Յեն Գիլան. Չհավատա՛ք Հայաստանի վրա իրենց հարձակումները արդարացնողներին - Mediamax.am

14786 դիտում

Յեն Գիլան. Չհավատա՛ք Հայաստանի վրա իրենց հարձակումները արդարացնողներին


Լուսանկարը` Simon Emmett


Երեւան: Մեդիամաքս: Deep Purple խմբի երգիչ Յեն Գիլանն այսօր հանդես է եկել ի պաշտպանություն Հայաստանի։

«Խնդրում եմ, կարդացեք Բրայան Մեյի այս հիանալի ուղերձը այն հարձակումների մասին, որոնց մշտապես ենթարկվում է Հայաստանը իր հարեւանների կողմից եւ մի հավատացեք նրան, ինչ նրանք ասում են՝ իրենց գործողություններն արդարացնելու համար»,- ասված է երգչի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ։

 

Ավելի վաղ Queen խմբի կիթառահար Բրայան Մեյը հանդես էր եկել ի պաշտպանություն Ադրբեջանի ագրեսիայից տուժած Հայաստանի։

 

«Կարծես թե հերթական ողբերգությունն է ծավալվում, եւ վտանգ կա, որ, ինչպես հաճախ է լինում, լրատվամիջոցները չեն ներկայացնի ողջ ճշմարտությունը։

 

Հայաստանը նավթից, գազից եւ այլ նշանակալի հարստությունից զուրկ փոքրիկ երկիր է, քրիստոնեության եւ ժողովրդավարության կղզի, որը շրջապատված է դաժան բռնապետություններով:

 

Այն աշխարհի ամենախաղաղ երկրներից է, որն ունի ողբերգական պատմություն. Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրության կողմից 1,2 միլիոն հայ էր սպանվել էր դաժան էթնիկ զտումների միջոցով, որոնք Թուրքիան մինչ օրս հերքում է:

 

Այսօր Հայաստանը նորից ուզում են ջնջել աշխարհի երեսից։

 

Մի քանի օր առաջ Ադրբեջանը հրետակոծել է Հայաստանի խաղաղ գյուղերը հարձակման ընթացքում, որի նպատակն էր ահաբեկել հայ ժողովրդին:

 

Հայաստանը գրեթե անպաշտպան է երեք անողոք բռնապետությունների պիղծ դաշինքի դեմ եւ գոյատեւելու համար Արեւմուտքի լիակատար աջակցության կարիքն ունի»,- ասել էր Բրայան Մեյը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին