Լիլիթ Մովսիսյանի «Պայքար»-ը․ ֆիլմ սիրո սխալ դրսեւորման մասին - Mediamax.am

exclusive
177 դիտում

Լիլիթ Մովսիսյանի «Պայքար»-ը․ ֆիլմ սիրո սխալ դրսեւորման մասին


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` CFA

Լիլիթ Մովսիսյանը
Լիլիթ Մովսիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` CFA

Լուսանկարը` CFA

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` CFA

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` CFA

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Ո՞վ ես դու, երբ քո փոխարեն արդեն որոշել են՝ ինչ ես դառնալու։ Գուցե միշտ ուզել ես դառնալ նկարիչ, բայց մայրդ ասում էր՝ նկարչությամբ փոր չես լցնի։ Կամ թարգմանիչ, բայց հայրդ շեշտեց՝ լեզուներից ոչ մի լավ բան դուրս չի գա։ Հնարավոր է՝ քեզ գրավում էր անասնաբուժությունը։ Բայց շրջապատն ու հարազատներդ կասկածանքով նայեցին՝ «Աղջիկը շների հետ ո՞նց պիտի աշխատի»։ Դու չես էլ հասցրել ընտրություն անել։ Քեզ համար արդեն որոշել են։ 

 

Լիլիթ Մովսիսյանի «Պայքար» ֆիլմը հենց այդ որոշումների ու իրական ցանկությունների պայքարի մասին է։ Պատմություն մի երկրի մասին, որտեղ ցանկությունները հաճախ տանը մեռնում են։ Եվ մի աղջկա՝ Կարինեի, որ ցանկանում է անասնաբույժ դառնալ, բայց ընտանիքը, հատկապես՝ հայրը, որ զբաղվում է շնամարտերով, դեմ է: Կարինեն պետք է որոշում կայացնի՝ գնալ իր երազանքի հետեւից, թե լսել ընտանիքին։ 

Լուսանկարը` CFA

Ֆիլմը չի գոռում, չի քարոզում։ Այն նայում է ու թույլ է տալիս, որ մենք նայենք։ Միջավայր, որտեղ սերը երբեմն ցավեցնում է, իսկ բարությունը՝ կտրում է շան ձագերի ականջները։

 

Պայքարից մինչեւ «Պայքար»

 

Լիլիթ Մովսիսյանը դեռ փոքր տարիքից շրջում էր թատրոնի կուլիսներում, որտեղ աշխատում էր իր մայրը։ Նույն ներկայացումները մի քանի անգամ նայելուց հետո հոգնեց եւ սկսեց թատրոնի «գաղտնի» կողմերն ուսումնասիրել։

Լիլիթ Մովսիսյանը Լիլիթ Մովսիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ես թատրոն չեմ սիրել, մանկուց այդպես ասել եմ, այսինքն՝ ոնց որ ինքը կար իմ կյանքում, բայց իմը չէր։ Սկսեցի ներսը ուսումնասիրել, այն, ինչ հանդիսատեսը չի տեսնում։ Հետո ուզում էի հասկանալ՝ ինչ է դերասանուհին զգում բեմ դուրս գալուց առաջ եւ հետո»,- պատմում է Լիլիթը եւ զուգահեռաբար հիշում իր առաջին այցը կինոթատրոն։

 

«11 տարեկան էի, առաջին անգամ գնացի կինո «Մոսկվա»։ Ռիդլի Սքոթի «Գլադիատոր» ֆիլմն էր, սիրահարվեցի կինոյին, 18 անգամ նայել եմ։ Ուղիղ դրանից 10 տարի հետո նույն կինոթատրոնի այդ նույն կարմիր դահլիճում իմ ֆիլմի պրեմիերան եղավ»

 

Երբ ուսանող էր Թատերական ինստիտուտում, Լիլիթ Մովսիսյանին մի քանի անգամ ցանկացան հեռացնել՝ չհաճախելու եւ դասերի փոխարեն ֆիլմ նկարելու համար։ Նա ընտրեց ֆիլմը՝ որպես լեզու ու որպես դիմադրություն։ Մովսիսյանի համար ֆիլմ նկարելը երբեք «հետաքրքիր պատմություն պատմել» չէ, այլ՝ պայքար։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Կինոն ու թատրոնը, թվում է, նույնն են, բայց կինոն իր այբուբենով շատ ավելի բարդ է՝ ասես ճապոներեն լինի՝ հազարավոր հիերոգլիֆներով։ Մի գիծ փոխես՝ ամբողջ իմաստը շուռ է գալիս։ Կինոյում դիալոգ ես վարում ոչ միայն խոսքով, այլեւ պատկերով։ Թատրոնում կենտրոնը դերասանն է, իսկ կինոյում՝ ռեժիսորը։ Գուցե նարցիս եմ, գուցե էգոիստ, բայց այդ աշխարհ ստեղծելու, Աստված լինելու ցանկությունն իմ մեջ ուժեղ է»,- ասում է Լիլիթ Մովսիսյանը։

 

«Դոկը կատաստրոֆիկ բարդ է»

 

Մինչ Լիլիթ Մովսիսյանը փորձում էր հասկանալ՝ ինքը նարցի՞ս է, թե՞ էգոիստ, կյանքը նրան գցում է մի վայր, որտեղ էգոի չափաբաժինը այլ կերպ է չափվում։ Դոկումենտալ կինոն էգոյի հետ երկար չի խաղում. այստեղ պատմության կեսից ավելին կախված է ոչ թե ռեժիսորի աշխարհընկալումից, այլ նրանից, թե ով է կանգնած քո դիմաց՝ շոշափելի, կենդանի մարդը։

Լուսանկարը` CFA

«Պատկերացրու՝ ունես 500 ժամ նյութ։ Ու պիտի այդտեղից հանես մի ժամանոց պատմություն։ Դա փազլ է»,- ասում է Լիլիթը։

 

Խաղարկայինն ունի իր բարդությունները, բայց այնտեղ ինքդ ես ստեղծում իրականությունը։ Դոկումենտալում իրականությունն արդեն կա, դու պարզապես պետք է չվախենաս իր հետ առերեսվելուց։ Եվ չկորցնես դիալոգը հանդիսատեսի հետ։

Լուսանկարը` CFA

«Առաջին փորձս է, չասեմ, թե շատ գոհ եմ։ Բայց այստեղ հասկացա՝ իրական մարդու հետ աշխատելն էմոցիոնալ ավելի ծանր է, քան պրոֆեսիոնալ դերասանի։ Կարինեի կերպարը վայրի երեխա էր, առաջին հանդիպումից զգացի։ Իսկ հետո, երբ սկսեցինք նկարել, մազերը ֆենում էր, հատուկ պատրաստվում։ Ու դու չես կարող ասել՝ «խնդրում եմ, մի՛ արա»։ Չես կարող, բայց, միեւնույն ժամանակ՝ պիտի կարողանաս», - պատմում է Լիլիթը։

 

Մանիպուլյացիաները դառնում են ռեժիսորական գործիք։ Լիլիթը երեք օր գնում է նկարահանման, բայց չի նկարում հերոսին՝ միայն շներ, կատուներ, ծառեր։ Չորրորդ օրը՝ ամեն ինչ պատահում է ինքն իրեն. առանց նախապատրաստության, առանց խաղի։ Իրական կյանք։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Երիտասարդ աղջիկ էր, դեռահաս։ Դեռ չգիտեր՝ ինչ է ուզում։ Փնտրում էր իրեն։ Եվ ես ամեն օր մտածում էի՝ ես ինչքան իրավունք ունեմ մտնելու նրա կյանք, ձեւավորելու նրա էմոցիոնալ դաշտը՝ հանուն ֆիլմի», - անկեղծանում է Լիլիթը։

 

Այս հարցն, ասում է, երբեք պարզ պատասխան չունի։ Բայց մի բան հստակ է՝ իրականությունը, նույնիսկ երբ խաղում է, չի սիրում, որ իրեն խաբեն։ Ռեժիսորը կարող է շներ նկարել՝ այնքան ժամանակ, մինչեւ հերոսը հոգնի ձեւանալուց ու վերջապես հայտնվի՝ առանց ֆենի, առանց դիմահարդարման։ 

 

«Դրսի արձագանքն անսպասելի հանգիստ ու ջերմ է եղել»

 

«Lyon Capitale TV»-ն գնել էր ֆիլմը։ Տարբեր ալիքներ՝ Ճապոնիայից, Լատինական Ամերիկայից նույնպես ուզում էին գնել ֆիլմը, բայց քանի որ «Lyon Capitale»-ը ֆինանսավորել էր ֆիլմը դեռ արտադրության փուլում, իրենք ունեին առաջին ցուցադրության իրավունքը։

 

«Ես մտածում էի՝ բռնության տեսարանների համար խնդիր կլինի։ Բայց չէ։ Իրենց համար դրանք համաշխարհային համատեքստում նորմալ էին։ Նրանք ուզում էին ավելին։ Ասում էին՝ մենք հասկացանք, բայց կարելի է մի փոքր խորացնել։ Իսկ Հայաստանում՝ ոմանց համար էդ նույն շնամարտերի տեսարանները շատ ծանր էին։ Մենք՝ ճմռթվում ենք, ամաչում ենք։ Իրենք՝ նայում են ուղիղ», - ասում է Լիլիթը։

 

Հետո ֆիլմը վերադարձավ տուն։ Երեւան, ուղիղ՝ հերոսների բնակարան։ Առաջին դիտումը իրենց հետ էր։

Լուսանկարը` CFA

«Ամեն մեկն իր պատմությունն էր նայում։ Հայրը՝ իր պատմությունը, Կարինեն՝ իր, եղբայրը՝ լրիվ ուրիշ։ Տատիկը, որն իմ աչքով ֆիլմի հակահերոսն էր, վստահ էր՝ ինքը ամենաճիշտն է։ Իր խոսքով՝ ինքը միակն է, որ թոռնիկին նորմալ խորհուրդներ է տալիս։ Իսկ պապիկը կռվում էր, որ փեսային էլ հարգենք։ Մի խոսքով՝ ամեն մեկը իրեն էր գտել։ Ճիշտ այնպես, ինչպես իրենք իրենց փոխանցել էին։ Իսկ ես չեղա մեջը, պարզապես տվեցի նրանց իրենց», - պատմում է Լիլիթը։

 

Լիլիթն ասում է՝ իր առաջին դոկումենտալ փորձը հենց այդ սխալով է նշանավորվել.

«Շատ վախենում էի ինքս երեւալ։ Չէի ուզում ուղղորդել նարատիվը։ Կարծում էի՝ պիտի հերոսին խոսեցնես, ոչ թե քո տեսակետը պարտադրես։ Բայց իրականությունն այն է, որ նույնիսկ չխոսելով՝ դու ընտրում ես՝ ո՞ւմ ես մոտեցնում տեսախցիկը, ո՞ւմ՝ ոչ։ Որքան էլ հեռու մնաս, մոտիկության պահեր արդեն որոշում են տալիս», - անկեղծանում է Լիլիթը։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ես չեմ հավատում դոգմաներին, ես հավատում եմ աճին»

 

Լիլիթի համար արվեստը, ինչպես եւ կյանքը, բաց է անընդհատ վերանայման, վերաարժեւորման ու վերաձեւման համար։ «Իմ այսօրվա «ես»-ը կարող է այսպիսի կարծիք ունենալ կյանքի մասին։ Բայց վաղը կարող է ինչ-որ բան պատահել իմ կյանքում, ու ես պատրաստ կլինեմ ընդունելու նոր միտք։ Պետք չէ համառորեն պահել կարծիքդ, այլ զարգանալ՝ քո իսկ փորձառությունից»։

 

Ռեժիսորի խոսքով՝ այդ աճը արտաքին պրոդուկտ չէ, այլ՝ ներքին ճանապարհ։ «Ինձ համար կյանքը նախեւառաջ փորձառություն է։ Ոչ թե կյանքն ինքը պիտի ճանաչես՝ կյանքը ճանաչել հնարավոր չէ, շարունակվող ցիկլ է, ամեն ինչ կրկնվում է։ Բայց այդ ընթացքում դու կարող ես ճանաչել քեզ։ Տեսնել քեզ։ Սիրել քեզ։ Ու կիսվել այդ տեսածով»։

 

Մովսիսյանը կարեւորում է հենց այդ՝ «տեսածով կիսվելը» որպես արվեստի առանցք։ Իրականության սինթեզը, ոչ թե ընդօրինակումը։ «Արվեստի ամենահետաքրքիր կողմն այն է, որ դու սինթեզում ես իրականությունը եւ փոխանցում քո տեսլականը։ Օրինակ՝ իրական մարդը՝ Անին, հիմա ինչ-որ փորձառություն ունի։ Իր համար դա կարող է սովորական լինել։ Բայց կողքից նայողն ինչ-որ ուրիշ բան կտեսնի, որը կբացի ավելի մեծ իմաստ, կդառնա արվեստ»։

Լուսանկարը` Մեդիամաքս

Լիլիթ Մովսիսյանը իր առաջին լիամետրաժ ֆիլմը նկարել է դեռ ուսանողական տարիներին՝ երրորդ կուրսում։ Ֆիլմը կոչվում է «Մոխրաման», եւ նրա համար այդ ֆիլմը ոչ թե պարզապես ստեղծագործական փորձ էր, այլ որոշում՝ ընտրել սեփական ուղին։ «Ես սիրահարվեցի այդ պրոցեսին։ Հիվանդացա։ Հասկացա՝ չեմ կարող առանց դրա ապրել», - ասում է նա։

 

«Ֆոնը՝ որպես ափսե, որի վրա դրված է մարդու կյանքը»

 

Մովսիսյանի ֆիլմերը միայն տեխնիկական կամ մասնագիտական հետաքրքրության մասին չեն։ Նրա յուրաքանչյուր նախագիծ սկսվել է կոնկրետ էմոցիայից, կոնկրետ պահից։ «Ես անընդհատ փորձում եմ գտնել, թե տվյալ պահին իմ ապրումն ինչ պատմություն է ուզում դառնալ։ Մի տարում՝ սեր ես զգում, մյուսում՝ կորուստ։ Ու մտածում ես՝ այս զգացողությունն ինչ ձեւով է ուզում ապրել», - ասում է Լիլիթը։

 

Դեռ 2014 թվականին Մովսիսյանը գրել է սցենար, որը զբաղվում է պատերազմի հետեւանքով, ոչ թե իրադարձությամբ։ «Չկա կրակոց, չկա ճակատ, կա այն, ինչ պատերազմը անում է մարդու, ընտանիքի, սիրո հետ։ Ինչպե՞ս է ֆոնն ազդում մարդու վրա»։

Լուսանկարը` CFA

Լիլիթ Մովսիսյանը չի սիրում, երբ մարդը «մեծ թեմայի» մեջ լուծարվում է։ Նրա կարծիքով՝ սա հայկական կինոյի ամենաարմատական խնդիրներից մեկն է։ Երբ ֆիլմերը ներկայացվում են որպես պատմություն պատերազմի, բռնության կամ որեւէ երեւույթի մասին, մարդը կորչում է։ 

 

Մովսիսյանի դիտարկմամբ՝ անկախության շրջանի հայաստանյան արվեստը հաճախ ընկնում է երկու ծայրահեղության մեջ։ Այն կամ դառնում է գեղագիտական դեկոր, կամ՝ քաղաքական ուղերձի կրող։ Բայց այդ դաշտում նա փնտրում է մի տարածք, որտեղ մարդն ու նրա ապրումը մնում են առանցքում։

 

«Շատ դժվար է պահպանել այդ տարածքը, երբ փառատոններն ու ֆինանսավորող կառույցները սկսում են սահմանել, թե ինչ ձեւաչափով ներկայացնես քո պատմությունը։ Հաճախ հենց այդ պահին ֆիլմն արդեն կորցնում է իր մարդկային ելակետը, դադարում ես ազատ լինել։ Ու ազատ չլինելը՝ այն միակ բանը, որ իսկապես խանգարում է արվեստագետին»։

Լուսանկարը` Մեդիամաքս

Եվ հենց այդ ազատ տարածքն է Լիլիթի «Պայքար» ֆիլմը։ Ոչ թե պատմություն՝ կառուցված պահանջված թեմաների շուրջ, այլ մի փորձ՝ դիտարկել մարդուն ֆոնային աղմուկի միջից։ Երբ նրան հարցնում են՝ «ֆիլմդ ինչի՞ մասին է», պատասխանում է. «Սիրո սխալ դրսեւորման»։

 

Աստղիկ Հովհաննեոսվ

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին