Երեւան: Մեդիամաքս: 2024 թվականի հոկտեմբերին Մեդիամաքսի հրատարակած «ՎԱՆՈՆ ՈՒ ՎԱԶԳԵՆԸ. Երկու ընկերոջ կյանքն ու ողբերգությունը» գիրքն արժանացել է Արմենպեսի «Տարվա փաստավավերագրական բեսթսելեր» մրցանակին:
Արմենպրեսի «Երեւանյան բեսթսելեր» հատուկ նախագծի մրցանակաբաշխությունը կայացել է այսօր: Հատուկ նախագիծը մեկնարկել է 12 տարի առաջ՝ այն ժամանակ Արմենպրեսի տնօրենի պաշտոնը զբաղեցնող Արամ Անանյանի նախաձեռնությամբ:
Արա Թադեւոսյանի եւ Լուսինե Ղարիբյանի «ՎԱՆՈՆ ՈՒ ՎԱԶԳԵՆԸ. Երկու ընկերոջ կյանքն ու ողբերգությունը» գրքի վաճառքը մեկնարկել է 2024թ. հոկտեմբերի կեսից եւ առ այսօր արդեն վաճառվել է 2 200 օրինակ: Ներկայում տպագրվում է գրքի 4-րդ խմբաքանակը:
Մրցանակաբաշխության ժամանակ Արա Թադեոսյանն ասել է, որ գրքի նման հաջողությունը հաճելի անակնկալ էր հեղինակների եւ Մեդիամաքսի համար:
«Ամենաուրախալին այն է, որ գիրքը ակտիվ կարդում են երիտասարդները: Գիրքը գրելիս մենք ցանկանում էինք «հասնել» հենց նրանց, բայց վստահ չէինք, որ հաջողելու ենք: Պարզվեց, որ մենք սխալվում էինք, եւ սա այն դեպքերից է, երբ սխալված լինելը հաճելի է», - ասել է Մեդիամաքսի տնօրենը:

Գիրքը պատմում է Երրորդ Հանրապետության հիմնադիր հայրերից երկուսի մասին: Շատ փաստեր եւ վկայություններ ներկայացված են առաջին անգամ՝ թույլ տալով ավելի լավ հասկանալ Վանո Սիրադեղյանի եւ Վազգեն Սարգսյանի հարաբերությունները տարբեր ժամանակաշրջաններում:
Հեղինակները զերծ են մնում եզրակացություններից՝ վստահ լինելով, որ ներկայացվող նյութը ընթերցողներին հնարավորություն կտա սեփական գնահատականներն անել:
Գիրքը նաեւ բազմաթիվ դրվագներ է ներկայացնում Հայաստանի նորագույն պատմությունից, որոնք կարեւոր են այսօրվա իրողությունները հասկանալու համար:
Գիրքը կարելի է ձեռք բերել առցանց այս հղումով https://premium.mediamax.am/am/books/vano_vazgen, ինչպես նաեւ «Բուկինիստ». «Զանգակ», «Էպիգրաֆ» ցանցերի գրախանութներում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: