40 տարվա ուսումնասիրություն կամ Անին երազում եւ արթմնի - Mediamax.am

exclusive
245 դիտում

40 տարվա ուսումնասիրություն կամ Անին երազում եւ արթմնի


Լուսանկարը` Mesut Mete

Լուսանկարը` Ulu Unligli

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Կարեն Մաթեւոսյանը
Կարեն Մաթեւոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Կարեն Մաթեւոսյանը
Կարեն Մաթեւոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Կարեն Մաթեւոսյանը
Կարեն Մաթեւոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Կարեն Մաթեւոսյանը՝ Անիում
Կարեն Մաթեւոսյանը՝ Անիում

Լուսանկարը` անձնական արխիվ

Լուսանկարը` Մեդիամաքս


40 տարի առաջ, երբ Անին միայն սահմանի այս կողմից էր հնարավոր տեսնել, Կարեն Մաթեւոսյանը սկսեց զբաղվել միջնադարյան քաղաքի գրավոր ժառանգությամբ՝ առանց իմանալու՝ լուսանկարներում, գրքերում տեսածը երբեւէ իրական տեսնելու ու զգալու հնարավորություն կունենա, թե՝ ոչ։ Այս տարիների ընթացքում նա երկու այց է ունեցել Անի եւ ասում է՝ տեղում պատկերացումները, զգացողությունները փոխվել են։

 

2024 թվականի դեկտեմբերին հրապարակվել է նրա «Ani the capital of medieval Armenia and its inhabitants» («Անի միջնադարյան Հայաստանի մայրաքաղաքը եւ նրա բնակիչները») գիրքը, որն օտարերկրյա մասնագետներին, ընթերցողներին փաստարկված ներկայացնում է հայկական միջնադարյան քաղաքի մշակույթը, պատմությունն ու այդտեղ ապրած մարդկանց կյանքը։  

Կարեն Մաթեւոսյանը Կարեն Մաթեւոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գրչության կենտրոնների ուսումնասիրման բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարեն Մաթեւոսյանը Մեդիամաքսին պատմել է իր աշխատանքի եւ Անիի մասնիկներ համարվող վանքերը վերացումից փրկելու կարեւորության մասին։

 

Անիի մասին՝ փաստերով

 

Քառասուն տարի առաջ սկսել եմ ուսումնասիրել Անիի գրավոր ժառանգությունը, արվեստն ու մշակույթը։ Այս տարիների ընթացքում եղել են իմ թեկնածուական եւ դոկտորական ատենախոսությունները, հրատարակել է մի քանի տասնյակ գիտական հոդված, լույս են տեսել «Անիի եկեղեցական կյանքը եւ ձեռագրական ժառանգությունը», «Անին եւ անեցիները» գրքերը։ 2024 թվականի վերջին օրերին էլ լույս տեսավ ինձ համար շատ կարեւոր՝ Անիի մասին անգլերեն հրատարակությունը։ Այն «Անին եւ անեցիները» մենագրության թարգմանությունն է՝ որոշակի լրացումներով ու վերախմբագրմամբ։

Լուսանկարը` Ulu Unligli

Ուսումնասիրության տարիների ընթացքում օգտվել եմ պատմիչների գրավոր ժառանգությունից, հիշատակարաններից, մեզ մոտ ընդունված էր, որ ձեռագրերի վերջում գրում էին հիշատակարան, թե ով գրեց, երբ, ում պատվերով։ Դրանք նաեւ շատ հարակից տվյալներ են պարունակում։ Ուսումնասիրել եմ նաեւ Անիում գրված ձեռագրեր, վիմագիր արձանագրություններ, Անիի մասին շատ տեղեկություններ կան նաեւ որմնանկարներում, մանրանկարներում, Հոռոմոսի, Բագնայրի եւ Արջոառճի արձանագրություններում։

Կարեն Մաթեւոսյանը Կարեն Մաթեւոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

2016 թվականից հետո, երբ Անին ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում, քաղաքի նկատմամբ հետաքրքրությունն ավելի մեծացավ։ Թուրք, վրացի հեղինակներ, տարբեր հաստատություններ սկսեցին գրքեր հրատարակել Անիի մասին՝ յուրաքանչյուրն «իր պատուհանից» նայելով, եւ ոչ միայն իրենց լեզուներով, այլ նաեւ անգլերեն։ Արդյունքում մի տեղ Անին աշխարհին ներկայացվում է որպես սելջուկյան քաղաք, մի տեղ՝ վրացական։ Գուցե բարձրագոչ է հնչում, բայց այս ծավալով Անին անգլերեն ներկայացվում է առաջին անգամ։ Մինչ այս տարբեր լեզուներով եղել են հրատրակություններ, բայց ավելի փոքր ծավալով։ Այս գրքով տալիս եմ մեծ ինֆորմացիա։ Գրքում ամեն ինչ փաստարկված է` պատմական տվյալները, ճարտարապետությունը, ձեռագրերին վերաբերող տեղեկությունները, ամեն ինչ հղումներով է։ Որեւէ ազգի օբյեկտիվ գիտնական այս փաստերի հետ չի կարող հաշվի չնստել։

 

Գիրքը լույս է տեսել Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ Արեւմտյան թեմի առաջնորդ Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանի հովանավորությամբ, «The Clara Margossian Trust» բարեգործական կազմակերպության նվիրատվությամբ էլ հնարավոր է եղել թարգմանությունն իրականացնել։ Գրքի անգլերեն թարգմանությունն իրականացրել են ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի գիտաշխատող Հարություն Խուդանյանը եւ Մատենադարանի գիտաշխատող Սոնա Բալոյանը։ Համացանցում կա գրքի թվային տարբերակը՝ բաց հասանելիությամբ, իսկ տպագիր օրինակները կարելի է ձեռք բերել Մատենադարանի կրպակից։

 

Անեցիների ճոխ ու մեղավոր կյանքը

 

Ներկա հրատարակությունը նպատակ ունի ուշադրություն հրավիրել նաեւ Անիի շուրջ գտնվող վանքերի՝ Հոռոմոսի, Բագնայրի, Արջոառճի վրա, որոնք միջնադարում սերտորեն կապված էին Անիի հետ։ Այս վանքերը կործանման եզրին են՝ շրջակայքի քուրդ բնակչությունը պատերից պարզապես քանդել ու տարել է քարերը։ Գրքի ուղերձն այն է, որ այդ վանքերը, որոնք միջնադարում եղել են Անիի մասնիկները, նույնպես ընդգրկվեն համաշխարհային ժառանգության ցանկում, ներառվեն պահպանության գոտում, որպեսզի իսպառ չվերանան։ Հոռոմոսն ինչ-որ չափով պահպանվել է, որովհետեւ փակ գոտի է, բայց Արջոառճի վանքը, կարելի է ասել, իսպառ վերացրել են։ Միայն պեղումներով կարելի է վերականգնել։

Լուսանկարը` Մեդիամաքս

Այս գիրքը կարդացողի համար պարզ կլինի, թե ովքեր են եղել միջնադարյան քաղաքի բնակիչները։ Առանձին ցանկով ներկայացրել եմ այն անեցիներին, որոնց տվյալները հայտնի են։ Ուսումնասիրությունների ընթացքում կարողացել եմ առանձնացնել 785 մարդու՝ անունով եւ մասնագիտությամբ։ Նրանց թվում նաեւ մահմեդականներ, վրացիներ են հիշվում, բայց հարյուրների մեջ ընդամենը մի քանիսն են։ Անեցիները հետաքրքիր ժողովուրդ են եղել, քաղաքային մշակույթ են ձեւավորել, որոշ սովորույթներ նաեւ պահպանվել են նրանց սերունդների մեջ։ Անեցիների մի մասը գաղթել է դեպի Ղրիմ, Լեհաստան, մի մասն էլ գնացել է Կիլիկիա։

 

Անին հարուստ քաղաք էր եւ, բնականաբար, անեցիներն էլ տրվում էին աշխարհիկ կյանքի գայթակղություններին, վայելքներին։ Պատմիչներն անեցիներին մեղադրում են ճոխ, մեղավոր կենցաղի մեջ։ Արիստակես Լաստիվերցին ասում է, որ «մեղքի մեջ թաթախված էր այդ քաղաքը»։ Պատմիչները վանականներ էին եւ նրանց համար աշխարհիկ կյանքը, ներկայացումները, տոնախմբությունները, համադամ ուտեստները մերժելի էին։

 

Անեցիները հիմնականում արհեստավոր եւ առեւտրական ժողովուրդ են եղել, քաղաքի փողոցների անուններն էլ արհեստների անուններով են կոչել։ Ասել են՝ դարբնու, կերպասագործների փողոց, կոշկակարոց, գդակկարոց։ Այս անվանումները պահպանվել են միայն հայկական վիմագրերում։ Մեր պատմիչներն աղքատիկ տվյալներ են հաղորդում անեցիների կյանքի մասին, առանձին մասնիկներից պիտի փորձես եզրակացություն անել։ Լավ է, որ մանրանկարներ ունենք, մի ձեռագիր կա, որ Անիում գտնվող Բեխենց վանքում է նկարազադրվել, կոչվում է «Հաղպատի ավետարան»։ Ձեռագրում պատկերներ կան, որոնք ներկայացնում են Անիի բնակիչներին՝ իրենց բնորոշ հագուստներով։ Օրինակ՝ Շերանիկ անունով մի երիտասարդ կա, որի ուսին փայտ կա, իսկ դրանից ձուկ է կախված, նրա հագին շատ հետաքրքիր տարազ է։ Գրքում նաեւ գինի բերող երիտասարդ կա, այդ շրջանի հագուստով հոգեւորականներ, երաժիշտ, որ ծառի տակ նստած սազ է նվագում, քաղաքային դասի ներկայացուցիչ ամուսիններ, որոնք ձեռագիր են ստանում։

Լուսանկարը` Մեդիամաքս

Սոցիալ-տնտեսական իմաստով էլ Անին կարեւոր դեր ուներ ընդհանուր զարգացման պրոցեսի մեջ։ Եթե մոնղոլական արշավանքներն ու Անիի ճակատագրի վրա ազդած մյուս դեպքերը չլինեին, ապա շատ հնարավոր է՝ բուրժուական փոփոխությունները, որ տեղի ունեցան Եվրոպայում, այստեղից սկսվեին։ Եթե մինչեւ 13-րդ դարը առաջին տեղում ազնվական ծագումն էր, ապա 13-րդ դարում արդեն այդպես չէր։ Օրինակ՝ Տիգրան Հոնենցն ազնվական չէր, բայց շատ փող ուներ, վաշխառու էր, տարբեր առեւտրական գործարքների մեջ էր եւ կառուցեց այնպիսի եկեղեցի, որ շատ ազնվականների եկեղեցիներից ավելի ճոխ էր։ Արեւելագետ, հայագետ Նիկողայոս Մառը Տիգրան Հոնենցին համարում է «առաջին հայ բուրժուան»։

 

3 անգամ տեսնել Անին ու 40 տարի ուսումնասիրել

 

Տասնամյակներ առաջ, երբ սկսեցի զբաղվել Անիով, խորհրդային շրջան էր, սահմանները փակ էին, մտքովս էլ չէր անցնում, որ կլինեմ Անիում: Աշխատանքը սկսել էի այն նյութի ուսումնասիրությամբ, որ ձեռքիս տակ էր՝ ձեռագրեր, մանրանկարներ։

 

Անին մեր ժողովրդի զգացողություններում, պատկերացումներում լուսապսակ ունի։ Մյուս քաղաքների նկատմամբ այդպիսի վերաբերմունք չկա։ Պատճառը միայն Անիի՝ սահմանից այն կողմ լինելը չէ, նաեւ գուցե այդ քաղաքի ճակատագիրն է, որ շատ շքեղ է եղել, հսկա պարիսպներով, եկեղեցիներով ու լքվել է։ Անիի վերջին թագավոր Գագիկ II-րդի ողբերգական ճակատագիրն էլ գումարվել է եւ Անին սրբացվել է մեր ժողովրդի կողմից։

Կարեն Մաթեւոսյանը՝ Անիում Կարեն Մաթեւոսյանը՝ Անիում

Լուսանկարը` անձնական արխիվ

Անիում առաջին անգամ եղել եմ 2012 թվականին, մեկօրյա այց էր, բայց ինձ համար շատ կարեւոր։ 2013 թվականին էլ մասնակցեցի մի միջազգային աշխատաժողովի, որը կոչվում էր «Անին համատեքստում» (Ani in Context)։ Թուրքիայում Նորվեգիայի դեսպանատան միջոցներով էր կազմակերպվել, ընդգրկված էին ֆրանսիացի, ամերիկացի, նորվեգացի, սերբ, ռուս եւ հայ մասնագետներ։ Հնարավորություն ունեցանք ոչ միայն լինել Անիում, այլեւ այցելել Հոռոմոսի վանք, եղանք Բագնայրում, Արջոառիճում: Մաղասբերդ մտնել թույլ չտվեցին, բայց մոտեցանք։ Աշխատաժողովի վերջում տեղեկանք-առաջարկությամբ դիմեցինք Թուրքիայի մշակույթի նախարարությանը, որպեսզի միջոցներ ձեռնարկվեն եւ այդ հուշարձանները կորստից փրկվեն։

Լուսանկարը` Մեդիամաքս

Այցերը շատ կարեւոր էին, դրանցից հետո Անիին ուրիշ աչքով նայեցի։ Պատմիչների մոտ վկայություններ կան, որ երբ թշնամին մոտենում է քաղաքին կամ քաղաքում որեւէ բան է կատարվում, «Անի քաղաքը դղրդում է»։ Այցերի ընթացքում հասկացա, թե ինչի մասին է խոսքը։ Ախուրյան գետն անցնում է մեծ կիրճով ու երբ քաղաքում աղմուկ է լինում, կիրճում արձագանքում է եւ դառնում է դղրդոց։ Բաներ կան, որ եթե տեղում չլինես, չես պատկերացնի։

 

Ապացուցել է, որ Անին հայկական է

 

Իմ նախորդ՝ «Անին եւ անեցիները» հայալեզու գիրքը հրապարակելիս բացատրելու կարիք չկար, թե Անին ինչ է, բայց երբ անգլերեն թարգմանությունը եղավ, վերնագիրը փոխեցի «Անի միջնադարյան Հայաստանի մայրաքաղաքը եւ նրա բնակիչները», որպեսզի գիրքը վերցնողն անմիջապես հասկանա, թե Անին ինչ քաղաք է։

 

Զավեշտ կա նրանում, որ մենք պետք է ապացուցենք, որ Անին հայկական քաղաք է։ Ցավ ի սիրտ, պետք է ասել, որ, երբեմն, քաղաքականությունն այնքան է մտնում գիտության մեջ, որ բուն գիտությունից բան չի մնում։ Դրա համար աքսիոմաներն անգամ ստիպված ես ապացուցել, փաստերով ցույց տալ։

Կարեն Մաթեւոսյանը Կարեն Մաթեւոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Անիի վերաբերյալ իմ 40-ամյա ուսումնասիրությունը տարբեր փուլեր է ունեցել, յուրաքանչյուրն ամփոփվել է մի հոդվածով կամ գրքով, ընթացքում մի նոր բան է հայտնվել, նոր աղբյուր, հուշարձան, ուսումնասիրության նոր փուլ է սկսվել։ Այս հրատարակությամբ էլ իմ աշխատանքները չեն ավարտվում, եթե մի նոր բան պարզվի, սիրով նորից կշարունակեմ աշխատել։

 

Անի Խչոյան

 

Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին