Հայ միջնադարյան գրչաշխարհում լայն տարածում ուներ հիշատակարանագրությունը, որը թեեւ զուտ հայկական երեւույթ չէ, սակայն հայերեն հիշատակարանների ծանրակշիռ առանձնահատկությունները դրանք դարձնում են եզակի թե´ ծավալով, թե´ ձեւավորված ավանդույթներով:
Հայերեն հիշատակարանները (մատյանների ընդօրինակման ավարտին, երբեմն նաեւ ձեռագրերի ազատ մնացած հատվածերում գրիչների կամ հետագայում մատյանների հետ որեւէ կերպ առնչված անձանց նշումները) երկար տարիներ մանրամասն քննության է առել Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի ավագ գիտաշխատող Խաչիկ Հարությունյանը:
Նրա ուսումնասիրության արդյունքները հրատարակվել են «Հայերեն ձեռագրերի հիշատակարանները» (2019) եւ «Հայերեն ձեռագրերի հիշատակարանների լեզուն (Թ-ԺԵ. դարեր). Գիրք Ա.» (2022) աշխատություններում, որոնք լույս են տեսել Մատենադարանի երկարամյա գործընկեր «Ջեյ Թի Այ Արմենիա»-ի աջակցությամբ:
Ընկերությունը տարիներ շարունակ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության բազմաթիվ ծրագրեր է իրականացնում Հայաստանում։ Այս առումով, Մատենադարանի հետ երկարամյա համագործակցությունը կարեւոր նշանակություն ունի՝ նպաստելով Հայաստանի մշակութային ժառանգության պահպանմանը եւ զարգացմանը։
Մեդիամաքսը զրուցել է Խաչիկ Հարությունյանի հետ նրա հետազոտության բացահայտումների ու ձեռագիր հիշատակարաններում թաքնված հարուստ նյութի մասին:
Հետաքրքրությունից՝ լայնածավալ հետազոտություն
2008 թվականից Մատենադարանի ձեռագրագիտության բաժնում աշխատող Խաչիկ Հարությունյանի հետազոտական շրջանակն ընդգրկում է հայերեն գրավոր ժառանգության, առաջին հերթին ձեռագիր մատյանների ուսումնասիրությունը:

Լուսանկարը` Մեդիամաքս
«Ձեռագիր հիշատակարանները գրիչների անխմբագիր հուշերն ու նշումներն են տարատեսակ դեպքերի, դեմքերի մասին, եւ հնարավոր չէ դրանց հանդեպ անտարբեր մնալ»,- ասում է հետազոտողը: Նրա սկզբնական ուսումնասիրություններն իրականացվել են ասպիրանտուրայում սովորելու տարիներին, որոշակիորեն ամփոփվել 2014 թվականին թեկնածուական ատենախոսության պաշտպանությամբ, սակայն մինչ օրս շարունակվում են՝ նորանոր բացահայտումների առիթ տալով:
«Տարիների ընթացքում այդ նախնական զուտ հետաքրքրությունը վերաճեց շատ ավելի լայն հետազոտական նպատակների հետապնդման: Պարզվեց, որ գրավոր ժառանգության այս տեսակը, հատկապես մեր օրերում, մեծ հետաքրքրություն է վայելում միջազգային գիտահետազոտական ծրագրերի շրջանակներում»,- նշում է Խաչիկ Հարությունյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս
Թեեւ հիշատակարանն ինքնին զուտ հայկական երեւույթ չէ ու հատուկ է նաեւ գրավոր ժառանգություն ունեցող այլ մշակույթների, բայց հայերեն հիշատակարաններն ունեն մի շարք կարեւոր առանձնահատկություններ:
Ուսումնասիրության ընթացքում ի հայտ եկած առանձնահատկությունների մասին բացահայտումները գիտնականն ամփոփել է 2019 թվականին հրատարակված «Հայերեն ձեռագրերի հիշատակարանները» գրքում:
Հիշատակարանների կշիռը
Հայկական հիշատակարանների առաջին ծանրակշիռ յուրահատկությունը դրանց ծավալն է: Հայերեն ձեռագիր հիշատակարանների մի մասն արդեն հրատարակված է 12 հատորով, սակայն Խաչիկ Հարությունյանի խոսքով՝ մնացյալ բոլոր հիշատակարանները լույս ընծայելու դեպքում, առնվազն եւս 12 հատոր դեռ կհրատարակվի: Մեզ հայտնի այլ մշակույթներում նման ծավալի հիշատակարանագրության ավանդույթ պարզապես չկա:

Լուսանկարը` Մեդիամաքս
«Օրինակ՝ ղպտական, եթովպական, որոշակի ծավալով նաեւ հունական գրավոր ժառանգությունում հանդիպում են մինչեւ մեկ, երբեմն էլ մի փոքր ավելի էջ ծավալով հիշատակարաններ, բայց դա էլ բավականին հազվադեպ երեւույթ է: Հիմնականում օտար գրիչները բավարարվել են ընդօրինակողի անվան, ժամանակի, վայրի, երբեմն նաեւ պատվիրատուի անվան արձանագրմամբ»,- մանրամասնում է Խաչիկ Հարությունյանը:
Հայկական հիշատակարանների պարագան այլ է. հանդիպում են մինչեւ 5-6 էջի հասնող հիշատակարաններ, որոնցում գրիչները, մատյանը նույնությամբ ընդօրինակելուց հետո, հանդես են եկել որպես հեղինակներ:
«Մի դեպքում գրիչը եղել է ժամանակագիր՝ նկարագրել է իր ժամանակի տարբեր քաղաքական, սոցիալ-տնտեսական երեւույթներ, մարդկային հարաբերությունները, մեկ այլ դեպքում՝ ներկայացրել պատմական դրվագներ, երրորդ դեպքում՝ հանդես եկել որպես ստեղծագործող՝ գրելով իր չափածո կամ արձակ ստեղծագործություն-հիշատակարանները»,- մանրամասնում է հետազոտողը՝ ընդգծելով, որ հատկապես պատմական դրվագների, օրվա կենցաղի նկարագրությունները պատմական իրողությունների ավելի լայն դիտարկման հնարավորություններ են տալիս՝ հարուստ աղբյուր հանդիսանալով միջնադարագետների համար:

Լուսանկարը` Մեդիամաքս
«Հատկապես պատմական այն շրջանների դեպքում, երբ առկա է մատենագիրների սակավություն, հենց գրիչների հաղորդած տեղեկություններն են դառնում այն աղբյուրները, որոնց դրվագային հիշատակումները հյուսելով՝ հնարավոր է դառնում ամբողջացնել ժամանակի պատմությունը»,- ասում է Խաչիկ Հարությունյանը:
Հիշատակարանագրությունը՝ ձեւավորված ժանր
Ե՞րբ են ի հայտ եկել առաջին հայերեն հիշատակարաններն ու ինչպիսի՞ զարգացման ընթացք են ունեցել. այս հարցերը շարունակում են մնալ հետազոտողների ուշադրության կենտրոնում: Թեեւ թվակիր ամենավաղ հիշատակարանները մեզ հասել են 9-րդ դարից, սակայն դրանք արդեն իսկ աչքի են ընկնում իրենց ձեւավորված կառուցվածքով: 9-րդ դարի հիշատակարանների ուսումնասիրությունը թույլ է տալիս ենթադրել, որ հիշատակարանագրությունը որպես ավանդույթ շատ ավելի վաղ է ձեւավորվել:

Լուսանկարը` Մեդիամաքս
Թվակիր վաղագույն հիշատակարաններն են Վենետիկի Մխիթարյան Միաբանության մատենադարանում պահվող Մլքե թագուհու Ավետարանի հիշատակարանը (862 թ.) եւ Մաշտոցյան Մատենադարանում պահվող «Լազարյան Ավետարան»-ի (887 թ.) հիշատակարանը:
Խաչիկ Հարությունյանի խոսքով՝ միջնադարում հիշատակարանագրությունը վերածվել է յուրատիպ ժանրի, որը թելադրում էր իր օրենքները։ Նորուս գրիչները պիտի տիրապետեին հիշատակարանների գրագետ շարադրման կանոններին, որը ժամանակի ընթացքում նպաստել է հիշատակարանային կաղապարների, պատրաստի արտահայտությունների, բառերի եւ բառակապակցությունների ձեւավորմանը եւ տարածմանը։ Այսօր այս կաղապարներն իրենց հերթին նոր ուսումնասիրությունների հնարավորություն են ընձեռում:

Լուսանկարը` Մեդիամաքս
«Այն դեպքերում, երբ մենք տարբեր հանգամանքների բերումով չգիտենք, թե որտեղ է ընդօրինակված այս կամ այն ձեռագիրը, երբեմն կարող ենք դա պարզել կաղապարների ուսումնասիրությամբ»,- ընդգծում է Խաչիկ Հարությունյանը:
Հայերեն ձեռագրերի հիշատակարանների հարուստ շտեմարանում հանդիպում են նաեւ նկարազարդ հիշատակարաններ, որոնք կարելի է պայմանականորեն երկու խմբի բաժանել՝ մանրանկարներ, որոնք ուղեկցվում են հիշատակարաններով, եւ հիշատակարաններ, որոնք նաեւ նկարազարդ են:

Լուսանկարը` Մեդիամաքս
Հիշատակարանների կարեւոր առանձնահատկություններից է նաեւ մեծաթիվ անձնանունների ու տեղանունների հիշատակումը, որի շնորհիվ հնարավոր է դառնում վերականգնել տվյալ ժամանակաշրջանում ընտանիքի միջին թվաքանակի, կազմի, դեմոգրաֆիկ պատկերի մասին տվյալներ, լրացնել մեր գիտելիքները Հայաստանի մեծ ու փոքր տեղանունների, գետանունների, սարերի եւ ձորերի, ինչպես նաեւ բազմաթիվ այլ մանրատեղանունների մասին։
Գրաբարը՝ հիշատակարանների ավանդական լեզու
Շարունակելով իր հետազոտությունները՝ Խաչիկ Հարությունյանն առանձին ուշադրության է արժանացրել հիշատակարանների լեզուն: Այս ուսումնասիրությունն ամփոփված է նրա երկրորդ գրքում՝ «Հայերեն ձեռագրերի հիշատակարանների լեզուն (Թ-ԺԵ. դարեր). Գիրք Ա.»:

Լուսանկարը` Մեդիամաքս
Հեղինակի խոսքով՝ միջնադարյան հայ գրիչների առջեւ դրված է եղել բնօրինակին հարազատ մնալու խնդիրը: Սակայն նույնը հիշատակարաններ գրելու համար ասել չենք կարող. այստեղ գրիչները համեմատաբար ազատ են եղել իրենց մտքերը շարադրելիս։ Նրանք կաշկանդված են եղել թերեւս միայն լեզվի հարցում, քանի որ ձգտել են իրենց հիշատակարանները շարադրել գրաբարով՝ չնայած այն հանգամանքին, որ գրաբարն արդեն իսկ դադարել էր լինել հաղորդակցման լեզու:
Այդուհանդերձ, հիշատակագիրները միշտ չէ, որ կարողացել են խուսափել ժամանակի լեզվին բնորոշ բառերի, այդ թվում՝ ժողովրդախոսակցական, բարբառային բառերի, փոխառությունների կամ օտարաբանությունների գործածություններից:

Լուսանկարը` Մեդիամաքս
«Օրինակ՝ 17-րդ դարի մի ձեռագրում, երբ արդեն միջին հայերենից անցում է կատարվել վաղ աշխարհաբարի փուլ, տեսնում ենք «բռնի եւ անբնական» գրաբար, այսինքն՝ արհեստական ճոռոմաբանությամբ փորձ է արված հիշատակարանի մեջ ինչ-որ բառեր երկնել, որոնք ոչ մի կերպ չեն ներդաշնակվում ժամանակի հետ: Թե ո՞րն էր այդ կերպ վարվելու մղումը, թողնենք հետազոտողներիս՝ ավելի մանրամասն ուսումնասիրելու»,- ասում է Խաչիկ Հարությունյանը:
Անձի խարազանման «մրցավազք»
Հիշատակարաններում գրիչների արձանագրումներից անպակաս են ինքնախարազանման, ինքնանվաստացման արտահայտումները, որոնք գրառելիս նրանք դառնում էին առավելագույնս ստեղծագործ: Ըստ Խաչիկ Հարությունյանի՝ այս երեւույթը բխում էր գրիչների հավատից առ Սուրբ Գիրքը եւ նրա յուրաքանչյուր տողը, տվյալ դեպքում Աստվածաշնչյան հետեւյալ ընթերցումը՝ «Եւ ահա վերջիններ կան, որ առաջին կլինեն, եւ առաջիններ՝ որ կլինեն վերջին» (Ավետ. ըստ Ղուկասի, 13:30):

Լուսանկարը` Մեդիամաքս
«Նույնիսկ ամենակատարյալ, մարգարտաշար գրով առանձնացող ձեռագրերի հիշատակարաններում մենք դարձյալ տեսնում ենք սեփական անձի խարազանում, երբ օրինակ, գրիչը ներողություն է խնդրում իր սխալների, տգեղ ձեռագրի համար, իրեն անվանում է նվաստ, փցուն եւ այլն: Նման ինքնախարազանումները որոշ դեպքերում հասնում են մինչեւ մեկ էջի»,- ասում է հետազոտողը՝ հավելելով, որ երբեմն գրիչները կարծես մրցեին միմյանց հետ, թե ով ավելի ստեղծագործ կլինի սեփական անձը նվաստացնելու հարցում: Եվ հենց այս համատեքստում է, երբ հետազոտողը բացահայտել է ամենամեծ թվով նորագյուտ բառեր ու արտահայտություններ:

Լուսանկարը` Մեդիամաքս
«Գրիչների լեզվում մենք հանդիպում ենք մեծաթիվ նորակազմ բառերի, որոնց մեծ մասն ածականներ ու մակդիրներ են՝ տարբեր երեւույթներ բնութագրող: Կարելի է գտնել հազարավոր բառեր, որոնք ստեղծվել են գրչի կողմից միմիայն տվյալ երեւույթը բնութագրելու համար»,- ընդգծում է Խաչիկ Հարությունյանը:
Հիշատակարանները եւ հայ բառարանագրությունը
Աշխատության վերջում Խաչիկ Հարությունյանը զետեղել է 1300-ից ավելի բառամիավոր պարունակող բառարան, որում ամփոփել է ոչ միայն նորագյուտ, այլեւ այնպիսի բառեր կամ բառատարբերակներ, որոնք ուշագրավ են հատկապես պատմական բառագիտության տեսանկյունից։
«Իմ ուսումնասիրություն ընթացքում ես քարտագրեցի հազարավոր բառեր, որոնք տեղ չեն գտել հայ բառարանագրության մեջ։ Ընդ որում, մասնագիտական շրջանակների ուշադրությունը հրավիրեցի նաեւ այն բառերին, որոնք մինչ այս հայտնի էին միայն մեկ վկայությամբ: Ենթադրենք, միջին հայերենի բառարանում արձանագրված է մի բառ 17-րդ դարի մի որեւէ մատենագրի երկից: Այդ հանգամանքը մեզ թույլ է տալիս ենթադրել, որ դա 17-րդ դարի բառ է: Բայց արի ու տես, որ մենք այդ նույն բառը տեսնում ենք 13-րդ դարի մի հիշատակարանում, որով այդ բառի պատմությունը շուրջ 400 տարով հնանում է: Նույն կերպ նաեւ բացահայտվում է հակառակ երեւույթը, երբ հիշատակարանների ուսումնասիրությամբ տեսնում ենք, որ օրինակ 9-10-րդ դարերի բառեր շարունակում են կիրառվել 16-17-րդ դարերում»,- մանրամասնում է հետազոտողը:
Ի՞նչ էին կարդում միջնադարյան հայ գրիչները
Հիշատակարանների ուսումնասիրության արդյունքում հետազոտողի հերթական բացահայտումներից է այն հարցի պատասխանը, թե Աստվածաշնչից անդին ի՞նչ էին ընթերցում հայ գրիչները միջնադարում:
«Ուսումնասիրությունների ընթացքում սկսեցի նկատել, որ Սուրբ Գրքից մեջբերումներից զատ, գրիչները կիրառում են նաեւ միջնադարյան հայ հեղինակների երկերից արտահայտություններ: Նշանակում է, որ միջնադարյան հայ հեղինակներին կարդացել եւ արժեւորել են իրենց իսկ ժամանակներում, յուրացրել նրանց բառապաշարը»,- ասում է հետազոտողը՝ ընդգծելով, որ ամենաշատ մեջբերվող երկը Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության»-ն է:
Մենք նույնն ենք՝ թե´ հիմա, թե´ միջնադարում
Երկար տարիներ հայերեն ձեռագրերի ու հատկապես հիշատակարանների հեղինակների հետ ժամանակի սահմաններից դուրս երկխոսությունները հետազոտողին ստիպել են եզրակացության գալ, որ հայերս հարյուրամյակների ընթացքում մտածողության եւ ներաշխարհի փոփոխություններ գրեթե չենք կրել՝ սկսած կենցաղային դժգոհություններից մինչեւ գրի ու գրքի պաշտամունք:

Լուսանկարը` Մեդիամաքս
Ըստ Խաչիկ Հարությունյանի՝ հիշատակարաններում ամենաշատը հանդիպող հորդորներից է մատյանը խնամքով պահելը, ինչն այսօր էլ, թեկուզ ենթագիտակցական մակարդակում, առկա է հայերի շրջանում:
«Գիրք տեսնելիս մի տեսակ զգաստանում ենք, իսկ երբ մի տեղում անխնամ թողնված գիրք ենք տեսնում՝ ցավ ենք ապրում»,- ասում է նա:
Խաչիկ Հարությունյանի խոսքով՝ գրքի նկատմամբ պաշտամունքն այնքան զորեղ է եղել, որ անգամ գիր չիմացող մարդիկ իրենց տներում որպես սրբություն պահել են սովորական բառարաններ, երկրաչափության գրքեր, որոնց բովանդակությունը պարզվել է միայն 19-20-րդ դարում համընդհանուր կրթվածության հաստատման ժամանակ:
«Ցանկանում եմ մեր գրիչների հորդորով առաջնորդվելով ասել հետեւյալը. ճիշտ է, կան շատ դժվարություններ, բայց պետք է, անպայման, հավատանք սեփական կարողությանը: Չկա մի հիշատակարան, որտեղ չասվի՝ «Անմեղադիր լերուք, զի կար իմ այս էր», այսինքն՝ այսքան եմ կարողացել, այսքան եմ արել: Ուստի այս կերպ էլ մեզանից յուրաքանչյուրն անի այնքան, որքան իր առավելագույնն է: Չթերանանք մեր գործում՝ մնալով գրիչների նման համեստ»,- մեր զրույցն այսպես է ամփոփում Խաչիկ Հարությունյանը:
Տեքստը եւ լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: