Yandex Armenia-ն ամփոփել է «Օգնենք միասին» արշավի առաջին վեց ամիսները - Mediamax.am

1090 դիտում

Yandex Armenia-ն ամփոփել է «Օգնենք միասին» արշավի առաջին վեց ամիսները


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: 2024 թ. հունիս-դեկտեմբեր ամիսներին Yandex Armenia-ի «Օգնենք միասին» բարեգործական նախաձեռնության մասնակից է դարձել ավելի քան 6 800 մարդ, որոնց շնորհիվ հավաքվել է շուրջ 11,89 միլիոն դրամ՝ ներառյալ Yandex Go-ի ներդրումը:

Նվիրաբերված միջոցներն ուղղվել են չորս բարեգործական կազմակերպությունների կարիքներին՝ «Սիթի օֆ Սմայլ», «ՎԻՎԱ», «Շտապիր դեպի բարին» եւ «Հայ մայրեր»։

 

«Մասնակցությունը նախագծին օգնում է մեզ օպերատիվ կերպով արձագանքել ծանր հիվանդություններով երեխաների կարիքներին եւ նրանց որակյալ խնամք տրամադրել։ Մենք միջոցներն ուղղել ենք աուտիզմով երեխաների կենտրոնի զարգացմանը եւ շահառուի կարեւորագույն գենետիկ անալիզի անցկացմանը», - ասել է «Շտապիր դեպի բարին» հիմնադրամի տնօրեն Ելենա Հակոբյանը:

 

2024 թվականի հունիսից Հայաստանում Yandex Go հավելվածի օգտատերերը հնարավորություն ստացան տաքսի պատվիրելիս նվիրատվություն կատարել՝ 10, 30, 50, 100 կամ 500 դրամ։ Դեկտեմբերին «Օգնենք միասին» կոճակը հասանելի դարձավ նաեւ Առաքման ծառայությունում։

 

Yandex Go-ն ամեն ամիս իր կողմից լրացուցիչ գումարով համալրում է հավաքված միջոցները, ինչպես նաեւ հոգում վճարային օպերատորների միջնորդավճարը, ինչի արդյունքում նվիրատվությունների 100%-ն ուղղվում է բարեգործությանը:

 

«Նախագիծը մեզ օգնեց «Երազի տանը» սենսորային սենյակ ստեղծել, որտեղ մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաները վերականգնողական բուժում են ստանում: Միջոցներն ուղղվել են նաեւ շահառուների անվճար թերապիաներին: Այժմ նախատեսում ենք անապահով ընտանիքներում ապրող հաշմանդամություն ունեցող երեխաների մայրերի համար մատնահարդարման եւ կարի ուսուցման նախագիծ իրականացնել», - պատմել է «Հայ մայրեր» ՀԿ նախագահ Նարինե Մանուկյանը՝ շեշտելով, որ այդպես նրանք մասնագիտություն ձեռք կբերեն, կդառնան անկախ եւ եկամուտ կապահովեն ընտանիքի համար:

 

Yandex Go-ի օգտատերերի նվիրատվությունների շնորհիվ «ՎԻՎԱ» հիմնադրամը կարողացել է մարզերում արեւային ջրատաքացուցիչներ տեղադրել արցախցի 6 փախստական ընտանիքների համար՝ ապահովելով մշտական հասանելիություն տաք ջրին։

 

«Մենք պլանավորում ենք շարունակել աջակցել արցախցի անապահով եւ բազմազավակ ընտանիքներին, որոնք հայտնվել են բարդ կենցաղային պայմաններում Հայաստանի մարզերում։ Սպասման ցուցակում արդեն ավելի քան 100 ընտանիք կա, որոնց նույնպես անհրաժեշտ է օգնել»,- ասել է «ՎԻՎԱ» հիմնադրամի տնօրեն եւ համահիմնադիր Տատյանա Հովհաննիսյանը։

 

«Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամն էլ հավաքագրված գումարն ուղղել է քաղցկեղ  եւ արյան հիվանդություններ ունեցող 5 շահառուների բուժմանը։

 

«Բուժումը  ներառում է լաբորատոր հետազոտությունների անցկացում, կենսականորեն անհրաժեշտ դեղամիջոցների ձեռքբերում, տարատեսակ պրոցեդուրաների եւ հոգեբանական աջակցության տրամադրում։ Մենք շարունակելու ենք մասնակցել նախագծին եւ ամբողջությամբ հոգալ մինչեւ 25 տարեկան յուրաքանչյուր երեխայի եւ երիտասարդի բուժման ծախսերը՝ ապահովելով ապաքինման հավասար հնարավորություններ»,- նշել է «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամի տնօրեն Էսթեր Դեմիրճյանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին