Երեւանի կոնյակի գործարանը (ԵԿԳ) «Միասին» միջազգային բարեգործական հիմնադրամի հետ համատեղ նախաձեռնել է թիմի վերապատրաստման մեկամսյակ:
Նախաձեռնության շրջանակներում ընկերության տարբեր ոլորտներում ներգրավված աշխատակիցների համար կազմակերպվում են սթրեսակայունության եւ սթրեսի կառավարման հատուկ դասընթացներ։
Դասընթացի հիմնական նպատակներից է բարձրացնել աշխատակիցների հոգեբանական դիմացկունությունը, սթրեսակայունությունը, ինչն իր հերթին բերում է արդյունավետ հաղորդակցման հմտությունների ձեւավորմանը։
Դասընթացներն անցկացվում են «Միասին» միջազգային բարեգործական հիմնադրամի փորձառու հոգեբանների կողմից՝ կիրառելով ժամանակակից մեթոդներ, ներառյալ գործնական վարժություններ, ինտերակտիվ քննարկումներ եւ թիմային աշխատանք։ Մասնակիցները հնարավորություն են ստանում ոչ միայն ճանաչելու սթրեսի աղբյուրները, այլեւ ձեռք բերելու հմտություններ՝ արդյունավետորեն կառավարելու այն ինչպես մասնագիտական, այնպես էլ հասարակական եւ անձնական առօրյայում։
«Ժամանակակից աշխարհն իր հետ բերում է նոր հմտություններին տիրապետելու իմպերատիվը, որը մենք չենք կարող ժխտել։ Այսպես, ի տարբերություն մեր ծնողների մենք այսօր պարզապես պարտավոր ենք լինել մեդիագրագետ, տիրապետել կիբերանվտանգության տարրական գիտելիքների եւ այլն։ Ցավոք, սթրեսին դիմակայելու հմտություններին տիրապետելը եւս դարձել է ժամանակակից կյանքի անքակտելի մասը։ Շատ ուրախ ենք, որ Երեւանի կոնյակի գործարանի անձնակազմին արժեքավոր գիտելիքներ եւ հմտություններ փոխանցելու պատասխանատու գործընթացը ստանձնել են «Միասին» միջազգային բարեգործական հիմնադրամի մասնագետները»,- ասել է Երեւանի կոնյակի գործարանի հասարակայնության հետ կապերի ղեկավար Զարուհի Սարիբեկյանը։

Լուսանկարը` ԵԿԳ
Հիմնադրամի մասնագետների կողմից կազմված ծրագիրը հավասարակշռված է թե՛ տեսական, եւ թե՛ գործնական բաղադրիչներով՝ ապահովելով գիտելիքների կիրառելիություն իրական կյանքում։
«Ցավոք, Առողջապահության համաշխարհային կազմակերպության վիճակագրությունը ցույց է տալիս, որ իրենց կյանքի ընթացքում մարդկանց մոտ 80%-ը բախվում է առնվազն մեկ տրավմատիկ իրադարձության, որը կարող է լուրջ վնաս
հասցնել հոգեկան եւ ֆիզիկական առողջությանը։ Կկարողանա արդյո՞ք մարդը լիովին վերականգնվել այս իրադարձությունից եւ նորմալ գործել, սա ուղղակիորեն կախված է նրանից, թե ինչպիսի աջակցություն կստանա մասնագետներից եւ հասարակությունից», - նշել է «Միասին» միջազգային բարեգործական հիմնադրամի հայկական մասնաճյուղի ղեկավար Արթուր Եղիազարյանը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: