Թուրքիայում գրում են Հայոց եկեղեցու «պառակտման» մասին - Mediamax.am

312 դիտում

Թուրքիայում գրում են Հայոց եկեղեցու «պառակտման» մասին


Լուսանկարը` https://optimalpmo.com/


Երեւան: Մեդիամաքս: Թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալության կայքում հրապարակել է Ստամբուլի Գելիշիմ համալսարանի քաղաքագիտության եւ միջազգային հարաբերությունների ամբիոնի դասախոս Քեյսուկե Վակիզակայի հոդվածը, որը «վերլուծում է հայկական քաղաքական ինքնության վերափոխումը եւ եկեղեցու ու պետության միջեւ առճակատումը՝ հեղաշրջման փորձի եւ Արեւմուտքի հետ Երեւանի մերձեցման ֆոնին»:

 

«Արտաքին քաղաքականության մեջ Հայաստանը հեռանում է Ռուսաստանից եւ Իրանից, ամրապնդում է կապերը Թուրքիայի եւ Արեւմուտքի հետ, ինչը անհրաժեշտ է դարձնում պետական կառուցվածքի ինստիտուցիոնալ վերանայումը: Ռուսաստանը դա ընկալում է որպես Հարավային Կովկասում իր ազդեցությանը սպառնացող վտանգ։

 

Շարունակվող աշխարհիկացման պայմաններում Էջմիածինը մնացել է նախկին ստատուս քվոյի վերջին հենարանը: Մայր Աթոռի եւ կառավարության միջեւ հակամարտությունը շարունակվում է, հատկապես արեւմտյան կառույցներին Հայաստանի ինտեգրման ֆոնին։

 

Մայր Աթոռը ազդեցություն ունի ոչ միայն Երեւանում, այլեւ Կիլիկիայում (այդպես է գրված բնագրում-Մեդիամաքս), Երուսաղեմում եւ Ստամբուլում՝ շարունակելով բացահայտորեն աջակցել ընդդիմությանը եւ հայտարարություններ անել, որոնք խաթարում են Թուրքիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եռակողմ կարգավորման գործընթացը», - գրում է հեղինակը։

 

«Եկեղեցին, որը երկար ժամանակ քաղաքական դերի էր հավակնում, տնտեսական, սոցիալական կամ քաղաքական խնդիրների կոնկրետ լուծումներ չի առաջարկել ։

 

Արդյունքում, նրա հեղինակությունը նվազում է ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում: Եկեղեցու ղեկավարության որոշ անդամներ սկսում են շեղվել Էջմիածնի գծից, եւ Հայ եկեղեցու կառուցվածքում առաջացել է պառակտում», - պնդում է Կեյսուկե Վակիզական։ 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին