 

 

-Մերօրյա երեւանցուն ի՞նչ նկարագիր կարող ենք տալ: Ինչպիսի՞ն ենք դարձել՝ սիրողից վերածվել ենք սպառողի՞։

 

- Ստեղծագործողներն ու ստեղծողներն են քչացել։ Մի պատմություն ասեմ, որը ե՛ւ զվարճալի է, ե՛ւ տխուր։ Տարիներ առաջ Երեւանի կենտրոնում գտնվող ձայնասկավառակների խանութներից մեկը հաճախորդ է մտնում ու հարցնում. «Արամ Խաչատրյան ունե՞ք»։ Ու աշխատողը պատասխանում է. «Ապեր, Արամը Խաչատրյան չի, Արամն Ասատրյան է»։ Երբ ինձ պատմեցին, Ձեզ պես ժպտացի, հետո չգիտեի՝ լացել, թե ծիծաղել։ Չեմ ասում՝ Արամ Ասատրյանի պատճառով է, որ քաղաքն այսպիսին է դարձել, բայց նրանից է, որ այդ մարդու համար Արամը միայն Ասատրյան է ու չի կարող եւ Խաչատրյան, եւ Ասատրյան լինել (ծիծաղում ենք,-հեղ.)։ Այդ ամենի պատճառը մարդկանց չմշակված, անկիրթ ու անգրագետ լինելն է, անշնորհքությունը։ Պարզապես ամեն մարդ այդ սիրո պակասի մասին ինքը պետք է մտածի, հենց քեզ այդ հարցը տալիս ես, սկսում ես պատասխաններ գտնել։ Առհասարակ կարեւոր է, որ մարդը խնդիրներն իր մեջ փնտրի, ոչ թե մյուսների։ 

 

-Իսկ Ձեր սերը պակասե՞լ է։

 

-Իմը չի պակասում: Եթե որեւէ բան սիրում եմ, ուրեմն՝ իսկապես սիրում եմ։

 

-Հայ երաժիշտներից ովքե՞ր են առավել հոգեհարազատ ու կարեւոր Ձեզ համար։

 

-Միշտ Կոմիտասն է, նրան չեմ դադարում լսել, Արամ Խաչատրյանը, Առնո Բաբաջանյանը, Արտաշես Քարթալյանի երաժշտությունն եմ շատ սիրում ու նրանից հաճախ եմ սեմփլեր վերցնում, ինչպես նաեւ՝ Դավիթ Ազարյանից։ Ողջույններ մեր կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանին, որը տարիներ առաջ նորարար է եղել, նոր ոճերում եւ ժանրերում ստեղծագործել, իր երաժշտությունը լսելիս էլ շատ հետաքրքիր բաներ եմ գտնում։ Այ, իր դեպքում շատ է եղել, որ ասեմ. «Հազիվ այսպիսի բան եմ լսում, ջան» (ծիծաղում է,-հեղ.)։ Ի դեպ, Արամ Սաթյանի մոտ մի տարբերվող առանձնահատկություն էլ եմ նկատել։ 

Գոռ Ղուկասյանը Գոռ Ղուկասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սովորաբար Խորհրդային Միության  երգչուհիները շատ օպերային ձայնով ու ակադեմիական վոկալով էին նույնիսկ փոփ կամ ժողովրդական երգերը կատարում, լսելիս զարմանում եմ՝ չէի՞ն կարող նորմալ երգել։ Իսկ ահա Սաթյանի երգերի դեպքում վոկալի առումով երգչուհիների կատարումներն ուրիշ են։ Այդ մարդն իր երգերը ճիշտ է ստեղծել ու փրոդաքշն արել, որ փոփին համապատասխան եւ համահունչ երգեցողություն ունենան:

 

-Դուք յուրատեսակ երաժշտական հետազոտող եք ու գտնում եք այնպիսի առանձնահատկություններ, որոնք շատերի մտքով էլ չեն անցնում։ 

 

-Դա էլ հենց մասնագիտություն է ինձ համար։ Ամեն ինչ սկսել է նրանից, երբ 11 տարեկանում գլխարկս թարս դրած նստում էի իմ համակարգչի մոտ ու այնպիսի բիթ սարքում, որը կուզեի ականջակալներով լսել։ Իրականում այդ մարդն իմ ներսից չի վերացել, էլի նստում եմ գլխարկս թարս դրած, բայց արդեն փոխաբերական իմաստով ու ստեղծագործում, բայց դրան զուգահեռ էլ ինձ շատ է հետաքրքրում ձայնային ինժինիրինգըը, անընդհատ ուսումնասիրում եմ ու փորփրում, նույնն էլ պրոդյուսերությանն է վերաբերվում, երաժշտական մենեջերությանն ու բիզնեսին։ Ամեն առումով եմ փորձում գիտելիքներ հավաքել, բացի այդ էլ՝ ամեն ինչով ինքս եմ զբաղվում եւ պետք է իմանամ։ Ուզելով ու սիրելով եմ անում, այս ասպարեզն ամեն առումով ու ճյուղերով է ինձ գրավում, հաճախ եմ մեզ մոտ համերգների լինում, հատկապես մերօրյա հայկական ջազն եմ սիրում ու վայելում, որքան միջոցառում լինի, կգնամ։ Լավ է, որ այդ ստեղծագործողները կան ու իրենք էլ զարգանում եւ անընդհատ կատարելագործվում են, ինչը շատ ողջունելի է։

 

- Ձեր աշխատանքն այդքան սիրելով հանդերձ՝ կա՞ մի բան, որ դժվարությամբ է Ձեզ տրվում:  

 

- Վերջին փուլը, երբ պատրաստի թրեքը պիտի ընդհանուր հնչողության բերեմ, այն ծրագրից դուրս եմ հանում ու տարբեր սարքավորումներով՝ հեռախոսով, ականջակալով, մեքենայի մեջ, հեռուստացույցով լսում եւ համեմատում: 

 

-Երաժշտությունից բացի կա՞ մի բան, որ էլի մեծ տեղ ունի Ձեր կյանքում եւ առօրյայում։

 

-Փորձում եմ կյանքը սիրել, ընկերներիս, հարազատներիս, ընկերուհուս, ապրել ու վայելել։ 

Լուսանկարը` Մեդիամաքս

Իսկ զբաղմունքներից լեգո հավաքել եմ սիրում (ծիծաղում ենք,-հեղ.)։

 

-Հիմա ի՞նչ մտքերով ու գաղափարներով եք տարված։ 

 

-Երիտասարդ երգչուհի եւ երգահան Zaenyth (Զենիթ) հետ նախագիծ եմ անում, որն ինձ համար էլ նոր փորձառություն էր։ Նրա «Ուրվական» ալբոմի պրոդաքշնով ես եմ զբաղվում։ Gorgeouz beats-ն իմ նախագծերից մեկն է, բայց ես առաջին հերթին Գոռն եմ, նաեւ իմ երաժշտությունն եմ հորինում եւ ուրիշ ժանրերում ստեղծագործում։ Այս դեպքն ընդհանրապես այլ էր ու նորություն ինձ համար, հետաքրքիր էր, թե մեր համագործակցության արդյունքում ինչ կլինի։ Արդեն վերջնական փուլին ենք հասել եւ ուրախ եմ, որ ստացվում է։ Ստեղծագործում եմ ու ստեղծագործելու եմ, շատ մտքեր ունեմ, պարզապես որեւէ մեկի վրա դեռ հստակ չեմ կենտրոնացել։ Թեեւ տարվա մեջ միայն մեկ ալբոմ եմ թողարկում, բայց անընդհատ եմ ստեղծագործում։ 

 

-Ովքե՞ր են Ձեր լսարանն ու ինչպե՞ս եք նրանց հետ կապը պահում:

 

-Շատ տարբեր են: Յութուբի վիճակագրությամբ՝ 15-50 տարեկան մարդիկ են: Երբ առիթ է լինում, կապը պահում եմ, կարող է տպավորություն լինի, որ շփում չկա: Պարզապես այնպիսի կոնտենտ չեմ ստեղծում, որ ուղղակի շփվենք, խոսենք, հարցեր տամ: Ես իմ երաժշտությամբ եմ զբաղվում ու հենց դա է իմ շփման լեզուն: Շատ շնորհակալ եմ ամեն մարդու, որ լսում է: 

 

-Տարբեր մեկնաբանություններ եմ հավաքել ձեր յութուբյան ալիքից եւ կխնդրեմ պատասխանել դրանց: Հիմա կասեն, թե ինչո՞ւ են միայն դրական, որովհետեւ բացասականները չգտա: Սկսենք այս մեկից՝ «ու՞ր էիք, այ Ձեր ցավը տանեմ»:

 

-Այստեղ եմ, այդ մեկնաբանությունն ինձ շատ է ջերմացրել (ծիծաղում է,- հեղ.):

 

- «Եթե մեկը ասի, որ երգը չի կարող հասարակություն կրթել, քո գործերից կհյուրասիրեմ»:

 

- Ուրախ եմ նման կարծիքի համար, որ մեր երաժշտությունը մարդ է կրթում:

 

- «Ուղղակի հրաշք, Ձեր կատարած աշխատանքը դեռ շատերը չեն տեսնում, իսկ գնահատելու համար շուտ է, ժամանակը կգա եւ նոր կհասկանան ինչ եք արել»։

 

- Գնահատվելու համար չեմ անում, չնայած լավ է, որ գնահատում եմ: Անշնորհակալ չեմ, անկեղծ՝ այս մտքերն ինձ շատ են ոգեւորում, ուղղակի ընթացքի մեջ եմ ու ստեղծագործում եմ: Առաջին հերթին մտածում եմ՝ իմ երաժշտությունը ստեղծեմ ու թողարկեմ, իսկ հետո կտեսնեմ ինչ կլինի: 

 

-«Չգիտեմ՝ գիտե՞ք, թե որքան լավ գործ եք անում, բայց շատ լավ է ստացվում»:

 

-Առայժմ չգիտեմ, թե ինչքան լավ գործ եմ արել, ինքս դեռ դժգոհ եմ:

 

-«Չհամարձակվեք չշարունակել, Ձեր երաժշտությունն ինձ օգնել է դժվար ժամանակներում եւ դեռ օգնում է»: 

 

-Նախ շատ լավ է, որ հաղթահարվել է այդ դժվարությունը: Չեմ էլ մտածում այդ մասին, բայց եթե հանկարծ նման մտադրություն ունենամ, այդ մեկնաբանությունը կկարդամ ու չեմ դադարի (ծիծաղում ենք,- հեղ.):

Գոռ Ղուկասյանը Գոռ Ղուկասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

-«Ապրեք, որ մեր մաքուր հայկականը մեզ տալիս եք նորովի»:

 

- Իրենք էլ ապրեն, որ ընդունում են տվածը:

 

-«Հարգելի ընթերցող ապագայից, եթե այս ժանրը Հայաստանում ռաբիսին հաղթել է, ուրեմն՝ երկիրը երկիր է դարձել»: 

 

-Եթե Արամը ոչ միայն Ասատրյան է, այլ նաեւ՝ Խաչատրյան, ուրեմ՝ այո (ծիծաղում ենք,- հեղ.):

 

Գոռ Ղուկասյանի հետ զրուցել է Հասմիկ Բաբայանը

 

Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին