2023թ. սեպտեմբերի 8-ից նոյեմբերի 8-ը Երեւանում կկայանա Գեղարվեստական տպագրության չորրորդ միջազգային բիենալեն։ 55 երկրից 400 փորագրանկարիչ է մասնակցելու տարածաշրջանում գեղարվեստական տպագրության առաջին ու միակ բիենալեին։

Լուսանկարը` «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության
«Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նախաձեռնությամբ առաջին բիենալեն անցկացվել է 2017-ին։ Կազմակերպության նախագահ Սոնա Հարությունյանն ասում է, որ այս մասշտաբի միջոցառում կազմակերպելը լուրջ ու անդադար աշխատանք է պահանջում։
«Առաջին բիենալեից հետո երկար մտածում էինք՝ կարո՞ղ ենք երկրորդն էլ անել, որովհետեւ միայն իրականացնելիս պարզ դարձավ, թե ինչ աշխատատար ու ժամանակատար է եւ ինչքան մեծ խումբ է անհրաժեշտ։ Բայց հայաստանյան պայմաններում այդպես է, եթե չլինի ներքին ցանկությունը, նախասիրությունը, ոլորտին նվիրվածությունը, շատ մշակութային միջոցառումներ հնարավոր է՝ չիրականանան»։

Լուսանկարը` «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության
Երկրորդ բիենալեին իրենց աշխատանքներն ուղարկում էին ոլորտի հայտնի ու մասնագիտական բարձր վարկանիշ ունեցող արվեստագետներ։ Սա ազդակ էր, որ պետք է շարունակել։
Իսկ Գեղարվեստական տպագրության Չորրոդ միջազգային բիենալե, Երևան 2023-ն արդեն ընդլայնում է շրջանակը։ Գեղարվեստական տպագրության գործերի ցուցադրությանն ու մրցանակաբաշխությանն այս տարի նաեւ կրթական բաղադրիչն է ավելանում։

Լուսանկարը` «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության
«Բիենալեների ընթացքում մենք արձանագրեցինք, որ կրթական ցենզը մեզ մոտ ցածր է, ոլորտի ժամանակակից միտումները Հայաստան չեն հասնում, բայց ոչ թե ունակությունների, գաղափարների պակաս կա, այլ նյութատեխնիկական բազայից ելնելով՝ հայ ուսանողները, արվետագետները չեն կարողանում իրենց հմտությունները զարգացնել։
Այս տարի ազդարարեցինք գեղարվեստական տպագրության առաջին միջազգային համաժողովի մասին, որը բաղկացած է լինելու զեկուցումներից եւ վարպետության դասերից։ Միջազգային բարձր վարկանիշ վայելող 30 արվեստագետ պատրաստակամություն է հայտնել իր միջոցներով գալ Հայաստան ու մասնակցել համաժողովին։ Վարպետության դասերի համար ընտրել ենք այնպիսի տեխնիկաներ, որոնք Հայաստանում շատ քիչ ենք դասավանդվում, չունենք մասնագետներ»։

Լուսանկարը` «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության
Բիենալեն անցկացվելու է «Ազնավուր» կենտրոնում։ Այստեղ մասնակիցները կարող են դիտել հայ եւ այլազգի արվեստագետների աշխատանքները, լսել զեկուցումներ ու միանալ վարպետության դասերին՝ նախապես գրանցվելով։
Սոնա Հարությունյանն ասում է, որ իրենց գլխավոր նպատակներից է Հայաստանում գեղարվեստական տպագրության նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելը, ուսանողներին ու արվեստագետներին ոլորտի համաշխարհային զարգացումներին հաղորդակից դարձնելը։ Հիշում է՝ առաջին բիենալեին անձամբ գնացել էր նկարիչների միություն եւ Գեղարվեստի պետական ակադեմիա, տեղեկացրել, հրավիրել մասնակցելու։ 6 տարի անց՝ չորրորդ բիենալեին, Հայաստանը մասնակիցների թվով երկրորդն է՝ Լեհաստանից հետո։

Լուսանկարը` «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության
«Հայաստանում գեղարվեստական տպագրության ոլորտի դասաանդողների եւ ստեղծագործող արվեստագետների համար երևանյան միջազգային բիենալեն բացառիկ երեւույթ է։ Միեւնույն ժամանակ շատերի համար՝ մասնագիտական առումով՝ մարտահրավեր․ արդեն իսկ կարծրացած պատկերացումներ փլուզվում են, ներկայացվող փորագրանկարները գաղափարապես դուրս են բուն հայկական լեզվամտածողությունից, բայց կատարված գեղարվեստական տպագրության տարատեսակ տեխնիկաներով։
Այս տարի Հայաստանը մասնակից արվեստագետների թվով երկրորդն է, ու դա նաեւ մեր մոտեցման արդյունքն է, որովհետեւ փորձում ենք հնարավորինս շատ հայերի ընդգրկել, որ հնարավորություն ունենան շփվել միջազգային արվեստագետների հետ։ Բացի այդ, բիենալեն նախաձեռնելիս՝ հետամուտ եղանք գեղարվեստական տպագրության ոլորտում աշխատող արվեստագետների փոխանակման ծրագրին, որպեսզի մեր ուսանողները, երիտասարդ ու արդեն կայացած արվեստագետները հնարավորություն ունենան մեկնել արտերկիր եւ այնտեղ աշխատել մասնագիտացած, հաստոցներով հագեցած արվեստանոցներում։ 2016 թվականից ի վեր, յուրաքանչյուր տարի երեք արվեստագետ ուղարկում ենք Գերմանիա եւ Շվեյցարիա։ Արդյունքներն ակնհայտ են, ակադեմիայում ասում են, որ գեղարվեստական տպագրություն ուսանել ցանկացող դիմորդների թիվն ավելացել է։ Շատ ուրախ ենք, որ Թերլեմեզյանի անվան քոլեջը վերջապես աշխատեցրեց իր գեղարվեստական տպագրության հաստոցը»։

Լուսանկարը` «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության
Մրցանակաբաշխությունը կունենա սեպտեմբերի 11-ին։ Միջազգային ժյուրին, Կրակովի գեղարվեստական ակադեմիայի պրոֆեսոր, դոկտոր Մաթեուշ Օտրեբայի նախագահությամբ, ավելի քան 400 փորագրանկարից կընտրի լավագույնները։ Ինչպես նախորդ տարիներին, մրցանակակիրները ստանալու են հայ քանդակագործների պատրաստած հուշամեդալներ, այս տարի՝ սիսիանցի քանդակագործ Մանվել Մաթեւոսյանի հեղինակածը։
Չորրորդ բիենալեի գործընկերներն են ԿԳՄՍ-ն, Երեւանի քաղաքապետարանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամն ու Հայաստանում հավատարմագրված մի շարք դեսպանություններ։ Սոնա Հարությունյանը նշում է, որ պետական աջակցությունը շատ կարեւոր է, որպեսզի նաեւ մասնավոր հատվածը հասկանա՝ պետության համար սա կարեւոր ուղղություն է։

Լուսանկարը` «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության
Կազմակերպիչները համագործակցում են նաեւ UWC Dilijan քոլեջի հետ։ Առաջին բիենալեի ամբողջ արխիվը՝ հայ եւ այլազգի արվեստագետների 200-ից ավելի աշխատանք, քոլեջի աշակերտները թվայնացրել, յուրաքանչյուրի համար անձնագիր են պատրաստել՝ լուսանկարով ու տվյալներով։ Չորրորդ բիենալեի ընթացքում նրանք այդ աշխատանքների ցուցահանդեսն են կազմակերպելու՝ որպես համադրող ընտրելով կոնցեպտը։ Համաժողովի զեկուցումներից մեկը եւս UWC Dilijan քոլեջում է լինելու։

Լուսանկարը` «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության
Փոքրիկ քայլերով՝ կազմակերպիչները ցանկանում են ապակենտրոնացնել արվեստն ու մշակույթը՝ մայրաքաղաքից տանելով մարզեր։ Այդ նպատակով բիենալեի շրջանակում իրանցի փորագրանկարիչը վարպետության դաս է անցկացնելու Մեղրիի Շվանիձոր համայնքում։ Իսկ հեռահար նպատակը բիենալեն Սյունիք՝ Մեղրի քաղաք ու Շվանիձոր գյուղ տեղափոխելն է։
Լուսինե Ղարիբյան
Լուսանկարները՝ «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: