Երեւան: Մեդիամաքս: Հրապարակվել է «Լինել մարդ. Ռուբեն Վարդանյանի մանիֆեստը» ֆիլմը, որը պատրաստվել է Ռուբեն Վարդանյանի ընկերների կողմից:
Ռուբեն Վարդանյանի հետ ճանապարհ անցած հայտնի անձինք պատմում են Վարդանյանի գաղափարների ու ծրագրերի մասին:
Ռուբեն Վարդանյանի գրասենյակից հայտնել են, որ բացի ընկերների, գործընկերների պատմություններից, ֆիլմում ներկայացվում են հատվածներ Ռուբեն Վարդանյանի տարբեր հարցազրույցներից, որտեղ հիմնականում նա խոսում է իր նախաձեռնությունների եւ ծրագրերի, դրանք սկսելու շարժառիթների ու նպատակների մասին:
Ֆիլմում խոսվում է նաեւ Հայաստանում իրականացված մի շարք ծրագրերի, մասնավորապես, «ՏաԹեւեր» ճոպանուղու եւ «Տաթեւի վերածնունդ» ծրագրի, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության, կրթական ծրագրերի մասին:
Կրթության դերի մասին ֆիլմում մեջբերվում է Ռուբեն Վարդանյանի խոսքը. «Ինչ-որ փուլում հասկացա, որ մարդկության ապագան կախված է կրթությունից, որ դա կլինի աշխարհի հաջողության հիմնական տարրը: Եթե ես հավատում եմ, որ կրթությունն աշխարհի ապագան է, ապա նշանակում է, որ պետք է կրթության մեջ ներդնեմ իմ ժամանակը, ջանքներն ու փողը: Եվ այս առումով, սա միայն պարզապես բարեգործություն չէ։ Ես վստահ եմ, որ սա այն ապագան է, որը իր հետ կբերի փոփոխություններ, այդ թվում, ընդհանուր առմամբ, հաջողակ հասարակություն»:
«Կրթությունը Ռուբենի առաքելություններից մեկն է այս աշխարհում»,- ասում են ընկերները: Իսկ Ռուբեն Վարդանյանի ամենակարեւոր առաքելությունը նրանք համարում են այն, որ Վարդանյանը միշտ ամեն ինչին նայում է՝ իրավիճակը բոլորի համար բարելավելու տեսանկյունից: «Նա առաքելություն ունեցող մարդ է։ Նա մշտապես մտահոգված է եղել ժողովրդի ճակատագրով։ Այսինքն, նա միշտ ամեն ինչին նայել է՝ իրավիճակը բոլորի համար լավացնելու, մարդկանց կյանքը բարելավելու տեսանկյունից։ Սա բացարձակապես մարդասիրական գործունեություն է։ Այսինքն, նրա գործունեության մեջ չկա որեւէ «ընդդեմ» ուղերձ, նրա ուղերձը «հանուն է»։ Ստեղծել, կատարելագործել, գտնել փոխզիջումներ», - պատմել է Վարդանյանի գործընկեր Միխայիլ Բրոյթմանը:
«Նա իրեն նվիրել է մարդկանց ու ծառայությանը։ Նա այն մարդն է, որը դա անում է ամբողջ կյանքում։ Ռուբեն Վարդանյանը, ինչ-որ պահի, լինելով բացարձակապես կայացած մարդ, որոշեց, որ այն ամենը, ինչ ունի, ինչ ստեղծել է եւ այլն, երկրորդական է, որ հարստությունն անցողիկ է, քանի որ կյանքում կան բաներ, որոնք սահմանում են քո գոյության իմաստը: Եվ նա հենց այդպես էլ վարվեց: Այդ ծառայությունը կարեւոր է, այն կյանքում առաջնային է։ Ցավոք, սա շատ քչերն են հասկանում»,-նշել է կինոռեժիսոր Կարեն Գեւորգյանը։
Նախաբանում ֆիլմի հեղինակները նշում են. «Այս ֆիլմը մենք Ռուբենից գաղտնի ենք ստեղծել։ Եթե նա իմանար այս գաղափարի մասին, հավանաբար մեզ խորհուրդ կտար, որ մեր ժամանակն ու ջանքերն այլ տեղում օգտագործենք, բայց այստեղ մենք չենք համաձայնի նրա հետ։ Ռուբենի մասին այս հրաշալի մարդկանց պատմության միջոցով, նրանց, որոնց հետ ճակատագիրը նրան միավորել էր, մենք փորձեցինք ցույց տալ, թե ինչի կարող է հասնել մարդը, եթե նրա ներսում, ինչպես հենց Ռուբենն է ասում, միջուկային ռեակտոր է։ Երբ այն ամենը, ինչ այդ մարդն ունի, ծառայեցնում է ուրիշների համար եւ հավատարիմ է մնում իրական մարդկային արժեքներին: Մարդկանց ծառայելու ցանկությունը, նրանց, ովքեր խիստ կարիքի մեջ են, դրդեց Ռուբենին տեղափոխվել Արցախ։ Նա հիանալիորեն գիտակցում էր իր կայացրած որոշման բոլոր ռիսկերը, բայց այլ կերպ վարվել չէր կարող։ Թե ինչ եղավ վերջնարդյունքում, բոլորս գիտենք»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: