Առողջապահությունը սահման հասցնող «ՎԻՎԱ» հիմնադրամը - Mediamax.am

562 դիտում

Առողջապահությունը սահման հասցնող «ՎԻՎԱ» հիմնադրամը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Տատյանա Հովհաննիսյանը
Տատյանա Հովհաննիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արթուր Գորոյանը
Արթուր Գորոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Արթուր Գորոյանը
Արթուր Գորոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


«ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամն արդեն 9 տարի է Հայաստանում իրականացնում է բժշկական ուղղվածության մի շարք ծրագրեր՝ նպաստելով մարզերում առողջապահության զարգացմանը, հասանելի բուժօգնությանն ու քաղաքացիների շրջանում առաջին բուժօգնության հմտությունների զարգացմանը։  

 

Ապրիլի 11-ին «Common Ground»-ում տեղի է ունեցել «ՎԻՎԱ»-ի հիմնադրման օրվան նվիրված միջոցառումը՝ «Բաց սրտերի օր»-ը, որի շրջանակում գործել է արյունատվության կայան, անցկացվել են առաջին բուժօգնության դասընթացներ, այնուհետեւ հիմնադրամի ներկայացուցիչներն ամփոփել են իրականացված ծրագրերն ու ազդարարել նոր հեռաբժշկական նախագծի մեկնարկը։

 

Մեդիամաքսը ներկա է եղել միջոցառմանը։

 

Առողջապահության զարգացումը մարզերում

 

«ՎԻՎԱ» (Doctors and Volunteers for Armenia) հիմնադրամը ստեղծվել է 2016 թվականի ապրիլյան պատերազմի օրերին։ Հիմնադիրները ռուսաստանաբնակ հայ բժիշկ-համախոհներ են, որոնք պատերազմի օրերին սկսել են աջակցություն ցուցաբերել Արցախին։ Տրամադրված առաջին գործնական օգնությունը բժշկական պարագաներ եւ շտապօգնության մեքենաներ էին։

 

«Պատերազմի օրերին Արցախում գտնվող մեր գործընկերների հետ կապի մեջ էինք, տեղեկանում էինք, թե որոնք են առաջնային կարիքները եւ ամբողջ եռանդով փորձում օգնել։ Հետագայում այս ինքնաբուխ աջակցությունը վերածվեց համակարգված աշխատանքի՝ «ՎԻՎԱ» հիմնադրամի տեսքով»,- պատմում է «ՎԻՎԱ»-ի հիմնադիր, բժիշկ-թերապեւտ Տատյանա Հովհաննիսյանը։

 

Հայաստանի եւ Արցախի հիվանդանոցները բժշկական սարքավորումներով, դեղորայքով եւ գործիքակազմով ապահովելը դարձել է հիմնադրամի հիմնական առաքելություններից մեկը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Տատյանա Հովհաննիսյանի խոսքով՝ թեեւ նախաձեռնությունը սկիզբ է առել ռուսական սփյուռքում, սակայն տարիների ընթացքում մեծ տարածում է ստացել։ Ներկայումս հիմնադրամի թիմը բաղկացած է ավելի քան 500 բժիշկներից եւ 5000-ից ավելի կամավորներից՝ աշխարհի տարբեր ծայրերից։

 

«Միջինում հիմնադրամը տարեկան 1 մլն դոլարի օգնություն է ցուցաբերում, սակայն առկա է նաեւ ոչ ֆինանսական օգնություն։ Այս տարիների ընթացքում աշխատել ենք մարզային հիվանդանոցների հետ, աջակցել տեխնիկական հագեցվածությանը, իրականացրել հայ բժիշկների եւ բուժանձնակազմի վերապատրաստման ծրագրեր։ Մեզ համար առաջնային խնդիր է ուժեղացնել առողջապահությունը մարզերում, որովհետեւ, ցավոք, Հայաստանը մեկ քաղաքի երկիր է, ուստի մենք ձգտում ենք բուժօգնությունը հասանելի դարձնել բոլորի համար»,- մանրամասնում է Տատյանա Հովհաննիսյանը։

 

Հեռաբժշկական նախագիծ՝ սահմանամերձ գյուղերի համար

 

2023 թվականին Արցախի հայաթափումից հետո «ՎԻՎԱ»-ի բժիշկների թիմը սկսել է այցելություններ իրականացնել սահմանամերձ շրջաններ՝ անվճար բժշկական զննություն իրականացնելու բռնի տեղահանված բնակչության շրջանում։ Տատյանա Հովհաննիսյանի խոսքով՝ գյուղեր հասնելով հասկացել են, որ բժշկական զննության կարիք ունեն այդ շրջանների բոլոր բնակիչները՝ անկախ տեղահանված լինելու հանգամանքից։

Տատյանա Հովհաննիսյանը Տատյանա Հովհաննիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Գյուղերում մեր բժիշկների թիմն ընդունում էր պացիենտներին, իրականացնում անհրաժեշտ զննությունը, կատարում նշանակումներն ու տրամադրում դեղորայքը։ Հաջորդ այցելությունը նույն համայնք հնարավոր էր միայն 3-4 ամիս հետո։ Այն հանգամանքը, որ բուժառուները չէին կարողանում մշտապես լինել բժիշկների վերահսկողության ներքո, մի շարք խնդիրներ էր առաջացնում՝ սպառվում էր դեղորայքը, բուժումը հետընթաց էր գրանցում եւ այլն։ Այս խնդիրը հասցեագրելու հարցում մեզ օգնեց Արթուր Գորոյանը, որը թիմին է միացել շուրջ 1,5 տարի առաջ»,-ասում է հիմնադրամի ղեկավարը։

 

Արթուր Գորոյանը միջազգային ամենահեղինակավոր մրցաշարերում Հայաստանը ներկայացնող առաջին եւ միակ հայ ավտոարշավորդն է։ Նա երկար ժամանակ եղել է հիմնադրամի հիմնական նվիրատուներից մեկը, որից հետո դարձել է նաեւ «ՎԻՎԱ»-ի դեսպաններից։

 

Բացի մրցանակակիր ավտոարշավորդ լինելուց, Արթուրը նաեւ բարձրակարգ ֆինանսական մասնագետ է եւ հանդիսանում է «Ginvest» կառավարչական ընկերության համահիմնադիր։

Արթուր Գորոյանը Արթուր Գորոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Արթուրը շատ արագ հաշվարկներ կատարեց, որոնց արդյունքում ծնվեց մեր հեռաբժշկական նախագիծը։ Այն մեզ թույլ կտա առաջին այցից հետո հեռավար եղանակով մշտական կապ պահել բուժառուների հետ մինչեւ հաջորդ ֆիզիկական այցելությունը»,- մանրամասնում է Տատյանա Հովհաննիսյանը։

 

Նախագծի շրջանակում մինչեւ ապրիլ ամսվա ավարտը Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզերի սահմանամերձ յոթ բնակավայրերում կսկսեն գործել «ՎԻՎԱ» հիմնադրամի բժշկական կենտրոնները։ Բժիշկների թիմի ֆիզիկական այցից եւ խորհրդատվության իրականացումից հետո այդ կետերում մշտապես կշարունակեն ներկա լինել տվյալ գյուղի բնակիչ բուժքույրերը։ Բժշկական կենտրոնները հագեցած կլինեն ախտորոշման համար անհրաժեշտ բժշկական սարքավորումներով, դեղորայքով ու տեխնիկական միջոցներով, ինչի շնորհիվ բուժքույրերը կկարողանան շարունակական հսկողության ներքո պահել բուժառուներին՝ հեռավար եղանակով կապելով նրանց Երեւանի գրասենյակում գտնվող նեղ մասնագիտական որակավորմամբ բժիշկների հետ, անհրաժեշտության դեպքում տրամադրել նոր նշանակված դեղորայքը եւ այլն։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ապրիլի 12-ին բացվում է մեր կենտրոնը Սյունիքի մարզի Ծավ գյուղում, որտեղ բժշկական խորհրդատվություն ստանալու կգան նաեւ հարակից գյուղերի բնակիչները։ Առաջին օրը մեր բժիշկների թիմը կլինի տեղում, իսկ հաջորդիվ նրանց հետ կապը կպահպանվի հեռավար՝ մեր կողմից ընտրված տեղացի բուժքրոջ միջոցով»,-մանրամասնում է Տատյանա Հովհաննիսյանը եւ հավելում. «Բուժքույրերին մենք շարունակաբար վերապատրաստում ենք, նաեւ տրամադրում աշխատավարձ՝ ձգտելով նպաստել, որ նրանք շարունակեն ապրել եւ աշխատել այդ գյուղերում»։

 

Սահմանամերձ շրջաններում ապրող եւ «ՎԻՎԱ»-ի կենտրոն այցելող բոլոր բնակիչների համար ամբողջ բուժումն անվճար է՝ խորհրդատվություն, դեղորայքի տրամադրում, լրացուցիչ բուժզննություն Երեւանում, ճանապարհածախս եւ այլն։

 

Հիմնադրամը նախատեսում է ընդլայնել նման բժշկական կենտրոնների քանակը՝ ապահովելով դրանք բոլոր սահմանամերձ մարզերում։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Երբ գնում ենք սահմանամերձ բնակավայրեր, մարդիկ հաճախ շնորհակալություն են հայտնում, որ հիշում ենք իրենց մասին։ Հույս ունենք, որ մեր այս նախաձեռնությունը կօգնի, որ սահմանամերձ գյուղերի բնակիչները չլքեն իրենց բնակավայրերը»,- ասում է Տատյանա Հովհաննիսյանը։

 

Ֆինանսավորման նոր մեխանիզմներ

 

Արթուր Գորոյանի խոսքով՝ առաջիկա մեկ տարվա ընթացքում հեռաբժշկական նախագիծն իրականացվելու է «Ginvest»-ի ֆինանսական աջակցությամբ, սակայն ծրագրի շարունակականության ապահովման եւ ընդլայնման համար նախատեսում են ստեղծել Endowment fund՝ անձեռնմխելի կապիտալով հիմնադրամ:

Արթուր Գորոյանը Արթուր Գորոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Endowment fund-ի ստեղծումը ենթադրում է, որ բարեգործությանն ուղղվում է ոչ թե նվիրատվության մայր գումարը, այլ ֆինանսական գործիքների կիրառմամբ դրանից ստացվող շահաբաժինները։ Այս կերպ նվիրատուները հասկանում են, որ իրենց ներդրումը լուծում է ոչ միայն այս պահի կարիքները, այլեւ դառնում է շարունակական աջակցություն»,- մանրամասնում է Արթուր Գորոյանը՝ հույս հայտնելով, որ մեկ տարվա ընթացքում կկարողանան լիարժեքորեն գործարկել այս մեխանիզմը։

 

Բոլորս միասին՝ հանուն ուժեղ Հայաստանի

 

«ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամը եւ արեւային էներգետիկիայի ոլորտում Հայաստանի առաջատար «Shtigen Group»-ն իրականացնում են Հայաստանում հաստատված արցախցիների կենսապայմանների բարելավմանն ուղղված աջակցության համատեղ ծրագիր, որը կոչվում է «VIVA Sunrise»: «Shtigen Group»-ի հանրային կապերի բաժնի ղեկավար Արփի Հարությունյանի խոսքով՝ համագործակցությունը սկսել են նախքան Արցախի հայաթափումը։

 

«Արեւածագ Արցախում» նախագիծը շարունակվում է

«Նախատեսում էինք արեւային ջրատաքացուցիչներ տեղադրել Արցախում մեր հայրենակիցների տներում, բայց այն ինչ տեղի ունեցավ, փոխեց նաեւ մեր համատեղ ծրագրերը։ Համագործակցությունը վերափոխելով՝ այդ նույն արեւային ջրատաքացուցիչները տեղադրում ենք Հայաստանի տարբեր մարզերում՝ առավելապես սահմանամերձ շրջաններում բնակություն հաստատած մեր արցախցի հայրենակիցների տներում՝ փորձելով այդպիսով թեթեւացնել իրենց կենցաղային հոգսը»,- մանրամասնում է Արփի Հարությունյանը՝ հավելելով, որ ջրատաքացուցիչներն արդեն իսկ տեղադրել են ավելի քան 50 տներում։

Լուսանկարը` Մեդիամաքս

«ՎԻՎԱ» հիմնադրամի մեկ այլ ծրագիր վերաբերում է առաջին բուժօգնության դասընթացներին, որոնք իրականացնում են ինչպես դպրոցների ավագ դասարաններում, այնպես էլ բոլոր ցանկացողների համար՝ նախնական գրանցումով։ Դասընթացներն արդեն իսկ իրականացվել են Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերի բոլոր դպրոցների ավագ դասարաններում, շուտով կավարտվեն նաեւ Վայոց Ձորի մարզում, որին կհաջորդեն մյուս մարզերի ու Երեւանի դպրոցները։

 

Տատյանա Հովհաննիսյանի խոսքով՝ 2020 թվականի պատերազմի զոհերը կարող էին շատ ավելի քիչ լինել, եթե բոլոր զինվորները լավ տիրապետեին առաջին բուժօգնությանը։ Հենց այս պատճառով էլ նա անչափ կարեւորում է այս դասընթացները։

 

«Յուրաքանչյուրը պետք է ունակ լինի փրկելու իրեն եւ իր ընկերոջը»,-ասում է «ՎԻՎԱ»-ի ղեկավարը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Հիմնադրամը նաեւ հորդորում է մարդկանց դառնալ արյան դոնոր, քանի որ Հայաստանում արյան պահուստի պակասուրդն ակնհայտ է։

 

«Մենք ցանկանում ենք հասնել նրան, որ յուրաքանչյուր հայ, արտերկրից Հայաստան ժամանելով, օդանավակայանից միանգամից ուղեւորվի արյուն հանձնելու, եւ դրանից հետո նոր միայն վայելի իր օրերը Հայաստանում»,- ասում է Տատյանա Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ արյան յուրաքանչյուր դոնոր 3 մարդու կյանք է փրկում։

 

Հիմնադրամի արյան փոխներարկման կայանները գործում են Երեւանում, Գյումրիում, Վանաձորում եւ Դիլիջանում։ Արյան դոնոր դառնալու համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան հարցաթերթիկը։

 

«Այս տարիների ընթացքում ես միանգամայն համոզվել եմ, որ մենք բոլորս միասին կարող ենք կերտել ուժեղ Հայաստան. յուրաքանչյուրս մեր տեղում եւ միեւնույն ժամանակ՝ բոլորս միասին»,- ամփոփում է Տատյանա Հովհաննիսյանը։

 

«ՎԻՎԱ» հիմնադրամին աջակցել հնարավոր է հետևյալ հղումով։

 

Գայանե Ենոքյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին