Արշավներ՝ փետրվարի 8-9-ի համար. Հայոց բերդեր, վերելք Քարկատար եւ 3 գագաթ Մարգավետի լեռներում - Mediamax.am

exclusive
131 դիտում

Արշավներ՝ փետրվարի 8-9-ի համար. Հայոց բերդեր, վերելք Քարկատար եւ 3 գագաթ Մարգավետի լեռներում


Լուսանկարը` «Խարույկ»

Լուսանկարը` ARI / ԱՐԻ

Լուսանկարը` Հատիս Տուր

Լուսանկարը` ARI / ԱՐԻ

Լուսանկարը` Armenian Geographic


Աշխատանքային շաբաթը կիսվել է եւ եթե հանգստյան օրերին սար ու ձոր գնալու, թարմ օդ շնչելու ու ձյուն տեսնելու ցանկություն ունեք, ճիշտ ժամանակն է ընտրել երթուղին:

 

Ինչպես ամեն շաբաթ, Մեդիամաքսը ձեզ համար առանձնացրել է փետրվարի 8-9-ի արշավների/վերելքների ցանկը հայաստանյան արշավական ակումբների կողմից:

 

Փետրվարի 8 (շաբաթ)

 

ARI / ԱՐԻ Խոխա. Արշավ Կարենիսից Քարաշամբ

 

Շաբաթ օրը 6-13 տարեկան երեխաների եւ պատանիների հետ ԱՐԻ-ն մեկնում է Կոտայքի մարզ՝ բացահայտելու պատմամշակութային եւ բնական հուշարձանները։ Քայլարշավը սկսվելու է Կարենիս գյուղից: Նախ իջնելու եք Հրազդանի ձոր, որտեղ այցելելու եք 6-7-րդ դարերի Կարենիսի վանք: Այնուհետեւ, անցնելով բազալտե կամարով, հասնելու եք Քարաշամբ։ Արշավի ընթացքում գետի մոտ նախատեսվում է կանգառ խարույկով: Վերջում կայցելեք Արզականի հանքային տաք լողավազան՝ լողալու եւ բժշկվելու:

 

Արշավի երկարությունը 7 կմ է, բարդության աստիճանը՝ հեշտ:

 

Մանրամասները՝ հղումով:

 

Ձնագնդիկ ու սահնակ «party» Ապարանի ջրամբարում

 

Փետրվարի 8-ին ԱՐԻ արշավական ակումբը 3-6 տարեկան երեխաների համար կրկնում է նախորդ շաբաթ Ապարանի ջրամբարում տեղի ունեցած ձնագնդիկ «party»-ն: Ակումբը մեկնում է հայկական Լապլանդիա՝ ձյան հետքերով։ Մի քիչ արշավելու եք ջրամբարի սոճիների անտառում, ձնագնդիկ եք խաղալու, սահելու եք, իսկ վերջում՝ խարույկ, համովությունների խորովում ու վերադարձ Երեւան:

Լուսանկարը` ARI / ԱՐԻ

Սահնակ, տյուբինգ կամ սահելու այլ հարմարանք ունենալու դեպքում ակումբը հորդորում է վերցնել դրանք ձեզ հետ:

 

«Party»-ի մանրամասները՝ հղումով:

 

Փետրվարի 9 (կիրակի)

 

North Peak լեռնային ակումբ. Վերելք Քարկատար եւ Մկնասար

 

Փետրվարի 9-ին North Peak-ը հրավիրում է բոլոր լեռնասերներին վերելք կատարել Վայոց ձորի մարզի գագաթներից երկուսը`Քարկատար (2961 մ) եւ Մկնասար (2947 մ) Վերելքը սկսվելու է Հորս գյուղից:

 

Քայլելու եք մոտ 22 կմ՝ հավաքելով 1400 մ հարաբերական բարձրություն:

 

Մանրամասները՝ հղումով:

 

Armenian Geographic արշավական ակումբ. Վերելք Սրասար

 

Այս կիրակի ակումբը վերելք է իրականացնելու Սրասար լեռ (2788 մ)։ Այն Սեւանի լեռնաշղթայի բարձր գագաթներից է:

 

Սրասարը Ծափաթաղ եւ Փամբակ գյուղերի միջեւ է, իսկ լեռան գագաթից բացվում է հիանալի տեսարան դեպի Սեւանա լիճը։

Լուսանկարը` Armenian Geographic

Երթուղու երկարությունը՝ 14 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 1000 մ:

 

Մանրամասները՝ հղումով:

 

Արշավ դեպի Օկոնավանք

 

Armenian Geographic-ի կիրակնօրյա մյուս ուղղությունն Օկոնավանքն է, որը թաքնված է Մթնասարի եւ Իջեւանի լեռնաշղթաների միջեւ ընկած հովտում՝ Խաչաղբյուրի կիրճի վերին հոսանքում: Այս արշավի արահետն անցնում է Տավուշի սաղարթախիտ անտառներով, ձորերով ու նեղ ժայռերով:

 

Երթուղու երկարությունը 18 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 700 մ:

 

Մանրամասները՝ հղումով:

 

ARI / ԱՐԻ արշավական ակումբ․ Վերելք Մարիամ լեռ եւ այց տաք ջրեր

 

Այս կիրակի ԱՐԻ-ն մեկնում է Կոտայքի մարզ՝ սարային վերելքն ու տաք ջրերում լոգանքը համատեղելու։ Մարիամ լեռան (2499 մ) վերելքը սկսվելու է Աղավնաձոր գյուղից: Վերելքից հետո բոլորին սպասվում է երանելի պահ՝ այց Հանքավանի տաք ջրեր։ Այստեղի հանքային ջուրը պարունակում է միացությունների մի ամբողջ փունջ՝ քլորիդ-նատրիում-կալցիում-մագնեզիում, եւ այս բացառիկ բաղադրության շնորհիվ նպաստում է մարդու օրգանիզմի վերականգնողական գործընթացների ակտիվացմանը:

Լուսանկարը` ARI / ԱՐԻ

Արշավի երկարությունը 10 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 700 մ, բարդության աստիճանը՝ միջին: Դե հիմա ասեք, ո՞վ է միանում այս վերելք-թերապիային։

 

Մանրամասները՝ հղումով:

 

ARI / ԱՐԻ Խոխա. Քայլարշավ Անձավաջրի եւ Զոզոյի կիրճեր

 

Կիրակի օրը եւս ԱՐԻ-ն հետաքրքիր երթուղի է նախատեսել 13-17 տարեկան խոխաների համար: ԱՐԻ Խոխան մեկնելու է Վայոց ձոր՝ բացահայտելու Անձավաջրի եւ Զոզոյի կախարդական կիրճերը։ Այստեղի ժայռոտ ու անանցանելի թվացող հսկայական պատերը տպավորություն են ստեղծում, թե հայտնվել ես մեկ այլ մոլորակում: Կիրճերում տեսնելու եք նաեւ բազմաթիվ քարայրներ: Արշավի ընթացքում վայելելու եք վայոցձորյան տեսարանները, իսկ վերջում հավաքվելու եք խարույկի շուրջ՝ շփվելու եւ ջերմանալու։ Արշավը սկսվելու է մայրուղուց եւ ավարտվելու Ելփին գյուղում: Երթուղու երկարությունը 9 կմ է, բարդության աստիճանը՝ հեշտ:

 

Մանրամասները՝ հղումով:

 

Խոխա քայլարշավ Թռչկանի սառցե ջրվեժ

 

Փետրվարի 9-ին ԱՐԻ Խոխան երթուղի ունի նաեւ 6-13 տարեկան երեխաների եւ պատանիների համար: Ակումբը մեկնելու է Շիրակի մարզ՝ նորովի բացահայտելու հյուսիսային Հայաստանի գեղեցկուհուն։ Գահավիժող ջրվեժներից ամենաբարձր եւ ամենաջրառատ Թռչկանն այս եղանակին սառած է լինում։ Չիչխան գետի վրա գտնվող այս ջրվեժը 2008 թ.-ից ներառվել է բնական հուշարձանների ցանկում, իսկ 2011թ.-ից տարածքը համարվում է հատուկ պահպանվող գոտի։

 

Արշավից հետո խոխեքի հետ պոնչիկի կանգառ է նախատեսված Գյումրիում:

 

Արշավի երկարությունը 11 կմ է, բարդության աստիճանը՝ հեշտ:

 

Մանրամասները՝ հղումով:  

 

My hiking արշավական ակումբ. 3 գագաթ Մարգավետի լեռներում

 

Այս արշավական ակումբը կիրակի օրը մեկնելու է Մարգավետի լեռներ, որոնք ձգվում են Լոռու մարզից դեպի Տավուշ: Նախատեսված է քայլել Լոռու մարզի հատվածում՝ վերելքներ կատարելով Ծակուտ, Իշեց, Խոռական լեռնագագաթներ:

 

Երթուղու երկարությունը 14 կմ է, հարաբերական բարձրությունը՝ մոտ 700 մ:

 

My hiking-ը խոստանում է գեղեցիկ տեսարաններով օր:

 

Մանրամասները՝ հղումով:

 

ArmLand արշավական ակումբ. Վերելք Սեւաժայռ լեռ

 

Փետրվարի 9-ին ակումբն ուղեւորվում է Վայոց Ձորի մարզ՝ բարձրանալու Հայաստանի չքնաղ լեռնագագաթներից մեկը`Սեւաժայռը (2727 մ)։ Քայլարշավը սկսվելու է համանուն գյուղից:

 

Սեւաժայռի գագաթից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Վայոցսար եւ Վարդենիսի լեռներ։

 

Քայլարշավի երկարությունը 11-12 կմ է, հարաբերական բարձրությունը` 600 մ, բարդության աստիճանը՝ բարդ:

 

Մանրամասները՝ հղումով:

 

«Խարույկ» արշավական ակումբ. Վերելք Սրկղոնք լեռ

 

Փետրվարի 9-ին ակումբն ուղեւորվելու է Վայոց ձոր՝ բարձրանալու Սրկղոնք լեռ (2885 մ)։

 

Սպասվում է յուրահատուկ երթուղի՝ Թեքսարի լեռնաշղթայի գեղատեսիլ հատվածներում:

Լուսանկարը` «Խարույկ»

Այս արշավին մասնակցելու համար ցանկալի է ունենալ ֆիզիկական լավ պատրաստվածություն եւ արշավական փորձ:

 

Երթուղու ընդհանուր երկարությունը 23 կմ է, հարաբերական բարձրությունը՝ 1400 մ:

 

Մանրամասները՝ հղումով:

 

Գիտարշավ. Քայլարշավ դեպի Արտենի եւ Թալինի բերդեր

 

Այս կիրակի նախատեսված է Գիտարշավ ակումբի «Հայոց բերդերը» նախագծի քայլարշավն Արտենի եւ Թալինի բերդեր:

 

Արագածոտնի մարզի Արեւուտ գյուղի մոտակայքից սկսվելու է վերելքը Մեծ Արտենի լեռ (2047 մ), որի գագաթին կանգուն են երբեմնի հզոր Արտենի ամրոցի պարիսպները, աշտարակներն ու ջրավազանը։ Այստեղից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Արաքսի հովիտ: Այնուհետեւ նախատեսված է այց Հին Թալին քաղաքատեղի, որտեղ կտեսնեք Թալինի բերդը, բնակելի տների ավերակները, ջրավազանը եւ դամբարանադաշտը։

 

Արշավը կեզրափակվի Թալինի Կաթողիկե տաճարում, որը 7-րդ դարում կառուցել է Հայոց իշխան Ներսեհ Կամսարականը:

 

Քայլարշավի երկարությունը մոտ 7 կմ է։

 

Մանրամասները՝ հղումով:

 

Քայլարշավ դեպի Ապարանի ջրամբար եւ այց MYLER

 

Նույն օրը Գիտարշավն իր «Սարուձոր» նախագծի շրջանակում հրավիրում է քայլել Ապարանի ջրամբարի մերձակայքում: Ձմռանն այն ամբողջությամբ սառցապատ է լինում: Ջրամբարի ափին հանգստանալուց ու հայկական գինի վայելելուց հետո նախատեսված է այցելել վաղմիջնադարյան Պողոս-Պետրոս եկեղեցի, ինչպես նաեւ՝ Ավարայրի ճակատամարտի հերոս Տաճատ Գնթունու մատուռ-դամբարան:

Լուսանկարը` Հատիս Տուր

Այնուհետեւ կայցելեք նորաբաց Myler Resort լեռնադահուկային հանգստավայր, որտեղ ճոպանուղիներով կբարձրանաք համալիրի աﬔնաբարձր կետը՝ 2850 ﬔտր բարձրությամբ: Այստեղից բացվում է աննկարագրելի տեսարան դեպի Արարատ, Արա, Արագած եւ Հատիս լեռներ։

 

Վերջում կայցելեք Եղիպատրուշի Սուրբ Աստվածածին եկեղեցի, որը կառուցել է Արարատյան աշխարհի կողմնակալ Վաչե Վաչուտյանը՝ 13-րդ դարի սկզբին:

Քայլարշավի ընդհանուր երկարությունը մոտ 5 կմ է։

 

Մանրամասները՝ հղումով:

 

Հատիս Տուր. Արշավ Սմբատաբերդ եւ Ցաղաց Քար

 

Փետրվարի 9-ին Հատիս Տուրն ուղեւորվելու է Վայոց ձորի մարզ`Ցախաց քար եւ Սմբատաբերդ։ Արշավը սկսվելու է Արտաբույնք գյուղից: Քայլելու եք Ցախաց քարի վանք, որը 10-րդ դարի կառույց է: Այնուհետեւ երթուղին շարունակվելու է դեպի 5-րդ դարում կառուցված Սմբատաբերդ։ Այստեղից երեւում է Եղեգիսի կիրճն ու շրջակայքը: Արշավն ավարտվելու է Եղեգիս գյուղում։ Երթուղու երկարությունը մոտ 13 կմ է:

 

Մանրամասները՝ հղումով:

 

Պատրաստեց Յանա Շախրամանյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին