Երեւան: Մեդիամաքս: Հուլիսի 24-ին «Սոցիոսկոպ» ՀԿ-ն եւ Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երեւանյան գրասենյակը «Հայաստանյան քաղաքացիական հասարակությունը արեւմտյան եւ ռուսական ազդեցությունների միջեւ» համաժողով կանցկացնեն:
Այն տեղի կունենա Երեւանի Ճարտարապետության գրադարանում (Թումանյան 35 Գ փողոց, Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցու ձախ հետնամաս)՝ ժամը 10:00-ից 16:30:
Կազմակերպիչների հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է.
«ԵՄ-ն եւ դրա անդամ պետությունները, ինչպես նաեւ Միացյալ Նահանգները նշանակալի դեր են խաղացել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ֆինանսավորման հարցում՝ խթանելով թափանցիկությունը, հաշվետվողականությունը եւ ժողովրդավարական կառավարումը։ Հակառակ դրան՝ Ռուսաստանն առաջարկել է այնպիսի դիսկուրսիվ եւ քաղաքական շրջանակ, որը ծառայում է քաղաքացիական հասարակության աշխատանքը վարկաբեկելուն։
Հայաստանյան քաղաքացիական հասարակությունը, ըստ այդմ, գործում է մրցակցող ազդեցությունների դաշտում, որոնք ազդում են դրա կարողունակությունների եւ վերջինիս նկատմամբ վերաբերմունքի վրա։
Վերջին զարգացումները ավելի են սրել այս լարվածությունը։ Հայաստանում առկա հուսախաբությունը Ռուսաստանից ստեղծել է արեւմտյան դերակատարների հետ ավելի ամուր կապեր հաստատելու հնարավորություն։ Այնուամենայնիվ, դրա հետ միասին արեւմտյան դոնորների հյուծվածությունը եւ ֆինանսական կրճատումները սկսում են ազդել բազմաթիվ քաղաքացիական նախաձեռնությունների կայունության եւ ծրագրային գործունեության վրա։ Հարեւան Վրաստանի զարգացումները, մասնավորապես՝ վերջերս ընդունված օրենսդրությունը, որը թիրախավորում է օտարերկրյա ֆինանսավորում ունեցող ՀԿ-ներին, վերաձեւում են տարածաշրջանային համատեքստը եւ ազդում հայաստանյան քաղաքացիական դերակատարների վրա»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: