Վավերագրող լուսանկարիչ Նազիկ Արմենակյանը «Կարմիր, սեւ, սպիտակ» է անվանել լուսանկարների շարքը, որն անդրադառնում է ՄԻԱՎ-ով ապրող տարբեր տարիքի հայ կանանց։ Հիմնականում վարակն ամուսիններից ձեռք բերած այս կանայք բախվում են ոչ միայն իրենց կյանքին սպառնացող վտանգին, այլեւ՝ հասարակության խարանին, ամոթի՝ երբեմն անհաղթահարելի թվացող պատին։
Իր մի քանի տարվա աշխատանքը Նազիկ Արմենակյանը ներկայացրել է անհատական ցուցահանդեսում։ Լուսանկարները, որը հեղինակը բնորոշում է «արվեստային վավերագրական», ուղեկցվում են կանանց մեջբերումներով։
«Լուսանկարիչը քողարկում է իր բնորդներին՝ նրանց անանունությունը պաշտպանելու համար, բայց միաժամանակ թույլ տալով նրանց դրսեւորելու իրենց ինքնությունը եւ կանացիությունը՝ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց մասին մեր ընկալումները սահմանող հիվանդության եւ զոհի դրոշմներից անդին»,- ասում է ցուցահանդեսի համադրող Վիգեն Գալստյանը։

Լուսանկարը` Մեդիամաքս
Դեկտեմբերի 1-ին Գեւորգ Գրիգորյանի (Ջոտտո) արվեստանոց-թանգարանում բացված ցուցադրությունը կշարունակվի մինչեւ դեկտեմբերի 29-ը։
«Ինձ համար կամաց-կամաց բացվել այդ թեման»
2014 թվականին ընկերներիցս մեկն ասաց՝ գիտե՞ս, Նազիկ, որ Հայաստանում ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ կան։ Մասնավորապես կանանց մասին ասաց, որ սովորական, հայկական ավանդական ընտանիքի կանայք են, եւ հիմնականում վարակը ձեռք են բերում իրենց ամուսիններից, ովքեր մեծամասամբ արտագնա աշխատողներ են, հիմնականում՝ Ռուսաստանում։
«Երեխես ծնվել էր, առաջին երեխես... Բերեցին, դրեցին կառզինկայի մեջ՝ ապակուց, թափանցիկ: Բուժքույրը գնում-գալիս ա, ասեց՝ աղջի՛կ ջան, ի՞նչ ես բան անում, ամեն ինչ նորմալ ա, դա խնդիր չի, ամեն մեկիս հետ էլ կարա լինի: Մեկ էլ ասում ա` ինչի՞ չես մոտդ դնում երեխուն: Ասում եմ՝ բայց կարա՞մ: Ասում ա՝ բա որ տուն տանես, ո՞վ ա նայելու... Ասում եմ՝ կարա՞մ ձեռք տամ... Այսինքն` ես ինձ էնքան կեղտոտ էի զգում, էնքան փչացած, էնքան անպիտան, էնքան զիբիլ, որ համարում էի, որ արժանի չեմ երեխուս կպնեմ»: (մեջբերում կանանց պատմություններից)

Լուսանկարը` Մեդիամաքս
Ամենացավոտ բանը, որ ինձ միանգամից տակնուվրա արեց, որ այդ կանայք իմանում են ՄԻԱՎ կարգավիճակի մասին, երբ արդեն հղի են։ Դա ինձ իսկապես շատ հուզեց, ուղեղումս չէր տեղավորվում, անընդհատ մտածում էի այդ մասին։ Հետո սկսեցի հետազոտել, փնտրել կազմակերպություններ, ովքեր զբաղվում են ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց խնդիրներով։ Գնացի «Իրական աշխարհ, իրական մարդիկ» կազմակերպություն։ Երբ շատ գնացի-եկա, իրենք հասկացան, որ, ճիշտ է, ես դրսից մարդ եմ, բայց մեկն եմ, ով հետաքրքրված է եւ ուզում է մի բան անել։ Իրենք դա շատ կարեւորեցին։ Ինձ համար կամաց-կամաց բացվեց այդ թեման՝ սկսած այն պարզ հարցից, թե ինչ է ՄԻԱՎ-ը, ինչպես է փոխանցվում։
«Ուզում եմ հրաժարվել, որովհետեւ չեմ գտնում լուծումը»
«Հարեւանները իմ էրեխեքի հետ չէին շփվում: Երբ որ էրեխեքը գնում էին խաղալու, դրանք սուսուփուս թողում էին, գնում էին։ Էտի մի հատ մեծ հարված էր ինձ: Դու տեսնում ես, ասենք, պատահական դուրս ես գալիս, տեսնում ես տեգորդ կնիկը ձեր տան ամանները դուրսը` հայաթի ծառերի տակ, ժավելով լվանում ա: Ես իրանց ասի՝ մյուս անգամ մեր տուն չգաք, մեր ամանները ժավելով չախտահանեք»։ (մեջբերում կանանց պատմություններից)
Սկսեցի շփվել կանանց հետ, հարցազրույցներ անել։ Հետո եկավ շատ ավելի դժվար փուլ, որովհետեւ այդ պատմությունները շատ ծանր էին, եւ ես ուղղակի հոգեբանորեն չէի հասկանում՝ ոնց պետք է լուսանկարեմ։ Ամենամեծ խնդիրն այն էր, որ ես ընդհանրապես չէի կարող լուսանկարել։

Լուսանկարը` Մեդիամաքս
Այն, ինչ արել եմ մինչեւ հիմա որպես վավերագրող լուսանկարիչ՝ գնալ մարկանց մոտ, նրանց վստահությունը ձեռք բերել, թույլտվություն ստանալ, մտնել նրանց անձնական տարածք, լուսանկարել՝ ինչպես պատահի, այս դեպքում չեմ կարող անել, որովհետեւ այդ մարդիկ իրենց ինքնությունը չբացահայտելու լուրջ խնդիր ունեն. ՄԻԱՎ կարգավիճակի մասին հիմնականում միայն նրանց ամուսինները գիտեն՝ անգամ ամենամտերիմ հարազատները, էրեխեքը չգիտեն։ Կար այդ նուրբ հարցը՝ ինչպե՞ս անել, որ չվնասեմ, բայց միաժամանակ ես արդեն դրա մեջ եմ, չգիտեմ՝ ոնց դուրս գամ։ Ուզում եմ հրաժարվել, որովհետեւ չեմ գտնում լուծումը։
«Իսկ միգուցե պետք է օգտագործե՞մ բոլոր այն սահմանափակումները, որ ունենք ես եւ այս կանայք»
Ինձ ուտում էր այն հարցը, որ մենք ամեն ամիս 50 նոր գրանցված դեպք ունենք։ Ես էնքան մարդկանց հետ էի խոսել, էդքան էի մտել թեմայի մեջ, որ արդեն ինձ պատասխանատու էի զգում։

Լուսանկարը` Մեդիամաքս
«Բժիշկը, որը իմ դիագնոզը ասեց, որ ախտորոշվել ա, մի հատ թուղթ տվեց, որ ստորագրեմ, որ միտումնավոր ոչ ոքի չեմ վարակի։ Կարելի էր մի քիչ հետաձգել դա, ոչ թե միանգամից էդ թուղթը դեմ տալ: Դուրս եմ եկել, ո՜նց եմ ողբում միջանցքում…» (մեջբերում կանանց պատմություններից)
2019 թվականին մի հետաքրքիր գաղափար եկավ․ իսկ միգուցե պետք է օգտագործե՞մ բոլոր այն սահմանափակումները, որ ունենք ես եւ այս կանայք, փորձեմ ոչ թե վավերագրել, այլ՝ բեմադրել էնպես, ինչպես ես եմ զգում, ինչպես ես եմ իմ միջով անցկացրել։ Հասկացա, որ պետք է ոչ թե լուսանկարեմ, հետո՝ խմբագրեմ, այլ մտածեմ կոնցեպտ, ամեն ինչ պատրաստեմ, հետո նոր նկարեմ։

Լուսանկարը` Մեդիամաքս
Որոշեցի ստեղծել մի տարածք, որն իրենց անձնական տարածքը չէ, ավելի ապահով է եւ որտեղ կարող ենք աշխատել։ Բայց հասկացա, որ այս պարագայում կանայք մասնակից են դառնում նախագծին։ Եթե իրենք լուսանկարվում են եւ համաձայնվում են, որ իրենց դեմքը փակվի, թեկուզ՝ շղարշով, գիտե՞ք դա ինչ ահավոր բան է։ Այսինքն՝ դա էնքան լավ գիտակցված պետք է լինի, որ իսկապես ուզենան եւ գնան այդ քայլին։
«Մեծ հույս ունեմ, որ կգա մի օր, որ ես կլուսանկարեմ դեմքը բաց մարդու»
Այս տարիների ընթացքում ես անցել եմ փուլերով, որոնք շատ նման էին այդ գույներին (կարմիր, սեւ, սպիտակ-հեղ․)։ Կարմիրն արյունն է, վարակն արյան միջոցով է փոխանցվում։ Սեւն առաջին փուլն է, երբ իմանում ես ՄԻԱՎ կարգավիճակի մասին, սա ծայրահեղ ծանր փուլ է։ Սպիտակը միայն հաղթահարելու եւ նոր կյանք սկսելու մասին չի, շատ-շատ բաներ է ներառում։

Լուսանկարը` Մեդիամաքս
Նատյուրմորտները ես կառուցել եմ հիմնականում կանանց պատմությունների հիման վրա, նաեւ ուսումնասիրել եմ մեր ազգային ավանդույթները, ծեսերը, թե դրանցում որքան խորքային բաներ կան աղջիկներին դաստիարակելու ու նաեւ սահմանափակելու հնարավորությունները՝ ընտրության, արտահայտվելու, ուզենալու կամ չուզենալու, խոսելու։
«էս էն իրավիճակն ա, որ դու ինքդ քո հետ չես կարող աշխատես: Երեւի մեկը պիտի օգնի, որ ես դուրս գամ: Բայց չեմ էլ թողնում որ ինձ օգնեն, որովհետեւ էդ ամոթն ա ինձ խանգարում։ Ինձ պետք ա ազատվել ամոթից, էդ միեւնույն ժամանակ ինձ խանգարում ա, որ ազատվեմ: Ամոթը խորն ա, շատ շերտեր ունի»: (մեջբերում կանանց պատմություններից)

Լուսանկարը` Մեդիամաքս
Ես հասկացա, որ իմ այսքան երկար ուսումնասիրած թեման միայն ՄԻԱՎ-ի մասին չի։ Սա շատ խորը ամոթի մասին է. հայկական, մշակութային, ազգային, մտածելակերպի, դաստիարակության… ամոթի էնքան շերտեր կան, որ վերածվեցին շղարշի։ Պատմությունները կարդաք, կհասկանաք՝ որքան շատ են այդ շերտերը, որոնց պատճառով կանայք շատ ավելի ուշ են ազատագրվում կամ հաղթահարում ՄԻԱՎ-ով ապրելու իրենց կարգավիճակը։ Բայց քանի որ նախագծում շատ տարբեր կանայք են երեւում՝ ե՛ւ տարբեր սոցիալական խավերի, ե՛ւ տարբեր հասարակական դիրքի, ինձ համար շատ կարեւոր է ցույց տալ՝ որ անկախ իրենց դիրքից, նրանք պատարստ են երեւալու։ Ճիշտ է, իրենց դեմքը չի երեւում, բայց եկել են, ցույց են տալիս իրենց։

Լուսանկարը` Մեդիամաքս
Ես շատ մեծ հույս ունեմ, որ ցուցադրելով այս նախագիծը՝ հասարակության մոտ կարող է վերաբերմունք, ընկալում փոխվել։ Եվ ես մեծ հույս ունեմ, որ կգա մի օր, որ ես կլուսանկարեմ դեմքը բաց մարդու, այսինքն՝ մենք՝ որպես հասարակություն, այդքան պատրաստ, հանդուրժող կլինենք։
Լուսինե Ղարիբյան
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: