Նուբար Աֆեյան. Ստանձնեք առաքելությունը, անգամ եթե այն անհնարին է թվում - Mediamax.am

3364 դիտում

Նուբար Աֆեյան. Ստանձնեք առաքելությունը, անգամ եթե այն անհնարին է թվում


Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` Gretchen Ertl

Լուսանկարը` Jake Belcher


Ձեռնարկատեր եւ բարերար, Moderna ընկերության համահիմնադիր եւ տնօրենների խորհրդի նախագահ, «Ավրորա» նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը ելույթ է ունեցել Մասաչութեսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) շրջանավարտների առջեւ:

 

Ներկայացնում ենք հատվածներ այդ ելույթից:

 

Առաքելությունն անհնարին է

 

Մանկությունս անցկացրել եմ Բեյրութում։ Իմ հպարտ հայ ընտանիքի երեք սերունդներ ապրում էին մի բնակարանում՝ շենքի իններորդ հարկում։ Ննջասենյակում ապրում էինք ես եւ տատիկիս քույրը, իսկ պատուհանից հռոմեական, օսմանյան եւ բյուզանդական շինությունների կարմիր կղմինդրե տանիքների վրայով տեսարան էր բացվում դեպի Միջերկրական ծով:

 

Երբ 1975 թվականին Լիբանանում սկսվեց քաղաքացիական պատերազմը, եւ կառավարությունը խիստ պարետային ժամեր սահմանեց, պետական հեռուստաընկերությունը հաճախ ամերիկյան հեռուստաշոուներ էր հեռարձակում: Ես ու եղբայրներս դրանցով էինք տարված, երբ ստիպված տանն էինք մնում։ Ինձ հատկապես գրավեց դրանցից մեկը: Միայն երգը լսելիս՝ սրտիս զարկը արագանում էր: Երեւի դուք էլ գիտեք դա՝ Mission Impossible (Առաքելությունն անհնարին է): Նույնիսկ եթե երբեք չեք տեսել հեռուստաշոուն, հավանաբար գիտեք Թոմ Քրուզի ֆիլմերը, որտեղ նա խաղում է գործակալ Իթան Հանթին:

 

Գործակալներին ուղղված ինքնաոչնչացվող կոդավորված հաղորդագրությունը միշտ սկսվում էր նույն կերպ՝ պետք է ընդունեք ձեր առաքելությունը, անկախ նրանից թե որքան մեծ է ռիսկը: Վերջին 50 տարիների ընթացքում ես մշտապես տարվել եմ անհնարին առաքելություններով: Եվ այսօր ես հույս ունեմ համոզել ձեզանից յուրաքանչյուրին, որ դուք եւս դա անեք:

 

Moderna-ի պատվաստանյութը փրկել է ավելի քան 2 միլիոն կյանք

 

Ես եւ իմ գործընկերները Moderna-ում ստանձնել էինք մի առաքելություն, որն անհնարին էր թվում. մշակել անվտանգ ու արդյունավետ պատվաստանյութ, որը կարող է փրկել կյանքեր, թափ հաղորդել տնտեսությանը եւ դա պետք է արվեր մեկ տարուց պակաս ժամանակում: Այս մարտահրավերը ընդունելիս, մեր բոլոր մնացած գործերը պետք է մի կողմ դնեինք: Պետք է դադարեցնեինք դեղերի մշակման 20 ընթացիկ նախագծերը եւ կենտրոնանայինք COVID-ի վրա։

 

Մենք ստանձնեցինք այս առաքելությունը: Եվ ես այնքան հպարտ եմ, որ իմ գործընկերն ու ընկերը՝ պրոֆեսոր Լանգերը, այստեղ է: Նա այս գործընթացի հիմնական շարժիչ ուժն էր։

 

 

SARS-COV-2 S սպիտակուցի հաջորդականությունը ստանալուց ընդամենը 48 ժամ անց կիրառեցինք մեր mRNA տեխնոլոգիան՝ ուժեղ պատվաստանյութ արտադրելու համար: Երկու ամիսը դեռ չանցած կատարեցինք առաջին կլինիկական փորձարկումը: Իսկ 2020թ. նոյեմբերի 16-ին հաստատվեց, որ պատվաստանյութը 94,5%-ով արդյունավետ է COVID-19-ի դեմ։ Որոշ հաշվարկներով՝ Moderna-ի պատվաստանյութը համաճարակի ընթացքում փրկել է ավելի քան 2 միլիոն մարդու կյանք։

 

Ձեր առաքելությունը ոչ այլ ինչ է, քան փրկել այն, ինչ կորած է թվում

 

Այսօր, երբ աշխարհը ճգնաժամերի մեջ է, ձեր առաքելությունը ոչ այլ ինչ է, քան փրկել այն, ինչ կորած է թվում, շրջել այն, ինչ անշրջելի է թվում եւ փրկել մոլորակը: Եվ ճիշտ այնպես, ինչպես գործակալները ֆիլմերում, դուք պետք է ստանձնեք առաքելությունը, նույնիսկ եթե այն անհնարին է թվում:

 

Գիտեմ, որ շանսերը միշտ չէ, որ ձեր օգտին են: Սակայն մեծ ճգնաժամի այս դարաշրջանը նաեւ մեծ հնարավորությունների պահ է, որը սնուցվում է արհեստական բանականության, մեքենայական ուսուցման, քվանտային հաշվարկների եւ այլ ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով, որոնք փոխում են աշխարհն ավելի արագ, քան մարդիկ հնարավոր են համարում:

Լուսանկարը` Gretchen Ertl

Այժմ դուք եզակի հնարավորություն ունեք գիտաֆանտաստիկ գրականությունը գիտական իրականության վերածելու: Ճիշտ մտածելակերպի դեպքում անհնարին թվացող առաքելությունը կարող է դառնալ անհավանական առաքելություն, քանի որ դուք հաղթահարում եք խոչընդոտները՝ պատկերացնելով ու նորարարելով ձեր ճանապարհը դեպի նոր լուծումներ:

 

Սկսեք՝ բացահայտելով ձեր երեւակայությունը

 

Մարդիկ հաճախ երեւակայությունը կապում են բացառապես արվեստի, կինոյի, գրականության, նկարչության հետ: Ես կարծում եմ, որ դա անհեթեթություն է:

 

Երեւակայությունը, իմ կարծիքով, բեկումնային գիտության հիմքն է: Ես բանականության դեմ փաստարկ չեմ բերում. բանականությունն իր դերն ունի: Սակայն անհնարին առաքելություններն իրականացնելու մեջ այն ծառան է, ոչ թե տերը:

 

Չի կարելի ակնկալել, որ բանականությունը կկատարի երեւակայության աշխատանքը: Լավագույն դեպքում գիտական հետազոտությունը խորապես ստեղծագործական աշխատանք է: Դուք տիրապետում եք ապացույցներին, խնդիրներին եւ դիզայներական նախագծերին: Սակայն մաթեմատիկոս եւ գրող Լյուիս Քերոլի խոսքով, երեւակայությունը միակ զենքն է իրականության հետ պատերազմի մեջ: Իռլանդացի մեծ գրող Ջորջ Բերնարդ Շոուի համար դրա դերն ավելի հիմնարար է: Ինչպես նա էր ասում, երեւակայությունը արարման սկիզբն է։ Դուք պատկերացնում եք այն, ինչ ցանկանում եք: Դուք դառնում եք այն, ինչ պատկերացնում եք, եւ վերջապես ստեղծում այն, ինչ կամենում եք:

 

Սովորական նորամուծությունները հաճախ գնահատվում են նրանով, թե որքանով է ողջամիտ գաղափարը եւ որքանով է ողջամիտ այն առաջարկողը: Բայց ինքներդ ձեզ մի կարեւոր հարց տվեք. ինչո՞ւ ենք մենք ակնկալում արտասովոր արդյունքներ խելամիտ մարդկանցից, ովքեր ողջամիտ բաներ են անում: Ինչպես դուք հավանաբար կռահեցիք, ես բացարձակապես ողջամիտ չեմ եւ միշտ լավատես եմ: Որպես երկարամյա ձեռներեց եւ նորարար, ես պետք է այդպիսին լինեմ: Բայց ես միշտ դրսեւորել եմ հատուկ լավատեսություն: Ես դա անվանում եմ պարանոյիկ լավատեսություն։ Սա նշանակում է մշտապես լինել ծայրահեղ լավատեսության եւ խորը արմատացած կասկածի միջեւ: Գիտական կամ տեխնոլոգիական թռիչքներ կատարելու համար անհրաժեշտ պարանոյիկ լավատեսության տեսակը հաճախ սկսվում է հավատքի ակտով: Դրանով ես նկատի ունեմ հավատք առանց փաստերի, սա է հավատքի բուն սահմանումը:

 

Հավատքն ընդհանրապես ասոցացվում է կրոնի հետ։ Բայց հետաքրքիրն այն է, որ իմ փորձից ելնելով, նորարարությունը գիտության մեջ նույնպես սկսվում է հավատքից: Դուք հավատքի թռիչքներ եք կատարում, իսկ հետո փորձարկումներ եք անում: Եվ քիչ դեպքերում, փորձերն աշխատում են՝ ձեր հավատքի թռիչքը վերածելով գիտական իրականության: Ինչպիսի՛ հուզմունք եք զգում, երբ դա տեղի է ունենում:

 

Լավատեսությունից եւ հավատքից դուրս ձեր նորարարական ճանապարհորդության ընթացքում ձեզ նույնպես անհրաժեշտ կլինի ձեր համոզմունքների քաջությունը:

 

Դուք շատ ավելին եք, քան տեխնոլոգները: Դուք բարոյական դերակատարներ եք։ Բացառապես շահույթի եւ իշխանության համար առավելագույնի հասցնելու ընտրությունը, ի վերջո, ձեզ դատարկության մեջ կթողնի: Սա մոռանալը նշանակում է ձախողել աշխարհը եւ, ի վերջո, ձախողել ինքներդ ձեզ:

Լուսանկարը` Jake Belcher

2024-ի շրջանավարտներից ոմանք խորապես մտահոգված են հակամարտություններով եւ ողբերգություններով, որոնց ականատեսն ենք: Որպես ցեղասպանությունը վերապրածների սերնդի ներկայացուցիչ եւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր հայ՝ ես խորապես զգում եմ այս հակամարտությունների վերքերը։ Կցանկանայի բոլորիս համար պատասխաններ ունենալ, բայց, իհարկե, չունեմ: Բայց ես գիտեմ հետեւյալը՝ համոզմունք ունենալը չպետք է շփոթել ամեն ինչի պատասխաններն ունենալու հետ:

 

Ձեռնարկատիրությամբ եւ մարդասիրական բարեգործությամբ զբաղվելու երկար տարիների ընթացքում ես հասկացա, որ հսկայական օգուտ կա կասկածի տակ դնելու այն, ինչ կարծում եք, որ գիտեք, լսել մարդկանց, ովքեր այլ կերպ են մտածում եւ ընդհանուր շփման եզրեր գտնել: Այսօրվա եւ ապագա մարտահրավերներին դիմակայելիս եւս մեկ անգամ ապավինեք ձեր երեւակայությանը: Պատկերացրեք աշխարհը, որը ցանկանում եք ստեղծել եւ գորշի անցեք:

 

Թարգմանեց Դիանա Մանուկյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին