Պաշտպանելով իրավունքները. աշխատանքի իրավունքի հարթակը աջակցում է աշխատակիցներին - Mediamax.am

exclusive
5151 դիտում

Պաշտպանելով իրավունքները. աշխատանքի իրավունքի հարթակը աջակցում է աշխատակիցներին


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Ղարիբ Հարությունյանը
Ղարիբ Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայկ Հարությունյանը
Հայկ Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Աշխատանքային պայմանագրերի բացակայություն, արտաժամյա չվճարվող աշխատանք, կամայական հիմքով աշխատանքից ազատում. սրանք Հայաստանում տարածված աշխատանքային իրավունքների խախտումներից ընդամենը մի քանիսն են:

 

Նման խախտումների հետազոտության եւ աշխատակիցներին իրենց իրավունքների վերականգնման հարցում աջակցելու նպատակով «Compass» գիտահետազոտական, կրթական եւ խորհրդատվական կենտրոնի կողմից ստեղծվել է Labor-rights.am հարթակը, որը միավորում է իրավաբաններին ու աշխատանքային իրավունքների ոտնահարման սուբյեկտ հանդիսացող անձանց:

 

Հարթակի ստեղծումը ֆինանսավորվել է Եվրոպական Միության կողմից «Աշխատանքային գործողություն. համագործակցային ջանք հանուն հաշվետու եւ ներառական զբաղվածության» նախագծի շրջանակում, որն իրականացվում է «ՏՀՏ գործատուների միության» (UEICT), Արմավիրի զարգացման կենտրոնի եւ Կիրակի զարգացման հիմնադրամի կողմից:

 

Միավորելով աշխատակիցներին եւ փաստաբաններին

 

«Compass» գիտահետազոտական, կրթական եւ խորհրդատվական կենտրոնը ստեղծվել է 2014 թվականին Գյումրիում:

 

«Մենք ունեինք գաղափար ստեղծելու մի հարթակ, որը կմիավորեր իրավաբաններին եւ այն անհատներին, որոնց իրավունքները խախտվել են»,- ասել է ծրագրի ղեկավար եւ «Compass» ՀԿ-ի նախագահ Ղարիբ Հարությունյանը: Նա նշել է, որ իրենց հետազոտությունը ցույց է տվել աշխատանքային իրավունքների խոցելիությունը Շիրակի մարզում եւ ոչ միայն, ինչպես նաեւ քաղաքացիներին աջակցության անհրաժեշտությունը իրավունքների վերականգնման հարցում:

Ղարիբ Հարությունյանը Ղարիբ Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Այս տեսլականը մտքում ունենալով՝ որոշեցինք դիմել «Աշխատանքային գործողություն. համագործակցային ջանք հանուն հաշվետու եւ ներառական զբաղվածության» ծրագրի շրջանակում հայտարարված դրամաշնորհային մրցույթին եւ ընտրվեցինք»,- հավելել է նա:

 

Աջակցության մեխանիզմներ

 

Labor-rights.am հարթակը գործում է 2023 թվականի փետրվարից: Հարթակի հիմնական գործառույթն իրականացվում է կայքում առկա հրապարակումներ բաժնի միջոցով, որտեղ քաղաքացիները բարձրաձայնում են իրենց աշխատանքային իրավունքների խախտումների մասին եւ ստանում խորհրդատվություն:

 

«Կա նաեւ անանուն հրապարակումներ կատարելու հնարավորություն, ինչը թույլ է տալիս քաղաքացիներին անկաշկանդ լինել խնդիրները բարձրաձայնելիս: Բացի աշխատանքային իրավունքի խախտումների շուրջ քննարկումներից եւ խորհրդատվությունից, հարթակը թույլ է տալիս նաեւ լուծել խնդիրը ընդհուպ մինչեւ դատական կարգով՝ մեզ միացած իրավաբանների եւ իրավաբանական ընկերությունների աջակցությամբ»,- մանրամասնել է Ղարիբ Հարությունյանը:

 

Հարթակն ունի նաեւ նորություններ բաժին, որտեղ ներկայացվում են աշխատանքային օրենսգրքի, աշխատանքային իրավունքների ոլորտի վերաբերյալ տեղեկատվություն: Աշխատանքի հայտարարություններ բաժինը եւս լրացուցիչ գործիք է ոլորտի խթանման համար:

 

Թեեւ հարթակի թիրախային խումբը Շիրակի մարզի բնակիչներն են, հարթակում գրանցվելու եւ քննարկումներին մասնակցելու տեսանկյունից բնակության վայրի սահմանափակումներ չկան:

 

«Ծրագրի շրջանակում իրականացված իրավաբանական գործունեության ընթացքում օգտատերերից որեւէ վճար չի գանձվում: Այդուհանդերձ, հարթակի պահպանման ու հետագա զարգացման համար հնարավոր է, որ որոշ վճարովի ծառայություններ եւս մշակենք»,- հավելել է ծրագրի ղեկավարը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Տարածված խախտումները պետական եւ մասնավոր սեկտորներում

 

Ծրագրի գործընկեր իրավաբանական գրասենյակի ղեկավար Հայկ Հարությունյանը մի շարք քաղաքացիների օգնել է ինչպես դատական, այնպես էլ արտադատական կարգով իրենց իրավունքների վերականգնման հարցում:

 

Նա նշել է, որ պետական եւ մասնավոր սեկտորներում աշխատանքային իրավունքների տարածված խախտումները բավականին տարբեր են:  

 

«Մասնավոր սեկտորում դեռեւս պահպանվում է այն միտումը, որ աշխատակիցներին չեն գրանցում, որի պատճառով էլ նրանք զրկվում են աշխատանքային օրենսգրքով իրենց իրավունքների պաշտպանությունից: Աշխատանքային պայմանագրերի առկայության պարագայում էլ, հաճախ, աշխատակցի պարտականությունները հստակ չեն, ինչը եւս իր հերթին բարդացնում է նրանց իրավունքների պաշտպանությունը»,- ասել է նա:

 

Պետական սեկտորում հաճախ հանդիպող խնդիրներից է անձնական դրդապատճառներով աշխատակցին աշխատանքից ազատելը, ազատման հրամանի ոչ հիմնավոր լինելն ու ազատման ընթացակարգի խախտումները:

 

«Շատ են օրինակները դպրոցներում, երբ տնօրենը իր քաղաքական հայացքների բերումով աշխատանքից ազատում է իրեն ոչ հաճելի ուսուցիչներին՝ որպես ազատման պատճառ նշելով վստահությունը կորցնելու հիմքը կամ աշխատանքային պարտավորությունները չկատարելու հիմքը: Դատական կարգով լուծում ստացած դեպքերում տնօրենները հիմնականում չեն պահպանել աշխատանքից ազատման կարգը՝ ծանուցման եւ ժամկետների իմաստով, միեւնույն ժամանակ չեն կարողացել բավարար իրավական եւ փաստական հիմքեր ներկայացնել ազատման հրամանի համար, ուստի բավականին մեծ թվով դատական վճիռներ ունենք՝ հօգուտ մեր դիմորդների»,- մանրամասնել է իրավաբանը:

Հայկ Հարությունյանը Հայկ Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Շարունակելով խոսքը իրավաբանը նշել է, որ աշխատակցին ազատելուց առաջ գործատուն պարտավոր է թույլ տված խախտման համար բացատրություն պահանջել աշխատակցից եւ դրա համար տալ ողջամիտ ժամկետներ: Օրենսգրքի այս կետը եւս հաճախ է խախտվում:

 

Հայկ Հարությունյանը առնչվել է նաեւ Հայաստանում աշխատանքային միգրանտների իրավունքների խախտումների որոշ դեպքերի, որոնք կրկին հիմնականում կապված են գործատուների կողմից աշխատանքային պայմանագիր չկնքելու հետ:

 

Փաստաթղթերով՝ օրինական, իրականում՝ ոչ

 

Արձակուրդների վերաբերյալ բողոքներ քաղաքացիներից եւս շատ են լինում: Պետական սեկտորում արձակուրդները հիմնականում տրվում են օրենքով սահմանված կարգով, սակայն երբեմն, գործատուները շարունակում են աշխատակիցներին անհանգստացնել եւ հանձնարարականներ տալ նաեւ արձակուրդի շրջանում:

 

Հայկ Հարությունյանի խոսքով՝ մասնավոր սեկտորում պատկերը շատ ավելի վատ է, քանի որ բազում են դեպքերը, երբ աշխատակիցները արձակուրդ գնում են միայն փաստաթղթերով, իսկ իրականում զրկված են աշխատանքային օրենսգրքով սահմանված իրենց հասանելիք արձակուրդից:

 

«Չնայած որ խախտումները շատ են, մարդիկ խնդրի դատական կարգով լուծման համար դիմում են միայն այն բանից հետո, երբ իրենց աշխատանքից ազատում են, կամ պայմանագրի ժամկետն է ավարտվում: Աշխատատեղերի սակավության պատճառով աշխատակիցները խիստ կախվածության մեջ են գործատուներից, ուստի վախենում են բարձրաձայնել իրենց իրավունքների խախտումների մասին»,-ասել է Հայկ Հարությունյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Պարտադիր փորձի փակուղին երիտասարդների համար

 

Երիտասարդությանը հիմնական մտահոգություններից է գործատուների կողմից աշխատանքային փորձի պահանջը: Փաստաբանի խոսքով՝ օրենքը թույլ չի տալիս նման պահանջ սահմանել, սակայն սա եւս դժվար ապացուցվող խախտում է:

 

«Այս խնդիրը առկա է թե´ մասնավոր, թե´ պետական սեկտորում: Աշխատանքի չընդունելու պատճառը չի ձեւակերպվում որպես դիմորդի փորձ չունենալը, ուստի դատական կարգով այս հարցը լուծելը դժվար է: Այս դաշտի կարգավորումը պետական լծակների կիրառում է պահանջում, որով պետք է հավաքագրվեն առկա ազատ հաստիքները ու առաջարկվեն շրջանավարտներին՝ ըստ իրենց մասնագիտացման: Դա մի կողմից թույլ կտա, որ նորավարտ մասնագետները աշխատանք ունենան, իսկ մյուս կողմից կօգնի կառավարել պետությանն անհրաժեշտ մասնագիտացումների շրջանակը»,- նշել է իրավաբանը:

 

Վախն ու կարծրատիպերը՝ լռելու պատճառ

 

Ղարիբ Հարությունյանի խոսքով՝ հարթակի հանդեպ վստահությունը հետզհետե աճում է.

«Հարթակի մի շարք շահառուների իրավունքները վերականգնվել են ինչպես դատական, այնպես էլ արտադատական կարգով: Քաղաքացիները մեկը մյուսին պատմում են այս օրինակների մասին, որի շնորհիվ էլ հարթակը շարունակում է վստահություն ձեռք բերել եւ նոր մարդկանց ներգրավել»,- ասել է Ղարիբ Հարությունյանը:

 

Միեւնույն ժամանակ նա ընդգծում է մի քանի հիմնական խնդիրներ, որոնք ետ են պահում քաղաքացիներին իրենց իրավունքների պաշտպանությանը հետամուտ լինելուց:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Մարդկանց շրջանում դեռ վախի մթնոլորտ կա. քանի որ նրանք պետք է շարունակեն նույն տեղում աշխատել, հաճախ, վախենում են իրենց գործատուի հետ հարաբերությունները փչացնել: Մյուս կողմից կարծրատիպերը եւս խանգարում են. շատերը շարունակում են մտածել, թե խախտումների բարձրաձայնումը «գործ տալ է», ուստի նախընտրում են զերծ մնալ»,- ասել է ծրագրի ղեկավարը:

 

Նա հավելում է, որ ըստ իրենց հետազոտությունների՝ մարդիկ բավարար իրազեկված չեն իրենց իրավունքներից ու չգիտեն, որ շատ խնդիրներ հնարավոր է օրենքով լուծել:

 

«Այս իմաստով հարթակի դերը եւս շատ կարեւոր է»,- ընդգծել է Ղարիբ Հարությունյանը:

 

Ավելի քան 2000 օգտատեր

 

Ավելի շատ քաղաքացիներ են սկսում դիմել Labour-rights.am հարթակի օգնությանը՝ իրենց հարցերի պատասխանները գտնելու նպատակով:

 

«Ընդհանուր առմամբ 2000-ից ավելի մարդ է արդեն օգտվել եւ օգտվում հարթակից։ Մինչ օրս կարողացել ենք աջակցել 150-ից ավելի մարդկանց։ Կյանքի գումարային այցելուների թիվն անցել է 6000-ը»,- նշել է Ղարիբ Հարությունյանը՝ հավելելով, որ հարթակն աշխատում է երկու իրավաբանների եւ երեք այլ մասնագետների հետ։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Այս ընթացքում մի շարք հաջողության պատմություններ ենք գրանցել։ Օրինակ՝ կայքի միջոցով մեզ էր դիմել քոլեջի աշխատակիցը, ում ազատել էին աշխատանքից առանց պատշաճ հիմնավորման։ Մեր իրավաբանների աջակցությամբ դիմորդի աշխատանքը վերականգնվել է դատական կարգով։ Մեկ այլ դեպքում գործատուն ետ է կանչել իր հրամանը՝ այս անգամ փաստաբանների հետ բանակցությունների արդյունքում։ Հաջողությամբ գործում է նաեւ հարթակում առկա աշխատանքի հայտարարությունների գործիքը, որի շնորհիվ շատերն ընդունվել են աշխատանքի»,-մանրամասնել է ծրագրի ղեկավարը։

 

Ղարիբ Հարությունյանն ընդգծել է, որ մեծ ցանկություն ունեն հարթակը շարունակաբար զարգացնելու: Միեւնույն ժամանակ հետազոտական կենտրոնի ռեսուրսները սահմանափակ են, ուստի անհրաժեշտ են գործընկերներ:

 

«Մեր կենտրոնի եւ իրավաբանական թիմի ժամանակային ու ռեսուրսային ներդրումների շնորհիվ հարթակը շարունակում է իր բնականոն գործունեությունը: Միեւնույն ժամանակ մեր խնդիրն է այն զարգացնել, որի համար կա աջակցության կարիք, ուստի ուրախ կլինենք ոլորտով հետաքրքրված կազմակերպությունների հետ նոր համագործակցությունների»,- ամփոփել է Ղարիբ Հարությունյանը:

 

Գայանե Ենոքյան

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

 

Սույն հոդվածը պատրաստվել է EU NEIGHBOURS east ծրագրի շրջանակներում: Հոդվածում արտահայտված կարծիքները պատկանում են բացառապես դրա հեղինակին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին