Mediamax Plus. Համատեղենք ուժերը ու երեխաներին «Դեդո-Բաբո» նվիրենք - Mediamax.am

exclusive
591 դիտում

Mediamax Plus. Համատեղենք ուժերը ու երեխաներին «Դեդո-Բաբո» նվիրենք


Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդիամաքսը առաջարկում է իր ընթերցողներին լավ գործի մասնակցել Mediamax Plus նախաձեռնության շրջանակում:

 

Mediamax Plus հարթակի մասին հայտնել էինք 2019 թվականին՝ Մեդիամաքսի 20-ամյակի առիթով: Mediamax Plus-ը կապող օղակ է, որը միավորում է աջակցության կարիք ունեցողներին եւ այն տրամադրողներին: Եթե նախկինում Mediamax Plus-ի միջոցով իրականացվում էին ծավալուն նախագծեր՝ կորպորատիվ գործընկերների ներգրավմամբ, այս տարի որոշել ենք Mediamax Plus-ը «կապել» մեր հրապարակումների հետ եւ իրականացմանը ներգրավել մեր ընթերցողներին:

 

Փետրվարի 20-ին պատմել էինք Արցախի բարբառի կիրառման եւ պահպանման նպատակով իրականացված «Արցախ. իմ մանկության փողոցը|101 պատմություն» նախագծի մասին, որի համար հարցազրույցներ են անցկացվել 5-15 տարեկան 101 արցախցի երեխաների հետ, որոնք 2023 թ. բռնի տեղահանությունից հետո ապրում են Հայաստանում: Երեխաներն արցախյան բարբառով պատմել էին իրենց քաղաքի, գյուղի, բակի, խաղերի, ընկերների մասին հուշեր, որոնք տեղադրվել են նախագծի կայքում:

 

Փետրվարի 22-ին էլ պատմել էինք Կառլեն եւ Սոնա Սարգսյանների «Դեդո-Բաբո» տիկնիկների մասին, որոնք երեխաներին պատմում են Արցախի մասին:

 

Mediamax Plus-ի միջոցով ցանկանում ենք կապ ստեղծել երկու հրապարակումների հերոսների միջեւ՝ «Դեդո-Բաբո» տիկնիկներ ձեռք բերել եւ նվիրել դրանք «101 պատմության» հերոսներից մի քանիսին: Նախագծի ղեկավարների հետ ձեռքբերված պայմանավորվածության համաձայն, նրանք կընտրեն համապատասխան տարիքի երեխաներին:

 

«Դեդո-Բաբո» տիկնիկներն արժեն 22 000 դրամ (դրանք առանձին չեն վաճառվում):

 

Մեդիամաքսը երեխաների համար երեք «Դեդո-Բաբո» կգնի եւ առաջարկում է իր ընթերցողներին միանալ նախաձեռնությանը եւ գումար հատկացնել արցախցի երեխաների համար տիկնիկներ գնելու համար:

 

Դա անելու համար ս.թ. փետրվարի 28-ից մարտի 7 ներառյալ Mediamax Premium հարթակում կարող եք բաժանորդագրություն ձեւակերպել Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանի նամակներին՝ վճարելով 5 000, 12 000 կամ 18 000 դրամ (համապատասխանաբար, մեկ, երեք եւ վեց ամսվա համար).

 

https://premium.mediamax.am/am  

 

Բոլոր միջոցները կուղղվեն «Դեդո-Բաբո» տիկնիկներ գնալու համար, միջոցների հավաքագրումից եւ գնումից հետո կներկայացվի մանրամասն հաշվետվություն:

 

Եկե՛ք միասին բարի գործ անենք:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին