Հուշեր Բուենոս Այրեսի հայ համայնքի հետ ապագա Պապի մտերմության մասին - Mediamax.am

exclusive
216 դիտում

Հուշեր Բուենոս Այրեսի հայ համայնքի հետ ապագա Պապի մտերմության մասին


Եվանգելինա Հիմիտյանը
Եվանգելինա Հիմիտյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Եվանգելինա Հիմիտյանը
Եվանգելինա Հիմիտյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


2016 թվականի հունիսին Հռոմի Ֆրանցիսկոս Պապի այցը Հայաստան լուսաբանող լրագրողների խմբի կազմում Հայաստան էր ժամանել արգենտինյան La Nacion թերթի թղթակից Եվանգելինա Հիմիտյանը:

 

Նա Արգենտինայի Հայ Ավետարանչական եկեղեցու սպասավոր Խորխե (Հրայր) Հիմիտյանի դուստրն է: Բուենոս Այրեսի Արքեպիսկոպոս եղած ժամանակ կարդինալ Խորխե Բերգոլիոն, որը 2013-ին Ֆրանցիսկոս Պապ հռչակվեց, ընկերություն էր անում Խորխե Հիմիտյանի հետ: 

 

2013 թվականին լույս էր տեսել Եվանգելինա Հիմիտյանի «Ֆրանցիսկոս, ժողովրդի պապը» գիրքը:

 

Ներկայացնում ենք հատվածներ զրույցից, որը 2016-ին Եվանգելինա Հիմիտյանի հետ ունեցել էր Մեդիամաքսի թղթակից Եկատերինա Պողոսյանը:

 

***

 

Հայրս Բուենոս Այրեսի Ավետարանչական եկեղեցիների սպասավորների խորհրդի նախագահն էր: 2001 թվականին նա առաջին անգամ հանդիպեց  կարդինալ Բերգոլիոյի հետ: Նրանք մտերմացան, միասին պատարագներ էին անցկացնում: Նրանց միավորում էր այն, որ երկուսն էլ ներգաղթյալների ընտանիքից էին, անցել էին նոր երկրում հաստատվելու բարդ ճանապարհը եւ ամեն ինչ զրոյից սկսել: 

 

Ապագա Պապը շատ մտերիմ էր Արգենտինայի հայ համայնքի հետ: Հայաստանի դեսպանությունը շատ մոտ է գտնվում Բուենոս Այրեսի գլխավոր եկեղեցուն, եւ լինելով Բուենոս Այրեսի արքեպիսկոպոսը, նա հաճախ էր այցելում համայնքին եւ դեսպանություն: 

Եվանգելինա Հիմիտյանը Եվանգելինա Հիմիտյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

2004 թ.-ին դեկտեմբերին Բուենոս Այրեսի գիշերային ակումբներից մեկում ուժեղ հրդեհ բռնկվեց: Զոհվեց շուրջ 200 մարդ, մեծ մասը՝ երիտասարդներ: Այդ օրերին հոգեւոր գլխավոր այրերը մեկնել էին քաղաքից, եւ Բուենոս Այրեսում մնացել էր միայն կարդինալ Բերգոլիոն: Դեպքից հետո, զոհերի հարազատների բարոյական օգնության տրամադրելու կարիք կար, նրանց հետ պետք էր զրուցել, սփոփել: Կարդինալ Բերգոլիոն զանգեց Հայ առաքելական եկեղեցու թեմի առաջնորդին եւ խնդրեց, որ գերաշնորհ տերը միանա իրեն՝ օգնելու այդ հարցում: Այդ դեպքից հետո կարդինալի համակրանքը Արգենտինայի հայության հանդեպ էլ ավելի մեծացավ: 

 

***

 

Մի օր, երբ հոդված պատրաստեցի քաղաքի կայարանի մոտ ապրող չքավոր ընտանիքների թշվառ վիճակի մասին, նա օգնականի միջոցով ինձ էլեկտրոնային նամակ ուղարկեց՝ ասելով, որ ընթերցել է հոդվածս եւ շատ է այն հավանել: 

 

Երբ սկսեցի լուսաբանել եկեղեցական հարցերը, կարդինալի հետ հանդիպելու առիթները շատացան: Եկեղեցական հարցերով ժողովներից մեկի ժամանակ, կարդինալ Բերգոլիոյին հարցրեցին, թե ո՞ր ռեստորանում կցանկանա ճաշել: Նա պատասխանեց, որ ռեստորան չի գնա, կընթրի նույն վայրում, որտեղ հանդիպման բոլոր մասնակիցները: Ճաշի ժամին, եկեղեցու սպասավորներն առաջինը մոտեցան ընդհանուր սեղանին: 

Եվանգելինա Հիմիտյանը Եվանգելինա Հիմիտյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Երբ հերթը հասավ լրագրողներին, տեսանք, որ սեղանին գրեթե ոչինչ չէր մնացել: Վերցրեցինք այն, ինչ մնացել էր եւ կիսվեցինք միմյանց հետ: Դա տեսնելով՝ կարդինալը վերցրեց հոգեւորականների առջեւ դրված ուտելիքը, բերեց լրագրողների մոտ եւ հյուրասիրեց մեզ: Նա միշտ նույնքան հոգատար, կամեցող եւ համեստ է եղել: 

 

***

 

2013 թ.-ին, երբ կարդինալը Պապ դարձավ, նույն տարվա մայիսին հայրս եւ արգենտինացի մի քանի հոգեւորականներ այցելեցին Վատիկան: Որպես եկեղեցական հարցերը լուսաբանող լրագրող՝ նրանց հետ Վատիկան մեկնեցի նաեւ ես: Երբ հասանք պապի կեցավայրը, անվտանգության պահակախումբն ինձ ներս չթողեց, քանի որ անունս, ի տարբերություն հոգեւորականների անունների, ցուցակում չկար: Պապը հորս հետ խոսեց գրքիս մասին: 

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայրս էլ ասաց, որ ես ներքեւում եմ, բայց չկարողացա մտնել: Պապը զանգեց պահակախմբին, եւ ես բարձրացա վերեւ: Խոսեցինք գրքից, նա ասաց, որ իսկապես շատ է հավանել այն: Դրանից հետո մենք պարբերական շփման մեջ ենք եղել էլեկտրոնային նամակագրության միջոցով: 

 

***

 

Կարծում եմ` նա շատ քաջ է, որ որոշեց գալ Հայաստան: Նա արդեն գիտի, որ իր այցով փոխում է աշխարհաքաղաքական շախմատի խաղաքարերը: Սա իսկապես շատ կոնֆլիկտային տարածաշրջան է, եւ նա գալիս է ասելու, որ խաղաղությունն այստեղ իսկապես հնարավոր է: Նա աղոթում է Աստծուն, որպեսզի կամուրջ դառնա երկրների միջեւ՝ խաղաղ ապագա ստեղծելու հարցում: 

 

Եկատերինա Պողոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին