ԿԽՄԿ-ն դադարեցնում է իր գործունեությունը Ադրբեջանում - Mediamax.am

264 դիտում

ԿԽՄԿ-ն դադարեցնում է իր գործունեությունը Ադրբեջանում


Լուսանկարը` ICRC


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի կառավարության որոշմամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) 2025 թվականի սեպտեմբերի 3-ից կդադարեցնի իր պատվիրակության գործունեությունը Ադրբեջանում։

ԿԽՄԿ հաղորդագրության մեջ ասված է.

 

«ԿԽՄԿ-ն, համաձայն իր հանձնագրի եւ Ադրբեջանի՝ Ժնեւի կոնվենցիաներով նախատեսված պարտավորությունների, շարունակելու է համագործակցել Ադրբեջանի իշխանությունների հետ՝ աջակցելու միջազգային մարդասիրական իրավունքով (ՄՄԻ) հովանավորվող անձանց։ Մենք մտադիր ենք պահպանելու երկխոսությունը մարդասիրական դիվանագիտության, միջազգային մարդասիրական իրավունքի եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մարդասիրական այլ խնդիրների շուրջ։

 

1992 թվականից ի վեր ԿԽՄԿ-ն աջակցել է հակամարտությունից տուժած համայնքների հրատապ եւ կենսական կարիքներին, տրամադրել հոգեսոցիալական աջակցություն տուժած անձանց, իրականացրել կենսական ենթակառուցվածքների բարելավման ծրագրեր, ինչպես նաեւ խթանել ականների վտանգի մասին իրազեկվածությունն ու ապահով վարքագծի դրսեւորումը զինամթերքով աղտոտված տարածքներում։

 

ԿԽՄԿ-ն նաեւ աջակցել է իշխանություններին՝ միջազգային մարդասիրական իրավունքի նկատմամբ հարգանքն ամրապնդելու եւ հակամարտության առնչությամբ անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելու գործում։ Բացի այդ, մենք այցելել ենք ազատազրկված անձանց՝ վերահսկելու պահման պայմաններն ու նրանց նկատմամբ վերաբերմունքը, ինչպես նաեւ նպաստելու պահվող անձանց ու իրենց ընտանիքների միջեւ կապի պահպանմանը։ Մեր գործունեությունն իրականացվել է Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերության, պետական կառույցների ու գերատեսչությունների, ինչպես նաեւ Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի հետ սերտ Համագործակցությամբ»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին