Հանրային մթնոլորտի տեսակետից 2024 թվականը, թերեւս, վատագույնն էր հետպատերազմյան տարիներից: Բեւեռացումը ոչ միայն չպակասեց, այլեւ նոր «ռեկորդներ» սահմանեց, անթույլատրելին թույլատրելի դարձնելը սովորական դարձավ: Սթափեցնող ազդեցություն չունեցան նաեւ աշխարհում եւ տարածաշրջանում տեղի ունեցող փոփոխությունները, որոնք անխուսափելիորեն ազդելու են Հայաստանի վրա:
Ամրացող ընտանեկան կառավարումը
2019 թվականն ամփոփող հոդվածում գրել էի.
«2019 թվականի ընթացքում ականատեսը դարձանք մի երեւույթի, որը որոշակի վերապահումներով կարելի է ընտանեկան կառավարում անվանել: Վարչապետի տիկնոջ ակտիվությունը 2019-ին, իմ կարծիքով, դուրս եկավ այն սահմաններից, որոնք սովորաբար գծված են պետության ղեկավարի տիկնոջ համար: Բնական է, վարչապետի տիկինը կարող է լինել նրա թիվ մեկ թիմակիցը, սակայն պարտադիր չէ այդ դերակատարությունը ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել եւ այդպիսով լեգիտիմացնել: Խոսքը վարչապետի տիկնոջ գլխավորած բարեգործական հիմնադրամների մասին չէ, որոնք իսկապես կարեւոր աշխատանքներ են կատարում: Խոսքն այն մասին է, որ հասարակական կյանքում մշտապես զգում ենք վարչապետի տիկնոջ ներկայությունը, որը, իմ կարծիքով, միշտ չէ, որ օգտակար է»:
Լուսանկարը` ՀՀ կառավարություն
2020 թվականի պատերազմից հետո (որին վարչապետի տիկնոջ ներգրավվածության վերաբերյալ բազմաթիվ բաց հարցեր են մնացել) մեկ-երկու տարի Աննա Հակոբյանը փորձում էր ստվերում մնալ: Բայց 2024 թվականին նա եւ Նիկոլ Փաշինյանը այլեւս չէին փորձում թաքցնել, որ գործ ունենք ընտանեկան կառավարումը լեգիտիմացնելու հստակ եւ հետեւողական քաղաքականության հետ:
Տարվա ստորությունը
Օգոստոսի 31-ին Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Հայաստանի իշխանությունները ցանկանում են հասկանալ՝ ով եւ «ինչ նպատակով եւ ինչ երաշխիքներով» Ռուբեն Վարդանյանին գործուղեց Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ:
«Ինչպե՞ս ստացվեց, որ ՌԴ քաղաքացիությունից Ռուբեն Վարդանյանը հրաժարվեց, ո՞վ նրան խորհուրդ տվեց կամ հանձնարարեց անել այդ քայլը: Ով նրան այդ իմաստով ուղարկեց, գործուղեց Հայաստան, ով նրան գործուղեց Լեռնային Ղարաբաղ, ինչ նպատակով, ինչ երաշխիքներով, ինչ հավաստիացումներով, ինչ խոստումներով: Եվ ով վերջում ասաց՝ գիտե՞ք ինչ, մենք այնքան էլ լավ չենք ճանաչում՝ ինքն ով է, որովհետեւ ինքը այլ երկրի քաղաքացի է: Մենք այս հարցերին ուզո՞ւմ ենք պատասխան ունենալ, թե չենք ուզում: Դա իրոք լուրջ խնդիր է, որով մենք զբաղվում ենք»,- ասել էր Փաշինյանը:
Լուսանկարը` ՀՀ կառավարություն
2023թ. սեպտեմբերի վերջից ադրբեջանական գերության մեջ գտնվող Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանը 20 օր անց արձագանքել էր Փաշինյանի խոսքերին: Բաքվի բանտից փոխանցված նրա հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում էր.
«Առաջին հերթին՝ յուրաքանչյուր մարդ ուրիշի գործողությունների մասին դատում է՝ ելնելով իր կյանքի մոդելներից եւ սկզբունքներից: Երկրորդը՝ եթե վարչապետն ինձ ինչ-ինչ հարցեր ուներ, նա հնարավորություն ուներ դրանք ինձ ուղղելու 2022 թվականի նոյեմբերին մեր վերջին հանդիպման ժամանակ, երբ ես նաեւ պետնախարարի պաշտոնն էի զբաղեցնում: Ամեն դեպքում, ես անգամ հիմա եմ պատրաստ, իմ ներկայիս հնարավորությունների իրավիճակում, պատասխանել նրա ցանկացած հարցի: Երրորդը՝ ցանկանում եմ վարչապետին հիշեցնել, որ 2018թ. գարնանը, երբ մենք առաջին անգամ գործընկերներով, չորս հոգով հանդիպեցինք նրա հետ, ես անկեղծորեն նրան երեք կետ ներկայացրեցի, որոնք պահպանել եմ ու շարունակելու եմ պահպանել.
1. Մենք գործընկերներով չենք ցանկանում եւ չենք միջամտի Հայաստանի քաղաքականությանը:
2. Մենք զբաղվում ենք բարեգործությամբ՝ անկախ Հայաստանի իշխանությունների նկատմամբ վերաբերմունքից, քանի որ մենք դա անում ենք ժողովրդի համար: Ինձ համար մարդկանց օգնելը մնում է կարեւոր հարց եւ կարեւոր մարդասիրական առաքելություն:
3. Միակ բանը, որ կարող է փոխել իմ այդ մոտեցումը, Արցախի ճակատագիրն է: 2020 թվականի պատերազմն ու Արցախի նկատմամբ շարունակվող սպառնալիքը ինձ համար շրջադարձային եղան, ինչի մասին ես բազմիցս բաց ու հետեւողականորեն հայտարարել եմ: Այդ ժամանակից ի վեր իմ բոլոր գործողությունները թելադրված էին Արցախի եւ նրա ժողովրդի ճակատագրի նկատմամբ մտահոգությամբ»:
Սեպտեմբերի վերջին հրապարակվեց Ռուբեն Վարդանյանի ուղերձը Սկոլկովոյի կառավարման դպրոցի շրջանավարտներին, որում այսպիսի տողեր կային.
«Չարը վերջ ունի, իսկ բարին անվերջ է»։
Կեղծ երկընտրանքը
Ապրիլին Ազգային Ժողովում ներկայացնելով կառավարության 2023 թվականի կատարողականը, Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ «պատմական Հայաստանն ու իրական Հայաստանը ոչ միայն համատեղելի չեն, այլեւ լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար»:
«Պատմական Հայաստանի մեր տեսլականը մեզ միշտ կառաջնորդի դեպի ցեղասպանության թակարդը, որում հայտնվելով մենք փրկչի եւ հովանավորի կարիք կունենանք, առանց որի գոյություն ունենալ չենք կարող եւ ցեղասպանության վախը մեզ միշտ կպահի ֆորպոստի կարգավիճակում»,- նշել էր նա:
Լուսանկարը` ՀՀ կառավարություն
Տարվա ընթացքում Փաշինյանը քանիցս առաջ էր մղում այս կեղծ երկընտրանքը՝ հանրությանը համոզելով, որ պետք է ընտրություն կատարել «պատմական» եւ «իրական» Հայաստանների միջեւ: Նա որեւէ անգամ չհստակեցրեց, թե «պատմական» Հայաստան ասելով` ի՞նչ ի նկատի ունի: Բացի դրանից, այսօր երկրում չկան քիչ թե շատ ազդեցիկ քաղաքական ուժեր, որոնք «պատմական» Հայաստանի վերականգման հարց են դնում օրակարգում: Եվ ամենակարեւորը՝ Փաշինյանը չէր տալիս իր ասած «իրական» Հայաստանի բովանդակային, հայեցակարգային ձեւակերպումը՝ սահմանափակվելով սոսկ աշխարհագրությամբ եւ Հայկական ԽՍՀ սահմաններին հղում անելով:
Տարվա խայտառակությունը
Տարվելով հանրությանը վերը նշված կեղծ երկընտրանքի առջեւ դնելով՝ աշնանը Հ1-ին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը զուգահեռ էր անցկացրել իրական Արեւմտյան Հայաստանի եւ Ալիեւի կողմից կերտվող ցնդաբանական «Արեւմտյան Ադրբեջանի» միջեւ.
«Հիմա մենք ինչքա՞ն ենք նեղվում եւ շատ ծանր ենք տանում, պրոբլեմ ենք համարում, որ ինչ-որ տեղ ինչ-որ մարդիկ օգտագործում են արևմտյան Ադրբեջան տերմինը, չէ՞: Բա, որ մենք ասում ենք արևմտյան Հայաստան, չենք մտածո՞ւմ, որ մարդկանց դա գրգռում է: Ոնց որ ասում են արևմտյան Ադրբեջան, մեզ է գրգռում, այնպես էլ որ ասում են արևմտյան Հայաստան, ուրիշներին է գրգռում»:
«Նոր խոսք» դիվանագիտական պրակտիկայում
Տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը եւ այլ պաշտոնյաներ մի քանի տասնյակ անգամ հայտարարեցին, որ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ ստորագրել խաղաղության պայմանագրի համաձայնեցված գլուխները եւ շարունակել աշխատանքը խնդրահարույց հարցերի շուրջ:
Այդ գաղափարը մերժվեց Ադրբեջանի կողմից եւ աջակցության չստացավ միջազգային հանրության շրջանում, քանի որ հակասում էր դիվանագիտության չգրված օրենքներից մեկին՝ «քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ, ոչինչ համաձայնեցված չէ»:
Մշտական «սխալականը»
Անկախության 33-րդ տարեդարձի առիթով Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձում այսպիսի տողեր կային.
«Խոնարհվում եմ այն մարդկանց առաջ, ովքեր «Այո» են ասել եւ «Այո» են ասում Անկախության հանրաքվեում, սիրում եմ այդ մարդկանց եւ հպարտանում եմ նրանցով: Եվ ներողություն եմ խնդրում բոլոր այն ակնհայտ եւ հնարավոր սխալների համար, որ գործել ենք եւ, մեր մեջ ասած, դեռ կշարունակենք գործել, որովհետեւ մարդը սխալական է»:
Սարսափելին միայն պաշտոնական ուղերձում տեղ գտած «մեր մեջ ասած» անհասկանալի ձեւակերպումը եւ նոր սխալներ գործելու պատրաստակամությունը չէ: Սարսափելին այն է, որ պետության ղեկավարն առաջին անգամ չէ սխալների մասին անհավանական հեշտությամբ խոսում: 2021 թվականի մարտի 1-ին հրավիրած հանրահավաքում (պարտությունից մի քանի ամիս անց) նա ասել էր.
«Մեր անկախության 31 տարում մենք թույլ ենք տվել բոլոր հնարավոր սխալները, բոլոր սխալները, որ հնարավոր էր տեսականորեն եւ գործնականում: Վերջին 2 տարի 10 ամսում նույնպես մենք թույլ ենք տվել բոլոր հնարավոր սխալները: Ես նկատի ունեմ՝ հեղափոխությունից հետո: Խոսքը մեր կառավարության մասին է, խոսքն անձամբ իմ մասին է: Եվ ես ուզում եմ ձեզնից բոլորից, Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներից, Սփյուռքի բոլոր հայերից, Արցախի Հանրապետության բոլոր քաղաքացիներից ներողություն խնդրել իմ թույլ տված բոլոր սխալների համար: Ես շատ եմ մտածել, թե որտեղ եմ սխալվել: Այդպիսի կոնկրետ դեպքեր, իհարկե, կարելի է թվարկել: Բայց ավելի կարևոր է, թե ինչու ենք մենք սխալվել, ինչու է սխալվել մեր կառավարությունը, մեր քաղաքական թիմը: Որքան էլ տարօրինակ թվա, մեր սխալների մեծագույն պատճառներից մեկը մեր սիրված լինելն է եղել՝ որպես իշխանություն: Մենք այնքան սիրված ենք եղել, որ ձգտելով արդարացնել ժողովրդական այդ սերը եւ մեր սերը ժողովրդի ու Հայրենիքի նկատմամբ՝ ցանկացել ենք ամեն ինչ անել ճշգրիտ եւ կատարյալ: Եվ կատարելության փնտրտուքը շատ դեպքերում բերել է անգործության»:
Սեփական անկարողության խոստովանությունները
Տարվա սկզբին մարզերում դպրոցներ այցելելով ու դժգոհ մնալով շինարարական աշխատանքների որակից, Նիկոլ Փաշինյանը կառավարության հունվարի 4-ի նիստում ասել էր.
«Ինչի պետք է վարչապետը գնա՝ դա տեսնի։ Մարզպետները բոլոր ծրագրերի պատասխանատուն են դե ֆակտո։ Տեղ կա, ես երրորդ անգամ պիտի գնամ։ Եթե ես երեք անգամ եմ գնում, դուք պիտի 13 անգամ գնաք։ Սա անհանդուրժելի է։ Շատ դառնացած եմ։ Ինձ պետք չեն պրոբլեմների բացատրություններ, ինձ պետք են լուծումներ»։
Այն, որ ինքն ու իր ղեկավարած քաղաքական ուժը ունակ չեն լուծումներ ապահովել, Փաշինյանը երկրորդ անգամ հրապարակավ խոստովանեց նոյեմբերի 15-ին՝ մի քանի ուժային կառույցների ղեկավարների հրաժարականից առաջ.
«Նույն մարդիկ, որ տարիներ շարունակ ճռռիկներ-վռռիկներ էին անում, շարունակում են նույնն անել: Ես կարող եմ մի քանի տարի համբերել, բայց իմ համբերության բաժակը լցվել է՝ դատական, իրավական, ուժային համակարգերի ներկայացուցիչներ, բոլորիդ ուղիղ ասում եմ։ Կներեք, բայց ոնց որ քյասիբի ռադիո լինեմ։ Սրա վերջն եկել է, ես էլ բան չունեմ տալու, այն, ինչ ինձնից ուզել եք, տվել եմ: Ո՞նց կարա պետության դեմ որեւէ մեկը թպրտա, ո՞նց կարա տենց բան լինի։ Ինձ այլեւս ոչ մի բան չի հետաքրքրում, ես չեմ կարա թույլ տամ, որ այս երկրում որեւէ մեկը մտածի, թե վարչապետի ասածն է՝ «դե հա, բան էր, ասեց գնաց»։ Չի կարա տենց բան լինի»»:
Քաղաքացու եւ հարկատուի նույնացումը՝ «հերոսացման» միջոցով
Փետրվարին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «Հայաստանի Հանրապետության թիվ 1 հերոսը աշխատող եւ հարկ վճարող քաղաքացին է»:
Դրանով նա ոչ միայն հերթական անգամ արժեզրկեց «հերոս» հասկացությունը, այլեւ որոշեց գնալ քաղաքացու եւ հարկատուի նույնացման ճանապարհով: Ըստ այդ տրամաբանության, եթե հարկ ես վճարում, արդեն քաղաքացի ես՝ անկախ նրանից, թե ինչ ես անում հասարակության եւ պետության համար։ Իսկ իրականությունն այն է, որ հարկատու լինելը պարտադիր պայման է, իսկ իրական քաղաքացի լինելը՝ ընտրության հարց:
«Սրբազան շարժման» վերելքն ու վախճանը
Ապրիլին սկսեց ծավալվել Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի նախաձեռնած «Սրբազան շարժումը»:
Լուսանկարը` Ֆոտոլուր
Մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում կազմակերպված բազմամարդ հանրահավաքը տպավորություն ստեղծեց, որ շարժումը կարող է հաջողության հասնել: Սակայն հետագա զարգացումները վկայեցին, որ Բագրատ սրբազանը քաղաքական հմտություններ չունի, իսկ նրա շուրջ հավաքված մարդիկ եւ ուժերը շատ տարբեր նպատակներ են հետապնդում:
Լուսանկարը` Ֆոտոլուր
Հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում հավաքի մասնակիցներին բիրտ եւ անհամաչափ ուժով եւ հատուկ միջոցների կիրառմամբ ցրելուց հետո շարժումը կարող էր նոր թափ ստանալ կամ սկսել մարել: Տեղի ունեցավ երկրորդը:
Աշնան սկզբին Բագրատ սրբազանը շարժումը վերակենդանացնելու փորձեր արեց, որոնք, սակայն, արդյունք չտվեցին:
Անհիմն աժիոտաժը
Ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստանի վարչապետի, ԱՄՆ պետքարտուղարի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահի հանդիպման շեմին մերձիշխանական շրջանակներն ու լրատվամիջոցներն այն փորձում էին ներկայացնել իբրեւ դարակազմիկ իրադարձություն: Իսկ հանդիպման արդյունքները բավական համեստ էին՝ ինչպես հնչած ուղերձների քաղաքական բովանդակության, այնպես էլ Հայաստանին խոստացված միջոցների առումով:
Լուսանկարը` ՀՀ կառավարություն
Տարվա ընթացքում իրենց «արեւմտամետ» հռչակած ուժերը փորձում էին հանրությանը համոզել, որ Եվրոպական Միությունում եւ ՆԱՏՕ-ում անհամբեր սպասում են արտաքին քաղաքական «շրջադարձ» կատարող Հայաստանին: Եվ քանի որ այդ «սպասման» փաստացի ապացույցներ չկային, քաղաքական ելույթներն ավելի շատ կենացների են նման, իսկ Արեւմուտքում հնչող սթափեցնող ձայներին քչերն էին ականջալուր լինում:
Օրինակ, ամերիկացի վերլուծաբան, ԱՄՆ ռազմաօդային ուժերի պաշտոնաթող փոխգնդապետ Ջեյք Սոտիրիադիսը, ում դժվար է «ռուսամետ» համարել, հստակ ասել էր, որ Արեւմուտքը Հայաստանի նկատմամբ համապարփակ ռազմավարություն չունի։
ԱՄՆ Պետդեպարտամենտի խորհրդատու եւ Արտաքին ծառայության ինստիտուտում Հարավային Կովկասի վերաբերյալ ուսումնական նյութերի մշակման պատասխանատու Սոտիրիադիսն ասել էր.
«Վիզային ռեժիմի ազատականացման եւ դեպի ԵՄ ավելի լայն հասանելիության խոստումները դեռ չեն իրականանում։ Արեւմուտքը շարունակում է թափահարել բլիթը, սակայն չի կարողացել շոշափելի արդյունքներ ապահովել: Դա նման է նրան, ինչ մենք տեսնում ենք Արեւմտյան Բալկաններում՝ մի տարածաշրջան, որին շատ բան էին խոստանում, բայց հաճախ սպասեցնում էին դռան մոտ»:
ԱՄՆ 8 նախագահների վարչակազմերի հետ աշխատած պաշտոնաթող դեսպան Էդվարդ Ջերեջյանը ամռանը Մեդիամաքսին տված հարցազրույցում եւս խոսել էր իրականությունը ճիշտ գնահատելու մասին.
«Հայաստանը չպետք է հայտնվի թակարդում՝ արտաքին քաղաքականության մեջ կախված լինել որեւէ երկրից կամ դաշինքից՝ ուղղված մյուսի դեմ: Հայաստանը չի կարող դա իրեն թույլ տալ»:
Անտեսված տարելիցները
Հոկտեմբերի 27-ին լրացավ Ազգային Ժողովում կատարված ահաբեկչության 25-րդ տարելիցը, իսկ դեկտեմբերի 17-ին լրացավ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, Երեւանի նախկին քաղաքապետ Համբարձում Գալստյանի սպանության 30-րդ տարելիցը:
Երկու դեպքում էլ իշխանությունները, քաղաքական ուժերը եւ հասարակությունը մեծ հաշվով անտարբեր գտնվեցին:
Տարվա դուրսբերումները
Մարտին Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ «ՀՀ սահմանապահ զորքերը բավարար փորձ եւ հնարավորություններ ունեն «Զվարթնոց» օդանավակայանում սահմանապահ հսկողությունն առանց ռուսական կողմի աջակցության իրականացնելու»:
Արդեն ամռանը ռուս սահմանապահները դադարեցին ծառայությունը «Զվարթնոց»-ում, իսկ հոկտեմբերին վարչապետի մամուլի քարտուղարը տեղեկացրեց, որ Վլադիմիր Պուտինի եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի հունվարի 1-ից Հայաստան-Իրան եւ Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը կմասնակցեն նաեւ ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը:
Ըստ պայմանավորվածության՝ հունվարի 1-ից Հայաստան-Իրան պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ծառայությունն ամբողջությամբ կիրականացվի ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի ուժերով։
Ապրիլին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը հայտնել էր, որ
Ռուսաստանի եւ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը որոշում է կայացրել Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման մասին:
Խաբկանք թվացող իրականությունը
Տարվա ընթացքում երբեմն ականատես էինք լինում իրադարձությունների եւ տեսարանների, որոնք այնքան դառն էին, որ խաբկանք էին թվում: Բայց, ավաղ, իրականություն էին:
Մարտին Իլհամ Ալիեւն ասել էր, որ Ստեփանակերտի կենտրոնական հրապարակը (Վերածննդի հրապարակ) անվանել է «Հաղթանակ» հրապարակ։
«Երկար տարիներ այս հրապարակն ու այս շենքը անջատողականների որջ են եղել։ Հենց այս հրապարակում ստոր ծրագրեր էին մշակվվում մեր ժողովրդի դեմ։ Հենց այս շենքից էին տրվել Խոջալուի ցեղասպանությունը իրագործելու հրամանները։ Եվ այսօր մենք կանգնած ենք այս հրապարակում։ Ես ուզում եմ իմ սիրելի ժողովրդին ասել, որ ես այս հրապարակն անվանել եմ «Հաղթանակի հրապարակ»,- ասել էր Ալիեւը։
Իսկ նոյեմբերի 8-ին, որը Ադրբեջանում նշում են որպես «Հաղթանակի օր», Ստեփանակերտում երթ էր տեղի ունեցել քաղաքում տեղակայված զորամասի անձնակազմի մասնակցությամբ։
Դիմակայությունը
Տարվա ընթացքում շարունակվեց իշխանությունների եւ Հայ Առաքելական Եկեղեցու դիմակայությունը:
Մայիսի 23-ին Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ կայացել էր հայաստանյան եպիսկոպոսների եւ թեմակալ առաջնորդների ժողով, որի հայտարարության մեջ ասված էր.
«ՀՀ իշխանության տարբեր ներկայացուցիչներ, այդ թվում եւ վարչապետը, Տավուշում սահմանազատման ու սահմանագծման անվան ներքո կատարվող տարածքային միակողմանի զիջումների դեմ հանրային ընդվզման այս օրերին, վերստին սկսել են թիրախավորել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ հրապարակ նետելով տարատեսակ կեղծ հայտարարություններ եւ ճշմարտազուրկ տեսություններ՝ առնչված Եկեղեցու պատմական առաքելությանն ու ներկա գործունեությանը։
Առավել քան զարմանալի է, որ մերկապարանոց մեղադրանքներ են հնչեցվում Եկեղեցու կողմից հարկեր չվճարելու առնչությամբ, երբ պաշտոնական վիճակագրությունները ուղղակի փաստում են ՀՀ օրենքով սահմանված հարկային պարտավորությունների կատարման մասին։ Հատկապես դատապարտելի է, երբ կառավարության ղեկավարը անհիմն մեղսագրումներով եւ անսքող դիտավորությամբ Հայ Եկեղեցուն ամբաստանում է ինչպես անցյալում, այնպես եւ այսօր «ազդեցության գործակալ» լինելու մեջ»։
«Հայոց պատմություն» vs. «Հայաստանի պատմություն»
Հուլիսին կառավարությունը փաստացի իրականություն դարձրեց Նիկոլ Փաշինյանի «իրական Հայաստան» կառուցելու թեզերից մեկը՝ որոշում կայացնելով դպրոցներում
դասավանդվող «Հայոց պատմություն» առարկայի անվանումը փոխել «Հայաստանի պատմություն» անվանմամբ:
Որոշման հիմնավորման մեջ ասվում էր, որ «առարկայի ներկայիս անվանումը չի ներառում կամ հստակ չի ներկայացնում պետականության գաղափարը»:
«Պատմության ուսուցանումը առաջին հերթին պիտի միտված լինի ժամանակակից Հայաստանի՝ Հայաստանի Հանրապետության դիրքից պատմական իրադարձությունների վերլուծությանն ու ներկայացմանը։ Այսպիսով, պատմության ուսուցանման միջոցով Հայաստանի Հանրապետության գոյությունը կներկայացվի պատմական իրադարձությունների եւ գործընթացների տրամաբանական շղթայի ներքո՝ նախորդող շրջանում տարբեր ձեւաչափերով հայկական պետության գոյության ժամանակահատվածներում շեշտադրելով պետության գաղափարի կարեւորությունը եւ պետականության ներքին ավանդույթը, պետության չգոյության ժամանակահատվածներում շեշտադրելով նման պետության ձեւավորմանը միտված հանրային քայլերն ու ջանքերը։ Միաժամանակ, Հայաստանից դուրս ձեւավորված համայնքները կներկայացվեն պետության եւ պետականության գաղափարի եւ դրա ամրապնդմանն ուղղված ջանքերի տեսանկյունից՝ արժեւորելով Սփյուռքում հայկական համայնքների ներուժը», - հաղորդում էին կառավարությունից:
Տարվա վտանգը համահայկական ժառանգության համար
Սփյուռքի համայնքների ներուժն արժեւորելու մասին հայտարարություններ անող կառավարությունը տարվա ընթացքում չարձագանքեց Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի շուրջ ծավալվող իրադարձություններին:
Խնդրի մասին տարվա ընթացքում մի քանի անգամ գրեցին միջազգային լրատվամիջոցները: Ամենաթարմ օրինակը սա է. Պատերը սեղմվում են Երուսաղեմի Հին քաղաքի հայ քրիստոնյաների շուրջ:
Տարվա մեծարումը
Փետրվարի 21-ի երեկոյան Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում ամփոփեցին Դիմադրության շարժման հերոս Միսաք Մանուշյանի եւ նրա տիկնոջ` Մելինե Մանուշյանի աճյունները՝ Վիկտոր Հյուգոյի, Ժան-Ժակ Ռուսոյի, Էմիլ Զոլայի, Ալեքսանդր Դյումայի կողքին:
Միսաքը 9 տարեկան էր, երբ նրա հայրն ու մայրը զոհվեցին 1915 թվականի Հայոց Ցեղասպանության ժամանակ: 1925 թվականին Ֆրանսիա տեղափոխված Միսաքը Երկրորդ Աշխարհամարտի տարիներին միացավ ֆրանսիական Դիմադրության Շարժմանը: 1943 թվականին նրա ղեկավարած խումբը ավելի քան 30 գործողություն իրականացրեց նացիստների դեմ: Նրանք ոչնչացրեցին Փարիզի պարետ գեներալ ֆոն Շամբուրգին, որն անձամբ էր պատասխանատու մարդկանց զանգվածային գնդակահարությունների համար: 1943 թվականի նոյեմբերին գերմանացիները ձերբակալեցին Միսաքին, իսկ 1944 թվականի փետրվարի 21-ին մահապատժի ենթարկեցին՝ իր խմբի 21 անդամների հետ:
Լուսանկարը` REUTERS
Արարողության ժամանակ հուզիչ եւ խորիմաստ ելույթ ունեցավ Ֆրանսիայի նախագահ Էմանյուէլ Մակրոնը:
Մայր Տաճարը վերաօծումն ու Մյուռոնօրհնեքը
Սեպտեմբերի 28-ին Էջմիածնի Սուրբ Տրդատի բաց խորանում տեղի ունեցավ Մյուռոնօրհնության արարողությունը, իսկ սեպտեմբերի 29-ին՝ Մայր Տաճարի վերաօծման արարողությունը:
Հոկտեմբերին էլ Վեհարանում կայացավ նորօրհնյալ Սրբալույս Մյուռոնի բաշխման արարողությունը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Մյուռոնով լի անոթները փոխանցեց Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին, Մեծի Տանն Կիրլիկիո Կաթողիկոսության, Երուսաղեմի Հայոց Պատրիարքության ներկայացուցչներին եւ արարողությանը մասնակից թեմակալ առաջնորդներին:
Տարվա փոքր հերոսը
Հուլիսի 29-ին 10-ամյա Վարդգես Գեւորգյանը Արարատ լեռան գագաթին նշել էր իր հոբելյանը:
Լուսանկարը` Armenian Geographic
Վերելքի կազմակերպիչ Armenian Geographic նախագծում նշել էին, որ «10 տարեկանում Մասիսի գագաթին (5165 մետր) հասնելը ռեկորդային է համարվում»։
Տարվա ալբոմը
Աշնանը «Բամբիռ»-ը թողարկեց «Մանկական խաղեր» ալբոմը: Այն տարբերվում է խմբի նախորդ աշխատանքներից եւ կարծես մեր այսօրվա իրականության, անպատասխան հարցերի, վախերի եւ հույսերի խտացումը լինի:
Տարվա հետեւությունը
2024 թվականը, կարծում եմ, ապացուցեց, որ դոգմատիզմի ճիրաններում մնացող մեր հասարակությունը մեծ ապագա չունի: Մեծ եւ փոքր խնդիրները բացառապես սեւ եւ սպիտակ գույներով ընկալելը եւ վերլուծելը, քննադատական մտածողության բացահայտ պակասը, ցանկալին իրականի տեղ դնելու սովորույթը մեր հասարակությունը տանում են դեպի փակուղի, եթե չասենք՝ դեպի անդունդ: Քանի դեռ մեզանից յուրաքանչյուրը չգիտակցի, որ այդպես ապրել այլեւս հնարավոր չէ, մենք ոտքի չենք կանգնի՝ անկախ նրանից, թե ով կլինի իշխանության ղեկին: 2025-ին լրանալու է պատերազմի եւ պարտության 5 տարին եւ գոնե այդ տարին պետք է օգտագործվի որպես նոր սկիզբ:
Արա Թադեւոսյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: