Երեւան: Մեդիամաքս: Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի պաշտպանական թիմը հայտարարել է, որ Ադրբեջանի դատախազները Վարդանյանի նկատմամբ «շուրջ 45 հնարավոր մեղադրանքի նոր ու հսկայածավալ փաթեթ են առաջադրել»:
«Այդ մեղադրանքներով Վարդանյանին սպառնում է ցմահ ազատազրկման հեռանկարը։ Ռուբեն Վարդանյանի դեմ ներկայացված նոր մեղադրանքներն առնչվում են Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 20 տարբեր հոդվածի հատկանիշներին։ Շինծու ապացույցները ներկայացված են 100 հատորով, ընդհանուր ծավալը կազմում է մոտ 25 հազար էջ, ամբողջը՝ ադրբեջաներեն:
Ենթադրյալ «ապացույցներն» ամբողջությամբ թաքցվել են թե Ռուբեն Վարդանյանից, թե հանրությունից՝ այն պատճառաբանությամբ, թե այդ մեղադրանքներն առնչվում են «Ադրբեջանի ազգային անվտանգությանը»: Ռեժիմը, միեւնույն ժամանակ, հրաժարվել է Վարդանյանին եւ նրա փաստաբանին տրամադրել «ապացույցների» պատճենները։ Նրանց թույլատրվում է նյութերին ծանոթանալ առանց պատշաճ թարգմանության, սահմանափակ ժամկետներում, սակայն «ազգային անվտանգության նկատառումներով»՝ նրանք սահմանափակված են որեւէ նշում կատարելու հնարավորությունից:
Հետեւաբար, Վարդանյանն ու նրա փաստաբանը ծայրահեղ կերպով սահմանափակված են իրենց իրավունքներում, որպեսզի դատավարության ժամանակ պատրաստ լինեն պաշտպանության»,- ասվում է Ռուբեն Վարդանյանի փաստաբանական խմբի հայտարարությունում:
«Այս մեղադրանքները Ադրբեջանի ստանձնած միջազգային իրավական պարտավորությունների կոպտագույն խախտում են: Մեղադրանքների այդ երկար շարանը՝ ակնհայտ ցինիկ փորձ է Ռուբեն Վարդանյանին մեղադրելու այն ամենի մեջ, ինչ ադրբեջանական ռեժիմն արել է Լեռնային Ղարաբաղում։ Ավելին, Ադրբեջանի մերժումը՝ հանրային դարձնելու եւ ծանոթացման ներկայացնելու Վարդանյանի դեմ ուղղված բոլոր մեղադրանքներն ու, այսպես կոչված, ապացույցները, վերահաստատում է, որ դրանք քաղաքական դրդապատճառներ ունեն: Ռեժիմը նաեւ գիտակցում է, որ ցանկացած անկախ դիտորդ կնկատի, որ ներկայացված մեղադրանքներում որեւէ արժանահավատ ապացույց չկա ու չի սատարի նրանց մերկապարանոց մեղադրանքները: Այս մոտեցումը հստակորեն ծրագրված է, որպեսզի Ալիեւը կարողանա արդարացնել գաղտնի դատավարության անցկացումը, որը կլինի ո՛չ անկախ, ո՛չ էլ անաչառ»,- ասել է Վարդանյան ընտանիքի միջազգային իրավախորհրդատու Ջարեդ Գենսերը։
«Ռուբեն Վարդանյանի ընտանիքը, զգուշացնելով, որ այս նոր մեղադրանքներն ազդարարում են Ալիեւի կողմից ընդդիմադիր ձայները լռեցնելու ակտիվացող արշավի մասին, կոչ է անում ժողովրդավար աշխարհին ցույց տալ, որ նման աղաղակող խախտումներն այլեւս չեն կարող հանդուրժվել, եւ ապահովել, որ միջազգային կազմակերպություններն ու լրատվամիջոցները ներկա լինեն դատավարությանը»,- ասվում է հայտարարությունում:
«Հորս դեմ ներկայացված այս վերջին մեղադրանքներն արդարադատության ծաղր են եւ COP29-ի ձախողումների համար հատուցում: Ռուբեն Վարդանյանը երեք ամիս եղել է Լեռնային Ղարաբաղի պետնախարար, որտեղ նա փորձում էր սոցիալական կենսական ծրագրերի միջոցով բարելավել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կյանքը: Ցավոք, սրա դիմաց նա կանգնել է ցմահ ազատազրկման սպառնալիքի առջեւ՝ աշխարհի ամենակոռումպացված ռեժիմներից մեկի կողմից։ Նրա ձերբակալությունը եւ առաջադրված կեղծ մեղադրանքները ազդանշան են ամբողջ աշխարհի հայերի համար, որ ոչ ոք ապահով չէ: Ավելի քան երկու տարի է, ինչ ընտանիքը չի կարողանում տեսնել նրան։ Մենք մտավախություն ունենք, որ հնարավոր է այլեւս չկարողանանք նրան տեսնել, եթե ժողովրդավար աշխարհը միջոցներ չձեռնարկի այս անհեթեթությանը վերջ տալու համար»,- ասել է Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: