Ապրիլի 25-27 արշավները. Զանգեզուրի լեռներ, վերելք Դիմաց ու քայլարշավ դեպի Կալավան - Mediamax.am

299 դիտում

Ապրիլի 25-27 արշավները. Զանգեզուրի լեռներ, վերելք Դիմաց ու քայլարշավ դեպի Կալավան


Լուսանկարը` North Peak

Լուսանկարը` ArmGeo

Լուսանկարը` ArmGeo

Լուսանկարը` ARI/ԱՐԻ

Լուսանկարը` That Trail


Հայաստանի լեռներում եւ անտառներում գարուն է։ Եթե դուք էլ եք ցանկանում աշխատանքային ծանր շաբաթն ավարտել, վայելելով ծաղկած ծառերը, գետերի խշշոցն ու աչք շոյող թարմ կանաչը, ժամանակն է ընտրել երթուղին։

 

Մեդիամաքսն առանձնացրել է առաջիկա հանգստյան օրերի առավել հետաքրքիր եւ յուրահատուկ արշավները:

 

Առաջարկվող երթուղիների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ արշավական ակումբների սոցցանցերի էջերում:  

 

Ապրիլի 25-27 (ուրբաթ, շաբաթ, կիրակի)

 

North Peak լեռնային ակումբ. Վերելք Խոչաքար / Լիճքի ջրվեժներ

 

Ապրիլի 25-ից 27-ը North Peak լեռնային ակումբը հրավիրում է բոլոր լեռնասերներին կատարել երկու վերելք Զանգեզուրի լեռներում եւ տեսնել Լիճքի ջրվեժները։ Բարձրանալու եք Խոյաքար (3354 մ) եւ Խոչաքար (3559 մ) գագաթները։ Ծրագիրը եռօրյա է։ Նախատեսված է երկու գիշերակաց Լիճքում։

Լուսանկարը` North Peak

Բուն վերելքի երթուղին 18 կմ է։ Մասնակիցները պարտադիր պետք է ունենան լեռնային վերելքների փորձ եւ լավ մարզավիճակ։

 

Մանրամասները՝ հղումով։

 

Ապրիլի 26 (շաբաթ)

 

«Խարույկ» արշավական ակումբ. Քայլարշավ Դրախտիկից Կալավան

 

Շաբաթ օրը ակումբը Դրախտիկ գյուղից քայլելու է Կալավան։ Այս երթուղին անցնում է չքնաղ դաշտերով ու անտառներով, իսկ կանգառների ժամանակ վայելելու եք խոտաբույսերով համեղ թեյ։

 

Քայլելու եք Բարեբեր գետակի կողքով՝ ողջ ընթացքում վայելելով ջրի խշշոցը։

 

Քայլարշավը թեթեւ է, հարմար նաեւ սկսնակ արշավականների համար։

 

Երթուղու երկարությունը 15 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 350 մ։

 

Մանրամասները՝ հղումով։

 

ԱՐԻ Խոխա արշավական ակումբ. 3-6տ. խոխա արշավ Խոսրովի արգելոց

 

«Արջերի եւ լուսանների հետքերով գնալու ժամանակն է», - ասում են խոխա-արշավականները՝ ապրիլի 26-ին 3-6 տարեկան երեխաներին ու ծնողներին հրավիրելով Խոսրովի արգելոց։  

 

Այստեղ աճում է մոտ 1849 բուսատեսակ։ Սա Հայաստանի բուսական աշխարհի 50%-ն է։  Քայլարշավը սկսվելու եւ ավարտվելու է Ազատի կիրճում։

 

Այն միջին բարդության է։ Երթուղու երկարությունը 6 կմ է։

 

Մանրամասները՝ հղումով։

 

Հանգստյան օրերին ԱՐԻ Խոխա-ի մյուս երթուղիներն՝ այստեղ։

 

Armenian Geographic արշավական ակումբ. Արշավ դեպի Արեւածագի ձոր

 

Ապրիլի 26-ին ակումբը հրավիրում է մասնակցել ոչ բարդ, բայց շատ գեղեցիկ արշավի Ձորագետի կիրճում։ Այստեղ կբացահայտեք Հայաստանի բնության հուշարձաններից մեկը՝ Արեւածագի ձորը։

 

Արշավը սկսվելու է Կուրթան գյուղի մոտակայքից։ Նախ կտեսնեք Հնեվանք վանական համալիրը (7-րդ դար), ինչից հետո կշարունակենք ճանապարհը դեպի Ցից քար, որտեղ կհանգստանաք՝ վայելելով ժայռերի գեղեցիկ տեսարանները։

Լուսանկարը` ArmGeo

Օրը կավարտեք Վարդաբլուր գյուղում՝ շրջելով համանուն լճերի շուրջ։ Քայլարշավը հարմար է նաեւ սկսնակ արշավականների համար։

 

Երթուղու երկարությունը 10 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 430 մ։

 

Մանրամասները՝ հղումով։

 

Ապրիլի 27 (կիրակի)

 

Armenian Geographic արշավական ակումբ. Վերելք Դիմաց լեռ

 

Կիրակի օրն ակումբը վերելք է կատարում Դիմաց լեռ (2378 մ)։ Այն Տավուշի մարզում է՝ Իջեւանի լեռներում։

 

Արշավը սկսվելու է Հաղարծին վանք տանող ճանապարհից։ Երթուղու սկզբում տեսնելու եք անտառի խորքում գտնվող Թաքնված ջրվեժը, այնուհետեւ Իջեւանի լեռնաշղթայի կատարային հատվածով կհասնենք Ֆռֆռ քարին։ Այստեղից քայլելու եք դեպի Դիմաց լեռան գագաթ, որտեղից բացվում են հիանալի տեսարաններ։

 

Արշավը միջինից բարդ է, մասնակիցները պետք է պատրաստ լինեն երկար քայլել։

Լուսանկարը` ArmGeo

Երթուղու երկարությունը 18 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 1000 մ։

 

Մանրամասները՝ հղումով։

 

Հանգստյան օրերին ակումբի մյուս երթուղիներն՝ այստեղ։

 

ArmLand արշավական ակումբ. Վերելք Խաթաբալա լեռ

 

Կիրակի օրն ակումբն ուղեւորվում է Գեղարքունիքի մարզ՝ բարձրանալու Խաթաբալա լեռ (2653 մ)։

 

Այն Սեւանի լեռնաշղթայի բարձր գագաթներից է։ Տեղակայված է խոնավ լեռնատափաստանային լանդշաֆտային գոտում՝ Սեւանա լճից հյուսիս։

 

Պարզ եղանակին Խաթաբալայի գագաթից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Սեւանա լիճը, Գեղամա եւ Վարդենյաց լեռնաշղթաները, ինչպես նաեւ՝ Արագածը։

 

Արշավը միջին բարդության է, հարաբերական բարձրությունը՝ 700 մ։

 

Մանրամասները՝ հղումով։

 

ARI/ԱՐԻ արշավական ակումբ. Վերելք Կալասար եւ Հերմոնավանք

 

Ապրիլի 27-ին ակումբը մեկնելու է Վայոց Ձորի մարզ՝ վերելք կատարելու Կալասար լեռ (2230 մ)։ Կալասարը Հերմոն գյուղից հյուսիս-արեւմուտք է։ Գագաթին պահպանվել են բերդի պատերի որոշ մնացորդներ։ Արշավի ընթացքում կայցելեք նաեւ Հերմոնավանք, որը հիմնադրվել է 10-րդ դարում։

Լուսանկարը` ARI/ԱՐԻ

Արշավի ողջ ընթացքում կվայելեք դեպի Թեքսար եւ Վարդենիսի լեռներ բացվող գեղեցկությունը։ Երթուղու երկարությունը 12 կմ է։

 

Մանրամասները՝ հղումով։

 

Հանգստյան օրերին ակումբի մյուս երթուղիներն՝ այստեղ։

 

Գիտարշավ ակումբ. Քայլարշավ դեպի Շաղոտ ջրվեժ

 

Ապրիլի 27-ին Գիտարշավ ակումբը մեկնում է Տավուշի մարզ՝ քայլելու դեպի Շաղոտ ջրվեժ:

 

Քայլարշավը սկսվելու է Թեղուտ գյուղից, որտեղից անտառներով եւ կանաչ մարգագետիններով կհասնեք ջրվեժ: Այն Դիմաց եւ Սառցապատ լեռների լանջին է եւ այստեղից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Աղստեւ գետի հովիտ։

 

Քայլարշավի ընդհանուր երկարությունը մոտ 15 կմ է:

 

Մանրամասները՝ հղումով։

 

Ակումբի մյուս երթուղիներն՝ այստեղ։

 

That Trail արշավական ակումբ. Վերելք Ապակեքար լեռ

 

Այս կիրակի ակումբը մեկնում է Տավուշի մարզ՝ քայլելու դեպի Ապակեքար լեռ (1651 մ)։

 

Քայլարշավը սկսվելու է Հովք գյուղից, որտեղից քայլելու եք անտառային հրաշք արահետներով։

Լուսանկարը` That Trail

Սպասվում են գյուղական, անտառային ու լեռնային հրաշալի տեսարաններ եւ արեւոտ եղանակ։

 

Երթուղու երկարությունը 9 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 500 մ։

 

Մանրամասները՝ հղումով։  

 

Պատրաստեց Յանա Շախրամանյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին